Մարսել ՊՐՈՒՍՏ
ԴԵՊ ԿՈՂՄՆ ՍՎԱՆԻ
(հատված վեպից)
Բուլոնյան անտառի այդ բարդությունը նրան մի տեսակ շինծու վայրի է վերածում և, բառիս կենդանաբանական կամ առասպելաբանական իմաստով, դարձնում է Պարտեզ. այդ բանին ես կրկին ականատես եղա այս տարի, երբ նրա միջով անցնում էի ու գնում Տրիանոն` նոյեմբեր ամսվա առաջին օրերից մեկի առավոտյան, երբ Փարիզում, տների ներսից զգում ես աշնան ընթացող ներկայացման մոտիկությունն ու զրկանքը (այն այնքան արագ է ավարտվում, որ չես հասցնում նրան ներկա լինել), որոնք բերում են թախիծ ու կարոտ, մեռնող տերևների հուզմունք, որից մինչև իսկ չես կարողանում քնել: Իմ կողպված սենյակում արդեն մեկ ամիս է` տերևները` նրանց տեսնելու իմ ցանկությամբ կանչված, թափառում էին մտքիս ու ցանկացած առարկայի միջև, որին դիպչում էի, և պտույտ էին գալիս դեղին բծերի նման ու երբեմն խաղում, պարում աչքերիս առաջ, անկախ նրանից, թե ինչին էի նայում: Իսկ այն առավոտ, չլսելով այլևս անձրևի գալը, որը տեղի էր ունենում նախորդ օրերին, ես տեսա պարզ օրվա ժպիտը փակված վարագույրների անկյուններում, ասես մի ժպիտ լիներ, որը թռչում էր իր երջանկության գաղտնիքն ամուր պահած բերանի անկյուններից, և զգացի, որ կարող եմ նայել այդ դեղնած լուսաթափանց տերևներին` նրանց գերագույն գեղեցկության պահին, և այլևս անկարող լինելով ինձ զսպել ու չգնալ ծառերին նայելու, ինչպես առաջներում, երբ բուխարու մեջ ուժգին ոռնում էր քամին, ու ես գնում էի ծովի ափ, դուրս եկա տնից և ուղևորվեցի դեպի Տրիանոն Բուլոնյան անտառով: Տարվա այդ ժամանակ ու օրվա այդ պահին այս անտառը միգուցե առավել բազմակերպար է թվում, և ոչ միայն նրա պատճառով, որ այդքան ստորաբաժանված է, այլ նաև որովհետև բաժանված է ա՜յլ կերպ: Անգամ այն լայնարձակ, բաց տարածքներում, աստ և անդ, հեռավոր ծառերի մռայլ կույտերի դիմաց` արդեն տերևաթափ կամ իրենց ամռան սաղարթը դեռ պահպանող ծառերի, երկու շարք նարնջագույն ներկված շագանակենիներ, ասես հենց նոր սկսված նկարի վրա, որոնց միայն հենց այս պահին էր պատկերել նկարիչը, իսկ կտավի մնացած մասերը դեռ չէր գունավորել, պարզում էին լույսով ողողված իրենց ծառուղին` դեռ անհայտ մարդկանց կարճատև զբոսանքի համար, ովքեր հայտնվելու էին ավելի ուշ:
Ավելի հեռվում, այնտեղ, ուր ծառերը պատված էին կանաչ սաղարթով, մեն-միակ կարճլիկ, գագաթնատ ծառ քամու տակ տարուբերում էր իր անճոռնի, կարմիր *գանգրաբաշը: Իսկ որոշ այլ կողմերում էլ տեղի էր ունենում տերևների առաջին, մայիսյան զարթոնքը, և սքանչելի ու ժպտերես վայրի խաղողի` ասես ձմռան սզնու տերևները առավոտից ի վեր կորած էին լինում ծաղիկների մեջ: Եվ անտառը մի տեսակ ժամանակավոր ու անբնական տեսք ուներ, տնկարան կամ պարտեզ էր հիշեցնում, ուր, ո՛չ այն է` բուսաբանության հանդեպ հետաքրքրության պատճառով, ո՛չ այն է` ինչ-որ տոնի պատրաստվելու համար, սովորական, բայց դեռ այլ տեղերում չվերատնկված ծառերի մեջտեղում հենց նոր տնկել էին թանկարժեք տեսակի մի երկու-երեք ծառ աներևակայելի սաղարթով, որոնց շուրջ, չգիտես ինչու, պահպանվում էր մի դատարկություն, ուր էրանում էր զով օդը, պայծառ լույս էր շողում: Տարվա հենց այս ժամանակն էր, երբ Բուլոնյան անտառում ամենից շատ աչքի էին զարկում ծառերի զանազան տեսակներ և կողք կողքի են հայտնվում նրա տարբեր մասերը` կազմելով մի խայտաբղետ համախումբ: Եվ օրվա ժամն էլ իսկն էր: Այն տեղերում, որտեղ ծառերը դեռ պահպանում էին իրենց տերևները, թվում էր, թե դրանք կազմող նյութը հետզհետե փոփոխվում էր այն պահից, երբ արևի լույսը դիպչում էր նրանց, որն առավոտյան գրեթե հորիզոնական է, իսկ ժամեր անց` իջնող աղջամուղջի պահին, ասես լամպարը վառվելիս հեռվից իր անբնական ու ջերմ ցոլքերն է գցում սաղարթի վրա ու բոցավառում ծառի ամենավերին տերևները, իսկ ինքը` ծառը, անկեզ աշտանակի նման, աղոտ կանգնած է իր հրկիզված կատարով: Լույսը թանձրանում էր` ձեռք բերելով աղյուսի պնդություն, այն, կապույտ նախշերով պարսկական դեղին որմածքի նման, կոպտորեն երկնքին էր գամում շագանակենիների տերևները, իսկ այնտեղ, հակառակ կողմում, քաշում-պոկում էր դրանք երկնքից, որից նրանք կառչել էին իրենց ոսկեղեն շոշափուկներով:
Վայրի խաղողով պարուրված ծառի միջին բարձրության տեղում արևի լույսը պատվաստում և փթթեցնում էր, կարծես, կարմիր ծաղիկների մի հսկա փունջ, որն անհնար էր հստակ ճանաչել կուրացնող փայլի պատճառով, միգուցե թավշածաղկի մի տարատեսակ էր: Բուլոնյան անտառի տարբեր մասերը, որոնք ամռանն ավելի լավ էին միախառնվում կանաչի թանձրության ու միապաղաղության պատճառով, այժմ զատվում էին իրարից: Ավելի նոսրացած հատվածները ցույց էին տալիս գրեթե բոլոր մասերի մուտքերը, կամ էլ` փարթամ սաղարթը մատնացույց էր անում իբրև մի փողփողուն զինադրոշ: Ասես գունավոր քարտեզի վրա` տեսանելի էին Արմենոնվիլը, Կատալոնյան մարգագետինը, Մադրիդը, Ձիարշավարանը, Լճի ափերը: Երբեմն հայտնվում էր մի աննշան շինություն, արհեստական քարանձավ, հողմաղաց` մի կողմ քաշված ծառերի միջև կամ` մի սիզամարգին, որը մատուցում էր այն իր թավշե հարթակի վրա: Զգացվում էր, որ Բուլոնյան անտառը բնավ մի ինչ-որ պարզ անտառ չէ, որ նրան նախասահմանված է մի ուրիշ դերակատարություն` իր ծառերի կյանքի հետ կապ չունեցող. այդ խանդավառությունը, որը բորբոքվում էր իմ մեջ, ոչ միայն աշնան զմայլանքից էր, այլ նաև` ցանկությունից: Սա խնդության մի վիթխարի աղբյուր է, որը հոգին սկզբից պարզապես զգում է` չըմբռնելով նրա պատճառը, չհասկանալով, որ այն չի եկել դրսից: Եվ այդպես ես նայում էի ծառերին մի դժգոհ գորովանքով, որը, անցնելով նրանցից այն կողմ, գիտակցությունիցս անկախ գնում-հասնում էր ճեմող գեղեցկուհիների այդ գլուխգործոց երևույթին. չէ՞ որ ծառերը նրանց էին գրկում ամեն օր մի քանի ժամ շարունակ: Ես քայլում էի դեպի Ակացիաների ծառուղին: Անցնում էի մեծածառ անտառով, որտեղ առավոտվա լույսը, դասավորելով ծառաբները նոր շարքերով, խուզում էր նրանց, սազեցնում միմյանց ու նրանցից փնջեր կազմում: Հնարագիտությամբ լույսն իր կողմն էր ձգում երկու ծառերի, այնուհետև օգտվելով ճառագայթի ու ստվերի զորեղ մկրատից, հատում էր յուրաքանչյուրից բնի ու սաղարթի կեսը և հյուսելով իրարու մնացած երկու կեսերը, նրանցից շինում էր մե՛կ շրջակա ճաճանչով սահմանագծվող մի մուգ մայթ, մե՛կ մի լուսեղեն տեսիլ, որի ցանցոտ սև դիմաստվերը շրջագծում էր նրա անբնական ու թրթռուն ուրվապատկերը: Երբ արևի լույսն արդեն *ոսկևորում էր ամենավերին ճյուղերը, թվում էր, թե նրանք թաթախվել են մի պսպղուն խոնավության մեջ և հիմա մեկ-մեկ դուրս են լողում թաց օդի զմրուխտից, որի ծովի խորքերն էր ամբողջովին սուզվել անտառը: Դե, որովհետև ծառերը շարունակում էին ապրել իրենց բնորոշ կյանքով, և երբ նրանց վրա արդեն տերև չէր մնում, անտառն է՛լ ավելի էր շողշողում ծառաբները պարուրող կանաչ թավշի ծածկոցի վրա կամ ճագոմի գնդիկների ճերմակ ջնարակի մեջ, որոնք ցիրուցան էին եղել բարդիների կատարներին, ինչպես արևն ու լուսինը` Միքելանջելոյի «Աշխարհի արարման» մեջ: Նրանցից ցանկացած մեկը, որը դատապարտված էր մի տեսակ պատվաստի բերումով ապրել կնոջ հետ մի ընդհանուր կյանքով, ինձ հավերժահարս էր հիշեցնում` մի փութկոտ ու չնաշխարհիկ մեծատոհմ գեղուհու, որին, անցնելիս, նա իր ճյուղերն էր փաթաթում ու ստիպում նրան, իր հետ միասին, *վերզգալ տարվա եղանակի զորությունը. նա ինձ վերհիշել էր տալիս իմ դյուրահավատ պատանեկության երջանիկ օրերը, երբ ես ագահորեն մղվում էի հասնել վայրեր, ուր կանացի նրբագեղության գլուխգործոցները մարմին կառնեին գեթ մի քանի ակնթարթով անհաղորդ ու մեղսակից սաղարթում: Բայց Բուլոնյան անտառի սոճիների ու ակացիաների` իմ մեջ ցանկություն առաջացնող գեղեցկությունը ավելի հուզիչ էր, քան Տրիանոնի շագանակենիների ու եղրևանենիների հմայքը, ուր հիմա ուղևորվում էի դրանք տեսնելու համար. այն ինձնից դուրս չէր` պատմական դարաշրջանի մասին հուշերում, արվեստի գործերում, Սիրո մի փոքրիկ տաճարում, որի *ոտնատակին կիտվում էին ոսկե, բլթակավոր տերևները: Ես հասա լճի ափին, մոտեցա Աղավնիների հրաձգարանին: Կատարելության գաղափարը, որ կրում էի իմ մեջ, ժամանակին ես վերագրել էի «վիկտորիայի» բարձրությանը, նրա կատաղի ու թեթևաքայլ, նիհարակազմ նժույգներին` կրետի մեջքով, արյունով լցված աչքերով, ասես Դիոմեդի դաժան ձիերը, և հիմա, ահա, ես կրկին տենչում էի տեսնել ա՛յն, ինչը սիրել էի, որն այնքա՜ն տենդագին էր այն անցած-գնացած տարիներին, երբ հածում էի այդ ճամփաներով, ես ուզում էի, որ վերստին հայտնվեր տ-ն Սվանի հսկա կառապանը` բռունցքի չափ փոքրիկ սպասավորի հսկողության ներքո, որն իր պարմանեկան տեսքով իսկը սուրբ Գևորգն էր, և փորձեր հնազանդեցնել նրանց երկաթե թևերը, որոնք թպրտում են` շփոթված վեր-վար անելով:
Ավա՜ղ, այժմ միայն ավտոմոբիլներ էին` ղեկին բեղավոր մեխանիկներով, բարձրահասակ սպասավորների ուղեկցությամբ: Ուզում էի, որ մարմնիս աչքերի առջև հայտնվեն պարզ պսակի նման տափլիկ կանացի գլխարկներ որպեսզի հասկանայի, թե արդյո՞ք նրանք այնքան սքանչելի են, ինչպես տեսնում են նրանց իմ հոգու աչքե՜րը: Իսկ հիմա՜ դրանք բոլորը սահմանազանց էին, պատված էին մրգերով ու ծաղիկներով և այլևայլ թռչուններով: Սիրուն զգեստների փոխարեն, որոնց մեջ տ-ն Սվանը թագուհու տեսք ուներ, գլուխ էին բարձրացրել ինչ-որ հունասաքսոնական պատմուճաններ Տանագրայի դարսերով, և երբեմն Դիրեկտորիայի ոճով ծաղկավոր չուլուփալաս, որը նման էր թղթե պաստառների: Սրանց գլուխներին, ովքեր կարող էին ճեմել տ-ն Սվանի հետ Մարգարիտ թագուհու ծառուղով, ես չէի տեսնում երբեմնի մոխրագույն եզրավոր գլխարկները, և առհասարակ որևէ գլխարկ. բոլորը գլխաբաց էին: Եվ այդ տեսարանի բոլոր նոր մասերը, որոնց այլևս չէի հավատում, թե կարող եմ դրանց մեջ ներմուծել հավաստիություն, ամբողջականություն, իսկականություն, ցիրուցան անցնում էին իմ առջևով` ինչպես պատահի, անհավաստի` չպարունակելով իրենց մեջ որևէ գեղեցկություն, որպեսզի աչքերս կարողանային նրան կառչել ու կանգ առնել: Սրանք, պարզապես, ինչ-որ կանայք էին, որոնց նրբագեղությանը ես չէի վստահում, որոնց հագուկապն ինձ անկարևոր էր թվում: Իսկ երբ վերանում է հավատը, մնում է ֆետիշական կապվածություն անցած-գնացած բաների հանդեպ, որոնց այս հավատն անցյալում կենդանություն է պարգևել. այն ոչ միայն մնում է, այլև ամրապնդվում` օգնելով մեզ թաքցնել ամեն նորի մեջ կյանք ներշնչելու կորսված ունակությունը, կարծես այդ բաների՜ մեջ էր բնակվում հրաշալիքը, այլ ոչ թե մե՜ր մեջ, կարծես մեր այժմյան անհավատությունը պատահականությա՜ն հետևանք է` Աստվածների մահվա՜ն:
Ի՜նչ սոսկալի է, մտորում էի ես. մի՞թե այժմյան ավտոմոբիլները կարող են համեմատվել անցյալի լծակառքերի նրբագեղությա՜ն հետ. ես, անշուշտ, արդեն շատ եմ ծերացել, բայց ստեղծվա՜ծ չեմ այս աշխարհի՛ համար, ուր կանայք խցկվում են այնպիսի զգեստների մեջ, որոնք հայտնի չէ, թե ի՞նչ կտորից են: Էլ ինչո՞ւ գամ այստեղ` այս ծառերի ամպհովանու տակ, երբ նրբագեղորեն բոսորացող սաղարթների տակն այլևս ամեն ինչն այլ է, երբ գռեհկությունն ու խենթությունը փոխարինել են այն ամենն, ինչն իրենց նրբինությամբ ամփոփել էին ծառե՜րը: Ի՜նչ սոսկանք, իմ միակ սփոփանքն ա՛յն էր, որ ինձ մնում էր խորհել իմ երբեմնի ճանաչած կանանց մասին, որ նրբագեղություն այլևս չկա՜: Իսկ այդ տղամարդիկ, որոնք հիանում են այս անճոռնի արարածներով` գլուխներին թռչնանոցով կամ բանջարանոցով բեռնված եզրավոր գլխարկներով, մի՞թե ունակ են զգալ, թե որքա՜ն հիասքանչ էր տ-ն Սվանը` իր անպաճույճ եղրևանեգույն գդակով կամ փոքրիկ գլխարկով, որի վրա ցցված էր շիփ-շիտակ, մենավոր հիրի՜կը: Մի՞թե ի վիճակի էի ես հասկացնել նրանց, թե հոգուս մեջ ի՞նչ էր կատարվում ձմռան առավոտներին, երբ հանդիպում էի տ-ն Սվանին ոտքով քայլելիս` ջրասամուրենու վերարկուն հագին, հասարակ բերետով, որի վրա փողփողում էին կաքավի զույգ փետուրները, իսկ նրա շուրջն, ասես, թևածում էր նրա բնակարանի անբնական անհոգությունը, և դա նրա սեղմիրանին կուչ եկած մանուշակների մի փնջիկի շնորհիվ էր, որի լաջվարդե, կայտառ ծաղկունքը գորշ երկնքի, սառնաշունչ օդի, տերևաթափ ծառերի դեմ դիմաց ուներ այն նույն թովչանքը, որը շրջանակի մեջ էր առնում տարվա ժամանակն ու եղանակը, որն ապրում էր մարդկային մթնոլորտում, այս կնոջ մթնոլորտում, որ ճառագում էին ծաղիկները նրա հյուրասենյակի ծաղկամաններից ու ծաղկազամբյուղներից, բոցկլտացող կրակի մոտ, մետաքսե բազմոցի դիմաց` ծաղիկները, որոնք նայում էին, կողպված լուսամուտից, դրսում թափառող ձյանը: Ասենք, եթե թեկուզ հագուկապը լիներ այն տարիներինը, դա ինձ համար բավարար չէր լինի: Այն պատճառով, որ հիշողության տարբեր մասերը փոխկապակցված են լինում, և որ մեր հիշողությունը դրանք պահպանում է հավասարակշիռ հավաք վիճակում, որից մեզ թույլատրված չէ որևէ բան առանձնացնել կամ մերժել, ուստի շատ կուզենայի իրիկնամուտին այցելել այդ կանանցից որևէ մեկին ու վայելել մի գավաթ թեյ` մուգ գույներով ներկված պատերով բնակարանում, ինչպես եղել էր տ-ն Սվանի տանը (այս պատումի առաջին մասի ավարտից մեկ տարի անց), ուր կցոլային շեկ բոցեր, կարմիր այրուկներ, քրիզանթեմների վարդագույն ու ճերմակ կրակներ` նոյեմբերյան աղջամուղջի պահին, որը նման էր (ինչպես կտեսնեք մի քիչ հետո) այն պահերին, երբ ես դեռ չէի կարողանում բացահայտել իմ երազած բերկրանքը: Բայց հիմա, թող որ այդ պահերը չկարողանային հանգեցնել մի բանի, ինձ համար դրանց հմայքն իսկ ինքնին բավական էր: Ես ուզում էի վերագտնել դրանք այնպես, ինչ վիճակում մտապահում էի: Ավա՜ղ, ամենուր միայն Լյուդովիկոս 16-րդի ոճի սպիտակ բնակարաններ էին` երկնագույն դրախտավարդերով պաճուճված: Ի դեպ, Փարիզ վերադառնում էինք շատ ուշօրոք: Եթե թեկուզ խնդրած լինեի տ-ն Սվանին ինձ համար վերստեղծել այդ հիշողության պատառիկները, որ ինձ թվում էին կապված մի հեռավոր տարվա, մի տարեգրության, որին ինձ վիճակված չէր հասնել, այդ բաղձանքի պատառիկները, որ ինքնին դարձել էին անհասանելի, ինչպես այն իղձը, որը ես ապարդյուն հետապնդել էի, տիկինը մի երկտող կգրեր ինձ մի ինչ-որ դղյակից, թե Փարիզ է վերադառնալու միայն փետրվար ամսին` դրախտավարդերի սեզոնից շատ ուշ: Եվ ինձ պետք էր, որ լինեին այն նույն կանայք, որոնց հենց հագուկապն էր գրավում ինձ, որովհետև այն ժամանակ, երբ դեռ հավատում էի, երևակայությունս օժտում էր նրանց ինքնօրինակ հատկանիշներով ու պարուրում առասպելով: Բայց, ավա՜ղ, ես վերստին տեսա նրանցից մի քանիսին Ակացիաների պողոտայի Մրտենիների ծառուղում` ծերացած. նրանք հածում էին, ասես զարհուրելի ստվերներ այն ամենի, ինչ եղել էին ժամանակին, դեգերում էին վերգիլյան պուրակներով` որոնելով հայտնի չէ, թե ինչ: Ես դեռ փնտրտում էի ապարդյունորեն ամայացած շավիղներով մեկ, իսկ նրանք արդեն վաղո՜ւց ծլկել էին: Արևը թաքնվել էր: Բնությունը կրկին սկսում էր թագավորել Բուլոնյան անտառում, որտեղից արդեն անհետացել էր այն պատկերացումը, թե նա եղել է Կանանց ելիսեյան պարտեզը. արհեստածին հողմաղացի վերևում ծավալվում էր իսկական, գորշ երկինքը, քամին կնճռոտում էր Մեծ լիճը մանրիկ ալյակներով, ասես մի պարզունակ լիճ, խոշոր թռչունները, ասես սովորական անտառի վրայով, արագ սավառնում էին Բուլոնյան անտառի վերևում և զիլ կռնչալով` մեկը մյուսի հետևից նստոտում մեծ կաղնիներին, որոնք իրենց դրուիդական թագերի ներքո` Դոդոնայի քրմերի վեհությամբ, ասես ազդարարում էին անտարբեր պարտեզի անմարդկային դատարկությունը և օդում ինձ ավելի լավ ըմբռնել հիշողությանս մեջ ապրող պատկերները իրականության մեջ որոնելու փորձերի հակասականությունը` պատկերներ, որոնց միշտ էլ պակասելու է այն հմայքը, որով օժտում է հենց ինքը` հիշողությունը, որն ըմբռնելի չէ մեր զգայարաններով: Իմ երբեմնի իմացած իրականությունն այլևս չկար: Բավական է տ-ն Սվանը, իր ինքնությամբ հանդերձ, չգար նույն սովորական պահին, և ծառուղին արդեն ուրիշ էր: Վայրերը, որոնք մենք իմացել էինք ժամանակին, պատկանում են միայն ա՛յն տարածոլորտի աշխարհին, որի մեջ մենք տեղավորում ենք դրանց ավելի հարմար դարձնելու համար: Վայրերն այդ սոսկ չնչին շերտ են հարակից տպավորությունների մեջ, որոնք ձևավորել են մեր երբեմնի կյանքը. հուշը որոշ պատկերի մասին ընդամենը ափսոսանք է որոշ ակնթարթի հանդեպ, իսկ տները, ճամփաները, փողոցները, ավա՜ղ, անցողիկ են` տարիների պես:
Ֆրանսերենից թարգմանեց
Սերգեյ ՄԿՐՏՉՅԱՆԸ
Աստղանիշով նշված բառերը
հեղինակել է թարգմանիչը: