Պարույր Սևակի «պարականոն» պոեզիան ժամանակին ուշացումով ընդունվեց Կանոնի շրջանակ։ Բանաստեղծն ինքն է խոստովանում.
Ես՝ հեղինակ պարականոն գրքերի… («Դիմակների փոփոխություն հօգուտ անդիմակության»):
Հապաղումի պատճառը, ինչպես նշեցինք, Սևակի ստեղծագործության «պարականոնությունն» էր և երևույթները գնահատելու նրա անսովոր համարձակությունը։
Բանաստեղծն իրեն համարում էր «չգրված օրենքների վերծանող» (գրվածները կեղծ էին և վերծանման կարիք չունեին), «…ստի սխալների սրբագիր», «Եվ ուշացող արդարության խմբագիր» («Դիմակների փոփոխություն հօգուտ անդիմակության»)։
«Եղիցի լույս» ժողովածուն բարձրաձայնում է «ուշացող արդարության», երկրով մեկ տարածված խավարի մասին («Մութը առջևից, մութը ետևից…»), («Լույսի աղբյուրը»)։ Երկիրը, ըստ բանաստեղծի, ապականված է, և մնում է «մեզ մաքրել այնպես, ինչպես օվկիանն է ինքն իրեն մաքրում» («Խարույկ սառույցի վրա»)։
Բանաստեղծը հեռու էր ժամանակի քնարախոսներին բնորոշ զգուշավորությունից, մերժում էր ընտելացումը վերինների կամքին։ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում» բանաստեղծության մեջ համակրանք է տածվում այն կենդանիների հանդեպ, որոնք «ընտանի չեն դարձել ցայսօր»։ Միայն «ընտանի» չլինելու պայմաններում է անընդունելին դառնում ընդունելի, անկարելին՝ կարելի, պարականոնը՝ Կանոն։
Հայր սուրբ, ես կուզեի դարձնել կանոն//Անկանոնությունը։ («Խոստովանություն»)
«Անկանոնության» շնորհիվ բանաստեղծը կանխազգում է խռովություն։
Խռովության սերմը, իբրև մանանեխ//Տարածվում է արտաշնչմամբ մեր բերնի,// Տարածվում է երկրից-երկիր, վարակում… («Դիմակների փոփոխություն հօգուտ անդիմակության»):
Երկրի գլխավոր կուռքը, որի պաշտամունքը մշտապես պարտադրվել է, ներկայացվում է որպես «Անվերջ նեխող, բայց չփտող մի դիակ» («Դիմակների փոփոխություն…»)։
Նրան «մեր լեզվից կախ են տվել կեռերով»։
Սևակը դեմ է դուրս գալիս «քարանձավային» գեղագիտությանն ու գրական պատկերացումներին.
Ու մեր երգածի կեսից ավելին//Նույն քարանձավի արձագանքն է հենց,// Մնացած կեսով մենք հիմն ենք երգում // Նույն քարանձավի… («Հիմն քարանձավի»):
Ի տարբերություն «քարանձավի հիմնի», Սևակը «Եղիցի լույս»-ում ներկայացնում է «Դարակեսի հիմնը» բանաստեղծությունը, որը ստեղծագործական նորագույն թիրախների ընտրության վկայություն է։ Մարդ-քաղաքացին պատրաստ է խարույկ բարձրանալ։
Առաջներում մերպեսներին//Այրում էին խայրույկի մեջ,//Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներս,//Խարույկ՝ մեզնով։
«Խարույկ մեզնով»-ը սոսկ անձնազոհության կոչ չէ. նրանում՝ հանձին բանաստեղծի, մենք տեսնում ենք և՛ Լուսարարին, և՛ Լուսավորչին։
Գեղարվեստական ամենակատարյալ եղանակով դիպուկ շարադրվում են դարին մարդու համապատասխանության պահանջ-չափանիշները.
