Էդուարդաս Մեժելայտիս – 100
Լիտվացի դասական
բանաստեղծը` իր «սրտին մոտիկ Հայաստանում»
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Հայ-լիտվական գրական-մշակութային առնչությունների պատմությունը ավելի քան մեկդարյա ճանապարհ է անցել: 19-րդ դարի 90-ական թվականներից սկսած` կատարվել են դասական գրողների երկերի փոխադարձ թարգմանություններ, ճշմարիտ գնահատության բազմաթիվ գիտական ու գեղարվեստական խոսքեր են ասվել ու գրվել մեր երկու ժողովուրդների և հայրենիքների մասին: Այդ ամենի շարքում, իհարկե, իր առանձնակի, ես կասեի` անփոխարինելի տեղն ու դերն ունի Էդուարդաս Մեժելայտիսը:
Լիտվացի ժողովրդի մեծ զավակի կենսագրությանը ծանոթանալիս մի պահ նույնիսկ թվում է, թե նա ապրել ու ստեղծագործել է Հայաստանում, քանզի հրաշալի գիտի հայի ու Հայաստանի անցյալ և ներկա պատմությունը, տառապել է նրա ողբերգությունների հետ ու անկեղծորեն հրճվել` ոգու ամենազորության, տոկունության ու մոխիրներից հառնելու գրեթե անհնարին հրաշագործության առջև: Ու դրանից նրա հայաշունչ բառը, խոսքը, բանաստեղծությունը կրկնակի արժեք է ձեռք բերում մեզ համար: Որովհետև շատ կարևոր է ոչ միայն գնահատման երևույթն ինքը, այլև այն, թե ո՛վ է գնահատողը: Տվյալ դեպքում գնահատողը` մեր ժողովրդի ու Հայաստանի ազնիվ բարեկամ Էդուարդաս Մեժելայտիսը, 20-րդ դարի մեծ բանաստեղծներից մեկն է, խորունկ մտքի, ջերմագին սրտի և ծավալական հոգու տեր անհատականություն: Նա գրել ու խոսել է հայ գրականության ու արվեստի բազմաթիվ մեծերի մասին, և նրա խոսքը մեզ համար առանձնահատուկ կշիռ է ստանում հենց այն պատճառով, որ նա այդ ամենն անում էր` ելնելով երևույթների գնահատման բարձրագույն և, ինչպես ինքն է նշել, հստակ չափանիշներից: Որո՞նք են դրանք. իր իսկ խոստովանությամբ` «առաջին հերթին /…/ կանխակալության լրիվ բացակայությունը» և «արվեստի երևույթը միաժամանակ և՛ համընդհանուր տեսակետից, և՛ կարծես թե, ներսից տեսնելու ունակությունը»: Ի դեպ, Էդ. Մեժելայտիսը այն հազվագյուտ մտավորականներից էր, որոնք հային ու Հայաստանը հիմնավորապես ճանաչելու համար ընթերցել են ինչպես մեծ դասականների գեղարվեստական գործերը, այնպես էլ գրականագետների (Մ. Աբեղյանից, Հ. Սալախյանից, Էդ. Թոփչյանից մինչև Էդ. Ջրբաշյան ու Ս. Աղաբաբյան) նույնքան դասական հետազոտությունները: Պատահական չէ, որ վերը նշված գնահատության չափանիշների վերաբերյալ Մեժելայտիսը նշել է Յակով Խաչիկյանի «Շեքսպիրը արվեստի մասին» գրքի առիթով: Իսկ Սուրեն Աղաբաբյանի «Եղիշե Չարենց» աշխատության ուժը տեսնում էր «Այն բազմակողմանի կապերի գիտակցման լայնության մեջ, որոնցում հետազոտության առարկան` Չարենցի բանաստեղծությունը, գտնվում է պատմական, կուլտուրական և յուրահատուկ գրական (ընդ որում` ոչ միայն զուտ հայկական, այլև համաեվրոպական) երևույթների հսկայական ու բարդ կոմպլեքսում»: Ըստ նրա` «Ներփակ սահմաններից հենց այդ դուրս գալն էլ հնարավորություն է տվել Չարենցին այդ բարդ, բազմապլան, վարպետորեն կապակցված ստեղծագործության մեջ մշակել ու գեղարվեստորեն արտացոլել հայոց պատմության խոր, տառապալից ու վեհ, միաժամանակ լիովին պարզ ու սթափ կոնցեպցիան»: Ահա թե ինչու, Էդուարդաս Մեժելայտիսի համար բանաստեղծության ընկալումը պարզունակ պրոցես չէ. «Ես միշտ կասկածամտությամբ եմ վերաբերվել այն պնդումներին /…/,- գրել է նա,- թե բանաստեղծության ընկալումն ու ըմբռնումը պետք է սոսկ անմիջական, պարզ բնույթ ունենա` սրտից սիրտ, իսկ ինչը դրանից վեր է, սատանայի մատը խառն է: Գրավիչ, նույնիսկ դյութիչ, սակայն խորապես սխալ տեսակետ: Պոեզիան կուլտուրայի ֆենոմեն է, և նրա ընկալումը, եթե հավակնում է լիարժեքության, պետք է ընկած լինի կուլտուրայի կոնտեքստում»: Եվ դարձյալ` իր խոստովանությունն է` «Ես մեծությամբ կյանքում չեմ զարմացել երբեք, խորությամբ եմ միայն ես զարմացել»: Ուրեմն և մեզ համար էլ զարմանալի չէ, որ մարդուն խորապես ճանաչելու, իր «սեփական փիլիսոփայական-բանաստեղծական կոնցեպցիան» ստեղծելու ձգտումը նրան մոտեցրել-մտերմացրել է հենց բիբլիական Հայաստանին, ուր նա հանդիպել է «Շեքսպիրի, Դանթեի, Հոմերոսի նման երկինք պահող» սյուներից մեկին` մեծն Նարեկացուն, իր լավ ընկեր Պարույր Սևակի հետ որոնել դեպի մեծատառով Մարդը տանող ճամփան, տեսել, թե այդ ընթացքում նա «ինչպես խոնարհվեց ու լուռ համբուրեց Վարպետ Սարյանի Կրակված աջը», Յուրի Երզնկյանի «Սգավոր ձյունը», դիտել «սրտի աչքերով», մտորել «ստեղծագործության երկրաչափական պատկերի» մասին, որը ներառում է «բարության, լույսի և ազատության փիլիսոփայությունը», ապրել բացառիկ այն երջանկությունը, «երբ թարգմանությունը ոչ թե պատ է, այլ կամուրջ», դրանով իսկ մշտապես իրեն զգալով իր «սրտին մոտիկ Հայաստանում»: