Երկիր մոլորակն ու նրանում ապրող մարդ արարածի գոյությունը զբաղեցնող թեմա է եղել ու կմնա, որովհետև, հենց մարդն է առաջին հերթին ինքն իր սևեռման կետը: Հնագույն իմաստասիրությունն, ասես, ինքն էր մոլորվել մարդկային գոյաբանական դրսևորումների խառնաշփոթում, ու որպեսզի կարողանար ելքեր գտնել, առաջարկեց գնալ դեպի բնութաբանական խորքեր` ունենալով «Ծանիր զքեզ» կարգախոսը:
«Ո՞վ ես դու, մարդ» հարցն այդպես էլ կախված է մնացել օդում, որովհետև, հայտնվել անիմանալիի առջև և խոստովանել առեղծվածների գոյությունը, որի կենտրոնում ինքն է, նշանակում է դուրս գալ առօրյա ընդարմացումներից, վեր կանգնել լճացած կենսակերպից, փնտրել իր ակունքը, փորձել լուծել բազմաթիվ անհայտներով հավասարումներ, արժևորել իր գալն ու գնալը… Մի խոսքով` ինքն իր մեջ քննել իրեն:
Անիմանալիի խորքերում գտնվել և շուրջն ու իրեն ուսումնասիրել կարող են նրանք, ովքեր ապրել են մերկության, ոչնչով ծածկված չլինելու սարսուռը: Եվ այդ նրանք են, որ կարող են ասել.
Ես մերկ եմ լրի՛վ-//Խոտերի նման ու ծաղիկների.//Փշաքաղվում եմ մի թեթև քամուց,//Մի թեթև տապից թուլանում եմ ես.//Ես` անլուսամուտ, անդուռ ավերակ-//Իմ մեջ խուժում է կատաղած քամին,//Իմ մեջ թափանցում թե՛ անձրև, թե՛ ձյուն,//Եվ ինչ կա շուրջս-//Իմ մեջ եմ կրում…
Ահա թե ովքեր կարող են կանգնել ու դարերով տրված հարցը բանաստեղծության մաքուր տողերով կրկին բարձրացնել`
Մարդ, ո՞վ ես արդյոք…//Ես քեզ կարո՞ղ եմ փնտրել մի երգում,//Մի երգում` գտնել…
«Ճանաչիր քեզ» մտքի ետևից գնացողների երթը շարունակվում է: Հենց այդ միտքն էլ առաջ է տանում նույն երթը, որ «մի երկարող շարունակություն է» ու չի վերջանում, «Որ և՛ փոխվում է, և՛ նույնն է հավետ»:
Իմանալով իր երգին սպասող վիճակները` դժվար, անհույս ու թերի, բայց և նա` պոետական մի մաքուր հոգի, թևեր է հագցնում իր երգին, անուն տալիս` «Պոեմ մարդկային ու ադամամութ» և ճանապարհ դնում` պեղելու մարդաճանաչողության ոլորտները: Նա չի երկնչում մտնել այդ տարերքի մեջ, որովհետև, ի վերջո, հաղթում է կյանքի հետ երես առ երես կանգնելու վճիռը.
Ես` մարդս այսքան,//Մեկը բոլորից…//Ու ես ուզում եմ ճանաչելով քեզ`//Ճանաչել և ինձ,//Հասկանալ խրթին առեղծվածը այն`//Քո մեջ ամփոփված//Խավար ու Լույսի…//Մարդ, ո՞վ ես արդյոք…
Նանե ստեղծագործողի նույն այդ պոեմի նախերգանքը մի խոսուն ու գեղեցիկ լույս է սփռում նրա հոգու թռիչքի ողջ դաշտի վրա, ուր նա տարուբերվում է մարդաճանաչողության ալիքներին: «Ահաբեկվում եմ ինչպես ոչնչից…» նրա միտքը բացում է այդ ճանապարհով գնալու նրա միտումը: Իսկապես, ոչինչն է ահաբեկիչ, և վտանգներն անմիտ անորոշության մեջ են: Պետք է պատռել ոչնչի դիմակը և բացել ճշմարտության դեմքը` մարդաճանաչողության ոլորտում:
«Նախերգը» պատրաստում է ընթերցողին` մտնելու խորքում հառաչանքներ պարունակող անմեկնելի խոհերի մի դաշտ, որտեղից դժվար է լինելու դուրս գալ նրա համար, ով շահագրգիռ է մտածել մարդու առեղծվածի շուրջը.
