ԿՈՄԱ… ՍՐՏԻՍ ԶԱՐԿԵՐԸ. ՔԱՌԱՍՈՒՆՉՈՐՍ…
Էքսպրոմտներ՝ գրված պատերազմի օրերին
***
Հոնին դեղին խարույկ է վառել,
Կոկոնն ասես պտուկ է կույսի,
Աչքերը ծագող Արևին հառել,
Ճյուղերն է փռել լանջերին լույսի…
Դեղինը գիրկ է կրքոտ աղջկա,
Կթաղվեմ այնտեղ ջահել խենթի պես,
Թե գիրկն ընկար, էլ փրկում չկա.
Այրում է նա քեզ բոցի պես հրկեզ…
Դուշմանն ուզում է մեր սերն էլ մեռնի,
Որ նոր Դավիթ, Մհեր չծնվեն,
Որ մեր Արևը նորից չհառնի,
Երկիրը չունենա տեր ու ապավեն…
Սանոն ու Բաղդոն ծնվել են ջրից,
Հայ աղջիկներն էլ թող
ծաղկից ծնվեն,
Տղե՛րք, ուժ տվեք ձեր մեջքին նորից,
Կանայք թող դառնան վայելքի ծվեն…
Հոնին խարուկ է վառել դեղին,
Ճյուղերն հոլանի թևեր են կույսի,
Դեն նետեմ հոգուս ցավերն ու լեղին,
Ծառի մեջ դնեմ սերմերս հույսի…
Եվ թող հավերժի մեր ծառը կենաց,
Թուրքը չիմանա, թե մենք չորացանք,
Թեկուզ բյուր կյանքեր բողբոջած մնաց,
Թող տեսնեն. նորեն-նորեն զորացանք…
Հոնին վառել է դեղին խարույկ,
Պտուկ են կույսի կոկոններն ասես,
Սիրո ծով է, նետվիր անմակույկ,
«Կյանքը հավերժենք»,- նրան դու կասես…
***
Չորսկողմը նախանձ բթամիտներ,
Ժխտում են ամենն, ինչ որ չգիտեն,
Հլու, հպատակ, անճար մանկուրտներ,
Իրենց տիրոջը լոկ պիտի ցիտեն…
Երանի տերն էլ մանկուրտ չլիներ,
Ուրիշին հլու, տխմար դրածո,
Հին հենքի վրա թող նորը հիներ,
Պատմության գորգին ազգի հյուսածո…
Հին շորերը լավ չէ կարկատել,
Բայց մի՛ նետիր մեջն աղբամանի,
Քանի նորը դեռ չես կիսատել,
Որ դու չմնաս լրիվ հոլանի…
Երբ դու մերկ ու բոկոտն ես արդեն,
Էլ չես տեսնում հագուստն ուրիշի,
Եվ չփլախները քեզ կգնահատեն
Իրենց օրենքով անգրագետ իշի…
Չորսկողմը նախանձ ու բթամիտներ,
Շնագայլում են, թե ասես մի բան,
Երկիրը կերան որպես առնետներ
Բթամիտները տխմար ու անբան…
Փսլնքոտները մեզ դաս են տալիս,
Չգիտեն անգամ թեման դասի,
Դաս իմացողը գլխին է տալիս՝
Աշակերտելով մի բութ տհասի…
Ասացեք, հիմա, որ քարին զարկվենք,
Թուրքն է արդեն մեր գլխին զարկում,
Եկեք այս մի բուռ նշխարին փարվենք,
Քանզի այդպես են ԵՐԿԻՐԸ փրկում…
***
Երանի ձեզ, որ չեք պարտվել.
Զոհվել եք Հայրենիքի համար,
Ո՛չ ստել եք, ո՛չ էլ՝ ստվել,
Եռաբլուրն է ձեզ հաղթակամար…
ԵՐԱԶԻՍ ՆԺԴԵՀՆ Է ԳԱԼԻՍ…
Նժդեհն է հաճախ երազիս գալիս,
Կանգնում է հեռու ու ներս չի մտնում.
Զայրացած, դաժան հարցեր է տալիս,
Որոնց պատասխան ավաղ չեմ գտնում…
«Մեր շնչափողն է Սյունիքը քարոտ,
Թուրքը միշտ էլ պարզել է թաթը,
Նա մեր ժայռերին վաղուց է կարոտ.
Ուզում է այստեղ անի սուննաթը…
Գերեզմանից ես վեր կելնեմ,
Թե գայլ ու բորենի շիրիմս պղծեն,
Ասեք, վրեժս ումից պիտ առնեմ,
Ասեք, շուրթերս ում պիտ անիծեն…
Ով որ հանձնի Սյունիք զավակս,
Ազգի նզովքն է գլխին թափվելու,
Ոտքի կելնի անեծք բանակս,
Ով է նրան ինձնից փրկելու…
Լսեցեք նորեն, նորեն եմ ասում.
– Լեռնահայաստանս թշնամուն չտաք,
Թուրքը մի զարկով մեր բախտն է կիսում,
Որ հետո էլ անի ոտնատակ…
ԱՄՈԹՍ ԱՅՍՕՐՎԱ…
Առաջ, երբ հնչում էր հայ պարեղանակ,
Ոտքի էի ելնում խրոխտ ու հպարտ,
Ինձ համար տոն էր հենց այդ ժամանակ,
Եվ ինձ զգում էի հզոր ու անպարտ…
Հիմա ոտքս ու ձեռս են թուլանում,
Ասես ուժաթափ մի պառավ լինեմ,
Արցախս մնաց թուրքի բերանում.
Պարելու համար էլ ինչպես ելնեմ…
Առաջ, երբ լսում էի Արցախ անունը,
Սիրտս ուռչում էր խինդ ու բերկրանքից,
Ազերին ով էր կամ՝ում շունը,
Որ ինձ զատեր իմ երազանքից…
Հիմա նայում եմ քարտեզին դաժան,
Սիրտս դառնում է յոթ շան բաժին,
Արցախս տիրեց մի վայրագ խուժան,
Էն հարամ թուրքը, էն կեղտոտ թազին…
Առաջ ասում էի՝ ես հայ եմ հպարտ,
Աշխարհը գիտի մեր ուժը բազկի,
Շատ կռիվներում եղել ենք անպարտ,
Չենք խոնարհվել և ոչ մի ազգի…
Հիմա թշնամին երգ է հորինել,
Ծաղրում է մեր «գլխավորին»,
Էլ ինչ լինի, սրանից ավելի.
Այս ով հասցրեց մեզ այս օրին…
Ինչ անեմ, այսօր էլ ԱՌԱՋ չկա,
ՀԻՄԱՆ էլ ունայն է ու անտեր…
Իմ բոլոր-բոլոր սրբերը վկա,
Անիծվելու է ՄԵԿԻ տիրու մեր…
***
Այսքան մահեր, այսքան ցավեր,
Սիրտս հազար կտոր եղավ,
Քանի օջախ դարձավ ավեր,
Արնախումը նենգ ու անբավ
Դեռ հյուսում է նոր-նոր դավեր,
Իսկ աշխարհի սիրտն անցավ,
Չէ՛, չի տեսնում սուգ ու ավեր…
***
Քույր-եղբայրներ, ձեզ բարի լույս,
Ամեն օրը մի փշրանք հույս…
Շատերն, ավա՜ղ, կռվում ընկան,
Լոկ երազում այցի կգան,
Թե որ փակվեն աչքերը մեր
Այս ցավով մեծ, անեզեր…
Սակայն երբեք ծնկի չգանք,
Սուր վեր պարզենք, քանի դեռ կանք…
Մեր նախնիքը քաջ ու բարի
Թե կռվեին քիչ ավելի,
Հիմա ԾՈՎՆ էր մեզ հարևան
Եվ ոչ թե մի անարգ դուշման…
Թե խնայենք մեր զարկն հիմա,
Շուն դուշմանը պիտի մնա,
Ուրեմն զարկենք էլի, էլի,
Անո՛ւշ տղերք մեր քաջարի…
***
Ահարկու հովազն է Շուշիի գերբին,
Նաև երկնահաս կրակի շիթեր…
Հովազի զարկով կփռվեք գետնին,
Ձեզ համար կիջնի հավիտյան գիշեր…
Ներքևում նժույգն է մոլեգին վարգում,
Արժան կլինեք սմբակի զարկին,
Ա՛յ արնախումներ, ինչի չեք թարգում,
Մեր արոտներում արածում կարգին…
Իլհամը ձեզ կլինի չոբան,
Մեհրին էլ հմուտ է կթելում,
Էրդողանը` մի շուն պահապան,
Դե, դրախտն էլ ինչպես է լինում…
Գերբին երկինք կա ոսկեշող,
Կանաչը մեր Արցախն է անպարտ…
Դուք, որ եկել եք գողեգող,
Չքվեցեք պարտությամբ «հպարտ»…
***
Տղերքս Շուշիում են դեռ.
Չեն ուզում հանձնել հայրենին,
Որ այն չպղծի թուրքը նեռ,
Որ չքվի այնտեղից բորենին…
***
Թեյը Բաքվում սառավ,
Ավաղ չհասանք Քռին.
Խոստումը փոշի դառավ,
Ամոթ մեր Սասնա Ծռին…
***
Որդուս հայրենիքին տվեցի,
Բայց, ավա՜ղ, տեղը չգիտեմ,
Ցավս սրտումս սեղմեցի,
Ասացի. «Օգնեք, զավակիս գտնեմ»…
Երկի՛ր, զավակիս մասին չգիտես,
Զինվորիդ տեղն իմացիր,
Իմ բալին չեմ տեսնի էլ ես,
Օտարի հողում թողեցիր…
Եթե նա ողջ չէ անգամ,
Գոնե տեղն ասացեք,
Ծնկաչոք, չորեքթաթ գնամ.
Ինձ էլ կողքին թաղեցեք…
Երկի՛ր, որդիս փրկում էր քեզ,
Դու նրան անտեր թողեցիր,
Անխիղճ, մի խոսք ասա մեզ,
Մեզ էլ ողջ-ողջ թաղեցիր…
***
Հազար տարվա երազանքը մեր
Ի դերև եղավ մի թեթև ձեռքով,
Ներիր մեզ, Արցա՛խ, մեր թշվառ,
մեր սեր.
Պիտի մորմոքվենք քո տված վերքով…
Դատարանն է լոկ որոշողը,
Թե ով է եղել հողեր հանձնողը,
Ու ես կլինեմ այն անիծողը,
Որ պատի նրան իր մահվան դողը…
***
Ասում են՝ Արցախից պրծանք,
Մեր տղերքն էլ չեն գնա կռիվ,
Էլ չենք տեսնի ցավ ու փորձանք,
Թուրքին կախպերանանք լրիվ…
Ա՛յ միամիտ «բախտավորներ»,
Ե՞րբ եք արդյոք հասկանալու,
Որ Արցախը մեր պարիսպն էր,
Հիմա շեմքին են հասնելու…
Մեզ բաժանել, նոր են հաղթել,
Թե Արցախը հեռու վանենք,
Ուրեմն չարժի էլ աղոթել.
Գնանք, մեկից մուսուլմանվենք…
***
Հինգ միլիոնից հարյուրը դառան,
Յաթաղանից հասան Բայրաքթար,
Մենք դեռ նայում ենք «Մհերի դռան»՝
Սպասելով «Հայ դատին» արդար…
Պետք է ջարդել դուռը չբացվող,
Դատի սեղանին բռունցքով զարկել,
Ոչ ոք չի խղճա վհատին լացող,
Գթության դարը վաղուց է անցել…
Հարյուրը չէ, միլիոն թող դառնան,
Շատերն են այդպես եկել – գնացել,
Հայոց լեռներս հավերժ կմնան,
Ուրեմն բավ է ողբալ ու լացել…
Շատ ենք հառաչել դուշմանից զարկված,
Ծնկած ապրելը մեզ չէ սազական,
Երկար չենք մնա այսպես շվարած,
Մեր լույս օրերը անպայման կգան…
Շուշիի վանքում մոմեր կվառենք,
Պատարագ կհնչի մեր Դադիվանքում,
Հադրութի դաշտում դեռ պիտի պարենք,
Ասելիք ունենք մենք դեռ այս կյանքում…
***
Տղերքը կանգնած են սահմանում,.
Հույս ու լույս ամենքը մի տան…
Արթուն եմ, քունս չի տանում.
Տղերքին չլինի մի բան…
Տղերքը կանգնած են սահմանում,
Կրակում, կռվում են շարունակ,
Սիրտս տագնապ է մանում.
Ինչո՞ւ ես կանգ առել, ժամանա՛կ…
Տղերքը կանգնած են սահմանում,
Աղավնիս պետք է լուր բերի,
Բայց անգղեր են օդում սավառնում,
Լսում եմ զարկերը թևերի…
Տղերքը կանգնած են սահմանում,
Աղավնիս տեղ հասնի երանի,
Բայց այս ո՞վ է շարունակ ձայնում.
– Գիշերը աղավնի կլինի՞…
Տղերքը կանգնած են սահմանում,
Արթուն ենք ես ու աղավնին…
Աշխարհին նա լուր է տանում.
– Տղերքը հսկում են ՀԱՅՐԵՆԻՆ։
ՏԽՈՒՐ ԵՐԳ
Նուն երգն է «հին օրերի».
Թախիծ ու ցավ անսահման,
Փոստատարը «սև թուղթ» չի բերի,
Որ մահվան մասին չիմանան…
Փոստատարը կաղ է ու խենթ,
Գինով է մեղմում ցավը մտքի,
Փոստատարը քրֆում է մերթ-մերթ.
Հենց այնպես, օդում, ոչ ոքի…
«Սև թղթերը» ծոցում է պահած,
Մտովի դռներ է բախում.
– Սպասեք, դե՜, քիչ մնաց,
Սուփրա կբացենք թաղում…
Նա չգիտի, թե ում տուն գնա,
Կատաղած բաժակն է ջարդում.
– Ծո՜, դու ո՞նց չես ամչնա,
Կանգնել, գինի ես ծախում…
Նա անունները գիտի տղերքի,
Որ, ավա՜ղ, արդեն չկան,
Գինեվաճառը մաս չունի մեղքի,
Բայց գինին ինչու է… արյան նման…