Բաբկեն ՍԻՄՈՆՅԱՆ

ԱՐԱՐԱՏ
Աչքերիս առջև` երկնքի մովում,
Արարատ լեռը մի նա՜վ է թվում:

Անխոտոր մի նավ` փրկության տապա՜ն`
Հավատի՜, հույսի՜, գալիքի՜ պահպան:

Հանդարտ լողում է երկնքում լազուր
Եվ փրկությո՜ւն է անվերջ երազում:

Իր ադամանդե գմբեթով շողուն,
Հայոց աշխա՜րհն է լույսով ողողում:

Արարատ լեռը մի նա՜վ է թվում
Հայոց անսահման երկնքի մովում:

ՁՈՆ ԱՌ ՀԱՅԱՍՏԱՆ
Հայրս պատմում էր
հարազատ Վանից,
Իսկ Բայազետը մայրս էր հիշում,
Հուշն է մնացել մեր նախնյաց տանից,
Որ ծվարել է հոգուս մշուշում:

Ավեր վանքեր են հառնում իմ սրտից,
Յաթաղանվել է երկիրն իմ հայոց.
Հոգուս կրակը պաղել է ցրտից,
Հողիս տիրել է թրքացեղ մի օձ:

Հայաստա՛ն երկիր,
խաչված ու խոցված
Արյունոտ ձեռքով չար Պիղատոսի,
Դրախտի դուռ ես, բայց,
ավա՜ղ, գոցված…
Քո ժամն է արդեն,
արթնացի՛ր, խոսի՛ր:

Դու ոտքի՛ ելիր վեհ ու հաղթական,
Եվ ապավինի՛ր սուրբ
հայկյան նետին,
Մեզանից զատված հողից հայկական
Փշալարերը պոկի՛ր ու նետի՛ր:

Միշտ անպա՛րտ եղիր, վեհ ու աներեր,
Որ նենգ թշնամին սարսափից դողա…
Եկել է պահը` եռագույնը մեր
Հայոց Մասիսի՛ն պիտի փողփողա:

ՂԱՆԹԱՐ
Հորս` Ավետիս Սիմոնյանի
հիշատակին

Դեռ հնչում է ունկերիս մեջ
Հուզիչ մի ասք անցյալ դարից,
Մշտաբորբոք մի հուշ անվերջ,
Մի պատմություն հին Ղանթարից:

Մի պատմություն հոգի մաշող,
Արցունքաշաղ մի պատմություն,
Մի մանկություն դառն ու անշող,
Մի փշրված կենսագրություն:
Մի գաղթական հայ ընտանիք,
Օջախ ու տուն թողած Վանում,
Գտավ հույսի մի նոր տանիք
Լույսի մատուռ Երևանում,

Նոր տունուտեղ ու նոր բարքեր…
Երևա՜նն էր ու Ղանթա՜րը…
Կառապաննե՜ր, ձիակառքե՜ր…
Հո՜ւշ է դարձել անցյալ դարը:

Հուշ են դարձել ու էլ չկան
Հողակառույց տներ բազում…
Ու Ղանթարի այն հին շուկան
Մնացել է տա՜ք երազում:

Հին Ղանթարն է ունկերիս մեջ`
Զրնգացող մի հին անուն,
Ձայնն է տանջում հոգիս անվերջ
Մի հայրազուրկ հայ պատանու.

«Ջո՜ւր եմ ծախում, խմե՜ք մի կում,
Ո՜վ անցորդներ լավ ու բարի…»:
Այդպես փող էր նա վաստակում
Մեյդանի մեջ հին Ղանթարի:

Հին Երևան, օջախ մեր տաք,
Հին պատկերներ անցյալ դարից,
Մարդիկ` արդար, մարդիկ` շիտակ,
Իրար ծանոթ հին Ղանթարից:

Չկա վաղուց հին Ղանթարը,
Պատանին էլ վաղո՜ւց չկա…
Հեռացե՜լ է անցյալ դարը,
Անմար հո՜ւշն է միակ վկան:

Ունկերիս մեջ հնչում է դեռ
Ծանոթ մի ձայն անցյալ դարից`
Հայ պատանու ձա՜յնը անմեռ,
Երևանյան հին Ղանթարից:

ՓԱԽԼԱՎԱ
Տատիս հիշատակին
Լուսե մի օ՜ր էր, լուսե առավո՜տ,
Վարինկա տատս խմոր էր հունցում,
Թխում փախլավան իր համբավավոր`
Հին վառարանի մաշված ջեռոցում:

Փախլավան` համեղ,
նուրբ ու կարմրաթուշ…
Երանությա՜մբ եմ ես տատիս հիշում…
Ու փախլավայի բույրի մեջ անուշ
Բո՜ւյրն էր տատիկիս
ձեռքերի խորշոմ:

Մարել է հուրը այն հին ջեռոցում,
Մի հուշ է դարձել նրա փախլավան,
Վաղուց էլ արդեն խմոր չեն հունցում
Ճաքած ձեռքերը իմ տատի, ավա՜ղ:

ՄԵՏՐՈՅՈՒՄ
Մետրոյում մի աղջիկ լուսերես,
Սևազգե՜ստ, շքե՜ղ, նրբիրա՜ն,
Վարսերը վարար գետի պես
Փռել էր կրծքերի վրա:

Հայացքս մեկեն հառեցի
Նրա սև աչքերի բոցին,
Ու սրտիս բաբախն զգացի,
Որ ձուլվեց նրա հոգոցին:

Աչքերը, ասես զույգ արև,
Հասակը` բարդի երկնաձիգ,
Որտեղի՞ց հանկարծ հայտնվեց…
Գուցե աղջի՞կ չէր երկրածին:

Նա ժպտաց դյութիչ ու քնքուշ,
Գերեց նայվածքով կանացի,
Շուրթերը` մեղրաբույր, անուշ…
Իսկ կուրծքը` մարմարե ու ձիգ:

Քայլում էր նազուկ ու թեթև,
Հորդաբուխ հուր էր ու կրակ…
Վարսերը՝ արբեցնող ու սև,
Խաղում էին կրծքերի վրա:

Մի վերջին անգամ հուրհրաց
Եվ ժպտաց մի վերջին անգամ…
Մետրոյի գնացքը սուրաց
Ու տարավ հրաշք աղջկան:

ՄԻ ԿԱՄՈՒՐՋ ԵՄ ԵՍ
Անցած ու գալիք դարերը կապող
Բանաստեղծական մի
կամո՜ւրջ եմ ես…

Ես մի փետուրե գրի՜չ եմ ծաղկող,
Ես ճգնավո՜ր եմ
Հնօրյա վանքի խցում ծվարած,
Ես պատարա՜գ եմ,
Սաղմոս ու ե՜րգ եմ…
Վառվող մոմերի շլացնող հո՜ւր եմ,
Օրհնված ջո՜ւր եմ,
Ես բուրվառի մեջ ծխացող խո՜ւնկ եմ,
Խունկի բուրմո՜ւնք եմ,
Ես մի մատո՜ւռ եմ,
Դրախտի դո՜ւռ եմ,
Արնածոր նո՜ւռ եմ,
Ցավ ու մրմո՜ւռ եմ,
Երբ լեզուս լուռ է,
Բորբոք հոգի՜ս է անընդհատ խոսում,
Երազանքների մեր տիեզերքում
Մի նոր ճամփա՜ է, ասես, ակոսում…

Վաղ եմ հասկացել, որ Տիրոջ կամքով
Կյանքիս լուսաշող մի քող է իջել,
Որ մի կամո՜ւրջ եմ բանաստեղծական
Անցյալ ու գալիք դարերի միջև…

ԽԱՉՔԱՐ ԴԱՆՈՒԲԻ ԱՓԻՆ
Լույսն է ճառագում անցյալ դարերի,
Եվ նահատակաց թևածող ոգին…
Բակում սերբական մի հին տաճարի
Խաչքար է հառնում Դանուբի ափին:

Շքեղ է, հպարտ, երկնաձիգ ու վես,
Շողում է ինչպես ոսկեհեր արփին,
Մի բուռ Հայաստան երկիր է, ասես,
Հայոց խաչքարը` Դանուբի ափին:

Քարե աղո՜թք է, պատարա՜գ քարե
Ու ասեղնագործ ժանյակ է նրբին,
Խնկաբույր տա՜ղ է, պտղունց նշխա՜ր է
Հայոց խաչքարը` Դանուբի ափին:

Թող դառնա փարոս
վեհ ու հաղթական
Երկու բարեկամ ազգերի ճամփին…
Հեռու-հեռավոր հողում սերբական
Հայոց խաչքարը` Դանուբի ափին:

ԲԵԼԱ ՎՈԴԱ
Ճերմակ աղբյուր՝ Բելա Վոդա,
Հին սերբական մի գյուղ է դա:

Այդ սերբական գյուղում ծանոթ
Ոչինչ չկա ինձ անծանոթ:

Ծեր աղբյուր կա մի քարակուռ,
Ջուրը՝ սառը, ջինջ ու մաքուր:

Հին աղբյուր է բյուզանդական`
Մամռապատ ու ավանդական:
Դարե՜ր, դարե՜ր ջուրը հոսում,
Անցորդի հետ սիրով խոսում,

Երգում երգն իր հավերժական
Հպարտ հողում իր սերբական:

Ճերմակ աղբյուր՝ Բելա Վոդա,
Ի՜նչ անաղարտ անուն է դա:

Ճերմակ աղբյուր՝ ջինջ ու արդար,
Ոչինչ չկա այստեղ օտար:

AVE MARIA
Ա՜վե Մարիա, Ա՜վե Մարիա,
Մշուշ է իջել իմ հոգու վրա:

Մշուշ է իջել հոգուս տառապած,
Օրս դարձել է մռայլ ու ամպած:

Ա՜խ, էլ մտերիմ ես չունեմ կողքիս,
Դո՛ւ հանդարտեցրու խռովված հոգիս:

Ամոքիր ցավս ու սիրտս խոցված,
Վառ կանթեղ դարձիր
ճամփեքիս գոցված,

Լուսաշող կանթեղ ու սափոր լույսի
Եվ անմար փարոս` հավատի, հույսի:

Ա՜վե Մարիա, Ա՜վե Մարիա,
Լույսի շող սփռիր իմ հոգու վրա:

ՈԳՈՒ ՍՈՎ
Դարում կեղծիքի ու դարում փողի,
Խեղվել են, ցավոք, թե՛ խոսք,
թե՛ արժեք…
Ժամանակներ են քծնանքի, գողի.
Դարին իշխում են մարդիկ անարժեք:

Ճշմարտությունը տրոփում է դեռ,
Բայց լույսն աղո՜տ է…
և հո՜ւյսն է մարում…
Նահատակվում են մեր աչքի առջև
Վեհ արժեքները այս սին աշխարհում:

Ում որ պատահի` պարգև է տրվում`
«Սուրբ Մեսրոպ Մաշտոց»
ու «Խորենացի»,
Կեղծ արժեքներն են,
ցավոք, մեծարվում
Երկունքից ծնված արժեքից բացի:

Ու ճիշտ է եղել Վարպետը խոսքի,
Վաղո՜ւց է ասել` «Կգա՛ Ոգու սով»…
Իշխող կդառնան փո՛ղը և ոսկի՛ն,
Ավա՜ղ, չի՛ լինի էլ մեզ հասկացող:

* * *
Ամեն կողմից խոցում են ինձ,
Բայց մնում եմ անխոցելի,
Դավեր նյութում իմ դեմ նորից,
Բայց ուժեղ եմ մնում էլի:

Չարանում են հաճախ իմ դեմ
Մարդիկ` մաղձով ու նենգությամբ,
Սրիկաներ` գորշ ու անդեմ`
Լցված թույնով, ատելությամբ:

Իսկ ես` ներող, հաշտ ու խաղաղ,
Ես` հանդուրժող ու բարեկամ…
Չարը չար է մնում, ավա՜ղ,
Չարը` անվերջ նենգ ու չկամ:

Ու այս կյանքի դաժան խաղում
Հաղթական եմ ու ժպտադեմ,
Ծիծաղում եմ, քմծիծաղում,
Արհամարհում մարդկանց անդեմ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։