– Հեղուկ է պետք, որ էս դռներին դիմանա…- փնթփնթաց մայրը՝ ջանասիրաբար մաքրելով բոլոր դռների բռնակները:
– Հեղուկը՝ դռների՞ն, թե՞ դռները՝ հեղուկին, ա՛յ մա:
– Օֆ դե՛, ծախսվում է, էլի՜:
– Արդեն տաք է, դռները բաց թողեք, որ ավելորդ անգամ ձեռք չտաք,- բջջայինը ննջասենյակի համակարգչի առջևից վերցնելով՝ ասաց հայրը:- Հա՛մ քիչ կծախսվի, հա՛մ դու քիչ կչարչարվես:
– Վերջանում է՝ վերջանա, ձեզնից թանկ չի,- շարունակեց նեղսրտել կինը:
– Դիմացի՛ր, ժամանակավոր վարակ է:
– Միայն թե էրեխեքիս բան չլինի, ինձ ուրիշ բան պետք չի:
– Կամա՛ց, մաման չլսի,- անհանգստացավ ամուսինը:
– Մամա՛, դուռը որ բաց թողնեմ, քեզ քամի չի՞ լինի,- գործից չկտրվելով՝ հարցրեց կինը սկեսրոջը:
– Բաց, ա՛յ, բալա, բաց, թող մաքուր օդ գա, շնչել չի լինում:
– Հենց մրսես, ասա՛,- ծածկոց գցելով սկեսրոջ ծնկներին՝ ասաց հարսը:
Տանը փոքր երեխա չկար, տան երեխան տատն էր. բոլորի ուշադրության կենտրոնում էր, բոլորի անհանգստության առարկան, որ չլինի թե հանկարծ դրսից վարակահարուցիչը գա ու նրան կպչի: Տանը արտակարգ դրություն էր, և տատը ժամանակավոր «ազատություն» էր ստացել. թոռները հազիվ, բայց զսպում էին իրենց, որ չգգվեն ու «չգզեն» տատին: Թագավարակը, իհարկե, միայն տատի մասով էր կարողանում մի քիչ կամք թելադրել ընտանիքին, մնացած հարցերում կյանքը շարունակվում էր այնպես, ինչպես գերդաստան դառնալու բոլոր նախանշաններն ունեցող, բայց դեռ պակաս անդամներով այդ ընտանիքն էր կարողացել դիմակայել ամեն փորձության:
– Տա՞տ…- թոռնուհին անասելի գորովանքով փարվեց տատին, ու մի պահ սիրտը ճմլվեց, որ մի օր նա կարող է այլևս չուզենա ապրել ու իրենցից կհեռանա երկնային արքայություն: Հետո կճմթեց տատի այտը, ինչպես նա էր իրեն սիրում, երբ ինքը փոքրիկ աղջնակ էր:- Պապին տանը չի՞:
Պապը բակում պտտվում էր միակ ծիրանենու շուրջը, որը կորել էր լվիճի մեջ:
– Հը՞, բիձա՛, Ղարաբաղը մերն է, բայց թուրքերի ձե՞ռն է,- հարցրեց հարևանը:- Ներողություն՝ Արցախ պիտի ասեի:
– Դարդերս իրար մի՛ տուր, Արցախը նորից սև այգի են դարձնում:
– Աշխարհն՝ աշխարհով, դու՝ քո Արցախով, վարկե՛րս են մնացել…
– Չգնացի՞ր՝ մուծես:
– Գնացի:- Փնթփնթաց, դադար տվեց, ապա չիմանալով՝ դժգոհությունն ում գլխին թափի, զայրացած տշեց ոտքի տակ հայտնված քարը:- Բանկին մոտենա՞լ է լինում, որ մուծեմ: Կարող է մի հատ էլ դեռ խնդրե՞մ, որ թույլ տան վարկ մուծեմ:
– Չեն խնդրի, տուգանք կնշանակեն, գնա՛, խելոք-խելոք կանգնի, մինչև հերթդ հասնի…
Տան տղան արագ անցավ հարևանների կողքով ու իրեն գցեց տուն: Նա, ձեռքերը վեր պահած, թևերը կողմ տարածած, մի կերպ հենվեց դռան կողափայտերին. շնչառությունը չէր կարգավորվում. արագ-արագ օդ էր վերցնում, փորձում շնչել, բայց օդը չէր բավականացնում, ու միայն խզխզոց էր դուրս գալիս, իսկ շունչը կտրվում էր:
– Ապե՞ր,- նրա վիճակն առաջինը քույրը նկատեց ու ճչաց,- մա՜…
Մայրը սրտատրոփ մոտ վազեց, տան անկյուն քաշված տատը ծնկներին զարկեց.
– Ջուր հասցրե՛ք:
– Շտապօգնություն կանչե՞մ,- բջջայինը ճանկեց քույրը:- Մա՜մ, անտիբիոտիկ չտաս, չի՛ կարելի:
– Խեղդվո՜ւմ է, ջո՛ւր բեր, ա՛յ սրտամեռ…
Քույրը նետեց հեռախոսը, արագ վազեց խոհանոց ու ետ եկավ՝ ջրամանը ձեռքին, բայց եղբայրն ի վիճակի չէր խմել. շնչահեղձ էր լինում:
– Շտապօգնություն կանչեմ…
– Չէ՜… չէ՛,- ի վերջո շունչ փախցնելով՝ արգելեց եղբայրը,- ի՞նչ շտապօգնություն, հիմա կանցնի,- ասաց՝ ծանր շնչելով և իրեն նետեց լողասենյակ: Քույրը, ջրամանը ձեռքին, վազեց ետևից, մայրը՝ նույնպես: Որդին երկուսին էլ հասկացրեց, որ հեռանան:
– Թունավորված չլինի՞,- անհանգստացավ մայրը:
– Քանի՞ անգամ է Արոն ուրիշի տանը հաց կերել,- նեղսրտեց քույրը՝ տեսնելով, որ մայրը գլխի չի ընկնում, թե ինչու է եղբոր շունչը կտրվում:
– Ինչքան էլ չուտի, հո երդում տվա՞ծ չի գնում. միասին են ամբողջ օրը… Արո՞, Արո՜ ջան…
Քույրը մոլորված նայեց մորը, ապա հույսով լի շրջվեց դեպի հայրը:
– Ի՞նչ է պատահել,- հարցրեց հայրը՝ տեսնելով դստեր այլայլված դեմքը:
– Լավ եմ, մա՛մ, լավ եմ, բան չկա,- մի կերպ ուշքի գալով՝ հանգստացրեց որդին,- գնացեք տատի մոտ:
Հայրը մոտեցավ ակնհայտ շնչահատվող որդուն, քույրն ու մայրը կողմ քաշվեցին, բայց չհեռացան: Քիչ անց եղբայրը դուրս եկավ ու հարբածի նման գնաց, ուժասպառ պառկեց բազմոցին: Մայրն անմիջապես նետվեց դեպի նա, բայց որդին նշան արեց, որ հեռանա:
– Լավ եմ, անցավ,- ասաց:
Քույրը, որ ակնդետ հետևում էր եղբոր շարժումներին, պարզորոշ տեսավ, որ եղբայրը մորը թույլ չտվեց՝ մոտենա իրեն: Աղջիկն իր բերած ջրից ինքը կում արեց, ապա, ականջը պահած մե՛րթ հոր, մե՛րթ եղբոր կողմը, նկատեց, որ հայրը բջջայինով է խոսում, և պարզորոշ լսեց, որ հեռախոսով ինչ-որ մեկին ասաց.
– Դե, ի՞նչ ասեմ… Հա՛, եկե՛ք, տարե՛ք:
Աղջիկը կծեց շուրթերը, ջրամանը կողմ դրեց ու ջերմաչափ փնտրեց՝ ցայտնոտի մեջ մտածելով, որ եթե եղբայրն իրեն էլ արգելի մոտենալ, մայրը գլխի կընկնի նրա վարակված լինելու մասին, իսկ ինքը չի ուզում, որ մայրը վշտանա: Ջերմաչափը գտավ: Եղբայրն իրեն էր նայում, գլուխը տարուբերեց:
– Պետք չի, անցավ,- ասաց կարճ ու վեր կացավ:
Քույրն արագ ետ քաշեց ջերմաչափը, քանի դեռ մայրը չէր նկատել և որոշեց առայժմ լռել, մինչև շտապօգնությունը կգա: Դուրս եկավ բակ: Հարևանը դեռ տշտշում էր ոտքի տակ ընկած մանր քարերը:
– Ես էլ երկու անգամ սրսկել եմ, բայց փրկություն չկա, ոչ մի դեղ չի օգնում…
Հարևանը նայեց ծառի սաղարթին: Թոռնուհին մոտեցավ նրանց:
– Վիճակը ոնց որ լավ չի, հա՞,- ասում էր հարևանը:
– Վիճակ չկա, համաճարակ է,- ժպտաց պապը:
– Վարակված շա՞տ կա:
– Լիքը:
– Բա ի՞նչ պիտի արվի:
– Պիտի բուժվի:
Թոռնուհին ահաբեկված շտապեց տուն՝ մորը նախապատրաստելու եղբոր դատավճռին:
– Իսկ կարողացա՞ք փողը պոկեք էն քծիբից,- հարցրեց հարևանը՝ շարունակելով ուսումնասիրել ծառի ճյուղերը,- էս կողմը ոնց որ թե չի բռնել:
– Չէ՛, դեռ չի տվել,- պատասխանեց պապը՝ պոկելով հիվանդ տերևները:
– Նա փող տվող չի, գրեք սառույցին: Մանավանդ՝ հիմա:
– Գործ ենք արել, պիտի վճարի, մանավանդ՝ հիմա: Դու էլ ես տեսնում, որ ինչ էս վարակն ընկել է, պատվեր չունենք: Սարքածներն էլ վերցնում են, բայց հիմա մարդիկ վճարունակ չեն: Էսքան ժամանակ դու մեզ պարապ տեսե՞լ էիր: Անգործությունից թաղի էրեխեքի կոտրած խաղալիքներն ենք կպցնում:
– Բա էդ առողջ ճյուղե՞րն ինչու ես կտրատում,- զարմացավ հարևանը:
– Սոցիալական հեռավորություն եմ սահմանում: Իրար են խաչվել:
Հարևանը հայացքը պապի ուսի վրայով տեղափոխեց նրա որդու վրա, որը բջջայինն ականջին սեղմած՝ մի ձեռքով բակում թափթփած գործիքներն էր հավաքում, մյուսով՝ ավտոտնակի դուռը փակում՝ ուսը բարձր պահած, որ հեռախոսը չընկնի: Փողոցով անցնող մեքենաների ձայները խանգարում էին լսել խոսակցին: Աղջիկը, որ արդեն տուն էր մտել, շտապօգնության ազդանշանի ձայնից նորից դուրս նետվեց՝ տեսնելով հորն ու փողոցով հեռացող շտապօգնության մեքենան:
– Ասում եմ՝ ուղարկեցի, բա էլ ի՞նչ անեի, Մարա՛տ ջան… Չէ՛, չի տվել… Ի՞նչ… Դե թող զգույշ լինեին… Աստված ողորմած է, ոչինչ,- ասում էր հայրը ընկերոջը:
Հայրն անջատեց բջջայինն ու նայեց դստերը: Աղջիկը լացակումած ներս վազեց:
– Մա՛մ, ապերը ե՞րբ դուրս եկավ, որ տարան:
– Ո՞նց թե տարան, ո՞ւր տարան: Վա՛յ, Աստվա՛ծ ջան, իմ անմեղ երեխո՞ւն ինչու տարան:
Մոր թևերը միանգամից թուլացան, տատը հոնքերի տակից նայեց թոռնուհուն ու հայացքն իջեցրեց քթին, հետո լարված բարձրացրեց, սպասողական հառեց ներս մտնող որդու դեմքին: Հարսը միանգամից պոռթկաց ամուսնու երեսին.
– Հենց էդպե՛ս, վերցրիր ու տղուդ տվիր, տարան, հա՞…
– Ի՞նչ ես խոսում, ա՛յ կին, խելքդ թռցրի՞ր:
Կինը, պատրաստ կռիվ տալու, թևերը կանթեց կոնքերին՝ մի ահագնացող անհնազանդություն ու պահանջատիրություն ամփոփելով իր մի հատիկ հարցի մեջ.
– Բա՞:
Տատը խեղճացած նայեց որդուն, գոգնոցի փեշը տարավ աչքերին ու կամացուկ արտաբերեց.
– Բա՞, ա՛յ բալա:
Որդին կնոջից հայացքը տեղափոխեց մոր դեմքին, ապա՝ արտասվող դստեր, ավելի մոլորվեց ու իր հերթին բացատրություն ակնկալեց տան կանանցից.
– Ի՞նչ եղավ ձեզ, ի՞նչ վերցրի, տղուս ո՞ւմ տվի… որ դուք էլ չիմացաք:
– Հիմա ինչ ուզում, անում են, ա՛յ որդի, տարան-տարան, ի՜նչ իմանաս…- տատի ձայնը հնչեց իրադրությանն արդեն համակերպված:
Կինը, համակերպվելու մտադրություն անգամ չունենալով և չկարողանալով մեղավոր փնտրել, գտավ իր կարծիքով միակ պատասխանատու արարածին, ում կարող էր որևէ պահանջ ներկայացնել:
– Տղեդ ո՞ւր ա:
– Բաղնիքում չի՞, կոկորդն էր մաքրում քիչ առաջ:
– Էնքան հե՜շտ ես ասում:
– Այսի՞նքն: Հետը զուգարա՞ն մտնեի:
Աղջիկը գնդակի արագությամբ դուրս սուրաց ու, տեսնելով, որ զուգարանի դուռը բաց է, իսկ բաղնիքում պապն է լվացվում, նույն արագությամբ էլ ետ եկավ:
– Ապերը զուգարանում չի,- հայտարարեց, ապա նոր շունչը բաց թողեց, պատուհանի գոգին թողած ջրամանը շրջեց իր գլխին:
– Փողդ չտվին, չէ,՞ էդ հարամզադեքը: Էս ի՜նչ աշխարհ դառավ, ես ձեզ մարդ ասողի… Ունեն, է՜, որ չունենա՜ն…- Պապը, նկատելով ամուսինների աքլորակռիվ հիշեցնող դիրքերը, սրբիչը ձեռքին կանգ առավ սենյակի մեջտեղում: Ակնթարթորեն գնահատեց տիրող դրության արտակարգությունը և վայրկյան անգամ չկորցնելով՝ կիրառեց հայ կանանց խաղաղեցնելու պապենական մեթոդը:- Հը՞, էսօր հաց ուտո՞ւմ ենք, ա՛յ հարս, սոված կոտորեցիր:- Ասաց և զվարթ շրջվեց դեպի պատուհանագոգին կծկված, եղունգները կրծող թոռնուհին:- Թռի՛, ախպորդ ասա՝ գա հաց ուտենք, ոնց որ թե գործը վերջացրել են:
– Ուրեմն երեխուն հիվանդանոց չե՞ք ուղարկել…- աղերսալի հույսով հարցրեց հարսը:
Կնոջ «փետուրներն» իջնելու ակնհայտ նշան ցույց տվին, արտակարգ դրությունը թուլացավ: Աղջիկը ոչ թե թռավ, այլ՝ բաց պատուհանից ակնթարթորեն տարրալուծվեց, մոռացած դիմակ ու ձեռնոց՝ անէացավ… Եվ միայն եղբոր ընկերոջ բակ մտնելուն պես շուրջը նայեց ու արագ շապիկը քաշեց մինչև աչքերը՝ դեմքը խոթելով օձիքի մեջ:
– Գալիս եմ,- ասաց եղբայրը:
Նա մազութոտ ձեռքերով արագ հանեց իր դեմքի փաթաթանը, ձեռքերը սրբեց, լաթը գցեց աղբամանը և շտապեց քրոջը հեռացնել դեպի տուն, տուն մտնելուց առաջ էլ վրայի շապիկը հընթացս հանեց, նետեց արևի տակ, գնաց լվացվելու, իսկ քույրը վախվորած մտավ սենյակ: Մայրը սեղան գցելու եռուզեռի մեջ էր. տան արտակարգ դրությունը լրիվ բաց հունով էր ընթանում:
– Տա՛տ, տանեմ լվացվե՞ս, թե՞ ախտահանող բերեմ,- հարցրեց թոռնուհին՝ դեռ խուսափելով մոր աչքին երևալ:
– Լվացվեմ, լվացվե՛մ,- վրա բերեց տատը՝ փորձելով հնարավորինս արագ վեր կենալ,- էդ զիբիլը շիրայի պես կպչում, ինչքան կեղտ կա հավաքում է ձեռքերիս:
– Դե նստի, թասով ջուր բերեմ:
– Չէ՛, թառլա՛նս, ամբողջ օրը նստած եմ, ոտքերս ավելի են բռնվում: Վեր եմ կենում:
– Տա՞տ, ոտներդ ուտեմ, ո՞նց ես,- դռների միջից ձայնելով՝ իր սենյակ անցավ թոռը,- բան պետք լինի, ասա՛:
Պապը ձեռքը մնացած սրբիչը կախեց թոռնուհու ուսին: Հայրը հաշվարկների մեջ էր: Մայրն ակնդետ նայեց որդու զվարթ դեմքին, հետախուզեց աչքերի խորքում եղած ամեն ճառագայթ. հիվանդության նշան չհայտնաբերեց: Երբ երեխաները փոքր էին, բավական էր մի հայացք գցեր և անմիջապես զգում էր, որ հաստատ մի բան էն չի՝ կա՛մ մրսած են, կա՛մ՝ տխուր: Հիմա մեծացել, մի քիչ թաքցնում էին իրենց զգացմունքները, բայց դե, մոր սրտից ոչինչ չէր վրիպում, և նրանք ավելի շուտ էին հայտնում իրենց գաղտնիքները, քան մայրը կհասցներ հարցեր տալ: Այս անգամ մայր ու որդի հեռավար ժպտացին իրար ու չխոսեցին: Թոռնուհին ու տատը վերադարձան հյուրասենյակ, նստեցին սեղանի մոտ: Շուտով ընտանիքը լրիվ կազմով՝ պապ, տատ, հայր, մայր, քույր ու եղբայր, պատրաստ էին ճաշելու: Բայց այս օրերին ճաշելուն նախորդում էր մի ամբողջ արարողություն: Բոլորը սեղանին մոտենալիս անցնում էին տան կանանց սահմանած «մաքսատուն-հարցաքննությունը»՝ թե արդյոք ձեռքուդեմք լվացե՞լ են, դրական պատասխան տալիս, իրենց դեմքերին կանանց մեխած հայացք-պատժամիջոցի մասնակի հանվելուց հետո միայն թույլտվություն ստանում մոտենալ տատին, համբուրել ճակատն ու նստել հաց ուտելու:
– Ձեռքերդ լվացի՞ր:
– Հա՛:
– Դե՞մքդ էլ:
– Այո՛:
– Ձեռքերդ լվացի՞ր:
– Ասինք՝ հա՛:
– Դե՞մքդ:
– Ճիշտ այդպես:
– Ձեռքերդ լվացի՞ր…
Եվ այդպես ամեն ուտելուց առաջ՝ համավարակի սկսվելուց ի վեր…
Նկատելով, որ բոլորն արդեն համբուրել են տատին, թոռնուհին սպիրտով արագ սրբեց նրա ճակատը:
– Ասացի՝ տարբեր տեղեր համբուրեք, որ, Աստված չանի, հանկարծ միմյանց էլ չվարակեք,- դիտողություն արեց թոռնուհին:- Կարգուկանոն պահեք, էլի՜, ի՞նչ մի բարդ բան է: Ամեն մեկդ տատի ճակատի վրա ձեզ համար տեղ նշեք ու միայն ա՛յդ տեղը համբուրեք:
– Աչքիդ մատիտով գծի,- կատակեց եղբայրը:
– Անուններս էլ վրան գրի,- շարունակեց հայրը:
– Տատը կդառնա ապաչի,- ծիծաղեց պապը:
– Ա՛յ ձեր հոգուն մատաղ, ձեզ մի՛ վտանգեք, ես կդիմանամ, էլի՜: Կանցնի, էդ վարակը հո չի՞ մնալու:
– Իջնենք ջրի հատակը, մինչև անցնի վտանգը,- ծոր տվեց թոռը:- Ո՛չ:- Արտասանեց հստակ ու կտրուկ: Ավագներն ու մեծերը չարձագանքեցին:
– Դու կդիմանաս, ինչի ասես դիմացել ես, մե՛նք չենք դիմանա: Կամ ինչո՞ւ պիտի դիմանանք, երբ կարելի է հարցին քաղաքակիրթ լուծում տալ, նորմալ պաշտպանություն կազմակերպել,- զարմացավ թոռնուհին:
– Տատը մեր տաճարի խաչն է,- կատակեց եղբայրը,- պաչում ենք ու խաչհամբույր չդնե՞նք:
– Տո՛ւր,- պահանջեց քույրը:
Եղբայրը թղթադրամ հանեց գրպանից:
– Էդ կեղտո՛տ փողերի՜ն…
– Մա՛մ ջան, արդար քրտինքով եմ վաստակել…
– Գիտե՞ս՝ քանի հոգի է ձեռք տվել էդ քրտինքիդ… Ի՞նչ գիտես, որ վարակ չկա վրան,- ասաց քույրը՝ ցանկանալով վերցնել թղթադրամը: Բայց եղբայրը թույլ չտվեց, որ նա ձեռք տա, դրամը դրեց նրա պայուսակը և գնաց նորից լվացվելու:
– Լվացի, կարելի՞ է տատին…
– Ո՛չ,- մերժեց քույրը:
– Նոր մուծվեցի:
– Ես կաշառք չեմ ընդունում, մեր երկրում կոռուպցիա չկա: Միայն ձեռքեր լվանալ: Իսկ դա խաչհամբույր էր:
– Վտանգավոր խաղ չե՞ս խաղում, քույրի՛կս,- շշնջաց եղբայրը:
– Չեմ հասկանում, թե ինչ երևակայական վտանգներից եք անվերջ խոսում, ասես բոլորդ վարակակիր եք կամ հիվանդ,- անսպասելի նյարդայնացած հանդիմանեց մայրը:- Ընդամենը հիգիենա պիտի պահեք, նորությո՞ւն է մեր տանը: Մի երկու անգամ ավելի՞ եք լվացվում: Քթանցք ու ա՞չք եք օճառում: Պահ-պահ-պահ, էլ ո՜նց կլիներ:
– Քո ձեռքերն ամբողջ օրը օճառի մեջ են, դու հաստատ վտանգավոր չես,- փորձելով լարվածությունը ցրել՝ կատակեցին ամուսինն ու սկեսրայրը:
– Մա՛մ, գոնե դո՛ւ մի խոսա, որ դրսից եկած տարաներով կաթն ու մածունը եռման ջրի տակ ես պահում, իսկ մրգերին օճառաջրի լոգանքի ենթարկում:
– Իսկ ամանները ոչ թե մեքենայով ես լվանում, այլ՝ ձեռքով: Դանակի ծայրով էլ հազիվ ես կարողանում դրանք հանել եռման ջրի միջից: Կարծում ես՝ չե՞նք նկատել:
– Ապահովությունը վատ բան չի,- արդարացավ մայրը:
– Պապին ու հայրիկը միշտ էլ գլխախառն են լվացվել,- ասաց աղջիկը:
– Մանավանդ պապին ու իր քաչալը: Տեսե՞լ ես՝ ոնց է լվանում,- քրոջ ականջին շշնջաց եղբայրը:
– Մատներն ականջների մեջ, ամբողջ գլուխը թափահարելո՞վ,- հազիվ լսելի խնդմնդաց քույրը:
– Ի՞նչ դավադրություն եք նյութում, ջահելնե՛ր,- կարագ քսելով հացին՝ քթի տակ ժպտաց պապը՝ գլխի ընկնելով, որ թոռներն իրեն են քննարկում:
– Ես դավադրությունների տեսություններին չեմ հավատում,- ասաց որդին:
– Ի սեր Աստծո, չսկսե՛ք, թողե՛ք հաց ուտենք,- խաղաղություն պարտադրեց կինը:
Նա, թխսի համահավաք բնազդով, ժամանակին կանխում էր սկիզբ առնող բռնկումները, որ առճակատում էին տարբեր տեսություններ, գաղափարախոսություններ, տեսակետներ ու մտադրություններ, բայց սայլը տեղից չէին շարժելու: Նա նկատել էր, որ «վտանգավոր» բառը տատին էլ էր նկատելի տխրեցնում, և ճաշ ավելացրեց սկեսրոջը, որպեսզի շեղի նրա ուշադրությունն ու ցրի ճակատին իջնել սպառնացող ամպը, իսկ ավելի շատ՝ թաքցնի իր իսկ տագնապը:
– Հայրի՛կ, էդ ի՞նչ ընտիր թագ էիր ուղարկել Մարոյենց պստոյին,- հաց վերցնելով զվարթ հարցրեց տղան:
– Մայրդ էր եսիմ որտեղից ճարել, կոտրած էր: Ոնց դրեցի, չհարմարվեց, վերջը ատամները ծուռումուռ կպան,- դժգոհ իր արած գործից՝ խոստովանեց հայրը:
– Ծուռումո՞ւռ: Տեսնեիր՝ ի՜նչ թատրոն էր խաղում: Ձեռը թագ էր ընկել, ինքը՝ թագի վրա: Դրել էր գլխին, թռել մեքենային, մենք էլ չգիտեինք: Հենց մեքենան շարժվեց, ճղճղոցը գցեց, նոր տեսանք: Մի կերպ ենք իջեցրել էդ խելառին:
Մայրը դեռ կասկածամտորեն մե՛կ ամուսնուն էր նայում, մե՛կ՝ որդուն, ասես ուզում էր համոզվել, որ որդին իրոք ընկերոջ տանն է եղել: Էլ չդիմացավ, վերջապես հարցրեց.
– Տղա՛ ջան, քեզ ի՞նչ էր եղել, ինչո՞ւ էիր այդպես հազում:
– Արմոյի ավտոն էինք սարքում, հենց կռացա, որ տակը նայեմ, էն կոլոտ ապուշը շարժիչը միացրեց, թե՝ հլը ձայնն էլ լսի: Էլ ի՞նչ: Չհասցրի ետ քաշվեմ, ծուխը թափով խփեց դեմքիս, դիմակ-միմակ տվեց-ցխեց, ամբողջ շմոլ ու մուր լցրեց կոկորդս: Տեսաք էլի՝ խեղդվում էի: Մինչև հետ չտվի, չհանգստացա:
– Հետ էիր տալի՞ս, թե՞ հազում էիր,- իր հերթին կասկածները փարատել ուզեց քույրը:
– Ո՛չ էն, ո՛չ էլ էն, քույրի՛կս: Բան չէի կերել, որ…
– Մա՛մ, կներես, հայրիկը հեռախոսով ասում էր…- կմկմաց աղջիկը:
– Ականջ ես դնում:
– Մեր երկրում գաղտնալսելն օրենքով թույլատրվում է,- կատակեց:
– Վե՛րջ տվեք:
– Մա՛մ ջան, դե, շտապօգնության մեքենա անցավ, կարծեցի՝ ապերին տարան, հայրիկն էլ…
– Ի՞նչ էր եղել, որ հիվանդանոց տանեին, մեր տան մեջ հազալու իրավո՞ւնք էլ չունենք,- արդեն լրջորեն բարկացավ հայրը:
– Հիմա ո՛չ օգնություն են տալիս, ո՛չ հիվանդանոց են տանում, հանգիստ նստեք տեղներդ,- ասաց պապը:
– Հա՜, փող չկա, հիվանդանոցներում տեղ չկա, իսկ ստորացնող ոստիկանություն՝ լիքը: Դիմակ չունեցար, ոստիկանի սապոգն անմիջապես կիջնի վզիդ: Ցուցադրակա՛ն: Թե չէ, կարծում եք, իրենք նորմալ ձևերին ծանոթ չե՞ն: Հասկանալի է, որ Ամերիկային ենք ընդօրինակում, ուղղակի չգիտեմ՝ ուժ ցույց տալո՞ւ, աչք վախեցնելո՞ւ, թե՞ ցույցեր հրահրելու նպատակով:
– Կարճ ասած՝ գլուխ ունես, եղունգդ քորի:
– Թարս մի՛ խոսա, ա՛յ հալիվոր, վտանգավոր է,- անհանգստացավ տատը:
– Թարս չի խոսում,- ասաց թոռը,- եղունգն էլ խնամքի կարիք ունի, չէ՞, պա՛պ:
– Հա՛, իհարկե, Աստված մարդուն ուղեղ է տվել, որ մեկ-մեկ էլ գլուխն աշխատեցնի…
– Եվ Աստված մարդուն եղունգ է տվել, որ իր գլուխն ի՛նքը քորի, ոչ թե…
– Է՜, երանի բոլորը մերոնց նման մտածեին: Բոլոր հարցերին ճիշտ լուծում կգտնեին, ու մեր երկիրը խնդիր չէր ունենա,- ասաց թոռնուհին:
– Եվ ճիշտ կլիներ, հիվանդությունն ի՞նչ է, որ մարդուն հաղթի,- նկատեց տատը:
– Քոռանամ ես, էրեխուս գույնը երեսից թռել էր, ես էլ ուրիշ բան կարծեցի…
– Մա՛մ, որ ապերը ամուսնանա, կին ու երեխա ունենա, էլի՞ ես ասելու՝ էրեխե՛ս, բալե՛ս:
– Բա որ կին ունեցավ, էլ իմ էրեխեն չի՞:
– Չէ՛: Արդեն քո հարսի կամ փեսայի ամուսինն է լինելու:
– Հալա՜-հալա՜…
Եղբայրը հոնքերից մեկը հարցական բարձրացրեց՝ ի նշան քրոջ ասած անհեթեթության, և սևեռուն նայեց նրա աչքերի մեջ.
– Իսկ դո՞ւ:
– Ես ի՞նչ:
– Քո՞ ինչն եմ լինելու, երբ ամուսնանամ:
– Ի՞, ախպե՛րս,- արտասանվեց հաստատ և հպարտությամբ:
– Ապրե՛ս: Դու ինձ հասկացար,- համբուրեց քրոջ ճակատը:
Սեղանի շուրջ մի պահ լռություն տիրեց. տատի հեռուստացույցից, պապի ռադիոընդունիչից, ինչ-որ մեկի հեռախոսից, ննջասենյակի դռնից երևացող համակարգչից, տան ամեն մի սարքից ու ամեն անկյունից լսվում էին նույն հարցերի մասին նույն ձայների իրարամերժ խոսքեր: Մի ձայն ասում էր. «Քանի որ ինքը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, չեմ պատրաստվում թեստ անել և հեսա կվարակեմ բոլորիդ»: Հետո նույն ձայնը, նույն դեմքով մյուս անկյունից խոսում էր ինքն իր դեմ. «Մենք ինչի՞ վրա ենք ծիծաղում կամ զավեշտի վերածում»… Մեկ ուրիշ ձայն մի տեղից ասում էր. «Վիրուսն ո՞ւմ շունն է, պինցետով տնական օղու մեջ դեզինֆեկցիա կանենք», իսկ այլ տեղից՝ «Ես չեմ հիշում, որ նման բան ասած լինեմ, իսկ քաղաքացիների շրջանում տարածվում է, որ վիրուսը բլեֆ է, սարքած գործ և այլն: Իհարկե, պետք է հասկանա՛լ, թե ինչն է այսպիսի ընկալման պատճառը»… Եվ կառավարության որոշում-եզրակացությունն էր՝ «քաղաքացին օրինապաշտ չէ», քանզի հետևություն՝ ճանճի ականջները գտնվում են թևերի վրա, որովհետև եթե թևերը պոկես, էլ չի լսի, որ հենց ասես թռի, թռչի:
– Ամենավտանգավորը մեր փողոցներն են,- հանկարծ հայտարարեց աղջիկը:- Ես հենց դրսո՛ւմ եմ դիմակ դնելու, թե չէ, ինչ կեղտուփոշի ասես՝ քամին լցնում է քիթուբերա՛նս: Դիմակ կդնեմ, կարող եմ նույնիսկ չլվացվել: Եվ ոտքով կգնամ-կգամ, միևնույն է, մեր տրանսպորտը չի աշխատում:
– Դե, ձեզ տեսնեմ, հիմա էլ սկսեք չլվացվել:
– Դե, Վրաստանը ճիշտ էր անում, էլի, որ փողոցները ամեն օր լվանում էր: Տեսա՞ր՝ ոնց…
Ամուսինը կտրուկ ընդհատեց կնոջ խոսքը.
– Ասինք՝ Վրաստանի հետ մի՛ համեմատվեք:- Հետո ավելացրեց ցածրաձայն և անասելի տխուր:- Երևում է՝ ժամանակին նրանց հեռանալու պատճառն էլ միայն իշխանության տենչը չի եղել:
– Լավ, ներողություն, Վրաստանի հետ չենք համեմատվում, Ռուսաստանը մեղք չունի, կարևորը՝ մենք հայ ենք, հա՛յ պիտի մնանք:
– Մա՛մ ջան, հայրիկն ուղղակի ասում է, որ կարգուկանոնը սահմանում և պահպանում են նախ և առաջ այդ նպատակի համար կարգված վերևները,- փաղաքուշ տոնով հիշեցրեց դուստրը:
– Չորս կողմը թագի կռիվ է: Իսկական թագավարակ, ի՞նչ կարգուկանոն,- ասաց պապը:
– Թագի կռիվը բռնել է աշխարհը, իսկ թագավորող չկա,- արձագանքեց հայրը:
– Բայց ես չհասկացա՝ վերջը նախարարը պատրա՞ստ է սեպտեմբերին էրեխեքին ուղարկելու դպրոց: Թե՞ ոչ մի երաշխիք չկա, որ աշակերտները չակերտներով չեն սպանի իրենց սեփական տատիկին ու պապիկին,- չարաճճի հայացքը մի հարազատից մյուսի վրա փոխադրելով՝ հարցրեց աղջիկը:
– Թաղեմ դրա տերը, լեղաճաք էղանք,- սիրտը հանգստացրեց տատը,- ե՞րբ պիտի պրծնի:
– Ոչ մի խորհուրդ, խրատ, առողջ դատողություն այլևս ի զորու չէ սրա դեմ,- իր մտքերի միջից ասաց տղան:- Դե, պատկերացրեք. հովվապետը կամ հովիվը հանգիստ արածող հոտին միանգամից խրտնեցնում է ու հոտը ցրում աջ-ահյակ: Երբ ցրողն ինքն այլևս ի զորու չէ հոտը ետ հավաքելու, մի քանի հալածված այծերը ո՞նց պահեն ու առաջ տանեն ցիրուցան եղածներին: Բայց քանի մութը լրիվ չի ընկել, ու գայլերը վրա չեն տվել, պետք է գառները իրար գլխի հավաքվեն: Իսկ հետո՞…
– Հետո՝ չգիտեմ, հիմա դեռ շունը տիրոջը չի ճանաչում:
– Ով՝ էշ, մենք՝ փալան,- մրմնջաց տատը:
– Կրկնվելու է նույն պատմությունը…
– Հեշտ եք խոսում:
– Վախենամ՝ շապիկս չլվացվի, մա՛յր,- մեղավոր հայացքով նայելով մորը՝ ասաց որդին:
– Քեզնից թանկ չի, բալե՛ս:
– Ես կմաքրեմ, լիքը ձևեր գիտեմ,- պատրաստակամ պատասխանեց քույրը: