ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ

ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐՀԳՄ վար­չու­թյու­նը
շնոր­հա­վո­րում է բանաստեղծ, թարգմանիչ, երգիծաբան
ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐԻՆ
ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրա­կան թեր­թը» միա­նում է շնորհավորանքին

 

ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԻ ԵՐԳԸ
Գլխատումը հետաձգված ցուլի նման
Հիմա շփոթված է իմ դեմքն այնպես,
Որ թվում է՝ անհուն ցավով ապրում եմ ես
Հոգեվարքի ժամը
Վերջին մոհիկանի:

Դեռ ատյան չմտած հայցվորի պես
Հիմա մշուշված են իմ աչքերն այնպես,
Որ թվում է, թե իմ երգերն ամեն
Ինչ-որ մեկի ձեռքով
Մինասի գունագեղ կտավների նման
Անգթորեն պիտի հրին տրվեն:

Շատ անգամներ եմ ես տեսել մահը լուսնի,
Թավալումը նրա՝ օվկիանի մեջ արյան…
Թող չտեսնեմ, սակայն,
Թող չտեսնեմ երբեք
Համասարսուռ, համասարսափ մահն արևի:

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՎՐԻՊՈՒՄ
Երբ կրակում ես հենց այնպես՝
Առանց նշան բռնելու,
Գուցե դու հսկա թռչնաերամից
Չկարողանաս դիպչել իսկ մեկին:
Բայց վտանգավոր այդ վրիպումով
Կարող ես հանկարծ սպանել դու այդ
Երամի միակ առաջատարին:

Այդպես էլ, թե դու մտադրվել ես
Պատժել քո անունն աղարտողներին,
Հաշվեհարդարի քո նետն անվրեպ
Այնպե՛ս արձակիր,
Որ վրիպելով բոլորին՝ հանկարծ
Չդիպչես նրան,
Ով ազնվագույնն է այդ հոտի մեջ:

ԿՅԱՆՔԻ ՕՐԵՆՔՈՎ
Մի հատիկ ճիշտ խոսք լսելու համար
Ես ամբողջ օրը լռությամբ համառ,
Լսողությունս լարած տասնակի՝
Ականջ եմ դնում կյանքի աղմուկին:

Ու եթե խոսքն այդ թարմ կաթի նման
Ներշնչանքից է բխում սեփական,
Հասկանալի է, որ ես էլ պիտի
Վերցնեմ սերուցքը իմ ընտանիքին,
Իսկ կաթնաջուրը տամ ուրիշներին:

Եվ սա չգրված օրենքն է կյանքի,
Քանզի ճշմարիտ ամեն խոսք ու բառ
Լոկ այն պահին է հասնում մեր քիմքին,
Երբ որ նրանից քամել են իսպառ
Սերուցքը մտքի…

ՎԱՍՆ ԿՅԱՆՔԻ
Թող հաստատուն լինի իմ կամքն այնպես,
Ինչպես կարծրությունը որձաքարի:
Եվ քանդելով դարիս որոգայթներն անտես՝
Թող լույս ցայեմ նրանց թմրած ուղեղներին,
Ովքեր ուզում էին ինձ մոլորել:

Եվ իմ տառապանքի պարաններով առձիգ
Թող դուրս հանեմ հոգուս օվկիանոսից
Խեցիները՝ խղճի լույսի պես գեղեցիկ,
Եվ ընծայեմ նրանց,
Ովքեր ուզում էին ինձ կործանել:

Եվ թող նրանք, ովքեր
Դեռ նույն նախանձով են
սնում սրտերն իրենց,
Այսօր մարդավարի մեր դեմ կարգին
Ապաքինեն իրենց խիղճը խարխուլ,
Որ չդասվեն դարիս հուդաների շարքին…
ՏԽՈՒՐ ՄԱՐԴԻԿ
Եթե գային նրանք ու նստեին նորից
Այս պուրակի թափուր նստարանին ավեր՝
Աչքերի մեջ պահած լռություն ու թախիծ,
Իսկ շուրթերին՝ չասված
կարեկցանքի խոսքեր:

Եթե գային նրանք՝ մարդիկ այն ցավադեմ,
Ու նստեին մեջքով իմ աչքերի դիմաց,
Տառապանքը նրանց ես կզգայի արդեն,
Անպարագիծ ու մութ տխրությունը անանց:

Թիկունքները նրանց՝ թամբերի պես մաշված,
Քրքրվել էր անխիղճ ժամանակի վազքից…
Ու պարտվածի նման նստել էին նրանք՝
Աչքերի մեջ պահած լռություն ու թախիծ:

Եթե գային նրանք… Ես կասեի նրանց.
– Հասկացել եմ ես ձեր տխրությունը մեջքից…
Հասկացել եմ և՛ ձեր վրդովմունքը անլաց,
Ե՛վ վիրավորանքը ձեր հուսահատ դեմքի:

Եթե գային նրանք… Ես կասեի նրանց.
– Եղբայրնե՛ր իմ, ինձ էլ կցեք ձեր եռյակին:
Ձեզ նման՝ իմ բախտն էլ
նախանձի կուլ գնաց,
Եվ ձեզ նման՝ հոգսի թամբն է իմ շալակին…

ԲԱՆԱՍՏԵՂԾԸ
Ժամանակի գորգը կրծող ցեցի նման
Հիմա նա իր բաժին
Կյանքն է մաշում կյանքում…
Եվ իր հոգու անհուն ջրհորն ի վար՝

Իջեցնելով սրտի դույլը փոքրիկ,
Նա արյուն է հանում
Հնձանից իր մարմնի,
Լցնում առուներն իր երակների,
Որ հույզերից խանձված անապատում կյանքի
Դալար պահի շիվերն իր քնարի…

Ու նա քայլող ծառ է՝
Հենված իր ոտքերի զույգ բներին,
Որի ճյուղանման ձեռքերն ի կախ
Անվերջ օրորվելով՝
Ուժակալվում են լուռ
Բռունցքները՝ ուժի խնձորների նման…

Եվ երբ էլ որ լինի…
Իսկ դա լինելու է մի օր հաստատ…
Նրա անկման պահին,
Երբ նա բռունցքներով բախվի հողին,
Հողագունդը պիտի ափսոսանքի ցավից
Ցնցվի ուժգնորեն…

ՀԱՆԴԳՆՈԻԹՅՈԻՆ
Այսօր երազում ինձ շնորհեցին
Մի պաշտոնաթուղթ,
Ուր ասվում էր, թե, իբր, այսուհետ
Ես եմ պատժելու
Աշխարհի բոլոր կարգազանցներին:

Եվ արդարացի գործելու համար
Ամբոխի աոաջ աոաջին հերթին
Ես ինձ պատժեցի՝
Հիմքից կտրելով ցուցամատն իմ աջ,
Որ իմ իմացած հանցագործներից
Ձեոքս ցած ընկավ իմ ուսախաչից…

Եվ մարդիկ, կտրած ձեռքն իմ տեսնելով,
Նախ պապանձվեցին՝ զգուշանալով…
Ապա ինձ նման ոչ թե ցույց տվին
Դարիս սանձարձակ մեղսագործներին,
Այլ խեղճուկրակ նրանց զոհերին:

2 thoughts on “ԳԵՎՈՐԳ ԽԱՉԱՏՈՒՐ

  1. Գրական Թերթի հարգելի խմբագիր, նախ շնորհակալությունս եմ հայտնում, որ անդրադարձել եք Գևորգ Խաչատուրին, ապա վրդովմունքս եմ հայտնում, որ աղավաղել եք նրա բանաստեղծությունը։

    Խնդրում եմ ուղղել.
    <> բանաստեղծության վերջին երկու տունը Բանաստեղծը գրել է հետևյալը.

    Եվ արդարացի գործելու համար
    Ամբոխի առաջ առաջին հերթին
    Ես ինձ պատժեցի՝
    Հիմքից կտրելով ցուցամատն իմ աջ,
    Որ իմ իմացած հանցագործներից
    Ես մատնացույց չեմ արել ոչ մեկին։

    Բայց ինձնից հետո, երբ ես ցանկացա
    Ձախ ցուցամատով ցույց տալ մեր կյանքի
    Ամենալպիրշ։մեղսագործներին,
    Ակնթարթորեն կացնահարվելքվ՝
    Ձեռքս ցած ընկավ իմ ուսախաչից…

  2. Վրիպում է եղել, խոսքս <> բանաստեղծությանն է վերաբերվում։

    Բացի դա <> բանաստեղծության նախավերջին տան 5-րդ տողում ավելացրել եք <> տողը, որը բացարձակ կապ չունի բանաստեղծի գրածի հետ։
    Ամենայն հարգանքով եմ ասում Մինասի կտավների նկատմամբ, սակայն Գևորգ Խաչատուրը չի այս տողի հեղինակը, հետևաբար պետք չի փչացնել նրա գործը։
    Շնորհակալություն

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։