Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Սերժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
ԶՈՐԱՎԻԳ ԵՂԻՐ
Տե՛ր, Արցախն իմ մի բուռ
Սուգ է հագել նորից,
Հեծեծա՜նք է այնտեղ
Ու տնքոց է ցավի…
Այնտեղ դեղին ծուխ է
Ելնում վիհ ու ձորից,
Փակում լույսով ծփող
Հովիտներն իմ ծավի։

Որոտմունք է այնտեղ
Ու արճիճի շառաչ,
Քարափներիս զարկվող
Մրրիկներ են վայրի…
Աղոթք է ծնկաչոք,
Խոնավ ու ձիգ հառաչ
Ու ծաղիկ է լլկվող,
Ա՜խ, ծննդավայրի։

Ակութներ են մարող՝
Սև հեղեղին մատնված,
Ու կանչեր են ցավոտ,
Ու ձայներ են լացի,
Ու լեզվակ է զանգի՝
Դավի ձեռքով հատված,
Արտասուք է ու ճիչ
Այրվող լուսաբացի…

Ու զինվոր է հանգչող
Բարձունքի ցուրտ լանջին՝
Լուսաբացն այդ
Փակվող կոպերի տակ առած.
Բռունցքի մեջ հող է՝
Գորո՜վ է մոր կանչի,
Իսկ շուրթերին ցասում
Ու խռովք է մարած։
– – – – – – – – – – – – –
Տե՛ր, Արցախն իմ մի բուռ…
Սի՜րտ է նա ծվատվող՝
Թունոտ ու արնամած
Նեռի սկուտեղին…
Հեծեծանք է այնտեղ
Ու ջղե՜ր են հատվող,
Սատար եղիր, Տե՛ր,
Զորավիգ եղիր…

ԳԱՐՈՒՆ
Մթին հեռուներից
Մի բուռ հողն իմ նետված
Վարակն այս նենգ դարի
Ինձ կույր տառապանքի
Ապառաժին գամել,
Ծվատում է հոգիս։
Ու ես կարոտանքիս վրնջյունով վճիտ,
Գարո՛ւն, առագաստված
Քո թավիշը շոյում
Ու թևերն եմ շոյում
Քեզ հետ վերադարձած
Հոգնած կռունկներիս,
Որ չմարի իմ մեջ
Լույսը քո ծաղկումի,
Ու երբ կրկին դառնաս
Հովիտն իմ քարքարոտ,
Այս վարակի ահից
Լեռներում ծվարած ծաղիկներիդ
Երգիս մեղրացողը քամեմ։
Ու երբ կրկին դառնաս,
Քեզ քնքշորեն սեղմեմ
Իմ հողմահար կրծքին,
Ինչպես սիրածին են կրծքին սեղմում
Երկա՜ր սպասումից հետո։
Իմ տաք կրծքին սեղմած
Քեզ նվագեմ նորից,
Դու՝ լուսեղեն իմ շե՜ր,
Սրնգաձայն իմ վին,
Սփոփանք իմ թավշե
Ու բերկրություն իմ հին։

ԿԱՐՈՏ
Տե՛ր իմ, խլացրու
Ձայներն այս դոփյունի,
Այս աղմուկ-ժխորը
Տաղտուկ ու սրտմաշուկ,
Տուր ինձ ծաղիկն այն հեզ,
Որ դեռ անուն չունի,
Շնորհիր ինձ մի թաց,
Մի անձրևոտ աշուն։

Շնորհիր ինձ մի թա՜ց,
Մի անձրևոտ աշուն.
Ես ուզում եմ կորած
Իմ աշխարհը մտնեմ,
Քայլեմ նորից լույսի
Ու հովերի միջով,
Գնամ աղբյուրներիս
Ակունքները գտնեմ։

Սեզերն այդ աշխարհում
Մանկությամբ են բուրում,
Ցողերն այնտեղ, Տե՛ր իմ,
Արցունքներ են ծավի։
Այնտեղ վրնջյունը
Լանջերն ի վեր սուրում,
Գնում, մշուշներում
Փոխարկվում է ցավի…

Ես տուն ունեմ այնտեղ,
Ու նա ի՜նձ է կանչում,
Որպես ներշնչանքի
Մաքո՜ւր ու սուրբ ոգի։
Նրա ամեն քարը՝
Հուշի այրվող կանթեղ,
Ու նշխարը նրա
Մխանք է մորմոքի…

Ես տուն ունեմ այնտեղ
Փշերի մեջ կորած.
Վառող եղինջներն են
Ցուրտ որմերը գրկել,
Գնամ շոյեմ նրա
Զանգակները լռած,
Գնամ նրան
Փուշ ու եղինջներից փրկեմ։

Նրա պատերի մեջ
Պապն իմ հոգեվարել,
Վերջին իր օրհնանքի
Լույսն է շաղել շեմին։
Պապս՝ խոհեմ, խոհո՜ւն,
Տե՛ր իմ, այդպես մարեց,
Ու տնքացին ցավից
Քարափները դեմի։

Ու հառաչել ցավից
Բակի թթենին ծեր,
Տերևների թախիծն
Ու սարսուռն է մաղել,
Կարկամել էր շվար
Պատանությունն իմ որբ,
Չէ՜ր հավատում,
Որ իր սուրբ պապին են թաղել…

Տե՛ր իմ, տուր ինձ մի թաց,
Մի անձրևոտ աշուն.
Ես ուզում եմ
Կորած իմ աշխարհը մտնեմ,
Քայլեմ նորից լույսի
Ու հովերի միջով,
Գնամ աղբյուրներիս
Ակունքները գտնեմ…

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ
Երազ էր, տեսիլք էր մի վերին.
Ողողվել կապույտիդ շողերով,
Ես բոբիկ շրջել եմ այս ծեգին
Աշխարհում քո հեռու ու կորած…
Ես շոյել ծարավը ակներիդ,
Թաթախվել նրանց ցուրտ ցողերով
Եվ ուրցիդ ծաղիկն եմ ես շոյել
Հեռավոր շանթերից վախվորած…

Քայլել եմ քո ոսկե գետակի
Քարոտ ու ամայի ափերով,
Որոնել, տնակն եմ ձեր գտել
Եվ ձեր հին ջրհորը ու այգին։
Նայել եմ կտուրին ձեր կավե,
Ճաքճքած պատերին եմ նայել
Ու տեսել ձեր բակի թթենու
Կաթկթող մորմոքը լուսայգին։

Ու տեսել քո անմեղ մանկության
Փշրված կապույտը ձեր շեմին,
Մի տանջող տրտմություն եմ տեսել
Ակութի քարերին ու բակում։
Աշուն էր, թախծորեն վրնջում
Հողմահար քարափները դեմի,
Սև մուժ էր վիհերից ելնում վեր
Ու խլված հովիտը քո փակում։

Աշուն էր, առավոտ մի խոնավ,
Մենավոր բարդին էր ձեր խշշում՝
Երմոնյա տատիկիդ խնկահոտ
Աղոթքի շշուկը շուրթերին։
Աշուն էր, անձրև էր մի բարակ,
Լալագին մայուն էր մշուշում…
Քո այրվող մորենին էր կանչում
Մեղեդու մաքրությամբ մի վերին։

Կանչում էր մորենին քո անկեզ,
Եվ կանչը մորմոք էր հին ցավի…
Եվ կանչը ձեր այգու ու կալի
Արևի օրհնանքով էր բուրում։
Եվ կանչը ծավալվում ու գնում
Փարվում էր լեռներին քո ծավի,
Ու գնում գողացված քո հողի
Ճաքճքած շուրթերը համբուրում։

Երազ էր, տեսիլք էր մի վերին.
Ողողվել կապույտիդ շողերով,
Ես բոբիկ շրջել եմ այս ծեգին
Աշխարհում քո հեռու ու կորած…
Ես շոյել ծարավը ակներիդ,
Թաթախվել նրանց ցուրտ ցողերով
Եվ ուրցիդ ծաղիկն եմ ես շոյել
Հեռավոր շանթերից վախվորած…

* * *
Տագնապներն այս նորից,
Այս մրրիկը դեղին,
Որ իմ առավոտն է
Մուժով փակում…
Թևերն իմ հոգնաբեկ
Ծալեմ լուսադեմին,
Գնամ ու ծվարեմ
Մեր հին բակում։

Գնամ հոտով լցվեմ
Ծունկը ծալված մեր տան,
Շոյեմ քարն ակութի
Եղինջ հագած,
Խոնավ դունչը շոյեմ
Սովահարված մեր շան,
Սև աչքերը նրա
Կիսով փակած։

Պառկեմ տխո՜ւր, տխո՜ւր
Մամուռներին բակի
Ու մենության ցրտից
Սիրտն իմ կծկվի,
Եվ ճռինչը թախծոտ
Մեր այգու դռնակի
Արցունքի պես քամվի,
Իմ մեջ լցվի…

Տագնապներն այս նորից,
Այս մրրիկը դեղին,
Որ իմ առավոտն է
Մուժով փակում…
Թևերն իմ հոգնաբեկ
Ծալեմ լուսադեմին,
Գնամ մորմոք դառնամ
Մեր հին բակում…

ԵՌԱԲԼՈՒՐ ՊԱՆԹԵՈՆՈՒՄ
Որպես ծարավ վերին՝
Ձյունն իջնում է հուշիկ,
Շիրիմներին խոնավ
Մեղմ սավանվում,
Հառաչանք է ձգվող
Ու մորմոք է հուշի…
Ու կանչեր են ցավոտ
Լուռ ծավալվող։

Ու արցունք է քամվող
Ծաղիկներին ծավի,
Ու մխանք է թախծոտ
Մոմ ու խունկի,
Տվայտանք է ու սուգ
Ու մրմուռ է ցավի,
Ու ճերմակած մայր է
Իջած ծունկի…

Ու հեծեծող մայր է
Կանչող մինուճարին՝
Հավիտյան քուն մտած
Գրկում հողի.
«Որդի՛ս, ե՞րբ ես գալու,
Ա՜խ, քեզ այդ ինչ արին…
Հիվանդ մորդ ինչո՞ւ
Մենակ թողիր»։

Ու քաջեր են հանգչող
Ջահել, թխամորուս՝
Մահի երախն իրենց
Կյանքով փակած…
Տվայտանք է ու ճիչ,
Արտասուք է քամվող
Ու ծնկաչոք խիղճ է
Սևեր հագած։

Որպես ծարավ վերին՝
Ձյունն իջնում է հուշիկ,
Շիրիմներին խոնավ
Մեղմ սավանվում։
Հառաչանք է ձգվող
Ու կանչեր են ցավոտ,
Զանգերի մորմոք է
Լուռ ծավալվող…

ԲԻՐՏ ՈՒԺԸ
Աշխարհի հիվանդ ողերը փշրող
Ուժը, բիրտ ուժը,
Դավի, չարության հլու-հնազանդ
Այդ սպասարկուն,
Որի բիբերից մոլուցք է կաթում,
Նենգություն ու մաղձ։
Եվ նա գործում է
Խավարից ելնող սև ցուցամատի
Մեն-մի շարժումով՝
Լլկելով սիրո ու երազանքի
Ծաղիկը շողոտ,
Չանսալով, բնա՛վ,
Մայթերի վրա կրունկահարվող
Հուսաբեկ խղճի ձայնին աղերսող,
Մինչև իսկ խղճի՜…
Ուժը, բիրտ ուժը…
Սիրելինե՜րս, բռունցվենք
Ահեղ ու ջլախախտիչ
Այդ մոլուցքի դեմ
Ու դառնանք նրա
Ոսոխը մոլի
Եվ մեր արարիչ ոգու զորությամբ
Խափանենք ընդմիշտ
Ճամփեքը փակող այդ դեղին մուժը։
Երկիրն այս թշվառ
Խռովքի փոխած
Ուժը, բիրտ ուժը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։