ՆՈՐԻՆ ՄԵԾՈՒԹՅՈՒՆ ՎՐԱՑԱԿԱՆ ՊԱՐԻՆ
Թևարձակ շարժով գրկաբաց
ձեռքեր,
Մաքառող քաջի հիացնող ջանքով
Հպարտ թռիչքի երջանիկ ճախրեր,
Վրաց կատարյալ պարն է ի վերջո…
Զուր չի, արծիվը սավառնում օդում,
Նման ավանդած պարեր պարողին,
Ուրախանալիս և պահին տրտում
Արծվային ցեղը հակված է պարին:
Կեցվածքով հպարտ,
ինքը` խանդավառ,
Տիրուհու առջև` ոգեշունչ ձևեր,
Արծիվ ու պարող` երբ թռչում են դեռ,
Լուսապսակ են`չխամրող դարեր:
ՄԻ՞ԹԵ
Արդ ուշացել եմ ես անհուսալի,
Իմ հաջողության հետևից վազքում,
Աստղերի հավատը ես դադարեցրի
Թափառաշրջիկ ճակատագրում:
Հիմա սոսկ մի բան կարող եմ հիշել,
Շրջապտույտում` ամեն օր անցած,
Բազում անգամ եմ վազել և գայթել,
Հավատացեք ինձ, որ չեմ ընկել ցած:
Մինչ մթնշաղը դեպ երկնք ելնի,
Խաչավորում է կայծակը գծում,
Լուսնի տակ երկրում` այնքան հաճելի,
Հրաժեշտ տալու տխրություն լցնում:
Կարելի բան է, ես եմ ծերացել,
Իմ խնդիրները չհաղթահարած,
Եվ ամենուր եմ արդեն ուշացել,
Իմ հաջողության հետևից վազած:
Չհասցրեցի Պեգասին հասնել
Եվ երգեցի ես իմ երգը գրած.
Միշտ հաջողության հետևից վազել`
Թափառականի բախտին հույս դրած:
ԻՄ ԵՐԱԶԱՆՔԻ ՔԱՂԱՔ
Երազանքներիս քաղաք, քեզ ողջույն,
Իմ ջահելության երջանիկ քաղաք,
Ինձ ծաղիկ տվիր դու առատաձեռն
Եվ հարազատի ջերմիկ համակրանք:
Դեպի գորշաթև հեռուն դյութելով,
Երգասացության գավով բաղձալի,
Երկինքն ինձ համար ծիածանելով,
Կապեցիր պայծառ կամար ցանկալի:
Գիշերների մեջ լապտերներ վառած`
Ասես խաղողի սաթագույն ճութեր,
Որ սիրահարներ մինչև լուսաբաց
Այդ զովությունով թարմացնեն շուրթեր:
Ինչից է հիմա դարձել մշուշոտ,
Այնտեղ, որտեղ էր
թափանցիկ հեռուն,
Ինչից է հիմա խաբկանքն ստահոդ,
Այնտեղ, որտեղ մեր
սիրտն էր հեկեկուն:
Երևի անուրջ քաղաքն իմ հալվում,
Որպես մի պատրանք,
փրկություն չունի…
Երջանկաարցունք լուսե պսակում
Դու երազ դարձիր ուրիշ պոետի:
ԵՍ ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ
Խորշում եմ քեզնից թե երկրպագում,
Սրտով և լեզվով
Կրակոտ սիրում, ներիր` նեղացնում
Մեր հանդիպումով:
Դրախտի այգում ինքս ինձ զրկում
Համեղ պտուղից,
Սիրային մարտում չեմ զանազանում
Թույները մեղրից:
Այս անամբարձիկ բեռ լծատակին
Ուժաթափվում եմ,
Իմ մուսա՞ն ես դու, թե՞ հոգս` իմ սրտին,
Ես չեմ հասկանում:
Քո գեղեցկությամբ ես հրապուրված`
Երգն եմ քո երգում,
Քեզ համար թռչնակ`
դրախտում ապրած,
Դև եմ երկնքում:
Ես սոսկ մի գնդիկ
սառցակալված ձյան,
Իսկ դու մի ճախրանք,
Նուրբ փաթիլներում
քո անհոգության,
Հեքիաթ ներշնչանք:
Համբույրի տապը մեր հոգին կապեց`
Մի բուռ մոխիրով,
Մեր սերն իր հրո բորբոք հեղձուկից
Ասես կուրացավ:
Ֆենիքսի կերպով մեր սերն է ծնվում
Վշտալի մոխրից,
Միայն թե, ձյունի փաթիլն է հալչում
Իր բորբ կրակից:
Այս անամբարձիկ բեռ լծատակին
Ուժաթափվում եմ,
Իմ մուսա՞ն ես դու, թե՞ հոգս` իմ սրտին,
Ես չեմ հասկանում:
ԱՐՑՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋՈՎ
Թույլիկ ամպրոպի
մանրաշաղ անձրևն
Տարերքի ահեղ ընթացքը փոխեց,
Արցունքի նման
Գետնին ինքն իրեն գլորեց-գցեց:
Հետո հետևեց հաջորդը նրա,
Ու թափվեց երկրին
տարափն այդ անսանձ…
Ես կանցնեմ, հարկավ,
ուղով վերամպյա`
Որպես անճանաչ, միայնակ մի անձ:
Թող, որ կայծակը դարձնի մոխիր
Չարչարանքները
երկրային կյանքի,
Աշխարհում չկա ցավ ավելի խոր,
Քան հոգի կրծող ցավը մենակի:
Մոլեգին կրակն ամպերի միջից
Կաղնու բնին է պատել պուրակում…
Որ ոգևորվես արևի շողից,
Դու պետք է լինես
և՛ պարզ, և՛ մաքուր:
Ու աչքերի մեջ երկնի փիրուզի
Տեսնես ամենը, քո սրտին հաճո,
Մանրաշաղ անձրևը
թույլիկ ամպրոպի,
Փոխեց ընթացքը երկնային սիրո…
Թարգմանությունը`
Մկրտիչ ԳՐԱԲՍԿՈՒ