Ձմռան ոռնացող քամիների մեջ//Եվ թե ամառվա ոսկեբոց, դեղին//օրերի գրկում,// Գարուն թե աշուն,//և ուր էլ լինեմ-//Խոհերս մեկ են, տագնապներս` մեկ//Եվ հառաչանքս մեկ բանի համար…
«Մարդ, ո՞վ ես արդյոք…» հարցը դիտարկելով Աստվածաշնչյան պատումների մեջ, սկսելով աշխարհարարումից, Ծննդոց գրքից, իր մեջ առնելով Առակների, Հոբի, մարգարեների գրքերն ու Երգ Երգոցը, գրողը ցավի խոստովանության պես խոստովանում է մարդու պարտությունը բոլոր ժամանակներում: Անշուշտ, սա ցավին հարմարվելու նիհիլիստական մոտեցում չէ, այլ, մի կողմից` ինքնախոստովանություն և ինքնադատապարտում, մյուս կողմից` ինքնաճանաչողությամբ սթափվելու կոչ:
Պոեմը, ուր ասելիք յուրաքանչյուր միտք ունի իրեն ամբողջացնող մեջբերումը Աստվածաշնչյան գրքերից ու պատգամներից, հեռու է հոգևորի մեջ ունեցած գիտելիքների ցուցադրությունից: Թեման ներկայացնելու համար ընտրված գրողի այս մոտեցումը թույլ է տալիս անկորուստ ճանապարհ անցած հոգևոր իրողության մեջ տեղավորել, նրա հետ ներդաշնակ նույն հարթության վրա բերել այսօրվա իրականությունը, որը բացվում է մաս առ մաս, հասնելով մինչև Ավետարանական Հայտնությանը:
Նանեի «Պոեմ մարդկային կամ ադամամութ» ստեղծագործությունը իմաստասիրական արժեք ունեցող գեղարվեստական ստեղծագործություն է: Իմաստասիրություն` մարդաճանաչողության ոլորտում, մարդուն դիտարկելով Աստծու հետ ունեցած նրա կապի տիրույթներում: Ավելին, այստեղ հեղինակի մասնակցությունն ակնհայտ է որպես քննվող խնդրի կենտրոնում, քննվելու տրամադրվող միավոր, անգամ եթե ինքնաքարկոծման բացահայտ տարրերն են բացակայում մարդաճանաչողության ահասարսուռ նկարագրություններում: Ստեղծագործողն ինքն այստեղ ողբերգություն ապրող հոգի է, որ չի կարող լքել իր նմանին.
Ես նրանցից մեկն եմ//Եվ շատ հաճախ եմ լուռ հպարտանում,//Որ ես էլ մա՛րդ եմ…//Բայց նաև, նաև ավելի հաճախ//Ես ամաչում եմ//Ու խեղճանում եմ ինքս իմ տեսքից,//Փշրում հայելում արտացոլանքս,//Որ շատ է նման//Քիչ առաջ տեսած ինչ-որ հրեշի…
Այո՛, իր պատվանդանից իջած մարդ արարածը հրեշավոր կարող է լինել, որը ցավի մի կողմն է: Մյուս կողմում դարձյալ մարդն է` հայելային արտացոլանքով.
…Բայց նրա դիմաց անզոր էի ես,//Իսկ սա` ձեռքի՛ս է…//Ու փշրվում են հայելիներս,//Փշրվում` հոգիս…
Միևնույն ժամանակ, ընթերցողն է ներկա այստեղ, որ չի կարող մենակ թողնել իր տեսակին, երբ նրա մեջ ճանաչում է ինքն իրեն: Այս տեսակետից դիտարկելիս, պոեմը վեր է կանգնում գրողից, դառնում մարդուն պեղող գործողություն, բացահայտելու համար նրան, և եթե ընդունում ես նրա բացահայտումները, ուրեմն` դու էլ գրողի հետ միասին ես, միասին` մարդկանցով ու բոլորով:
«Ո՞վ ես դու, մարդ» հարցը միայնակ լուծելու հարց չէ: Պատասխանը գտնելու համար միավորվել է պետք: Այն լույսն է պետք, հայացքի այն ուղղությունը, որի տիրույթներում հնարավոր լինի քննել մարդկայինի մասը, անկախ այն բանից, թե մարդու առեղծվածը նրա ո՞ր որակների շուրջն է պտտվելու: Որպես հայացքի լուսավոր ուղղություն այստեղ ընտրված է Աստվածահավատ ճանապարհը: Պոեմը ներկայացնում է մարդ արարածի գոյակերպը նրա առաջին իսկ քայլից մինչև վերջինը, այսինքն` մեկ ամբողջության մեջ դիտված նրա բնութագիրն է, որտեղ անդրադարձը չէր կարող չլինել 20-րդ դարի մարդուն, որտեղ նա մեր ժամանակակիցն է:
Նրանց համար, ովքեր աշխարհարարման պատմությունը չեն կարդացել Սուրբ Գրքով, այլ միայն լսել են հպանցիկ զրույցներով, կամ, ընդամենը, կարդացել են դասագրքային մեթոդաբանությամբ արված մեկնաբանություններ այդ մասին, նրանց համար, ովքեր չեն պատկերացնում, թե այդ պատմությունն ինչպես կարող էր թռչել հազարամյակների միջով, պահելով այդ փաստի գեղեցկությունը մինչև այսօր, ահա նրանցն է այս պոեմը: Ոչ միայն ուրախության ու լուսաբեր թրթիռների մեջ ալիքվող իրականության հետ ենք հաղորդակցվում, ընթերցելով այն, այլև մարդաքննության համատեքստում մարդարարման անհրաժեշտության մեկնաբանությունն այստեղ չափածոյի գեղեցկությանը հանձնված դավանաբանական ճշմարտության տիրույթում է.
Մաքրությո՛ւն… դատա՛րկ//Լոկ` Աստծո հոգին -//Հավերժորեն վեհ, սուրբ ու//կատարյալ…//Ի՞նչ եղավ հանկարծ -//նա մենա՞կ զգաց.//Ձանձրացա՞վ, ի՞նչ է, միապաղաղից.//Սուրբն այդ ու… ձանձրո՞ւյթ,//մենակության ցա՞վ…//Պարզապես սեր էր Նա` ողջ,//բովանդակ,//Բայց չկար մեկը, որին տեր կանգներ//իր սիրով անտակ,//Գուրգուրեր անվերջ իր շողերի մեջ…
Աստվածային սեր տալու և առնելու այս արարողությամբ էլ հիմք դրվեց ժամանակի գոյությանը.
Նա պետք է արդեն ռիթմով տրոփեր//ու դառնար… օրեր,//դառնար կյանք ու դար.//…Հնազանդ միայն մի վերին կամքի`//Պետք է համաչափ չափ տար այս կյանքին…
Իր պտույտն սկսող համր այդ ժամանակն էր հրաշքի ականատեսը: Իսկ ովքե՞ր եղան ողջ կարգ ու կանոնի, համաչափորեն իրար հետ ներդաշնակվող երկնքի ու երկրի գոյությունն առաջինը վայելողները.
…Ջրերի անդորրն ահա խաթարվեց,//Ջուրը ճեղքեցին ձկնային կայտառ,//բազում վտառներ,//Եվ երկնքում էլ -//Առաջին թռչնի թևաբախումը…//Ու շուտով` ճախրա՛նք -//Թևավորների անթիվ, նրբերանգ//երամների երթ//Թափանցիկ ու ջինջ երկնի լազուրում.//Ամենամեծ բախտ -//Թռիչքի վայելք ու երանություն…
Իսկապես, ճախրանքի զգացողությունը աշխարհի արարման իրողության մեջ առաջին վայելքն էր, որ ձկներինն ու թռչուններինն էր: Իսկապես` «ամենամեծ բախտ», որ անհասանելի մնաց արարչագործության թագն ու պսակը հանդիսացող մարդ արարածի համար: Ինչո՞ւ… չէ՞ որ մարդարարման միջավայրն ու նպատակն էլ այնքան գեղեցիկ էր.
Երկիրը` դրա՛խտ -//Առավոտվա մեղմ ղողանջների մեջ//շողշողուն մի ակն.// Ջրերը` անուշ, աղբյուրներն` առատ,//Շաղոտաչ ծաղկանց բույլերի ծփանք.//Եվ ամենայն ինչ շքեղ, կատարյալ…//…Պետք է ստեղծվեր հիմա արդեն նա -//Ում այս ամենը նվեր էր բերված,//Ով պետք է իշխեր աշխարհի վրա,//Լիներ Արարչի սիրելին միակ -//Արարչանման, Արարչապսակ…
Սակայն ակնհայտ էր «անխաթար բարու» կորստի փաստը: «Անխաթար բարու կորած ափին» կանգնած ստեղծագործ մտավորականի իր անհանգիստ սրտով, ահա, Նանեն կարգավորում է առաջ բերվող քայլերի հաջորդականությունը, մի՞գուցե, կհասկանա, «թե ի՞նչն էր քիչ», ի՞նչը չբավարարեց մարդուն, երբ`
Գործերից դատարկ ու հաճույքով լի…//Կյանքն ինքն էր մի տոն//ու ողջ կիրակի՛//Իսկ ի՛նչ վայելք էր Եդեմի այգին`//Մրգեր պեսպիսի-ուտելիս` քաղցր,// տեսքով հաճելի…
Մարդկությանը մինչև այսօր հուզող «ի՞նչն էր քիչ դրախտում» հարցը գրողը բարձրացրել, ներկայացրել է գեղարվեստական պատումի չափագրման մի գեղեցիկ աստիճանի վրա, որից այն կողմ, ճեղքելով հազարամյակների խուռներամ գոյությունը, մարդը դիտարկվում է զուտ իր այժմեական վիճակում: Դիտարկման այդ լույսի տակ գրողը յուրովի է մեկնաբանում հարցը: Ըստ նրա` նոր արարված մարդու համար պակաս ոչինչ չկար, այլ միայն` ավելցուկ էր, հնազանդության դեմ ընդվզման ավելցուկը:
Ահա և գրագետ մտավորականի և լուսավոր հոգեաշխարհի տեր մարդու տրամաբանությամբ «ի՞նչն էր քիչ դրախտում» հարցի ձևակերպումն է փոխվում, որովհետև հնազանդությանն ուղեկցող ընդվզման փաստն է առաջ քաշվում: Այդ կետի վրա ուշադրություն հրավիրելով` դրանով է բացվում մարդկային արժանապատվությունը ստորացնող նյութապաշտությունը, որով ջնջում են Աստծու անունը Տիեզերքում և հոգին` սեփական մարմնում: Նյութը իր նեղ սահմանների մեջ բանտում է մարդկային մտքի թռիչքները, սրտի տենչանքները:
Պոեմը մի հետաքրքիր դիտարկում ունի, որ վերաբերում է հնազանդության և համաձայնության տարբերություններին ու զուգահեռներին: Հնազանդության դեմ ընդվզման փաստով եդեմական այգում, մարդուց վերցվել է Աստծու և աստվածայինի հետ հարաբերվելու շնորհը: Մարդն, ընդամենը, համաձայնության ճանաչմանն է գնացել, չիմանալով դրա արդյունքի մասին, չիմանալով նաև, որ դա դուրս է հնազանդության սահմաններից: Այնուհետև, շարունակությունն այսպիսին է եղել, երբ տիրողն արդեն ադամամութն էր.
Հիմա մենք փշո՛ւր մի շահի համար//Խոնարհ ենք չէ թե գահի հանդիման,//Այլ անգամ խղճուկ մի աթոռակի,// Եվ կանցնենք հանգի՛ստ,//Առանց դույզն իսկ մեր պատվի խայթի -//Թրերի տակով վեհի՞, նվաստի՞,//Կարևորն այն է, որ մի չնչին գեթ //նյութը մեր աճի…
Այսինքն` կա հնազանդությունը, մարդն ամեն վայրկյան ապացուցում է, որ կա այն, սակայն դա մոլորվածի հնազանդություն է.
…Պատրաստ ենք նույնժամ` փոքրով ու մեծով -//Ժպիտը շահել այդ ճարպոտ կուռքի…//…Իսկ… հնազանդ ենք…
Սա, ինչպես և շեշտված է հաջորդիվ, հնազանդություն է` «կամակոր կյանքի կոպիտ քմայքին»: Գրողի դիրքորոշումը հետևյալն է` ոչինչ չի փոխվել նախամարդու` իր ստեղծողին անհնազանդ լինելու օրից: Երթը շարունակողներն անընդհատ հենց նրա մեջ են փնտրում մեղավորին, սակայն իրականում` «լոկ հակառակ բևեռն ենք նույն այդ ծայրահեղ վարքի»: Հակառակ բևեռում նյութն է` օգտապաշտությունը, դրամապաշտությունը, իր շահը վեր դասելու սնապարծությունը:
Նյութապաշտության այս ահավոր խավարում արդար ու մեղավոր գտնելու փնտրտուքն, ասես, աբսուրդ է: Այն հանգեցնում է նույն իրականությանը, որի համար գրողն անվանում ունի` Ադամամութ: Նրանով է շարունակվում «վհատ շարքերը սերունդների»:
Իրականությունն, այնուամենայնիվ, աբսուրդային չէ, որովհետև նկատվում են ադամամութի մեջ բացվող հույսի շողերը: Այդ շողերի ներքո այնքան գեղեցիկ է նկարագրվում երկիրը` տարվա իր եղանակներով, աշխատանքի պտուղ բերք ու բարիքով: «Չէ՛, Աստված, հաստատ, իրեն չի թողել ու չի մոռացել»:
Մարդաքննության շարունակության մեջ մտքեր են ծնվում, որոնք գեղագիտական հմայքներ ունեն, վերաբերելով մարդու բնույթի տարատեսակ դրսևորումներին` բնազդային, կամային ու այլ որակներին: Աստվածաբանությանը հետաքրքրող քրիստոնեական, դավանաբանական հարցերը, միախառնված հավատը ամրապնդելուն միտված տրամաբանական խոհերի հետ, որոնք գեղեցիկ գրչի ու դինամիկ ձևով առաջ տանող ոգու շնորհիվ գրավում են ընթերցողին: Այդ առումով, ահա մի սահուն ու պոետիկ անցում` մարդուն տրված ազատ ընտրության հնարավորության կամ կամքի մասին.
Գեղեցկությունը գծերի խաղ չէ//Եվ գույների պար…
Գեղեցկությունն ամբողջանում, կենդանանում, իր դերի մեջ է մտնում միայն այն ժամանակ, երբ առկա է այն ընկալելու կամքը.
Ինչ շքեղակուռ ակն էլ շողշողա`//Իմաստ չի դառնա կյանքի հանդեսում,// Թե ոչ մեկի տաք, անհագ բիբերը//այն չեն ըմբոշխնում…//Ու թե մի ծաղկի -//Այլոց ջերմության կրակներն են պետք -//Նրան դատարկից դարձնելու լի//ու հրկեզ կանթեղ.//Մեր տեսքի համար` լոկ մեր ջանքն է տեր…
Վերջապես, ո՞րն է հեղինակի խոսքով «մարդ լինելու այբուբենը»: Ահա մի հարց, որ շրջում է պոեմի էջերով, նույն պոեմը դարձնելով առաջարկ` պոեզիայի օգնությամբ տրվելու մարդակենտրոն խոհերի: Այդ առաջարկը երբեմն շատ անմիջական, պարզ ու բաց է.
Դե, տուր ձեռքդ ու եկ գնանք//Մարդկայինի ուղիներով`//Նրա բոլոր անկյուններն ու//կեռմանները ճանաչելու,//Մարդ փնտրելու,//Մարդ գտնելու…
Հնագույն ժամանակներից սկսած` մարդ փնտրելու, ճանաչելու գործով տարված իմաստասեր ու անհանգիստ մարդկանց, գիտական մտքի ու, նաև, Դիոգենի լապտերի կողքին մեր ձեռքին է Նանեի պոեմը: Այն անցում է կատարում պատմության էջերով, կանգ առնում անվանի տիրակալների, կայսրություններ առնող-ծախողների, հայտնի զորավարների, նաև` բահին կռթնած «հողոտ ձեռքերով, հայացքով բարի» իր պարզ իմաստության մեջ ապրող գյուղացու կողքին, բայց և միևնույն է, մարդու առեղծվածը մնում է անլուծելի.
Մարդը քայլում է… ու հետքը նրա//խորշակից էլ վատ-//Ամայացնում է իր անցած ճամփան…//Սակայն ցրվում է մշուշը ահա.//Հառնում են իմ դեմ`//Տաճարներ բարձր ու երկնագնա,//Եվ մարդն է կանգնած նրանց բարձունքում,//մարդն է կառուցում…
Նանեն մարդուն դիտարկում է հենց մարդու` իր շուրջն ստեղծած միջավայրի, ուրախությունների ու տխրությունների մեջ, որոնցից յուրաքանչյուրը նրա դիտակետում հայտնված մի առանձին, խոսուն ու գեղեցիկ չափածո խոսք է: Մարդաքննության ճանապարհին, ահա, հառնում է գրողի սերն` առ Երկիր մոլորակ, հող ու հողագունդ, արեգակ ու կյանք, որն էլ իր թևին է առնում ընթերցողին, վարակում նրան կրկնելու իր հետ`
Զուր չէ, որ նրա այն ամենօրյա//Ցոլացումների խաղն ու խայտանքը`//Մութը թոթափած բաց հորիզոնի//փեշերի վրա -//Ալեկոծում է հույզերիս ծովը//ողջ տակնուվրա.//Եվ սիրահարի սարսուռով համակ`//Կարոտ հայացքով փարվում եմ նրան…
Ահա սրանով իսկ հաստատվում է Ժողովողի խոսքը, որն այստեղ օգտագործված է որպես խորագիր. «Եվ քաղցր է լույսը, և ախորժելի է աչքին տեսնել արևը» (Ժող. գլ. ԺԱ):
Հայտնի ճշմարտություն է` Սերը սեր է բերում: Պոեմը պինդ բռնած է պահում սիրո գաղափարը, որպես սեր` ուղղված ճշմարիտ, կատարյալ մարդուն: Ահա և հայտնվում է Կատարյալը` Աստվածորդին: Իսկ Աստվածամոր խորհուրդը ներկայացված է շատ տպավորիչ, գեղեցիկ ու հուսառատ պատկերով, այնքան, որ ուզում ես աղոթքով կանգնել պատկերի առաջ.
Մարիա՛մ…//Բառն անգամ արդեն թովքն ունի//մի խնկաբույրի,//Եվ մոլորակի խառնակ երեսին//Թե մաքրությունը մի ափ ունեցավ` //ազատ ստվերից -//Նա էր` իր հրաշք Մանուկը գրկին…
Պոեմը, որով հնարավոր է դարձել ամփոփել աշխարհարարման ու նրա մեջ մարդ արարածի քննությունը, միևնույն ժամանակ տանում է դեպի «նոր երկրի ու նոր երկնքի» գաղափարին, որը սիրով է շաղախված լինելու:
Ուրեմն, իսկապես, ինչպես համոզում են Նանեի տողերը`
Մենք ծնվում ենք լոկ//շա՛տ մարդանման,//Բայց մարդն իսկական հետո է գալու…
Խոհական, իմաստասիրական, հավատավոր ու գեղեցիկ այս ստեղծագործությունը, որ նվիրված է Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին, հրավեր է` գրկաբաց ընդունելու «իսկական մարդուն», որպեսզի հնարավոր լինի նրա ուղեկցությամբ դուրս գալ ադամամութից:
Նանե. Պոեմ մարդկային կամ ադամամութ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
