Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԵՐԵՎԱՆ-ՓԱՐԻԶ
ՏՐԱՆԶԻՏ
Առտվան շաղին փշրանքները
Կտցող հավքեր,
Օգնեցեք ինքնաթիռ-պողպատ թռչնին
Անվրեպ հասցնել ինձ Փարիզ:
Ահա Մոսկվան անտարբեր հանդուրժեց
Իմ ներկայությունը Շերեմետևո
օդակայանում:

* * *
Սիրտն իմ նվաղում է
Սպասումից, երբ դու, քաղաք,
Կլցնես սիրտն իմ բերնե-բերան
Ուրախ հնչյուններով, բազմագույն
պատկերներով
Հռչակավոր օծանելիքի բույրերով:

* * *
Մելանը դաջում է հույզերն իմ
Տետրի թղթին,
Թուղթն ու գրիչը չեն կարող սահման
դնել անսահմանին…
Փարիզ` ազատության օդը
Մեղմ շոյում է ռունգերը,
Ծածանում մազերը,
Silk-մետաքս վզնոցները,
Թե սև, թե ճերմակ, թե խառնուրդ մաշկով
տղեկ-աղջիկների:
Սենայի ափին լողում են
Հնամյա կամ նոր բարժաները,
Հնչում են զանգերը,
Չնայած, դու, Փարիզ, վաղուց,
Շատ վաղուց աշխարհիկ ես,
Բայց քո սերը անտիկի, հնամյա
Քարերի, սերը անցյալի և գուրգուրանքը
Ամեն նորի հանդեպ,
Դասեր են դարձել ողջ աշխարհին,
Քեզ չհաղթեց հռոմեացին,
Հաղթական կամարը կանգուն է
Համաձայնության հրապարակից քիչ
այն կողմ£
Եգիպտական սյունը նայում է
Տիեզերքին՝ ցուցանելու
քո կերպը մարդ-բանականի£
Ազատության արձանի փոքրացված
բնօրինակը Սենայում դարձել է
փարոս զբոսաշրջիկին:
Երբ Մարի Անտուանետին տանում էին
Էշաֆոտ, նրա նուրբ տոտիկը տրորեց
խենթ-մարդասպանի
ոտքը կոշտ,
Եվ հնչեց խոսքը.
Կներեք, չէի ուզում…
Այդ էլեժանտ պահվածքն է
Գերել անգամ Ադոլֆ Հիտլերին.
Նա չռմբահարեց Փարիզը:
Աստծո պատվիրանը՝ կամքի
ազատության,
Դու Փարիզ վերարտադրել ես լիովին:
Գործարանները արտաքսվել են
Քաղաքային գծից անդին£
Մարդը շնչում է օդը ազատության,
Հարբում` մի բաժակ բոժոլեից՝
Լցված նրբագեղ ապակե գավաթում£
Կողքի աթոռին ճամարտակում են
Մոդեռն-արտի տղերքը£
Նրանց շռայլորեն հատկացրել ես
Օրսեյի հարկաբաժինը` Գոգենի,
Սյորայի, Մանեի կողքին:
Ես չեմ տագնապում.
Փարի՜զ, գլոբալիզացիան դու
մարսել ես վաղուց:
Խառնարան-քուրայում քո
ոսկի է դարձելՊիկասոն,
Դալին, Հեմինգուեյը գրել է
«Տոն, որ միշտ քեզ հետ է»:
Այսօր ըմբռնեցի մյուս
Ասույթը.
Փարիզ-իմ դժբախտություն,
որովհետև քեզ չեմ տեսել…
….
Ահա սուրբ Ժաքի զանգակատունը`
Շրջապատված պարտեզով փարթամ:
Օրինապահ ֆրանսիացին ննջում է
աթոռին,
Իսկ աներես սև ներգաղթյալը
բեռով-բարձով
Տեղավորվել է կանաչ գորգին.
Խորը քնած է.
Արդյոք ինչ է երազը պատմում.
Սենեգալից փախուստը խախուտ
նավակով,
Ոստիկանների հետապնդումը Իտալիա
գեղեցիկ երկրում,
Վերջապես երանելի վերջակետը`
Փարիզ£
Դե այստեղ ոչ ոք սոված չի մնա.
Մեծ խանութի մոտ «Քարֆուր»,
Թափառական ընտանիքը սևական,
Վրա է տվել ժամկետանց
Առաջնակարգ մթերքի բուրգին:

* * *
Մի ծանոթ ֆրանսիացի ասաց.
Ձեր լեզուն՝ ասես կոշտ քարեր նետես
Ժայռերի վրա, աղմուկ է «հզոր»…
Նստած եմ Սենի ափին, բազում
Սրճարաններից մեկում, ականջս լցվում է
ծանոթ-անծանոթ բառերով.
Ֆրանսերենը՝ ասես քարկտիկ խաղաս.
Այն էլ լավ հղկված կիսաթանկարժեք
քարերով:
Սենա, քո ջրերը հրապուրել ու
հրապուրում են,
Թվում է աղտոտ են, բայց ոչ,
հունն է նրան տալիս այդ պղտոր գույնը,
Մաքրամոլ ֆրանսիացիք ինչ ասես որ
չեն հորինում ջրերդ՝ մաքրելու համար£
Անգամ արգելք են դրել լողալու.
պարզվում է՝ մարդկային մարմինը
Կարող է աղտոտել քո ջրերը…
Սենի խորքից վերև են բարձրանում
դանդաղասահ ձկները թմբլիկ,
(Ինչ երազանք հայ ձկնորսի համար):
Ափին խայտում են բադիկները
դեղնակտուց:
Քաղաքը ստեղծել է ծովափի նմանակ£
Տոննայով դեղին ավազ, արմավենիներ,
շեզլոնգներ.
Խնդրեմ` համեցեք,
անգամ պարուսույցը կսովորեցնի
Նոր պարի շարժումները արագ…
Արքաներդ տիկնիկի հանգույն
զարդարված
կեղծամ, շքեղ կոմզոլ, բարձրակրունկ
կոշիկներ,
մեկը մեկին աչք դնելով կառուցում են
պալատ-ամրոցները.
Առաջինը Լուվրն է,
հետո Ֆոնտեբլոն, Վերսալը շքեղ,
Ֆրանցիսկոս արքան Ամբուազ դղյակը
զարդարելու
Բերեց անգամ Լեոնարդո դա Վինչիին:

* * *
Աստվածամոր տաճար` լուռ վկա ես
Աղոթող սևամորթ կնոջ:
Գիդի բազմաբովանդակ շաղակրատանքի,
Իսկ իմ հիացիկ հայացքից բացվեց՝
քո կատարյալ պատուհան խճանկար-
վարդը:
Իմ հոգու մի մասնիկը մնաց
քո առաստաղի տակ, իսկ մյուսը
տաճարի առջև փորագրված պղնձե
Զրո կետի մոտ:

* * *
Օդում դեռ հնչում է Հեմինգուեյի
թավ ձայնը, Ռեմարկի հերոսները
անցնում են Հաղթական կամարի
տակով,
Վոլտերը բյուրոյի առջև նամակ է գրում
Եկատերինային:
Ահա և Բալզակը կերտում է
սիրած կնոջ կերպարը գույներով
Ռենուարի:
Նոտր Դամի մոտ նա շրջել է
օրեր շարունակ և տեսել, ինչ որ
տեսա ես:

Վիկտոր Հյուգո, փիլիսոփա,
նրբահոգի: Դու ստեղծեցիր
Նոտր Դամի պատմությունը,
որ խենթ հեղափոխականները
չփշրեն հոյակերտ տաճարը`
հիմնովին:
Դուք գիտե՞ք, աթեիստ Հյուգոն
ոտք չի դրել
Նոտր Դամը երբեք£

* * *
Փարիզ «Մշուշների ափ»՝ ֆիլմից
Դուրս է սահում Գաբենի դեմք-
քանդակը,
Ալեն Դելոնը ձեռքով է անում,
Ինվալիդների պալատի կողքի
պենտհաուզից:
Բայց (ա՛խ, այդ բայցը)…
Ես չբարձրացա Էյֆելի բարձունքը
քաղաքի համայնապատկերը աչքերումս
պահելու,
Սենի պղտոր ջրերով գիշերային
Նավի լույսերով ողողված
չնավարկեցի,
Չաղոթեցի Սեն Միշել
բազիլիկ տաճարում,
Լայն բացված աչքերով չնայեցի
Մուլեն Ռուժի բազմաբղետ
պարուհիներին,
Դա, իհարկե, կլինի, բայց
հաջորդ անգամ,
Հաջորդ անգամ կքայլեմ Սեն Ժերմենի
փողոցներով, ամուր, շատ ամուր
սեղմվելով իմ երկրորդ կեսին:
2015, օգոստոս
ՖԻԳԵՅՐՈՍՈՒՄ
Հանկարծ հայտնվեցի տարօրինակ դղյակի դեմ-հանդիման.
Չէի պատկերացնի ոչ մի երազ- միրաժում.
Մարդկային երեք կրքերը խառնել
Ստեղծել ես մի աշխարհ չնաշխարհիկ՝
Սեր-լիբիդոն, քաղցը և արվեստ-կիրքը…
Անտիկ պղնձե կանայք ֆրանսիական երկար հացերը
հանց ինքնաձիգ բռնած,
Կրեմագույն տորթ-աշտարակը ախորժաբեր,
Իսկ նկարները պատկերում են
միայն Նրան՝
Կին-սատանա, օ՛, Գալա£
Կին, դու ստեղծեցիր ինչպես Արարիչը
առաջին մարդուն
Մուսա դարձար և ցասման հրեշտակ
հետապնդող£
Հայացքը քո սարսել էին քնահավան
հանճարին՝
Քո համար կառուցած դղյակն այցելելու
համար
Մեկ օր առաջ թույլտվություն պիտի
հայցեր նա՝ հանճարը£
Քսանմեկերորդ դարը հավաքել է
բազմադեմք ու արվեստից
լոկ փշրանքները…
Նոր անունները մեծադղորդ՝ էլ Հյորստ,
էլ չգիտեմ ինչ…
Իստալյացիաներում մոդայիկ
ուղղությունների հռչակում£

ՍԱԼՎԱԴՈՐ ԴԱԼԻ
Քո աչքերում բազմոցը դարձավ կարմիր
շուրթերը գեղուհու,
Արկղիկը հանկարծ վերածվեց հեքիաթ
թռչունի,
Մերսեդես-Բենց մեքենայում հանկարծ
անձրև է տեղում…
Իսկ աճյունդ ամփոփված է խոր
ընդերքում դղյակի՝
Ոսկյա արձանիկների, ծիծաղի, պարի ու
անշարժ հայացքի հսկումի ներքո£
Ողջ կյանքիդ ընթացքում փորձեցիր
երազներդ դարձնել
կտավ, գծանկար
քնքշագեղ, զգեստ ու կահույք£
Ժամացույցներն այնտեղ հոսում են,
Ուղտի ոտքերը երկար են ու նրբագեղ£
Կտավի ճերմակի վրա սահող նուրբ
գծերը
Խճճվելով ստեղծում են արտառոց
համադրություններ.
Խիստ անհատապաշտ արվեստը քո
Հուզում է սիրտն իմ, ներխուժում
երազներիս մեջ,
Վերակերտում տարրերը մարմնի£
Երկնքի մոխրակապույտ կտավի ֆոնին
Մեջքով կանգնած գեղանի կինը ես եմ
Ու փորձում եմ գտնել հանելուկի
բանալին£

ՊԱՏԵՐԱԶՄ
Ես նմանվել եմ կույրի.
Սրվել են բոլոր զգայարաններս,
Արցունքները հոսում են լուռ£
Աշխարհն է վերածվել կույրի£
Սակայն նա անհաղորդ է ու
Տոլերանտ…
Պոնտական Պիղատոսը շատ
մաքրասեր է.
Նա միշտ լվանում է
Ձեռքերը…

ԱՆՀԱՅՏԸ
Քուն թե արթուն հնչում է մրմունջը…
Աղո՞թք է, թե՞ աղերս, չգիտեմ:
Գունավոր, պլպլուն գլազուրիտե խեցու
կտորները վառ ու համով գույներով
Ստեղծում են պատկերները`
Ահա 5-ամյա աղջնակը քնած է մոր
գրկում:
Պարուրվել է աուրայով ջերմ,
Մեծանում է, բոյ քաշում, ոչ թե օրով,
Այլ՝ ժամով…
Խեցու կտորտանքից` փայլուն սադափ
Կազմվեց թովիչ աչքերով, ծովախոտե
վարսերով
Պարմանուհին: Կանաչ աչքերում
շողում են
Մութ երկինքը պայթեցնող Ծիր Կաթինի
աստղերը վառման
Տերակոտե ու ալ երանգի կավի
փշրանքից
Բաղկացած է ընտանեկան
խառնափնթոր առօրյան.
Մայրը` մտահոգ, երկու խենթուկ
զավակները և
Բոհեմական ամուսինը սիրելի:
Այս օրվա գույները որոշեք դուք.
Ահա Տիկինը – հայելու դեմ պճնվող կամ
հրաշք թոռներին փարված,
զբոսանք, խաղ, ընթրիքը բազմամարդ:
Ականջիս մրմնջում է թլվատ մանկիկը,
Արթնանում է հուշը` երազ-արթմնի
լեզուն անծանոթ:
Ա՜խ, չէ՞ որ լսել եմ Երուսաղեմում`
արքայական
Լեզուն Արամեական, որով խոսել է
Հիսուս Քրիստոսը…

ՁՈՆ ԽՃԱՆԿԱՐԻՆ
Ջնարակով փայլեցված խեցու կտորներ,
Ձեզնից ես ստեղծում եմ կյանքիս
Պատկերները խառնափնթոր ու
կատարյալ,
Ստացվում է հրաշք վիտրաժներ,
Որոնցից մեկը՝ Իսահակի տաճարից էր,
Հիսուսը իջնում` փաթաթված կարմիր
վարշամակով…
Պետերբուրգյան սառը կլիման
մոռացվեց,
Քրիստոսի վառ ալվան պատկերը
Դաջվեց սրտումս, մտքումս, հուշերիս մեջ
Խճանկարի արվեստ` դու
մարգարեական ես:
Գառնու տաճարի կողքի համամի
հատակը.
Արհեստավոր վարպետների ուղերձը`
«Բազմաչարչար աշխատեցի`
անվաստակ»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։