***
Այս ոլորտներում կռիվը միշտ է
Լույսից խավարի զտման արանքում.
Այստեղ հոգին է զինվորը միակ,
Եվ անդադար է կռիվն՝ անդադրում…
***
Ես ամեն գիշեր անցնում եմ
մտքիս ականապատ դաշտերով,
ամեն գիշեր
նույն դաշտն եմ հերկում
ու ամեն անգամ պայթում եմ
պատերազմից մնացած
նույն ականի վրա.
մեկ մտքիս ձեռքն եմ կորցնում,
մեկ՝ ոտքը…
Վերքերի մեջ կորած է մարմինըս՝
բզկտված անվերջ պտույտի
ժամանակներում,
ուր ո՛չ քաղաքական,
ո՛չ դիվանագիտական,
ո՛չ խաղաղապահ ուժերի
երաշխիք չկա՛…
Մտքիս ականապատ դաշտերի վրա
հենց նույն այդ երաշխավորների
ԱԹՍ-ներն են պտտվում
արդեն զօր ու գիշեր… զօ՛ր ու…
Գիշե՛ր…
Ինձ հիմա դարձը կփրկի միայն՝
դեպի Հոգուս հայրենիքը…
***
Գիշերը մահվան փորձաշրջան է,
Եվ պատերազմն է իմ սրտի զարկում
խափանել արյան հոսքըս կենսատու.-
Գիշերը մահվան փորձաշրջան է…
Կյանքի երակ է լուրը սահմանից՝
թե մեր շեները ամո՛ւր են կանգնած.
Գիշերը մահվան փորձաշրջան է.
Իսկ գուցե դեռ մեզ չի՞ լքել Աստված…
***
Աչքեր կապելու,
բերան փակելու
ժամանակներ են՝
հասել ենք դրան,
Եվ լոկ աղմուկն է
հազարաբերան
Բթացումի նոր
կարգախոսներով
հինը ծալծլած՝
Մեր բաց ունկերի
թմբկաթաղանթին
թմբուկներ զարկում…
Իսկ երրորդ աչքով
տեսնողի համար
կյանքը՝ քավարան.
Ուրացող երեկ –
կույրի ապագա…
Կեղծիքը ունի
շնացող մի մայր,
Որի խառնածին
սերունդը հիմա
մեզ է խառնվել
Ու խառնում է մեր
սրբությունները
իր ոտքի ցեխին.
Պիտի հասցնե՞նք
հասցնե՛լ ռեխին,
Թե՞ դարձյալ պիտի
օտարը կանխի՝
որպես մեր մահվան
խաչի հաշտարար,
Եվ մենք էլ պիտի
կամազուրկ լծվենք
ինքնուրացության…
Այսօր գոյության
ուրիշ կռիվ է –
Դրա իմաստի
անիմաստացմա՛ն.
Մեզանից հետո
եթե ջրհեղեղ՝
Ուրեմն պետք չէր
մեր ծնվե՛լն անգամ.
Ուրեմն՝ կանխավ
չեղանք մենք կանխո՛ղ
Եվ չթողեցինք
մի կենտ հենասյուն՝
որպես կախաղան,
Որից ամենքս
մեր մեղքը կախենք
Ու՝ չխեղճանանք,
ու չխեղճանա՛նք…
***
Երկիրս՝ անհանգիստ,
Երկինքս՝ անհանգիստ –
ամբողջ գիշերը քնել չի լինում…
Եվ ցերեկները – ապրե՛լ չի լինում,
շնչել չի լինում.
Էլ չկա՛ հանգիստն…
***
Բոլոր պարունակներով անցանք –
Կյանքն էլ իր համար հոսեց՝ անցավ.
Զուգահեռ ընթացք էր՝
Կապ չուներ ասես մեկը մյուսի հետ…
***
Կապույտ մի վիրակապ
երկինքը աչքերին
աղեխարշված հոգու մեր՝
սգացող…
***
Էլի տղերքը գնում են բանակ –
նոր զորահավաք.
Ձեզ կամք ու կորով, մեր քաջե՛ր արի.
դե՜հ, ճամփա՛ բարի…
***
Դու մորս նման
Հիմա լռում ես քո ցավի մասին,
որ նաև ի՛մն է.
Մա՜յրս, երկի՛րս,- ես խուլ զսպանակ
իմ ներսում պրկված՝
չեմ ձգում արդեն…
***
Հրեան էլի
իր թելն է թելում
և՝ միշտ հավաստված
ու վավերագիր,
Իսկ ես անզարմանք
կանգնել եմ հլու՝
իմ ազգի ցավը
փոխառած անգիր…
Հայոց հին ազգի
հին ցավը նորոգ
դեռ ո՛չ մի եզրով
չի սպիանում.
Հրեան ինքն է
հոգում նորից նոր,
ու մեր ցավերն են
միայն շատանում…
ՍԻՐԻԱ
Ցավից
եռացող արցունքի մեջ
տապակված
մանկական աչքերին
նայել չի լինում.
չի լինում
թեկուզ մի պահ
մոռացության տալ
իրական պատերազմի
պատկերները…
Դժոխքի նախադո՞ւռն է
նորոգված.
թուրքի երախից
դարձյալ
թարմ արյուն է
ծորում…
***
Մի քանի տեղով
ճաք ես տվել,
սի՜րտ իմ Երկիր,
իմ արյունահոսող սեր,
իմ մի բռունցք՝ երկու փորոք.
դրսով՝ հույս,
ներսով՝ հավատ.
Քեզ ո՛նց են քաշում
ամեն կողմից,
ճզմում, շփոթում նժարները քո.-
ԿՅԱՆՔԻ
ու քո փրկագնա՛ծ կյանքի՝
մի կողմդ ծանրացնելով
իրենց շահի կշռաքարերով…
Դու լուռ չես թեև,
գիտես ձայն տալ, մոտ կանչել.
Իմ՝ համակ սե՜ր Երկիր,
սրտի ձայնը լսող լինի
խուլից էլ խուլ՝
աղմուկահա՛ճ աշխարհում…
***
Երկի՛ր իմ,
հազար անգամ
կուլ տված
դառնություններդ
միայն դու գիտես
տառապած զավակներիդ
բերանում
դեղահաբ դարձնել.
Է՛ն, որ
տեղով թույն է՝
ո՜նց է
ճիճվաթափ անում
ու պրծացնում
պարազիտներից…
Միայն թե՝
ինչքան շատ են դրանք.
ինչքա՜ն շատ…
ու ի՛նչ լպրծուն…
***
Լուսանում է արդեն,
իսկ ես դեռ չեմ քնել,
Աչք չի լինում փակել
երկրիս ցավի վրա.
Թռչունները քնից
արթնացել են, բայց ես
Արթնության մեջ չունեմ
խնդությունը նրանց…
Հավերժական արտույտ,
հավերժական երկինք,-
Մեզ՝ օրերի պտույտ
ցավի՝ հավերժական.
Հայի՝ հազար տարվա
ասպատակված երկիր,
Արմատներդ բռնի՛ր,
որ զորանաս…
***
Նրանք ապրում են
կիսատ ոտքերով՝
ցուպերի վրա.
Նրանք ապրում են
մտքի զորությամբ
լիարժեք անձեռք.
Իրենց պաշտպանած
երկրի պես կիսված.
……………………………………….
Բայց ի՜նչ եք կարծում՝
եթե որոշվի,
որ գլուխն է պետք
անդամահատել-
Նրանք՝ էլ կապրե՞ն…
***
Ոտուձեռք ընկած հասան,
կռվեցին առաջին գծում…
Ոտուձեռք թողին.
նրանց արյամբ են
քարտեզներ գծում…
***
Պատերազմից պատերազմ
անժամանակ դարձան հող
ՆՐԱՆՔ հազար-հազարով։
Բայց մեր հողը քչացավ.-
մեր երկիրը սեղմըվեց,
մեր սրտերը ՀՈՂԱՊԱՇՏ
արյունեցին՝ փշի տեղ
երկրի սիրտը մխրճվող…
Մեր վերքերը՝ հողի վերք
մասնատումով դավադիր –
կրճատումով, կորզումով
նենգամիտ ու անհոգի…
Պատերազմից պատերազմ
մեր շատացող վերքերի
ընդերքներում չափ կա մեծ՝
ՆՐԱՆՑ պահանջը տեղին…
Ե՛վ երդում կա, և՛ մղում,
և՛ ուժ՝ տրված վերևից.
– Ո՜վ է քնել. մենք արթուն
ձայնն ենք ՆՐԱՆՑ ու ՀՈՂԻ…
***
Աստծո տունը երկնքում լցվեց
մեր տղաներով.
Մեր աչքը թաց մնաց…
***
Լուսատուներ են որդիները մեր
հիմա երկնքում…
***
Հաղթած ամեն բառ
հաղթող զինվոր է…
P. S.
Իր վրա նետված քարերից
Անիզ Կոլցը
կառուցեց իր տունը:
Ես իմ բաժին քարերից
կամուրջ եմ կառուցում
դեպի ձեզ,
Քարկոծողնե՜րըս. –
կիսատ չթողնեք կառույցս…