Կորյուն ԱՌԱՔԵԼՅԱՆ

 

Տրամադրություն
Իմ գրիչը ասես հոգնել, էլ ինձ մոտիկ չի գալիս,
Մուսաս ինձնից խռովել է, երգիս ոգի չի տալիս։
Թափառում եմ փողոցներում,
միտքս լավ բան չի գալիս,
Անծանոթ են դարձել մարդիկ,
մեկն ինձ բարև չի տալիս։
Լուսինն էր հույս գլխիս վերև,
այն էլ մտավ ամպի տակ,
Աստղս պոկվեց ինչպես տերև,
ծովը ընկավ անհատակ։
Մի լույս մնաց, այն էլ հեռվում,
ինձ պես հոգնած ու անքուն,
Նրան առա իմ գրկի մեջ ու քայլեցի դեպի տուն…

Ես կարող էի…
Ես կարող էի ապրել շատ ազատ՝
Հոգսերից հեռու,
Սակայն չթողեց
Այդ անել խիղճս,
Ես կարող էի մի քիչ թուլանալ,
Անգամ՝ ծուլանալ,
Սակայն չթողեց այդ անել պարտքի
Խոր զգացումս:
Ես կարող էի իմ սրտի չափով
Մեծ բաժին հանել և ուրիշներին,
Այդ թույլ չտվեց շատ սակավ բերքս…
Ես կարող էի բաժինն իմ հանել
Ուրիշի բերքից,
Սակայն չգնաց երբևէ ձեռքս:
Ես կարող էի աղքատի կողքին
Նույնիսկ ճոխ ապրել,
Սակայն չթողեց ազնվությունս…
Ուրիշների պես ես կարող էի և գլուխ գովել,
Դա ինձ չթողեց համեստությունս…
Անարդար եղան հաճախ իմ հանդեպ,
Ես կարող էի և վրեժ լուծել,
Սակայն չթողեց ինձ բարությունս…

Ափսոսանք
Ափսո՜ս, որ հիմա գահին ու թախտին
Նստած իմաստուն մարդ չի մնացել,
Որ ժամանակին ասի, տղե՛րք ջան,
Գլուխ մի՛ տարեք, դես-դեն մի՛ ընկեք,
Ձեր փրկությունը լոկ ձեր մեջ գտեք,
Ու նրան լսող նաև գտնվի,
Որ տաք գլուխներ ծառն այն չկտրեն,
Չհասկանալով իրենք են նստած
Նրա մի ճյուղին…

Այս քար աշխարհում…
Այս քար աշխարհում ապրեցի երկար,
Լերկ քարերի մեջ լույսի հետ շատ սերտ,
Դրանցից ես իմ ամրությունն առա,
Արհավիրքներին դիմացա մի կերպ։

Քարը բարձ դարձրի, դրի գլխիս տակ,
Հող դարձրի քարը՝ հերկելու համար,
Տաշեցի նրա կողերը շատ պինդ,
Քարը պատ դարձրի իմ նոր տան համար։

Քարը մանեցի ու դարձրի նուրբ թել,
Քարը շոր դարձրի ու հագա ցրտին,
Ամեն մի բառից քարն ինձ հասկացավ
Ու ընկեր դարձավ քարը ինձ կարգին։

Քարը գիր դարձավ, գիրք դարձավ ճամփի,
Այն դարձավ խաչքար ու նայեց երկինք,
Մոմակալ դարձավ այն մորս ձեռքին,
Դարձավ շեն մի տուն, դարձավ Հայրենիք։

Ու այսպես ես ու քարը գալիս ենք
Իրար կողք կողքի դեռ քարե դարից,
Ու քարի նման երբեք չենք գնա
Մենք այս աշխարհից…

Ես գիտեմ, դու ինձ երբեք չես թողնի
Նեղ օրիս անգամ, ի՜նչ էլ պատահի,
Միայն թե ամուր սրտիս չսեղմես,
Շիրմաքար դառնաս երբ գերեզմանիս։

Մենակությունը…
Մենակություն չէ, երբ դու մենակ ես
Քո խոհերի հետ,
Անգամ քեզ տանջող քո ցավերի հետ։
Մենակությունը դատարկությո՜ւնն է՝
Մինչև վերջ դատարկ տակառի նման,
Որի դնգոցն է դուրս գալիս միայն։
Մենակությունը դատարկությունն է
Այն խուլ տան նման,
Որի դուռն անգամ մեկը չի բացում։
Անկուշտի նման ով ունեցածն իր
Ընդմիշտ թաքցնում է ու դառը լացում։
Ես սարսափում եմ մենակությունից,
Իսկ հիմա՝ նաև մենակ մնալուց,
Քանզի մի քայլ է հաճախ բաժանում
Մենակ լինելը մենակությունից…
Աղաչում եմ քեզ, Տե՛ր, այնպես չանես,
Տակառի նման որ ինձ դատարկես,
Նոր հետո տանես։

Ո՞վ գիտի…
Չգիտեմ ես որքա՜ն ապրեցի
Ու որքան չապրեցի այս կյանքում,
Բայց գիտեմ՝ չգտա տեղը իմ
Անիմաստ, խառնածին այս երթում…
Այս հողի վրա ապրելով՝
Չհասցրի, որ հողվոր դառնամ,
Հասկանամ իմ հողի լեզուն,
Իր տերը ու ծառան դառնամ…
Չիմացա, թե ինչպե՞ս ապրեմ
Քարքարոտ այս հողի վրա,
Որ քարն էլ, երբ դնեմ գլխիս տակ,
Չզգամ քար լինելը նրա…
Լավ էր՝ լույս տեսա մթի մեջ,
Կանաչ շիվ՝ կտրված հաստ կոճղին,
Հույս տեսա կտուցին կռունկի,
Ապրեցի և շունչը երկունքի…
Ինչպես միշտ, ապրելու ելք գտա,
Տեսնելով սարսափը այս դարի,
Գնացի հերահոտ իմ ճամփով,
Տեղ հասնեմ, որ ի՜նչ էլ պատահի…

Մտորում…
Այս աշխարհում բան է փոխվել,
Որից գլուխ չեմ հանում,
Իսկ ոտքերս առաջ ընկած՝
Չգիտեմ՝ ինձ ո՞ւր են տանում:

Շատ բան հիմա հինն է շրջված,
Ասես գործված նույն թելից,
Հենքի թելն է նաև նույնը,
Լոկ նախշերն են քիչ փոխված:

Ուր որ նայես փողոցներում
Դիմակներ են կախված բազում,
Դու կարող ես ազատ ընտրել,
Տեսնել ո՞րն է քեզ սազում:

Իսկ եթե քո հինը կախես,
Նոր գնածի նույն տեղում,
Կտեսնես, որ քո դիմակով
Մեկ ուրիշն է դերն իր խաղում:

Մեծ շուկա է, ուր ծախվում է
Այն ամենը, ինչ որ ուզես,
Ու զոռով են շատ բան տալիս,
Եթե նույնիսկ դա չուզես։

Կրկեսում կան տեղեր թափուր,
Կանչում են տես բոլորին,
Չխաբվես դու խոստումներին,
Պետք է լինես յուրային։

Գուցե և շատ բան է փոխվել,
Որից գլուխ չեմ հանում,
Բայց ոտքերիս խելքին ընկել,
Չգիտեմ՝ ինձ ո՞ւր են տանում…

Մղձավանջի մեջ
Գիշերս քո գրկում պետք է քնանար,
Առավոտս քո տեսքով արթնանար,
Սակայն գիշերս չքնեց կարգին,
Արդեն հոգնած էր առավոտ ծեգին։
Գիշերս շատ նուրբ
Իմ պատուհանին պետք է մոտենար,
Աստղալույսի հետ մինչ լույս բացվելը
Իմ պատուհանից էլ չհեռանար։
Այնինչ, գիշերն իմ նոր գիշեր բերեց
Դարձյալ իմ գլխին,
Այս մղձավանջից ինձ փրկվել չեղավ,
Որքան փորձեցի զոռ տալ իմ խելքին։
Ու ինձ հետ այսպես անվերջ կռվելով,
Իմ չլուսացող առավոտներից
Այսչափ նեղվելով՝
Ո՛չ իմ գիշերից ես բան հասկացա,
Ո՛չ առավոտս տարբերվեց մթից:
Ո՛չ Բեթհովենը իր սոնատներով
Արդեն ինձ օգնեց,
Ո՛չ Լիստի աշխույժ, կայտառ ռաբսոդիան
Ինձ հոգսից հանեց:
Ու ես փակեցի պատուհանը իմ,
Դուրս եկա տնից,
Բայց չազատվեցի գիշերվա ծանր
Այդ մղձավանջից…
Լուռ թափառեցի
Մինչ խանութպանը կրպակն իր բացի,
Խանութպանի հետ որ ծխախոտի
Ծուխը վայելեմ դառը գինու հետ,
Գուցե վերջապես իմ օրը բացվի.
– Ուրիշ ելք կարծես չէր էլ մնացել
Դրանից բացի:

Հողի հորովելը…
Ամեն գարնան
Երբ որ շուռ եմ տալիս հողը,
Քարին առած հին գութանի
Խոփն եմ հանում հողի տակից,
Քար արցունք է պոկվում, ընկնում
Աչքից հողի…

Ամեն գարնան
Երբ որ շուռ եմ տալիս հողը,
Մի խաչքար եմ հանում ջարդված՝
Մի սուրբ աղոթք դեմքին դաջված.
Աղոթում է հողը…

Ամեն գարնան
Երբ որ շուռ եմ տալիս հողը,
Մագաղաթյա մի մեծ գիրք եմ
Հանում հողից,
Աղավաղված պատմությունից
Փշաքաղվում, վեր է թռչում հողը…

Ամեն գարնան
Երբ որ շուռ եմ տալիս հողը
Ու սարի չափ
Մի մեծ քար եմ հանում սրտից,
Ծանր բեռից թեթևացած՝
Շունչ է քաշում հողը:

Երբ որ հողը շուռ եմ տալիս,
Ու հոգնած է թվում աչքիս,
Հասկանում եմ, որ դարերով
Գլխով անցած շատ բաներից
Կշտացած է հողը:
Իսկ երբ հողը շուռ եմ տալիս
Ու մաճկալի
Մաճ եմ հանում հողի տակից,
Հողի շուրթերն իրար գալիս
Հորովելն է հիշում հողը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.