Լորետա ՄՈՒՐԱԴՅԱՆ

Լորետա ՄՈՒՐԱԴՅԱՆ
***
Անձրևն հավաքել եմ թևերիս մեջ,
Իսկ աշունն
Առանց որևէ կասկածի
Զբոսնում է պատուհաններիդ տակ:
Միայն մեխակով թեյի գոլորշին է
Մերթընդմերթ նվնվում,
Որ մի երկինք պակաս է:
Չես լսում ինձ…
Ի՞նչ անեմ,
Սեպագի՞ր թողնեմ,
Որ գոնե
Գետնին նայելիս վերծանես ներկայությունս:
Քայլում եմ` երկնքից կախ ընկած,
Գլխավերևումս` հողաստվեր
Եվ թեյը մեխակի:
Մի կում երկինք
Եվ մի կամուրջ գոլորշու…

Այդպես էլ սեպագրեր կարդալ չսովորեցիր…
Լավ է, որ հորինել են մեխակով թեյը:
Թող ստվերները չմտածեն,
Թե մենակ են…

***
Օրերի ցամքած
Արցունքների տակ
Լերդացել է ալ
Ծիծաղը օդում,
Եվ համրաթռիչ
Ճաքերի թևով
Պայթած պահն է
Սողում դեպի տուն…

Փրփրել են լիրբ
Ծալքերն հույսերի
Ու գալարվում են
Երկունքի ցավից,
Լարված ջլերով
Տագնապներ ծնում
Ու վիժում կյանքեր
Ֆատումի սաղմից…

Եվ իրարանցմամբ
Բորբոսնած այգում
Դառը պտուղով
Սեղան կդրվի,
Որպեսզի ներկան`
Սանձը ուրացած,
Անցյալի ծոցում
Սիրածին տրվի…

***
Երբ մտքիդ թելից ընկա
ու ձեռքս կոտրեցի,
թաց ասֆալտը
բիբերիցս
փսփսաց.
– Լուռ մնա,
էստեղ
բոլորը
քնած են…

***
Փաթաթվել է ճանապարհը
Ոտքերիս,
Թույլ չի տալիս ո՛չ ետ գնալ,
Ո՛չ առաջ,
Աղաչում է ասել մի բառ
Ներելիս,
Կա՛մ չներել, կա՛մ ատելով
Անեծք տալ…
Եվ ակամա կծկումներով անօգուտ
Նյարդից կախված ողնաշարի
Պատերին
Ճիչ է սեպում և՛ մոռացում,
Ե՛վ կորուստ,
Ու գուշակում փախուստ, փախո՛ւստ
Այստեղից…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։