ՄԵԾ ՍՊԱՍՈՒՄ
Օ՜, իմ Արարատ,
Այսպես քա՜նի դար՝ ես անժամահար
Քո դեմ միշտ կանգնած ու
ծնկի իջած,
Պիտի չհապաղեմ՝
անշարժ քեզ հասնեմ,
Քարկոծվեմ խաչով ու
քարարձակվեմ,
Շաղ տամ փեշերիդ
ծաղկունքը քարե,
Եթերադաջվեմ քո
դեմքին հավերժ…
Օ՜, իմ Արարատ,
Այսպես քա՜նի դար՝
քեզ հետ, առանց քեզ:
ՁՈՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ
Դու քո ինքնության ակունքից իջար,
Քեզ չբարձրացրին՝
ցածից, անհայտից,
Քեզ քո հրայրքը հավասար չեղավ՝
Այնքան մոգական ու շռնդալից:
Եկար հոգեկան անկումի պահին՝
Հանց մթին երթի ճառագայթավոր,
Թմբուկ չզարկին գոռ ու հրճվալի՝
Վերջին հույզերի դափնեզարդերով:
Դու հորիզոնից հորիզոն ձգվող
Փրկության պատվար,
հայտնության բևեռ,
Դու բյուր աչքերով քո աչքից նայող
Ոգի ընկածին, հարության թևեր:
Դու անհուսաբեկ, դու պսակավոր,
Դու խոր խոնարհում
քո երկրի առաջ,
Քեզ արև ծնեց քո մայրը մի օր,
Դու արեգակներ
քո երկրին տարար…
ՔԱՐԸ
Քարը որ քար է՝ իր մեջ մշտարթուն
Ողջ ծանրությունն է իր երկրի կրում:
Թե փետուրն ինչպես
դու նրան նետես,
Աչքից դուրս՝
հեռվում չես գտնի երբեք:
Նա լուռ տագնապով
քեզ մոտ է ընկնում,
Ինչպես զավակը՝ իր երկրի սրտում:
ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ԽՈՅԱՆՔՆ
ՈՒ ԵՐԱԶԱՆՔԸ
Վարժանք եմ անում
Եվ ինքնօրհներգում,
Որ հավերժադիր
Սուրբ հողը հայոց
Ինձ գիրկն իր չառնի
Իբրև անանուն,
Հող դարձող անուն՝
Մշտնջենաքուն:
Այլ հանց երկնավոր
Սրաթև թռչուն,
Որ երկնեերկինք է
Միայն իջնում,
Գա, փոշի դառնա
Ոսկեզօծ փառաց,
Դառնա շնչավոր
Ոգու Զվարթնոց…
Վարժանք եմ անում
Եվ լուսնին խղճում:
ՉԻՆԱԿԱՆ ՊԱՐԻՍՊՆ՝
ԸՆԴԴԵՄ ՎԻՐՈՒՍԻ
Եկել, խելքից
դուրս հարկ է հավաքում,
Որ լինեմ չեղած, եղած չլինեմ,
Մի խոսք չի թողնում,
որ ասեմ վերջում,
Անժառանգ հողին որ արժան լինեմ:
Թե կրկնակի էլ պարսպապատեն,
Եվ ահեղ պատը Իր դեմ փլուզվի,
Նրա մրցակից հավատն իմ անզեն
Հուսալի մահն է՝ մահվան վիրուսի:
ՔՈ ՃԱԽՐԸ ՉԱՐԻՐ
Բանաստեղծության
համար ամեն ինչ,
Ամեն բան տվիր ու չափսոսացիր.
Սեր ու երազանք,
փառք ու ցնծություն
Եվ ինքնամոռաց բյուր գահավիժում:
Դու հավատամքդ չխնայեցիր՝
Երկնավոր բարիք քաղելու համար,
Արեգնահնար քո ճախրը չարիր,
Որ անթև հասնես ոսկեբեր գալիք:
Բանաստեղծության համար,
օ՜, անբեկ,
Բանաստեղծություն չտվիր երբեք:
ՃԱԿԱՏ ՃԱԿԱՏԻ
Չտեսա երբեք բուն իրականը,
Անիրականը միշտ վերապրեցի.
Գլխիս պինդ նստած՝
ինչպես իր տանը,
Ճերմակեց անդարձ
ճամփեքի փոշին:
Վերջին իմ շնչի սայլը լծեցի,
Ձյունով պճնեցի իմ հագուկապը,
Ձուլվեցի բախտին, բայց չծնկեցի,
Թոնրից դուրս չեկավ
տան խաչերկաթը:
ՊԱՀԱՊԱՆ ԱՇՏԱՆԱԿ
Ես քո կողքին դատարկ սար եմ,
Ծեծված արտ եմ սգավոր,
Քո անհոգի դարձեդարձն եմ
Ու ողջույնը ահավոր:
Մարած լամպ եմ ես իմ վրա՝
Քեզ պահապան աշտանակ,
Գիշերն ամբողջ իմ մեջ պարող
Սրերն երկա՜ր ու բարակ:
Վառվող թոնիրը հաց կտա,
Թե մոխրացիր չհանգցնես,
Թե քո սրտով սար բարձրանաս,
Մարած լամպը կպցնես:
ԴԱՌՆԱԹԱԽԻԾ
Սիրտս տվի որբերին ողջ՝
Սիրտ չգտա ոչ մեկի մոտ:
Օձի մեջքը փաղաքշեցի՝
Խիստ թանկացավ թույնը օձի:
Հույս չթողին բանող հույսին՝
Անհույս մնաց հույսն անհույսի:
Մառախուղը՝ թանձր ու ամա,
Կախվեց անբնակ… իմ վրա:
ՏՐԻՈԼԵՏՆԵՐ՝
ՍԻՐԵԼԻ ՀՈՎՈՅԻՆ
1.
Ջուր տվեք միայնակ թռչնակին՝
Սրընթաց աչքերիդ ծովից,
Իր ցեղի արգանդացավից
Ջուր տվեք միայնակ թռչնակին:
Տես, կտցին մի անթև թախիծ՝
Հանց փշրանքը պաղ ապակու,
Ձեզ հոգի է առաջարկում,
Տես, կտցին մի անթև թախիծ:
2.
Անհայտ է թռչունն այս երկրին,
Որ գերխիտ արյամբ է լեցուն,
Ուր հրճվանքն ապրում է անտուն,
Անհայտ է թռչունն այս երկրին:
Նա ձյան մեջ՝ մերկ ու անտանիք,
Երկինք է գումարել երկրին՝
Դարձրել է կարոտն հայրենիք,
Նա ձյան մեջ՝ մերկ ու անտանիք:
ՌՈՄԻԿԻՍ
Դուռը բաց տեսա՝
Չկար սև շունս,
Ավար ու ավեր,
Ցոլանք էր տունս:
Շղթայածափը
Անվերջ երկարեց,
Սգաչքս խաղաց
Ու դեմքիս մարեց:
Ճակատագի՞րն իմ
Կորցրի հավիտյան,
Թե՞ կորած իմ շան
Թախիծն ինձ գտավ:
ԼԱՎ ԳՈՐԾ, ԼԱՎ ԳԻՆ ՏԱՄ՝
ՊԱՐԱՊԸ ԹՈՂ ԳԱ
Հավատացեք ինձ՝ փրկվեցի ինձնից.
Ինձ դատարկեցի ոչ ու ոչնչից:
Իմ տխեղծ գլխից ու
լեզվից երկսայր,
Բնավեր աչքից, խոսքից անշառաչ:
Ես ո՛չ խղճից եմ, ո՛չ դահճակացնից,
Բախտը շպրտեց իմ ձին իր թամբից:
Այսօր օդից կախ բեռ եմ ես տխմար՝
Անցուդարձողին թքելու հարմար:
Ինձ դափնեզարդեք ոչ ու ոչնչից,
Ինձ ցած գլորեք հողի բարձունքից:
Հետո՝ սրտաբաց, առանց արցունքի
Նստեք վաստակած օղորմահացի:
ՔԱՌԱՏՈՂԵՐ
***
Ջրի հետ է գնում ջուրը,
Կեղեքվողը ափն է նորից.
Կյանքից ավել մնացողը՝
Պիտի կառչի ձյան փեշերից:
***
Հրաշքն էլ անցավ՝ բախտը չհայտնվեց,
Օ՜, հազար անգամ գտա ու կորցրի…
Թե շքերթը ձեր գլխիվայր շրջես՝
Վայրկյան չի մնա մի ափսոսանքի:
***
Ատամներս շուտ հաշվեցին՝
Հոգիս բերանս հասցրին.
Թողած հիվանդը՝ անսխալ,
Առողջ իմ կյանքը… քաշեցին:
***
Ինչ որ չէիր, այն չես լինի՝
Օծվես կեսար թե մատնիչ,
Հրաշքն ինքնին քեզ չի փրկի,
Թե չդառնաս հենց փրկիչ:
***
Է՜ն մահերն ի վեր,
Ուր կյանքն է հառնում,
Ճգնում է դարեր՝
Մահը չի հասնում:
***
Երազիս մեջ անդարձության
Դեմքը տեսա՝ սարսափեցի,
Այնքան հրկեզ ու մոտ տեսա,
Որ հայտնապես ինձ դրժեցի:
***
Անցավ մեկուսի՝ կյանքը անհույսի,
Հասցե չթողեց ոչ մի ծրարում.
Դեռ ոտքերն ընկած եղած-չեղածի՝
Ժպիտ է փնտրում… գերեզմանոցում:
***
Գրի ծովերում հար մոլորվեցի,
Անհույս ճգնեցի, որ երգն ինձ փրկի.
Ինձ հողմ ու ջրով գրից ջնջեցին,
Ես հողմ ու ջրի հոգուց ժայթքեցի:
ԳԱԳԱԹԻՑ ԳԱԳԱԹ
Հար ու անդադար
Մինչ նոր գոյարարն
Ու անհնարը՝
Քեզ հետ էր Սարը:
Դեռ հոգիդ գրկած՝
Նա պիտի գնա,
Որ ՀարաԿատար
Սարն այն բարձրանա:
ԲԱԽՏԻ ՃԱՄՓԱՆ
Գաղտնիք կա՝ ցողի մեջ է,
Ցամաք կա՝ ծովի մեջ է,
Դու Աստծո մոտ, ես՝ դևի,
Կրակը հողի մեջ է:
Բախտը՝ կույր մի ավանակ,
Անցավ ինքն իր վրայով…
Ով Աստծուն իր չհասավ՝
Թող զորանա իր խաչով:
ՕՁԸ
Շաչում էր օձը միալար
Ու դուրս չէր գալիս դրախտից,
Գիշերվա մաշկից մոլագար
Ու դաղձի անկոխ շոյանքից:
Լուսնաշեղբը՝ վստահ դաշույն,
Ծննդյան իր օրվա օրից,
Կանգ չառավ, խայթեց լիաթույն՝
Ով տոկաց ու իջավ ծառից:
Երբ թաղեց մեռելները բոլոր՝
Էլ հոգի, ջանք չմնաց…
Աշխարհը դեռ քնած էր խոր՝
Հովի ու զովի մեջ արյան:
ՀՈԳՈՒՍ ՏԵՂ ՉԱՐԵՑ
Ինձ դատարկեցին
Դատարկության մեջ.
Ելավ ու թափվեց
Դատարկն իմ միջից:
Երկինքը փլվեց
Ափիս մեջ դողդոջ,
Հոգուս տեղ չարեց
Տիեզերքն ամբողջ:
ՊԱՀՄՏՈՑԻ
Այս քանի՜ տարի,
Քնած ու արթուն,
Պահմտոցի ենք
Մահվան հետ խաղում:
Ուր թաքնվեցի՝
Նա միշտ ինձ գտավ,
Աստված կանչեցի՝
Մեռավ, ցած չիջավ:
Ինձ վառեց անբոց
Այս առեղծվածը.
Ինձ միշտ գտնողն էր
Իմ թաքցրածը:
Դեռ երազն արթուն
Շարունակվում է.
Արյան ծագումով՝
Իմն է, մնում է: