Թղթե հիշողություն
Մնացիր դու`
տողերիս արանքում
վրնջալով,
կրծոտելով մատներս
ճշմարտության առջև,
բառերի տարածքը
անխնա հնձելով`
մինչ երջանկությունը
կհասցներ չքվել…
…Մնացիր դու`
ափսոսանքը տարիներիս
գրպանդ խցկելով,
գիշերներ որոտալով
ծաղիկներիս մեջքին,
թղթե ճշմարտությունը
անհագուրդ
ծծքելով`
մինչև կկախվեի ես
որոնումի ճոճքից…
Մնացիր դու`
նեղ շապիկներում
պրկելով անցյալս,
որի մեջ երևում եմ մի քիչ
ծիծաղելի
ու մի քիչ էլ` ապուշ…
***
…Հիշողությունը կտրտում եմ
պատմություններից
դեղնած
ու սոսնձում անցյալը
կաղ ժամանակով…
Դնում եմ մաշկիս`
անծաղիկ հպում է…
Շուրթերիս`
բառերս նորից
սայթաքում են…
Աչքերիս եմ դնում`
լույսը տրոփում է…
Թևերիս`
անվերջ թռիչքի
հերթում եմ…
Ունկերիս եմ դնում`
խլանում, խլանո՛ւմ եմ…
…Ուզում եմ թաքցնել`
խիղճն աղաղակում է,
Այրել`
զավակներս
ինձ չեն ների երբեք…
Մերժել եմ ուզում`
ծաղրուծանակվո՛ւմ եմ
ու մահախոսվո՛ւմ եմ
ես դեռ սրտակեղեք…
…Որտե՞ղ կորցրեցի
կտրոնն ապրելու,
որ նախատեսած էր
կա՛մ ետ վերադարձի,
կա՛մ փոխանակման
համար`
մի կյանք հետո…
***
…Ասես որտե՞ղ կորցրեցի
կտրոնն ապրելու,
որ տրվել էր ինձ
այս կյանքի փոքրումեծ
գնումները բոլոր
կատարելուց հետո…
Ու այդ ո՞նց եղավ,
որ ես չդարձա
արտոնյալ հաճախորդ,
ում համար պիտի
զեղչվեր ապագան…
…Մի՞թե բավարար չէին
փոքրումեծ գնումներից
կուտակած Կորուստներս,
փոքրումեծ
ձախողումներից
ծնված Անժամանակը,
փոքրումեծ
մաքառումներից
սկսվող Անհույսը…
…Այնինչ այդքանով
նույնիսկ կարելի էր
մի կարգին
կենսագրություն
բառակերտել…
…Ասես որտե՞ղ կորցրեցի
կտրոնն ապրելու…
Թե մի օր գտնեք`
ներկայացրեք այն
մեծարգո ժամանակին`
իմ զեղչված կյանքը
շարունակելու…
***
Նայում էի ժամանակին`
հպարտ գնում էր…
Թեև մի ոտքը
կարճ էր մյուսից…
Անփույթ,
անխնա հավաքել,
տանում էր
առավոտների
պարաններից կախված
իմ կարճ ու երկար,
իմ թարս ու շիտակ,
զիգզագ օրերը…
Նրանց, որ վաղուց
անգիր գիտեին
Պարանների բոլոր
փոքր ու մեծ ճոճքերը…
…Նայում էի ժամանակին`
հապճեպ հեռանում էր…
թեև մի ոտքը
մյուսից կարճ էր…
Ես նստել էի ափսոսանքի
ճյուղին…
…Ու աշխարհն ինձ համար
վաղո՛ւց բուրաստան չէր…
***
…Բառապաշարս
անցանկալի ցուրտ էր…
Բոլոր տողատակերս
լցված էին
նույն ճշմարտությամբ…
Օրը չկետադրված
բողոքի էր նման,
ուր միջապրումային
տարածությունները
ձայնարկում էին
չասված բառերի
խիզախությունը…
Ես կորցրել էի
ձեռքսեղմումներն զգալու
ունակությունս…
…Օրը պառկել էր
թղթերիս վրա,
բայց ոչ մի աղերս չուներ
երբեմնի հիացումի հետ…
***
Որոշեցի ապրել…
Ու բոլոր պատերին
կավճե մատներով
Նկարեցի կամքս…
…Իմ հետմահու շքանշանը
տվեցին որդուս,
որ մտած իմ մաշկե
շապիկի մեջ
քանդված պատերի
գաղտնիքն է
վերծանում…
***
…Ամեն առավոտ մի
փոքրիկ ճնճղուկ
լույսից գողացած
փշրանք է գցում
իմ պատուհանին…
…Չգիտեմ` երբ եմ
մի օր գրվելու
մահվան աչքերին…
***
Ես լցնում եմ հոգնությունը
տձև բառերի
մխիթարության դատարկ
սեղաններին
ու գրպանահատի
մոլեռանդությամբ
փախցնում ասելիքս,
որ ամեն օր գողացել եմ
ձեր հայացքներից…
Ես դատարկում եմ
գոյության
տարածքի
այս հոգնությունը
իմ բոլոր խառնիխուռն
բառերի վրա
ու ինքնասպանի
մոլեռանդությամբ
կարդում ձեր աչքերի
մաշված
կարեկցանքը`
որպես նոր ստիխ,
որ երեկ ընկալվում էր իբրև
հատուցում,
այսօր` իբրև ձեր
չստացված կյանքի
մասնաբաժինն իմ…
***
Երկնքի կտուցից
առավոտները
պոկվում են,
ընկնում ուսերիս վրա…
…Ես ծերանում եմ այն
նույն փողոցներին,
ուր մարդիկ վաղո՛ւց
մոռացել են ծաղկել
բառերից առաջ…
…Չեմ հիշում, թե նրանք
երբվանի՛ց արդեն
սիրո փշրանքներ
շաղ չեն տալիս
օրվա կտուրների վրա…
***
Իմ սպասումների խեժերը
փայլուն
հոսեցին ժամանակի
ճաքճքած մաշկով`
նրա խիղճն` ի վար…
Հետո սառեցին, քարացան
կաթ-կաթ
հին խոստումների
էջերի վրա,
ոնց զմուռսը բառի…
…Բայց ես չեմ մոռացել
երգերս խազել
այս նոր քաղաքի ափերին
ծաղկող
սառույցների վրա…
Ես չեմ մոռացել բառի
տագնապը
հույսով տարազել
ու դիմավորել
երջանկությանը`
մեռնելուց առաջ…