Վաչագան  ՊԱՊՈՅԱՆ

Եթե իմ երակներում
Ինչ որ բան պնդանում է
Իր բուրմունքը չգտած բառն է

Բժիչկը ձեռնոցներով
Շոշափում է ցավըս

Հետո սկսում է
90 տոկոս թնդություն
Պարունակող սպիրտով
Այն մշակել

Հոտից 4
Կոկորդս քոր է գալիս
Եվ կուլ է գնում
Մի սպանիր
Բառը

Սերդ մտքերդ դրամներդ
Թաքցրել ես վերարկուիդ մեջ
Միայն ժպիտդ է զբոսնում
Ողջույն
Հիշում ես
Երբ Ադամը անցավ
Այս կողմերով

Ոչ դու երևի
Չհիշես
Դու երեխա էիր
Եվ փնտրում էիր
Եվայի կուրծքը

Դրախտի համը
Քեզ խելքահան էր արել

Եթե թռչունը փոքր է
Դա չի նշանակում
Որ նրա երկինքը նույնպես
Փոքր է

Ինձանից խլեցիր թռիչքը
Հիմա
Պարապությունից հոգնած
Ճոճում եմ
Փողոցը
Որ տուն վերադառնալիս
Ոտքդ սայթաքի
Եվ ընկնես
Ձեռքերիս վրա

Հրեշտակն ասաց
Քեզ հորինել ենք
Գործազուրկ չդառնալու համար

Ինչու ընտրեցիր
Կյանքի դժվար ուղին
Եվ մեզ կրակը գցեցիր

Քեզ թվում է
Բանաստեղծություն գրելը
Դյուրին գործ է

Ինքդ գրիր
Ասաց հրեշտակը և հեռացավ

Ես մնացի մենակ
Բարձրահարկ շենքի
Քիվին նստած

Նվիրվում է ՂԵՎՈՆԴԻՆ

Ես բնակվում եմ
Երկինք կոչվող
Տանիքի տակ

Ծառ զգաստացիր
Շապիկս ուզում եմ
Քեզանից կախ տալ

Խոտ բարձրացիր այնքան
Որ հասանելի լինեն
Ցողերը ափերիս

Լիճ պահիր ինձ
Հորիզոնական դիրքում
Որ անձրևը ինձանով մաքրվելով
Հասնի քեզ

Սար մի լքիր ինձ
Ոչ մի տեղ քեզ այնքան հանգիստ
Չես զգա
Որքան իմ ներսում

Աշխարհի իմ անկյունը
Իր ձևով ու չափով
Ուղիղ համեմատական է
Իմ մանկության բակին

Ձյունը
Քեզանից թռցրած ժպիտով
Ինձ է դիմավորում

Մի՞թե այդքան մոտ եմ
Դեպի քո խորքը տանող
Հեքիաթի դարբասներին

Եթե այո
Ապա մի սեղմիր ափերդ
Որ ձյանը
Չպատճառես ցավ

Այն ծառը որի փայտից
Պատրաստելու են իմ խաչը
Խնձորենի է և այս տարի
Ծաղկել է առաջին անգամ

Նստեմ
Խնձորենու տակ
Վայելեմ նրա ծաղիկների
Բույրը
Ընկղմվեմ նրա մեջ

Միասին
Երկար ճանապարհ ունենք
Անցնելու

Ձյունը ծանրացնում է գլխարկս
Որը կարված է երաշտի տարում
Ծնված
Գառի մորթուց

Վերադարձս
Թողեցի որ հասունանա
Քո աչքերում

Իսկ դու ինձ
Խցկեցիր
Սպառողական զամբյուղդ

Որ սիրո կալորիականության
Պակաս չունենաս

Եթե կարող ես կախ տուր ինձ
Ժամացույցի սլաքից
Եվ ես կսրբեմ
Կոպերիդ ծանրացող ժամանակի փոշին

Այսպես ասաց թռչունը
Եվ նստեց ուսիս

Հետո բույն հյուսեց
Հետո ձվեր ածեց

Վարձեց մի այլ թռչունի
Որ թուխս նստի

Նման խելապակաս թռչնի
Առաջին անգամ էի
Հանդիպում

Մի եղիր բռնապետ
Քո մեջ բնակվող
Ծաղրածուի համար

Բաց արեցի պատուհանը
Որը նկարված ՝էր լուսնի վրա
Կարմիր ջրաներկով

Այնտեղից դուրս թռան
Հրեշտակներ
Ծաղրածուների հանդերձանքով

Այնքան զվարճալի էր

Որ պատուհանը շալակեցի
Եվ բերեցի տուն

Եթե թևերդ հոգնել են
Մի փորձիր թռչել
Երկինքը քեզ չի ընդունի

Մտա գարեջրատուն
Մեկը նստած էր
Մարդասպան
Ցուցանակի տակ
Մոտեցա նրան
Եվ պատվիրեցի իմ նմանակին
Չէի ցանկանում որ ինչ-որ մեկը
Ինձ հետ կիսեր իմ փառքը
Նա խնդրեց լուսանկարը
Ասացի
Նայեք ինձ և հիշեք
Մեր տարբերությունը
Միայն այն է որ նա
Կակազում է
Երկու օր առաջ
Ինչ որ մեկը կրակեց ինձ վրա
Վրիպեց
Կամ էլ ինձ այդպես թվաց
Հիմա փակվել եմ տանը
Եվ դուրս չեմ գա այնքան ժամանակ
Մինչև չմոռանան դիմագծերս

Եթե փնտրում ես տխրելու
Պատրվակ
Ապա շաղ տուր ժպիտդ հայելիում
Եվ փնտրիր այնտեղ որևէ ծանոթ մեկին

Լինում է
Ցանկանում ես
Արդուկել անդրավարտիքդ
Բայց այն դեռ չես գնել

Ուզում ես նկարել
Ինքդ քեզ
Բայց բնորդ դեռ չես գտել

Փորձում ես մագլցել
Մտքերդ ի վեր
Բայց վախենեւմ ես բարձունքից

Բացում ես թավայի կափարիչը
Որ ընթրես
Պարզվում է ձուկը լքել է թավան

Եվ քեզ մնում է միայն
Հավաքել
Հայելու մակերեսին թափթփված մարմինդ
Եվ տեղավորել անկողնում

Շունը անվերջ չարչարվում է թռչել
Եվ դա նրան հաջողվում է
Նա գետնից
Բարձրանում է այնքան
Որքան թույլ է տալիս շղթան

Շունը որին ես կերակրում եմ
Գելխեղդ է

Սիրում է Վերդի լսել

Շունը որին ես շոյում եմ
Սիրում է խաղալ
Մանուկների և մայր մտնող
Արևի հետ

Շունը որին ես տանում եմ
Զբոսանքի
Սիրում է պոեզիա

Ամեն օր նրան ընթերցում եմ
Իմ նոր գործերից

Շունը որը գելխեղդ է
Չգիտի որ գելխեղդ լինելը
Առավել պատվաբեր է

Իրեն պահում է
Փափկասուն էակի պես

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։