Եւ նա ասաց նրանց. «Այս պատկերը կամ գիրը
ո՞ւմն է»: Նրանք ասացին՝ կայսրինը: Այն
ժամանակ նրանց ասաց. «Գնացէ՛ք, տուէ՛ք
կայսրինը՝ կայսեր եւ Աստծունը՝ Աստծուն»: Երբ
այս լսեցին, զարմացան եւ թողեցին նրան ու գնացին:
Մատթեոս 22:20–22
Ես այսօր մի վսեմի տեսա, հանդիսավոր
մեկին, ոգու մի ապաշխարհողի… Նա դեռևս
ծիծաղն ու գեղեցկությունը չէր սովորել:
Ֆրիդրիխ Նիցշե «Այսպես խոսեց Զրադաշտը»
Կյանքին հրաժեշտ էր տվել «Գիտական աթեիզմի» դասախոս Խաչատուր Աստվածատուրյանը, ով, ժամանակին չափից դուրս զբաղված լինելու պատճառով, չէր նկատել, որ իր անուն–ազգանունը, ինչը ժառանգել էր պապից, Խաչատուր Աստվածատուրյան է։ Բայց այդ հանգամանքն էլ իրեն չէր խանգարել իր մի աշխատության համար արժանանալու «Թոմազո Կամպանելայի անվան» պատվաբեր մրցանակին: Վերջին հաջողությունից հետո նա իր կյանքը նվիրեց Կամպանելայի «անտուն» գաղափարներին՝ ո՛չ ամուսնացավ, ո՛չ էլ տունուտեղ դրեց՝ մնացյալ ողջ կյանքը նեղություն տալ–ապրելով ընկեր–բարեկամների տներում։
Իր վերջին հանգրվանը քաղաք Ե.–ի հանրակացարաններից մեկն էր, որտեղ էլ ավանդեց իր մեղապարտ հոգին։
Այսպիսի գաղափարանվեր կյանքից հետո նա չէր թողել իր մահը սգացող մարդկանց (գաղափարով տարված մարդիկ դատապարտված են), բացի թերևս երկու հոգուց՝ իր վաղեմի սիրեցյալ Նռանեից և նրա աղջիկ Կառլայից։ Մահը լացողները միայն այս երկուսն էին։ Բոթն առնելուց ի վեր՝ մայր ու աղջիկ անճարությունից իրենց տեղը չէին գտնում. չէ՞ որ մահացել էր իր՝ հետ գցած ցարական մեդալիոնները ծախելով և վրան իր «անաստված» թոշակը ավելացնելով՝ իր սարսափար կարծիքով՝ ալիմենտ վճարող ծերուկը։
Նռանեն, (ում, չգիտես ինչու կոչում էին տիկին Գեղեցիկ, կամ կարճ կերպով՝ տ. Գեղ.) հիսունին մոտ, տարիքը մի տեսակ անդուր կերպով առած կին էր, ով կարծես դուրս թռած լիներ Լոմբրոզոյի «Կին հանցագործ և կին մարմնավաճառ» աշխատության որևէ էջից: Տ. Գեղ.-ը իր կյանքի մեծագույն ձեռքբերումն էր համարում իր բյուրեղ աղջկան, որը դավադրաբար կրում էր Աստվածատուրյան ազգանունը, ու որը չէր տարբերվում մորից ոչ մի բանով, միայն մի բացառությամբ՝ մայրը երկու տասնամյակը չշեքած՝ դեռ չէր հասցրել դառնալ արնահեղությունների, բազմապիսի զեղում–խեղումների և կենաց խորտակումների պատճառ, իսկ ինքը հասցրել էր։
Թերևս այսքանով վերջացնենք Կառլայի և իր մոր մասին շարադրությունը։ Սրանից ավելը կնշանակեր հատորների համար հող նախապատրաստել, իսկ դրա ժամանակը չկա, դժվար էլ լինի։ Կան պատմելու ավելի կարևոր բաներ, օրինակ՝ թե ինչ եղավ մեռածի հետագա ճակատագիրը (եթե, քավ լիցի, կարելի է այդպես արտահայտվել):
Նրան պետք էր հողին հանձնել, բայց սգավորներից ոչ մեկը չգիտեր՝ ինչ կարգով։ Լավ է, որ հանրակացարանի պարետը այնքան ատելությամբ չէր լցված «Գիտական աթեիզմի» նախկին դասախոսի նկատմամբ, որ երկու հոգու անուն տվեց, ովքեր կօգնեին այդ հարցում՝ փրկության համար աղոթող քահանան և գերեզմանի փոսը փորողը։ Պարետը սգավորներին տվեց այդ մարդկանց հեռախոսահամարները, իրենք էլ զանգեցին։
Առաջինը կապվեցին քահանայի հետ, որին կոչում էին Տեր Լ.։ Հետո զանգեցին մյուս համարին. վերցնողի անունը Արամ էր:
Տեր Լ.-ն նվիրյալ քահանա էր, ով, անխոնջ ծառայելով գաղափարի, փորձում էր օգնել մարդկանց, ջնջել, մաքրել մոտ մեկ դարի թողած հեռացման հետքերը։ Գործը կամաց–կամաց կարծես գլուխ էր գալիս, երբ ներս սկսեցին հորդել ինչ–որ թեիստական հոսանքներ, որոնք, միջանկյալ նշեմ, խոստանում էին ավելի ծանր հարված հասցնել մարդկանց հավատին, քան կարող էր աթեիզմը հասցնել (Չափաբաժնից շատ ընդունած դարմանը դառնում է թույն): Տեր Լ.–ն իր կյանքի իմաստը տեսնում էր այդ ամենի ազդեցությունը ոչնչացնելու մեջ։ Եվ ծառայում էր զօր ու գիշեր։ Մոտ կես ժամ անց, երբ դիակը տարել հացրել էին Ե. քաղաքի գերեզմանատներից մեկը, քահանան արդեն թաղման տեղում էր։
Այդօր վերևում արևը կուրացնելու աստիճան վառ էր: (Խավարից ահավոր է կուրացնող լույսը:)
Կարգն իրականացնելու որպես ամենաառաջնային պայման՝ պետք էր իմանալ մեռնողի անուն–ազգանունը։ Երբ իմացավ, ինչ–որ բան մտքին գալով՝ քահանան հարցրեց, թե ո՞վ է եղել այդ մարդը։
Տեր Լ.–ն մի բան հիշեց, ինչն ուզեցավ միանգամից մտքից ցրել, բայց չստացվեց:
Հետևելով «հնացած» ռեալիզմի «հնացած» կանոններին` մի քանի բան էլ Արամից ասեմ:
Վերջինս անում էր մի բան, որի բնությունը իրենից բացի այդպես էլ ոչ ոք չէր հասկանալու. լսում էր լուսաբացին թռչունների՝ հոգին մաքրող ճռվողյունը, նայում էր կտրված բնի վրա նորից շիվեր տվող ծառին ու չէր հասկանում` ինչո՞ւ նույնը նույն թեթևությամբ տրված չէ մարդուն, իրեն…
Երբ Արամը, մտքերի մեջ, ուշացումով եկավ հասավ ու սկսեց փորել, քահանան արդեն սկսել էր աղոթքը: Երբ աղոթքի մեջ, մեռյալի հոգուց քար գցելու համար, պետք է հիշատակվեր նրա անուն–ազգանունը, Արամն, իրենից անկախ, ուշադիր սկսեց լսել անուն–ազգանունն ասելու պահը ու այդ միջոցին քիչ մնաց՝ կաթվածահար լինի. նա անո՛ւնն էլ, ազգանո՛ւնն էլ հիշեց. նման բաները չեն մոռացվում:
Արամը և քահանան ժամանակին սովորում էին նույն ֆակուլտետում, և այդ դասախոսը իրենց համար եղել էր շրջման կետ։
Երբ անցնում էին «Գիտական աթեիզմ», քննության ժամանակ երկուսն էլ համարյա նույն բովանդակությամբ էին հանդես եկել.
– … Արա՛մ, ուրեմն, եթե քեզ ճիշտ հասկացա, Աստված կա՞:
– Պրն. Աստվածատուրյան, ես չեմ հասկանում, թե ինչպես է կարելի անգամ քննարկել այդ հարցը։ Եթե Աստված գոյություն չունենար, ոչինչ չէր լինի. մի տերև անգամ չէր շարժվի, մի ծաղիկ, մի հասկ անգամ ծիլ չէր տա…
– Հա՛-ա: Հասկացա… Իսկ աշխարհիկ ի՞նչ բաներ կասես իմանամ:
– Այն, ինչ հոգումս թևին է տալիս, վերջին ասածս իր մեջ ծայրեծայր պարփակում է:
– Հա՛-ա: Հասկացա, հասկացա… Կարող ես և բանի տեղ էս պահին չդնել, ինչ որ հիմա կասեմ, բայց մտքումդ ունեցիր` ով կեսարին դեռ ոչինչ չի տվել ու չգիտե էլ՝ ինչ է տալու, ուրեմն նրա՝ Աստծուն տվածը միայն տկարությունից ծնված հավատն է:
Այս խոսակցությունը եղավ բեկման կետ. սա դերասանի ու դեկորի միջև եղած կապի խզման կետն էր: Բայց հարկ է և նկատել, որ շիկացած երկաթը կռելու համար մուրճի հարված է անհրաժեշտ և հակառակը՝ մուրճը միայն շիկացած երկաթն է կռում։
«Կյանքի առաջին ողջույնները անսովոր դառն են թվում ճանաչողին. ընդամենը մի կայծ է պետք, որ իր առջև հրդեհվի, մոխիր դառնա աշխարհը, ու ինքը չնկատի, որ այդ աշխարհը նոր–նոր է պճնվել կանաչով և այն ուղղակի չի կարող հրդեհվել՝ կանա՛չը չի՜ վառվում։»
«Երբևէ լսե՞լ եք Նյուտոնի և կամ իր երրորդ օրենքի մասին։ Այդ վերջին օրենքը, որի օգնությամբ կարելի է արտածել տիեզերքի ամենահիմնարար՝ էներգիայի պահպանման օրենքը, ասում է, որ եթե մի մարմինն ազդում է այլ մարմնի վրա, ապա վերջինս նրան հակազդում է նույնպիսի, բայց հակառակ կողմ ուղղված ուժով:
Թվում է՝ տիեզերքում ամեն ինչ «ստիպված» է շարժվել այդ օրենքով, բայց Մարդը, լինելով տիեզերքի անբաժան մասնիկը, կարող է, կարո՛ղ է խախտել այդ օրենքը՝ առանց մի թիզ անգամ տիեզերքը հավասարակշռությունից դուրս բերելու: Մարդը ունա՛կ է ներել, ունա՛կ է ուժին ուժով չպատասխանել։ Սա մի՞թե ապացույց չէ, որ Մարդը` բացարձակ արժեքը, իր մեջ կրում է Աստծո մասնիկը։»
Քահանան երկար կարդաց աղոթքը՝ հոգով՝ այն մարդը, ով, ոչինչ չասելով, հեռացել էր:
II
Երեկոյան վերջացավ ամենօրյա հավաքը, որը կազմակերպում էր եկեղեցու ավագ քահանան: (Այդ եկեղեցում էր եղել այն հայտնի միջադեպը, երբ քահանայի հարցին՝ «Որդյակս, հնազա՞նդ ես», հարսնացուն պաատասխանել էր՝ «Տերտեր հայր, մի հատ հլը աչքերիս նայի: Էս աչքերով՝ հնազանդությունը ո՞նց ես պատկերացնում» ու զգալով, որ հիմարություն է դուրս տվել, իրավիճակը «շտկելու» ու կարդացած թվալու համար, առանց մտածելու, ավելացրել էր համացանցից կարդացած մի աֆորիզմ՝ «Աստված մեռած է, մեռած էլ կմնա:») Հավատացյալների խումբը, դուրս ելավ եկեղեցուն հարևան մատուռից, ու երկու–երեք հոգիանոց խմբերի ցրվելով, աստիճաններով իջավ ներքև: Շատերի դեմքին կար հուսահատություն, արհամարհանք, ինչի վրա հույսը մարմրող ցոլք էր գցել՝ նման լապտերների լույսին, որոնք աշնանային գիշերով լույս էին փռել եկեղեցու շուրջբոլորը: Քահանան փակեց եկեղեցու դուռը և դուրս ելավ բակ՝ հոգնած քայլերով մտքում կազմելով վաղվա քարոզի բովանդակությունը: Անուշադիր կերպով հայացք գցելով մեկին, ով հայացքը սևեռել էր գմբեթին ու անշարժ կանգնած էր, շարժվեց դեպի ներքև տանող աստիճանները:
– Լևոն, ո ՞նց ես,– լսելով կարծես թե ծանոթ ձայն՝ քահանան շրջվեց:
– Դու ես… Գիտեի որ կգաս…
– Անցնողներից լսեցի, որ այսօր ինչ–որ բնագիտական օրենքներներ ես խառնել աստվածաբանությանը: Ինչ–որ ներել, սիրո աննկուն զորություն, Հոբ, Օսէէ, Յերեմի–յա: Հա՞,– եթե ներսը նայելու ունակ մեկը տեսներ, կնկատեր՝ խոսողը իրենից դուրս էր եկած:
– Առաջ ամեն օր հայացք էի գցում խորանից՝ հույսով, որ նստած աղոթում ես: Ամեն օր սպասում էի, որ հետ կգաս:
– Ո՞ւր վերադառնամ: Ծունր, պատարագ, նշխար, ու էլի նույնը… չէ՛ մեջդ կորցրիր, էլ ոչ մի տեղ չես գտնի ,– մի պահ լռեց՝ ճգնելով հիշել կարծես ամենակարևորը, որ խոսքի ընթացքում մոռացել էր ասել,– Գիտե՞ս, հա, այսօրվա հավաքիդ հավատացյալների տասից ինը կմոռանային ամենայն Մեծ, կուրանային որևէ Գալիք, եթե հանկարծ իմանային, եթե նոր անցնելիս իրենց ասեի, որ ինչ Խոստում այսօր լսել են, չի վերաբերում էս օրվան: Ասե՛ք, ասե՛ք, թող իմանան, թող խելքները թռցրած վազեն տուն ու… գուցե այդժամ ճանաչողության անտառ մտնեն:
– Ով հաստատ մնա, նրա վարձքը մեծ է վերևում: Երկմտում ես դու. այդ կասկածանքի որդն է դեպի անդունդը տանող ճանապարհը,- քահանան մի քանի վայրկյան լուռ փորձեց կարդալ խոսակցի հայացքը ու ոչինչ չկռահելով, հայացքը բարձրացրեց եկեղեցու գմբեթին,– ամեն օր գործի եմ գալիս ու միշտ մտածել եմ ճարտարապետության մասին: Ուշադիր նայի՛ր. գմբեթը բրգաձև, գնալով ծավալը նեղանում ու վերջում, ամենավերևում խաչն է: Ու հիմա ես հասկացել եմ, թե ինչու է այդպես հորինվել. ինչքան մոտենում ես խաչին, այդքան ճանապարհդ նեղանում է, այդքան դժվար է դառնում ուղին դեպի փրկություն: Այդքան ավելի են հոգիդ խռովում ամենայն երկրային: Անկարելի է կորցնել հույսը: Մարդուց վերցրու միայն փրկության հույսը, և աչքին ամենայն գեղեցկություն կվերածվի ապականության:
Այստեղ քահանան կանգ առավ՝ կրկին նայելով զրուցակցին ու կրկին չկռահելով խոսակցի հայացքից ոչինչ:
– Արի՛ պատարագին, վաղն է: Արի՛, կլսես, կխոսես Աստծու հետ: Իմացի՛ր հաստատ. Ձեռքը միշտ է մեկնված, միայն թե պետք է վերև նայել:
– Պետք է իսկապես մեծ մարդ լինել, որ երկուսն էլ սրտումդ ունենաս որպես երկու հակադիր կշիռներ ձողանի վրա, որ քայլես լարով ու չգահավիժես: Մեզ այնքա՜ն անհաս է այն անթեք պահելը:
Խոսքը վերջացրեց Արամը, լուռ նայեց 10-20 վայրկյան ու շրջվեց դեպի աստիճանները` հետևելով «հնացած» ռեալիզմի «հնացած» կանոններին: