Լրացավ ամերիկահայ ճանաչված դերասանուհի, ասմունքող, գրող, ՀՀ ԿԳՄՍ նախարարության Ոսկե մեդալակիր, բանասիրական գիտությունների թեկնածու Մարի-Ռոզ Աբուսեֆեանի ծննդյան 80-ամյակը։ Սրտանց շնորհավորում ենք հայրենանվեր և վաստակաշատ հոբելյարին։ Ներկայացնում ենք վերջերս գրված նրա բանաստեղծություններից մեկը։
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԻՔՍ
Ախ այս տարիքս… տարիքս…
Անհաշտ եմ իր հետ։
Որտեղի՞ց եկավ և
որքան արագ առանց հարցումի
տիրոջ իրավունք ստացավ մեկից։
Ինչպե՞ս հաշտվեմ, երբ այն զրկել է
արագ գործելու, արագ շարժվելու,
արագ խորհելու ու մտածելու,
նոր վերելքների
հնարավորությունից։
Որը սանձել է հոգուս ու
մտքիս թռիչքներն անսանձ։
Ինչպե՞ս հաշտվեմ,
երբ ստիպում եմ իղձերս սանձել,
երազանքներիս անկատար մասը
մոռացության տալ,
նոր հայացքներով չհրապուրվել,
ու նոր կանչերով չոգևորվել։
Բեմից վար իջնել և դիտել հեռվից։
Հեռավոր զգալ քեզ ամեն ինչից։
Երիտասարդների թրթռուն
հևքին էլ մաս չկազմել,
անհաղորդ մնալ փոթորկումներին,
անկոչ կանչերին էլ չձայնակցել,
վերևից նայել խոր հուզումներին։
Աշխարհի տարբեր
ճանապարհներից բերած
հուշերդ հավաքագրել։
Շուրջդ եռացող քաշքշուկներին
անտարբեր նայել,
հոգուդ մեջ լցված ծանոթ
ձայներին էլ չարձագանքել։
Ապրածդ բոլոր դառնությունները
մոռացության տալ։
Բաց ճամպրուկներդ
վերջնական փակել,
Ու լուռ պատրաստվել
անվերադարձ
հավետ մի երթի։
Եվ այսպես ահա նետված
տարիքիս հորձանուտի մեջ
Գնում եմ անդարձ…
Այսքանից հետո ինչպե՞ս հաշտ ապրեմ օրէօր աճող իմ տարիքի հետ։
Փիցբուրգ, 08.10.2024
(80-ամյակիս մտածումներս)