ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, հրապարակախոս
ՎԱՐԴԱՆ ՎԱՆԱՏՈՒՐԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ
«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
Հույզի մաքրություն
***
Ծիծեռնակները քամահրանքով
Անցան իմ կողքով –
Բանագնացներն ամենաբարի,
Հոգուս մեջ լցրին կարոտի ձայներ
Սաթե թևերի մեղմ շարժումներով:
Ինձ՝ շվարածիս, ընթացքներ տվին,
Սպասումների, մտքերի տանջանք
Եվ երկմտանքի մի անհաշտություն –
Ցրեցին, անցան –
Բանագնացներն ամենաբարի…
Ես արգելեցի տարտամ քայլերիս
Ընթացքը անուժ,
Շարժումս այնպես քարացավ տեղում,
Զգացի, որ ինձ ուղենշեցին –
Բանագնացներն ամենաբարի:
Իմ անհամարձակ ծարավը տարան,
Ծարավս կորավ
Ջրերի խաղաղ հարթության վրա,
Ծիծեռնակները շողեր ցանեցին –
Բանագնացներն ամենաբարի:
Նրանց թռիչքում գարուններ տեսա…
Որ կյանքը՝ կյանք է-
Անմտություն է չհասկանալը,
Առաջ մղիր քեզ, զառամ գոյություն –
Կյանքը պատրանք է…
***
Հավերժի հոգու մեջ ծիծաղում,
Ապրում են անարատ հոգիներ,
Դրախտի ծիծաղն է թևածում
Հավերժի հոգու մեջ անարգել…
Աստղերը բյուրավոր թևերով,
Գրկում են, խնդությամբ փայփայում –
Պանծացնում ծիրանվող շողերով՝
Անպաճույճ երգերով հմայում:
Այնտեղ է… Աստված իր ձեռքերով
Բաժանում մանանա ու նշխար –
Ծորում են ձայները դրախտից,
Մաքրություն, անթառամ, կենարար…
Հավերժի երկինքը շնչավոր –
Լուսավոր տաճար է անսահման,
Այնտեղ կան սիրածոր ծաղիկներ –
Անմահ են լույսի պես անվախճան:
***
Տերևի նման օրը թրթռուն
Իր հետ տանում է անթիվ երազներ,
Եվ գրում է տողեր… գարնան ծիածան
Լեռների գրկում…
Եվ իմ խոսքերը լուսավոր ձայնով
Ամեն մի պահի հավաքագրում,
Եվ մորմոքներս սիրո կանչերով
Բերում է իմ տուն…
Հիմա ճերմակած աշնան օրերիս
Սառնության վրա եղյամ է նստում,
Եվ ցրտահարված իմ կյանքը նկուն
Արև է փնտրում…
Ես հավաքում եմ աշնան տողերս
Եվ ինձ փարատում նրանց բառերով,
Եվ փայփայում իմ էջերը կյանքի
Զուլալ խոսքերով:
***
Արևագալը շողացող շողքին,
Կյանքի պատառն է հույսով նկարում
Այս առավոտյան,
Այս առավոտյան
Ձիավորները շշուկ են տանում
Դաշտերից կանաչ –
Ձիավորները մտրակաշառաչ
Ասքեր են գրում
Հավիտենության հայացքի վրա…
Ձիերի վազքն է օրը քանդակում
Լեռների ֆոնին –
Ծարավ շուրթերով օրը հրավարս
Կապույտ լճերի ջուրն է խմում
Եվ դառնում հրաշք ու ծիրանավառ
Լեռների գրկում…
Օրը կիսել են ձիավորները՝
Ցավն ու մահն են մտրակահարում,
Եվ կարկատում են քնած ժայռերի
Անշարժությունը…
Քարե դարերից… դեռ չեն ավերել,
Մարդու խառնակիչ նախանձությունը:
***
Օրը հոսում է իմ երակներում՝
Գույնով լեռների,
Արևի գույնով կապույտ ծովերի
Թափանցիկ, զուլալ ջրերի գույնով,
Աստղաձայն երգով ծիծեռնակների…
Եվ ամեն մի ժամ ծաղիկ է դառնում,
Հովի շնկոցով շարժումը նրա,
Լույսի մեջ դառնում մի շարժանկար –
Արարում կյանքի…
Ուզում եմ տեսնել քայլերիս հետքը,
Օրվա հետ ապրել,
Անցած օրերիս տեղը իմանալ,
Նրա ծննդից ծիծաղներ ժողվել՝
Գարնան ծիածան, քայլող երազներ…
Օրը իմ հույսն է –
Լույսի բանաստեղծ, որմնադիր որմի,
Քո ցաքուցրիվ ազգի գոյության
Շառավիղները հավաքիր քո մեջ,
Որ քո օրն ապրի, ապրի դարեդար՝
Ուժն հավաքական քո հայրենիքի:
***
Ի՞նչ են մտածում արդյոք
Ծիծեռնակները ճախրող –
Ամառ է, շոգ իրիկուն,
Երևի զով մի գարուն,
Ճախրերի մեջ չգրված
Անձրևի մանկություն…
Ակոսում են երկինքը
Ծիծեռնակներս աստղամերձ –
Սուրում նետերի նման,
Կապտանում են երկնքում
Շոգն ու շունչը այս ամռան:
Չեն մոռանում բույնն իրենց՝
Արևն իրենց երկնային,
Արտերի մեջ իրիկնած
Հասկերի հետ են խոսում…
Երբ չվում են, հեռանում,
Մանուկ թևեր են տանում,
Տանում սիրո երգերով,
Հասցնում մի օտար ափ՝
Բանաստեղծիս տխրեցնում:
***
Բառեր հայերեն՝ իմ զորավարներ,
Ո՞ւր տարաք
անշուք իմ մանկությունը –
Ինձ հետ խոսում է ամեն ակնթարթ
Ձեր հնչյունների ճշմարտությունը…
Արցունքոտել են իմ բախտը մենակ
Ձեր արմատները՝ բառեր ինքնիշխան,
Ձեր մեջ փնտրում են օրերս շիտակ՝
Ճակատագիրս լույսով բանական…
Բառե՛ր, ակնածանք իմ ժամանակի,
Այգաբացներ եք նվիրում դուք ինձ
Եվ տանում մաքուր ճամփեքով հույսի,
Հոգուս մեջ լցնում գարուն ու թախիծ:
Բառեր հայերեն, բանակներ զորեղ –
Հաղթանակների անառիկ ամրոց –
Մշո ճառընտիր՝ լեզու հանճարեղ՝
Բանի առաքյալ, հավերժի դարբնոց:
***
Ցավի ականջը բռնիր,
Ապտակիր, մի՛ վախենա,
Երուսաղեմի ճամփով
Քրիստոսն էլ չի գնա:
Օրհնությունը տունդարձի
Ճանապարհին է հիմա,
Խոնարհվածի մի վարձի՝
Ողորմություն քեզ չի տա…
Ժամանակը պրկված
Իր թելերն է երկարում,
Ո՞վ է այսօր փրկված՝
Պարանով ես պարուրում:
Ծիծաղն է չարանում՝
Քմծիծաղում մեզ վրա,
Ստվերներն են քարանում՝
Ողբ է աշխարհը հիմա:
***
Ես բարձրացա իմ միջից,
Որ տեսնեմ դեմքը բառի,
Աղավաղվել է ցավից
Սիրո ամեն մի տառի:
Դուռը բաց է խավարի,
Երազը լույս չի տեսնում,
Քամին էլ չի թափառի
Խոտերի բաց երկնքում:
Մերկությունը չի ծածկում
Իր մարմինը տարփատենչ,
Շարժումների ճոխ երգում
Արբեցնում է՝ սեր անվերջ:
Մեղքի աղոթք է հնչում
Մեղավորի շուրթերից,
Առ Աստված է նա կանչում՝
Կախիր ինձ քո երկնքից:
***
Լուսաբացից առաջ
երազներս ճամփած
Կախարդական լույսի,
լույսի երգն եմ լսում,
Ինձ արև են բերում իմ ձիերը անթամբ,
Իմ ձիերի բաշից ոսկե լույսն է հոսում:
Կերպարի մեջ լույսի
անմեղսական երգը
Նվաճում է արդեն իմ դաշտերը անեղծ,
Ես այրում եմ անտես սրտիս
նստած վերքը
Եվ քարկապում վերքս ես
իմ հոգով անկեղծ:
Եվ տեսնում եմ հիմա
իմ լեռներից հանգիստ՝
Արևն է ցած իջնում տիրակալի նման,
Իմ լեռներն են հագնում
աստվածային ժպիտ,
Իմ լեռները հզոր,
պարիսպները իմ տան…
***
Գինուց արևը քամիր,
Որ մեղմանա իմ հոգին,
Իզուր դու մի՛ թափառիր,
Հասնենք օրվա ջինջ երգին:
Սովի երախը փակիր,
Երկինքն է մթագնում,
Դու աղքատին սատարիր,
Միտքը հաց է անրջում:
Դարի խղճին ապտակիր,
Յաթաղան է մարդասպան,
Մանուկներին դու փրկիր՝
Սովը բացում է ճամփան…
***
Մենակյացի աղոթքը
Ո՞վ է այսօր ընդունում,
Նրա հոգու բողոքը
Նժույգներ չի խթանում:
Ամպ չի գրկել Գողգոթան՝
Մեղսակիցն է խաչվածի,
Սուրբ է տերը ամեն տան,
Սատար չեղան պարտվածի…
Աստղերի հետ է խոսում,
Լույս է երազը՝ նրա
Սրտից արյուն է հոսում,
Անօգնական է հիմա:
Աշխարհը քար, խիղճը քար
Տուն է քանդում ամեն օր,
Ո՞վ է գալու գտնի ճար՝
Հանի մտքերից մոլոր:
***
Իմ թևերը կտրեցին,
Միտքս են հիմա վանդակում,
Իրենց ստի պատերին
Քրիստոսին քանդակում:
Ջրի ճամփան փակում են,
Արյունով են պատ շարում,
Մատաղում են օրերը,
Հույսն է հիմա շվարում:
Հայացքների մեջ այսօր
Երկինքն է բթանում,
Տմարդը չար ու նսեմ՝
Իրեն առաջ խթանում:
Ժամանակի տերերը
Խոտի երկինքն են ծածկում,
Տխրությունից ամեն օր
Շներն են կաղկանձում: