Ղևոնդ Ալիշանի մասին շատ է գրվել ու խոսվել, հրապարակվել են բազմաթիվ հուշեր, գնահատական հոդվածներ, ծավալուն աշխատություններ, սակայն այդ ամենի մեջ մի տեսակ անտեսվել է մեր գրական-մշակութային-կրթական կյանքի մեկ այլ խոշոր երևույթի՝ Եղիա Տեմիրճիպաշյանի ներկայությունն ու ձայնը։ Ճիշտ է, Ե. Տեմիրճիպաշյանը հանդես չի եկել Նահապետի կյանքին ու գործին նվիրված քիչ թե շատ ամբողջական գրությամբ, սակայն իր ժամանակի ամենամեծ ազգային երախտավորներից մեկի նկատմամբ նրա կարծիքները, տեսակետներն ու գնահատականները սփռված են իր գրական-հրապարակագրական բազմաթիվ ու բազմազան ելույթներում, ժամանակի մամուլի էջերում։ Ընդ որում, հատկանշական է, որ Ղ. Ալիշանի նկատմամբ Եղիա Տեմիրճիպաշյանի վերաբերմունքի արմատները խորանում են մինչև վերջինիս մանկության տարիները։ Մեծացած լինելով Պեշիկթաշում՝ «քահանայ մեծ հոր տունը», Եղիան դեռ մանկուց անմիջականորեն կապված էր կրոնի և եկեղեցու հետ։ Հրանտ Ասատուրի վկայությամբ՝ «Մեծ հայրը (…) յաճախ հետը եկեղեցի կը տանի եղեր զինքը»: Բարեպաշտական այդ մթնոլորտն այնպիսի ուժեղ ազդեցություն է ունենում պատանու վրա, որ նա որոշում է նույնիսկ «վարդապետ ըլլալ» (այս և հետագա ընդգծումները մերն են – Պ. Դ.)։ (Ի դեպ, թերևս քչերին է հայտնի, որ, Արշակ Չոպանյանի վկայությամբ, իր կյանքի վերջին շրջանում «Վենետիկ երթալ և միաբանության մեջ մտնել» փափագել է նաև Խաչատուր Աբովյանը)։
Տարիներ անց Եղիան խոստովանել է, որ հաճախ է փորձել նաև «երեւակայութեան թեւերով» հասնել ու տեսնել Վենետիկը՝ «Ադրիականին այն անմահ թագուհին», և, մանավանդ, «սպիտակափայլ՝ Սուրբ Ղազարու կղզեակն ալ ի Վենետիկ, ուր յարութիւն առաւ Հայ լեզուն, Հայ գրականութիւնն»։ Հատկապես այն սարսափելի աղետից՝ 1883-ի հուլիսի 14-ի մեծ հրդեհից հետո, որն սպառնում էր հրո ճարակ դարձնել հայության այն անմար օջախներից մեկը, որ Եղիան «մեր փրկատունն», «մեր բարոյական հարստութեանց գանձատունն» էր համարում, բայց «Հայոց Աստուածն, Հայ դպրութեանց Աստուածն, հրամայած է հրոյն՝ խնայել Սուրբ Ղազարու վանքի Մատենադարանն»։ Եվ հատկանշական է, որ այդ փրկության գործում նա կարևոր դեր էր հատկացնում հենց Ղևոնդ Ալիշանին, որն, ըստ նրա, «յանուն Հայ գրագիտաց՝ գոհաբանութիւն մատոյց Հայոց Աստուծոյն, որ Հայ ազգին պահեց ինչ որ իր մեծագոյն փառաց տիտղոսն է»։ Ավելին, հիշատակելով իտալական հայտնի ասացվածքը Վենետիկը տեսնելու և հետո մեռնելու մասին՝ Ե. Տեմիրճիպաշյանը հայտարարում է, թե՝ «Իմ Գրասէր սրտիս ու կրօնասէր հոգւոյս ալ տենչն է – Տեսնել Վենետիկի վանքն, հոն ապրիլ ու հոն մեռնիլ…»:
Ցավոք, նրան չվիճակվեց իրականացնել իր այդ տենչը, սակայն ամբողջ կյանքում նա սրտում և հոգում բորբոք պահեց սերն ու պատկառանքը ազգային հոգևոր այդ նշանավոր օջախի և, մասնավորապես, Հայր Ղևոնդ Ալիշանի նկատմամբ։ 1880 թվականին դեռևս երեսնամյա երիտասարդ Ե. Տեմիրճիպաշյանը Մշակ ստորագրությամբ Կ. Պոլսում հրատարակած «Հատընտիր ընթերցուածք ազգային եւ օտար մատենագիրներէ քաղուած» ժողովածուում գրում էր. «Ազգային ամենաբարձր հեղինակաց մին է Հ. Ղեւոնդ Ալիշան, անդամ Վենետկոյ Մխիթարեան միաբանութեան: Իբրեւ բանաստեղծ մատենագիր՝ ապաքէն կը գերազանցէ Հ. Արսէն Բագրատունին. իսկ իբր հայրենասէր մատենագիր՝ ախոյեան չ’ունի բոլոր միաբանութեան մէջ: Կը գուշակեմ թէ կրնակն Հռոմայ եւ երեսն Արեւելք, Հայաստա՜ն դարձուցած կը նստի Վանքին մէջ լուսատենչ եւ հայրենատենչ Ալիշան…»։ Մի քանի տարի անց, Նորայր Բյուզանդացուն ուղղված իր մի գրության մեջ, Եղիան հպարտությամբ վկայում է նաև Հայր Ալիշանի դրվատալից վերաբերմունքն ու գնահատականը իր ստեղծագործության նկատմամբ. «Գեղեցիկն. – իրա՛ւ է որ կրնամ զայն ցոլացնել մերթ իմ վաղանցիկ էջերուս մէջ,- գրում է նա,- դուք կը վկայէք այդմ հրապարակաւ, եւ նա՝ որ Ձեր վարժապետն եղած է եւ ամենուս ալ է մեծ վարպետն ու Նահապետն՝ Հայր Ղեւոնդ Ալիշան՝ անցեալ օր այդ նկատմամբ ինձ մասնաւոր գրով մը կու տար բարի վկայութիւն…»: Ուրեմն և՝ պատահական չէ, որ նա գրեթե ամեն ինչում՝ նույնիսկ սովորական կենցաղային հարցերում, վարք ու բարքում, ջանում էր ընդօրինակել Ալիշանին։
Ղ. Ալիշանն ու Ե. Տեմիրճիպաշյանը միմյանց շատ նման էին նաև իրենց խառնվածքով ու բնավորությամբ. ժամանակակիցների վկայությամբ՝ երկուսն էլ չափազանց զգայուն, ջղային ու բռնկուն էին, բայց և հարկ եղած դեպքում կարողանում էին զսպել ներքին ալեկոծումները, չափազանց զգայուն էին ընտանի կենդանիների, հատկապես կատուների ու թռչունների նկատմամբ։ Ինչպես Ալիշանը, Եղիան նույնպես, ի գնահատություն իր վաստակի, մի քանի ոսկե գրիչներ էր ստացել զանազան հեղինակավոր անձանցից ու կազմակերպություններից, արվեստագետներից շատերը՝ Գ. Բաշինջաղյանը, Ա. Ֆեթվաճյանը և ուրիշներ, կերտել էին Ղ. Ալիշանի դիմանկարներն ու քանդակները, իսկ նկարիչ-քանդակագործ Հարություն Ճիվանյանը ոչ միայն Եղիա Տեմիրճիպաշյանի ծննդյան օրվա առթիվ նրա ծննդյան «ժամանակն ու վայրը» պատկերող մի նկար էր նվիրել, այլև «գողտրիկ նամակով» հաղորդել էր, որ երազում է կերտել նրա «մարմարիոնէ արձանը», ինչին Եղիան պատասխանել էր համեստորեն, թե նրա ուղարկած բնանկարն ավելի թանկ է իր սրտին, քան կլիներ իր արձանը՝ «վտիտ» մարմնով։
Երկու նշանավոր դեմքերի միջև զուգահեռները մեզ տանում են մինչև իսկ դեպի առաջին հայացքից արտառոց թվացող տեսակետների նմանությունները։ Այսպես. Հայր Բարսեղ Սարգիսյանն իր հուշերում պատմում է «թուրք և ռուս պատերազմեն երկու տարի վերջ» Վենետիկ եկած մի ղարաբաղցի զինվորականի մասին, որը «հիշեալ պատերազմին մէջ երեք գնդակ ընդունած էր թշնամիէ ու երեքն ալ մարմնոյն մէջը դեռ կը պահէր՝ ըսելով, որ «Տաճկի գնդակը հայի ոսկորին չի հասնիր»: Եվ ահա այդ քաջարի զինվորը, հանդիպելով Նահապետին, բացականչում է. «Հայր Ալիշան, Ձեր ադամանդեայ գրիչը մեր պողպատեայ թուրէն աւելի կարող և ազգօգուտ գործեր տեսել է»։ Եղիա Տեմիրճիպաշյանը ևս գրական քննադատությանը նվիրված հոդվածներից մեկում կոչ անելով «գէթ նուա՜զ արհամարհել գրականութիւնն»՝ իր այդ միտքը հաստատում է հին հունական պատմության մեջ հայտնի դրվագներից մեկի հիշատակումով. «Սպարտա՝ տագնապի մը ժամանակ՝ զօրավար մը խնդրեց Աթէնքէն,- գրում է նա։ – Աթինացիք՝ որք կը նախանձէին Սպարտացւոց՝ զօրավարի տեղ բանաստեղծ մը յղեցին հեգնօրէն. սակայն բանաստեղծն ըրաւ՝ ինչ որ զօրավարն անկարօղ պիտ’ըլլար ընել գուցէ»։
Մխիթարյանների ազգաշահ գործունեության, մասնավորապես Ղ. Ալիշանի անձի և գործի Ե. Տեմիրճիպաշյանի գնահատությանը հանդիպում ենք նրա խմբագրած և այլ հանդեսների շատ էջերում։ Ասվածի լավագույն օրինակներից մեկը Ե. Տեմիրճիպաշյանի գնահատականն է Մխիթարյանների հրատարակած «Ծաղկաքաղ հատուածքի» 2-րդ հատորի առիթով. «Պիտանի գեղանի, հիանալի մատեան մ’է Ծաղկաքաղն, զոր կ’ընթեռնում առաւոտուն, զոր կ’ընթեռնում ամէն իրիկուն – և դեռ չեմ յագենար: Նոցա համար որք կը սիրեն Հայ լեզուն, նոցա համար որք կ’ապրին հոգեկան, իդէական կենօք, ի՞նչ ընտրագոյն, ի՞նչ գերագոյն մատեան քան Ծաղկաքաղի Քերթուածին»։ Ահա թե ինչու նաև կոչ էր անում անպայման «առնուլ զայն և ընթեռնուլ», քանզի այնտեղ հավաքված էր «բոլոր զգայուն, վեհագոյն հոգւոց մեղրն»՝ Հոմերոսից մինչև Բայրոն… «Պաշտելի՜ մատեան, անթառամ ծաղիկ. գանձ իմ, լոյս իմ, զբօսանք իմ, սփոփա՜նք իմ,- բացականչում է Եղիան,- սրտիս վրայ կը պահեմ ես յաւէտ Ծաղկաքաղն»։ Մեկ այլ տեղ, վերլուծելով բանաստեղծության անցած պատմական ճանապարհը, Եղիան այդ շարքում կարևոր հանգուցային դեր էր հատկացնում նաև Ղ. Ալիշանին։ Ըստ նրա՝ «Հին խրոյին ձայնարկութիւններէն մինչեւ Գողթան երգերն եւ Ալիշան, Ափրիկեան հրոսախումբերու ճչերգերէն մինչեւ Րիկ-Վէտայի ու Վէռլէնի աղօթերգերն ու քերթուածները՝ բանաստեղծական խօսքը կը զարգանայ»:
Ասիական ընկերության 1887 թ. հանդեսներից մեկում Եղիա Տեմիրճիպաշյանը ելույթ է ունենում հիվանդության պատճառով բացակայող Կարապետ Գարագաշի փոխարեն։ Նրա ելույթը, ինչպես միշտ, լավ է ընդունվում, բայց քանի որ շատերը պատրաստվել էին լսելու հայտարարված և սիրված բանախոսին, «կը հարցնէին ինքնին թէ ինչ պիտի խօսէր, ի՛նչպէս պիտի խօսէր արդեօք Գարագաշ էֆէնտին, եւ թէ ո՞վ էր այն «Հայ բանաստեղծն», ոյր վրայ պիտի բանախօսէր»: Ոմանք ենթադրում էին, թե Թովմաս Թերզյանը պիտի լիներ, «որ Ռաֆայէլեան վարժարանի փառքն էր, որ բանաստեղծ էր դիմօք՝ որպէս բանաստեղծ էր սրտով ու հանճարով»: Բայց նաև «հանդիսականաց աչքերն աւելի հեռուն կ’երթային,- վկայում է Ե. Տեմիրճիպաշյանը,- ի Վենետիկ, ի Վանս Ս. Ղազարու, ի խուցն առանձնակ՝ յորում Աստուծոյ եւ իր հանճարոյն հետ կ’ապրի վսեմափառն Ալիշան»:
Ընդդիմախոսները Եղիա Տեմիրճիպաշյանին հաճախակի էին քննադատում ինչպես իր նկատմամբ գովեստներ սպասելու, այնպես էլ տեղի-անտեղի գովեստներ շռայլելու մեջ։ Եվ նա փորձում էր նման մեղադրանքներից «պաշտպանվել» երբեմն նաև իրական մեծերի՝ մասնավորապես Հայր Ալիշանի «օգնությամբ»։ «Եւ միթէ յանցա՞նք է գովել՝ գովելին,- հակադարձում էր Եղիան,- եւ միթէ բանաստեղծք այնքա՜ն հասարակ էակներ են. Հոմերոս բանաստեղծ էր. Ալիշան բանաստեղծ է. Խրիմեան ու Նար-Պէյ բանաստեղծ են»։ Այս տեսակետից հատկանշական է նաև Հ. Սիմեոն Երեմյանի մի դիտարկումը, ըստ որի՝ «Առ Թովմաս էֆ. Թէրզեան» քերթվածում «Տէմիրճիպաշեան գրագիտական աւելի գործունէութիւն է ունեցած, և սակայն Թէրզեանի վրայ կը հիանայ: Տգէտները միայն հիացում չունին, իրենց անպատուութիւն կը համարին ուրիշին գովեստ տալը և գովելին գովելը»: Սակայն այդ ամենից հետո կարևոր է նրա այն շեշտադրումը, թե «Քերթողը՝ զայն սիրելու համար, ունի ուրիշ պատճառ, զի Թէրզեան Ալիշանին աշակերտած էր»։ Հ. Ս. Երեմյանի այդ հոդվածը արժեքավոր է նաև նրանով, որ հեղինակը որոշակի համեմատականներ է անցկացնում Եղիա Տեմիրճիպաշյանի ու Ղևոնդ Ալիշանի ստեղծագործության՝ մտածողության, լեզվաոճական առանձնահատկությունների միջև։ Ըստ նրա՝ «Բառախաղերով բանաստեղծ է Տէմիրճիպաշեան և ինչպէս Հ. Ալիշան (…) նկարէն արձակ մը կը ստեղծէ»։
Եղիա Տեմիրճիպաշյանի համար միանգամայն ընդունելի մոտեցում էր դա, քանի որ ինքը ևս բանաստեղծի իր խառնվածքն ու մտածողությունը արտացոլող որոշ քերթվածներ ձոնում էր Ղևոնդ Ալիշանին և կամ դրանց համար բնաբան ընտրում նրա տողերը։ (Հիշենք «Նորածինն», (Առ Նառինա), «ԺԸ դարն», «Սէրք իմ» քերթվածները, որոնցից առաջինը, ի դեպ, բանաստեղծ Տիգրան Սեթյանի վկայությամբ, Եղիան գրել է «Ալիշանէն ներշնչեալ…»։
Վերջապես, բերենք Էդ. Սիմքեշյանի ամփոփ ու ճշգրիտ գնահատականը, ըստ որի՝ «Իրողութիւն է, որ Ալիշան չի պարփակուիր ընթացիկ չափանիշերու մէջ, եւ քննադատական մեղանչում մը պիտի ըլլար իր անհատականութիւնը շփոթել լոկ բանաստեղծի մը, մատենագիրի մը, բանահաւաքի մը հետ: Ան կը փշրէ այդ կապանքները։ (…) Ալիշան ոգի մըն է մեր դպրութեան մէջ…»։ Գնահատական, որ, թերևս, նույնությամբ կարելի է վերաբերել նաև Եղիա Տեմիրճիպաշյանին։