Պիտի բացվենք հոժարակամ…
Մինչև հասնենք մեր միջուկին…
Ողջ ճշմարտությունը ներկայացվում է հակադրություն-համադրությունների միջոցով։ Այդ ճշմարտությունը անդունդի վրայով քայլող մարդունն է։ Ահա այդ մարդը, որը մարմնավորում է «մերպեսներ»-ին.
…Որովհետև մերպեսները//Նախընտրում են զրկվել գլխից,//Քան խոնարհել գլուխն իրենց նրանց առաջ,//Ովքեր լուրջ-լուրջ փորձ են անում//Ուղեղ հատել դրամի պես//Ու միտք դաջել լաթի նման։
Բանաստեղծության յուրաքանչյուր հատված ծնունդ է գաղափարի և հոգեբանական խորքի շարունակական բացահայտման անկասելի մղումի։ Մարդու անհատական գծերը Սևակը դնում է խոշորացույցի տակ. ահա թե ինչու նրա պոեզիայում մարդը առավել տեսանելի է, քան երբևէ։ Մարդը վեր է բարձրանում ինքն իրենից (Նիցշեի պահանջն է)։ Բանաստեղծը չի գովերգում մարդուն (խորհրդային բանաստեղծության գլխավոր գիծը մարդու գովերգն էր), այլ՝ քանդակագործի նման «աշխատում է նյութի հետ, շաղախում, կերպավորում նրան»։ Ստվերոտ անկյունները վերանում են, և մարդը երևում է հրապարակ դուրս եկած։ Բանաստեղծը հանդես է գալիս բացարձակ ճանաչողության դիրքերից։ «Դարակեսի հիմնը» բանաստեղծության մեջ «մեզնով» խարույկ վառելու կոչը գերազանցում է սրբախոսական գրականության բոլոր պատվիրանները։ Այն կարելի է համարել պրոմեթևսյան սխրանքի նորովի անհատականացման փորձ։ Միաժամանակ մատնանշվում են սպասվող վտանգները.
Բռունցքով ենք զարկում մեխի ծակող ծայրին…//Ապա ինքը եղանակը խաղ է անում մեր գլխի հետ…
Սևակը ներկայացնում է մարդուն՝ ժամանակի հետ բախման համլետյան հետագծով։ Համլետյան փիլիսոփայական խոհին փոխարինում է թախծոտ պաթետիկայով հարուստ խոսքը։
Գրականագիտությունն առանձնացնում է մեդիտատիվ քնարերգությունը (խորացված և նպատակամղված մտորումների պոեզիա)։ Այն մոտ է փիլիսոփայական քնարերգությանը, սակայն և նրանից առանձնանում է։ Բանաստեղծությունները կառուցվում են մտահայեցումներով և ուղղորդված են դեպի կեցության օրինաչափությունները։
Մեդիտատիվ պոեզիան ձևավորվել է մեդիտացիայի ուսմունքի հիման վրա, արևելյան քրիստոնեությանը համընթաց։ Այն իր շարունակությունն ունի նաև 20-րդ դարում (Ա. Բլոկ, Ի. Աննենսկի, Թ. Էլիոթ, Մ. Ռիլկե և այլք)։
Պ. Սևակի պոեզիան իր հիմնական բնութագրով ինքնատիպ է, չի հետևում որևէ ուղղության կամ տեսակի, սակայն խտացված և նպատակաուղղված մտորումներով, փիլիսոփայականին մերձ, բայց և նրանից տարբեր, դեպի դարի մարդու կեցությունն ուղղորդված պոեզիա է։ Այս հատկանիշներով այն կարող է անվանվել մեդիտատիվ քնարերգություն՝ իրեն բնորոշ մտքի անսպասելի աստիճանակարգումներով, զգացմունքային աննախադեպ խորքով (օժտված մեդիտացիայի կարողություններով)։
Բանաստեղծը շարունակում է Գրիգոր Նարեկացու, Սիամանթոյի (ասել է, թե մեդիտատիվ) պոեզիայի ավանդները՝ միաժամանակ ներկայացնելով քսաներորդ դարի բանաստեղծական համապատկերում ինքնուրույն դիմագիծ։
«Եղիցի լույս» ժողովածուն ներքնորեն կապի մեջ է միջնադարյան պոեզիայի հետ։ Կապը սկսվում է վերնագրից («Եղիցի լույս»)։ Մեդիտատիվ որակումն ինքնին բնորոշ է միջնադարյան պոեզիային (ակներև դեմքը Գրիգոր Աստվածաբանն է)։ Ժողովածուին ընդհանրապես բնորոշ է հոգևոր կենտրոնացման մղումը։ Սկզբնամասում զետեղված «Նորօրյա աղոթք», «Առավոտ լուսո», «Լույս զվարթ» բանաստեղծությունները, միջնադարի «հանդերձանքի» հետ մեկտեղ, 20-րդ դարի հոգեապրումների շնորհալիական լեզվով «ընթերցումներ» են։ «Նորօրյա աղոթք»-ում առանցքայինը հավատի մաքրության, «մանուկ հավատին» վերադարձի պահանջն է։ «Մանուկ հավատը» քսաներորդ դարի մարդկային ճշմարիտ արժեքների խորհրդանիշն է։
Հատկապես «Նորօրյա աղոթքը» կրքոտ բանավեճով է հաստատում նոր ժամանակներում «մանուկ հավատի» «լիազորությունները»։ Բանավեճը քրիստոնեական գրականության առաջին ժանրն էր (ապոլոգետիկա) ընդդեմ անհավատների։ Ապոլոգետիկայի կոչումը քրիստոնեությունը մեղադրանքներից պաշտպանելն էր։ Սևակի պոեզիայում ինքնատիպ վերադարձ է ապրում ապոլոգետիկայի (քարոզչություն ընդդեմ անհավատության) ժանրը՝ ի պաշտպանություն մարդու, ճշմարիտ հավատի և արդարության։
Բանաստեղծը «Նորօրյա աղոթք»-ում մտքի ու զգացմունքի սաստկացող ելևէջներով պահանջում է «մանուկ հավատի» վերականգնում, կրքով մերկացնում կեղծ հավատացյալներին, մերժում «Անգիր, ինքնահոս, հավասարակշռված» աղոթքը: Հանձին ճշմարիտ և կեղծ հավատացյալների, Սևակը հանդես է բերում մարդուն և հակամարդուն (նրա «ապոլոգետիկան» ուղղված է հակամարդու դեմ)։ Հակամարդու մատուցած մատաղը գողացված է (երկրում սրբությունն է գողացված):
«Եղիցի լույս»-ում ներքին բանավեճ է ծավալվում սկզբից մինչև վերջ՝ միախառնած բանականն ու քնարականը։ Բանաստեղծը հանդես է գալիս որպես ճշմարտության հետախույզ։
Հեղինակը միայնակ ներկայացնում է բանավիճող երկու կողմը։ Հարցադրումն իր մեջ ունի ճշմարիտ պատասխանը։ Բանաստեղծը եթե միայն հարցադրումներ անի, մենք միանգամից ունենում ենք թիրախային պատասխանները:
Սևակյան բանաստեղծությունը ծավալվում է թեզ-հակաթեզ, մարդ-հակամարդ, լույս-խավար, հավատացյալ-անհավատ հակադրությունների առանցքով։ Պնդումներն անշրջելի են՝ քսաներորդ դարի «սեպագրին» բնորոշ։ Սևակը մարդուն քննում է թե՛ իր և թե՛ դարի ափի մեջ։ Քննության ժամանակը այս պահի ներկան է, տարածությունը՝ որտեղ կանգնած է «ես»-ը։ Ժամանակն ու տարածությունը աստիճանաբար շրջվում են դեպի մարդու ներսը. վերջինս դառնում է ինքն իր հենարանը։ Խոսքի թիրախներն ահագնանում են («Դարակեսի հիմնը», «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենաներին և ճշգրիտ սարքերին», «Դիմակների փոփոխություն հօգուտ անդիմակության» և այլն):
Յուրաքանչյուր բանաստեղծություն հոգեզննական վավերագիր է։ Բանաստեղծը բազմաթիվ թնջուկներ է քանդում. նա, իրոք, Աստծո քարտուղարի դերում է՝ կոչված նրա պատվիրանները վերստին փոխանցելու մարդկանց։ Սևակը իրենք իրենցով խարույկ վառողներին հավաքագրում է «մերպեսները» խմբի մեջ, որոնք կուռքի առջև ծունկի չեն գալիս, կարող են զրկվել գլխից, քան խոնարհվել։ Նրանք «բռունցքով են զարկում մեխի ծակող ծայրին»։
Ապա ինքը եղանակը խաղ է անում… մեր գլխի հետ («Դարակեսի հիմնը»):
Բանաստեղծն արդարության պահանջատիրությամբ դարի ընդդիմախոսն է։
Սևակյան ընդհանրացումներն առավել քան արդիական են, քանզի մարդ-հակամարդ, ինքնակամ դեպի խարույկը գնացող և մատաղ գողացող հակադրությունն ավելի է սրվում։ Բանաստեղծը պահանջում է մարդ բառին «չհագցնել» ոչ մի նեղ ածական («Խոստովանություն»)։ Հոգևոր խոր կենտրոնացման շնորհիվ սևակյան յուրաքանչյուր բանաստեղծություն վերածվում է մենախոսության։ Բանաստեղծություն-մենախոսությունները համլետյան հայտնի մենախոսության հեռավոր արձագանքն են։ Շեքսպիրի հերոսի համար ժամանակը դուրս էր սայթաքել իր շավղից։ Սևակը քսաներորդ դարն անվանում է բանական, բայց և անորոշության ցավով հիվանդ։ Նման պարագայում ևս դարն իր շավղում չէ։
«Համլետ» ողբերգության հերոսների շարքում է խեղկատակը, որի շուրթերից, թեև շրջված և աբսուրդի հասնող երանգներով, հնչում է ճշմարտությունը։ Այդ հերոսի՝ ճշմարտությունն ասելու աբսուրդային բառախաղի սկզբունքն է գործում «Եղիցի լույս»-ի «Դիմակներ» շարքում»։ Խոսուն են շարքի բանաստեղծությունների վերնագրերը՝ «Միաչքանին», «Միոտանին», «Հարբեցողը» (սա ճոճվում է անդունդի վրա. նիցշեական «նախագիծ»), «Խեղկատակը»՝ աբսուրդի երանգով ճշմարիտ պատասխաններով, «Ծաղրածուն» (առակի հնարանքների օգտագործում), «Խաղալիք սարքողը» («…որ ես չեմ կարող… Լոկ մի բան սարքել… Ինչին ճշմարտություն են կոչել աշխարհում»), «Դիմակահանդեսի գլխավորը»։ Շարքից դուրս է «Խենթը» բանաստեղծությունը, որտեղ հիշատակվում է Համլետը. «Ինչպես Համլետ արքայազնը՝ լերկ գանգի հետ»։ «Ճառագայթային ախտ»-ում բանաստեղծը «Եվ անցնող ամեն երիտասարդի հոգու խորքերում» տեսնում է «Մի ննջող Համլետ, արթուն Օթելլո…»։
Մենախոսություն-բանաստեղծություններից առանձնանում է «Խիղճը և իր մարդկային դիմակը» երկխոսություն-բանաստեղծությունը։ Թվացիկ հակադրությամբ հանդես են գալիս «ես»-ը և «խիղճ»-ը։ Բանավեճը սկսում է «ես»-ը.
Ես ժամանակի սերմն ու ծնունդն եմ,//Զավակն օրերի,//Իսկ դու շարունակ քարոզ ես կարդում,//Աստվածաշնչյան հինավուրց քարոզ…
Խիղճն իր հերթին բնութագրում է «ես»-ին.
Դու, եթե կուզես, պատանդն ես նրա՜նց՝//Ինձանից զրկված ու զերծվածների…
Փոխադարձ մեղադրանքներն, ըստ էության, հանգում են խղճի պաշտպանությանը։ Մի կողմում խիղճն է՝ մարդկային հոգու հայելային արտացոլանքը, մյուսում՝ մարդը։ Երկատումը սակայն միայն պատրանք է։ Երկխոսությունը ներքին մենախոսություն է, թեև ճշմարտությունը կարդացվում է «ձայնիվ առաջին» և «ձայնիվ երկրորդ»։
«Եղիցի լույս»-ում մարդը ներկայացված է հեղինակի վերին տեսողությամբ «խմբագրված» ու անթերի «սրբագրված»։ Այդ մարդուն անհանգստացնում է դարի անորոշությունը (կրկին համլետյան բարդույթ)։ Դարը բանական է, սակայն «անորոշության ցավով» է «հիվանդ»։
– Կա մի վիթխարի անորոշությո՜ւն…
Դարի անորոշության սարսափը կլանել է բանաստեղծին, որից նա հանգիստ չունի, քանզի ինքը Աստծո քարտուղարի պատասխանատվությունն է կրում։ Բանաստեղծը միայնակ կանգնած է երկրի ճակատագրի անորոշության առջև։
«Մերպեսների» աշխարհ գալու նպատակը, ըստ «Անորոշություն» բանաստեղծության, այն է, «Որ իրենց կյանքով ցույց տան ինչ չանել»։ Սա «պարականոն» կյանքի իմաստի ձևակերպումն է, որի բարձրակետը մենք տեսանք «Դարակեսի հիմնը» բանաստեղծության մեջ.
Հիմա պիտի խարույկ վառենք մենք ինքներս,//Խարույկ՝ մեզնով։
«Խարույկ՝ մեզնով» վճռով և ընդհանուր «Եղիցի լույս»-ի հավաքական «բանքով» Սևակը մտնում է պոեզիայի Հրո հրվանդանը։
Սևակի պոեզիան զգայուն ջերմաչափի նման ցույց է տալիս երկրի հիվանդությունը։ Արևածագը «աշխարհը» ներկում է «ծաղր ու ծանակով» («Ամպոտ եղանակ»)։ Սևակյան պոեզիային է բաժին ընկել չափելու «Զսպանակաձև թախծի… մոտավոր երկարությունը…»։
Հեղինակի չափածոն իրավունք ունի ներկայանալու որպես հոգեբանական ամենամեծ «լաբորատոր» ստուգումների արդյունք։ Հոգեբանական ստուգումներն ու սեփական սրտագրությունը առավել բնորոշ են սևակյան սիրերգությանը (ժամանակին սիրերգությունը փոխարինված էր սիրո գովասանքով)։ Նա այս ասպարեզում ևս «հետազոտող» է՝ «ճառագայթային ախտ»-ով (արարիչ կրակով) վարակված։ Բանաստեղծին գրավում է «Երգ երգոցի» սիրո բնականությունը, լույս ու ջերմություն ունեցող սիրո բառ-պատկերների շողարձակող «անբնականությունը»։ Սիրո բաղձանքն արտահայտող «եղիցի»-ն Սևակի սիրերգության մեջ փոխարինված է «և եղև»-ով։
Մենք տեսնում ենք սիրո ապրումների կենդանի հետագիծը։ Բանաստեղծը չի վստահում օրացույցի հաջորդ թերթիկին։ Նա սիրերգությունից թոթափում է հոգնությունն ու տեղապտույտը, վերականգնում նախալեզվի արմատների ավիշը, սիրերգությունը զրկում է պայմանական գունավորումից, խոսում գծանկարի լեզվով։ Ներկա ապրումները դրամատիկ են, անգամ վայելքի բանաստեղծություններում (ի հաշիվ հոգու «եղանակային սուր փոփոխությունների»):
Սիրուհուն խոսք է ուղղում ժամանակի սակավության գիտակցումով։ «Նամակ» չի գրում, հանդիպման պահին կարդում է չգրածը։ Նա հնչեցնում է իր ներսի ձայնագրությունը։
Մենախոսություններում միշտ անկեղծ է բանաստեղծը. «ես»-ի և «դու»-ի միջև խինդի և ցավի հավասար բաժանում է կատարում։ Բանաստեղծություն-մենախոսությունները առավելապես հանդիպումների «արձանագրություններ» են՝ սիրուց «գանձանակի փոխված մարդու կողմից։
Եվ օրն իմ այսօր այնքան է լեցուն,//Որ եթե նույնիսկ ինձ գետին զարկեն,//Ես կփշրվեմ իբրև գանձանակ… («Բարի օր»):
Ինչպես նշել ենք, բանաստեղծը հրաժարվում է նամակայնությունից՝ հիմնական դարձնելով ներողամիտ հանդիմանություններով և «գանձանակի» փոխված մարդու խրախույսներով լեցուն դիմումները։ Ուռկանվում են թե՛ ցավի և թե՛ երջանիկ պահերը (ոչ թե նորից, այլ՝ կրկին)։ Սիրո ապրումները «սղագրվում» են «հենց տեղն ու տեղը»։ Թարմ է սիրո ապրումների դրոշմը։ Բանաստեղծությունն ավարտվում է հոգեբանական բարձրակետում։ Այս կետում էլ մնում է զգացմունքը՝ փորձության վերին նիշով։
Սիրո մեջ «ես»-«դու»-ի սահմաններն անհաստատ են, թեև «դու»-ն հիմնականում մնում է իր սահմանում։
Անչափ հարուստ է սիրո «բարձրագույն մաթեմատիկական դասընթացը» («Ինձնից, թե քեզնից», «Գարնան վտանգավոր հոտը», «Ձիթապտղի ծառը», «Անքնության դեղատոմս», «Բողոքարկման հույսը» և այլն)։
«Մաթեմատիկական անլուծելի խնդիրները» թողնվում են «դու»-ին՝ բազմատեսակ լուծումների փորձից հետո։ Սակայն սիրո հասակի չափումն ինքն է կատարում.
Նա ծնվել է ինձնից առաջ… // Բայց և ինձնից շատ ավելի կրտսեր է նա… («Ինձնից, թե քեզնից»):
«Եղիցի լույս» ժողովածուն իր բանական չափումներով մարդուն ներկայացնող Մատյան է, որը պահպանում է հեղինակի ձեռագրային թարմությունը։ Այն աչքի ընկավ նաև բանարվեստային նոր շրջափուլով՝ իր «ապականոնիկ» հատկանիշով (մինչդեռ գործում էին «սրբադասված» կանոններ)։ Սևակը բանաստեղծություն բերեց լեզվական ճկուն հյուսվածքներ՝ հրաժարվելով «գանգրահեր» բառերից ու կապակցություններից, հայոց լեզվին տվեց սովորական հանդերձանքով բանաստեղծական հարթակ դուրս գալու նոր հնարավորություն։ Նա բրիչով տաշեց ծանր մակդիրները, արյուն ներարկեց «հետնաբեմում» ապաստանած պրոզայիզմին։
Ինչպես մտքերի, այնպես էլ բանարվեստի ասպարեզում հեղինակը կտրուկ դիմադրողականություն հանդես բերեց իներցիոն երևույթներին։ Նա Կանոնը փոխեց անկանոնի և անկանոնությունը՝ Կանոնի։ Բանաստեղծությունը ստացավ թթվածնի առավել մեծ բաժին, քան թույլատրված էր գաղափարախոսների կողմից։ Որոշակի պրոզայիզմը բանաստեղծությանը հնարավորություն տվեց «հրդեհվել քարածխի պես»։
Սևակյան պատկերավոր մտածողությունը նոր որակ հաղորդեց քսաներորդ դարի հայ բանաստեղծությանը։
Բազմաթիվ են անսովոր համեմատություններն ու փոխաբերությունները.
…Հոգիս ոստան ու տնքացող աթոռանիստ…
…Ձորակն ասես լինի մի նեղ թանաքաման…
Ահա զուտ սևակյան մտածողությանը բնորոշ փոխաբերություններ.
Ծխախոտն է մեջս հազում…
Ոմանք ջութակի կամ դաշնամուրի բռնի օգնությամբ//Պարան են հյուսում անհայտ ձայներից…
…Ոմանք գույներից նոր կյանք են ձևում,// Որ մարդկանց աչքը ողջ կյանքում հագնի։
Աչքի են ընկնում պարադոքսալ հնչող հակաթեզ հանդիսացող կապակցությունները (օքսիմորոն). անմեղ մեղքով, շրշյունով զրնգացնի, դավաճան երազ, կակազող լույսեր, ածխացած սպասում, սրաժանիք թախիծ, լալիս են ուրախ և այլն։
Հաճախադեպ են բառերի, կիսատողերի և տողերի կրկնությունները՝ սաստկական իմաստով.
Բողոքում էր նաև,//Բողոքում էր նույնպես,//Բողոքում էր նույնիսկ… հորիզոնը։ («Բարով տեսանք»)
Պիտի գնաս…//Պիտի գնաս,//Որ ածխացած սպասումը//Բոլորագիծ քաշի իմ շուրջ… («Ցտեսություն»):
Ոճական ուրույն նշանակություն ունեն հոմանիշների կուտակումները.
Իր մենության համար,//Մենակության համար,//Միայնությա՜ն… («Բարով տեսանք»):
«Եղիցի լույս»-ում լայն կիրառություն ունեն ներքին հանգերը։
Միջահատված-զատված խեղճ սիրազույգերի և սիրազուրկների ափի վրա… («Բարով տեսանք»):
«Միջահատված-զատված»-ը կիրառություն ունի մեկ այլ՝ «Կակազող լույսերը» բանաստեղծության մեջ.
Միջահատված-զատված գանգի ուղեղի պես…
Բանաստեղծն օգտագործում է հնչմամբ չափազանց մոտ բառեր, ստեղծելով հնչյունախաղ, ինչպես, օրինակ՝ «Պատրանքի պատանքը», «Խեղճ ու անխիղճ իմ սիրելի»։
Որպես ընդհանրացնող հատկանիշ՝ հարկ է նշել «Եղիցի լույս»-ի պարադոքսային մտածողությունը (ժխտող կարողությամբ անվերապահ ճշմարիտի տպավորություն գործող)։ Բերենք այս օրինակը.
Փչեցեք նրանց բոլոր մոմերը,//Մարեցեք նրանց կանթեղներն ամեն,//Հանգցրեք նրանց ջահերն այլազան,//Որ… եղիցի լո՜ւյս։ («Նորօրյա աղոթք»):
Պարադոքսի հիմքում համակցության մեջ գտնվող իրար հակասող մտքեր են։
Եվ լուսաբացն է մոտենում դանդաղորեն//Իբրև հսկիչ մի Լուսարար՝//Մարելով ու հանգցնելով//Ամեն տեսակ լապտեր ու լամպ։
Անսպասելին ու տարօրինակն այն է, որ Լուսարարը մարում ու հանգցնում է «Ամեն տեսակ լապտեր ու լամպ»։
Տիրոջից Խավարի համար թողություն է խնդրում՝ նրա թողնել-հեռանալու պայմանով.
Թողություն տուր, Տեր, ծանր Խավարին,//Միայն թե թող նա թողնի հեռանա… («Ձայնիվ երկրորդ առ Տեր կարդամ»):
Այս տողերում պարադոքսը կառուցված է հեգնանքի վրա։ Սևակյան բանարվեստը ինքնատիպ ու անկրկնելի է։
«Եղիցի լույս»-ով նա շունչ էր հավաքում վազքուղում։
Իր աներեր ճշմարտասիրությամբ բանաստեղծը վաստակել էր հասարակական կարծիքի հսկիչի դեր։
Նա ուղիղ էր նայում իր ճակատագրին.
Մեր երկտողանոց ճակատագիրը մնում է դարձյալ//Անընթեռնելի և անմեկնելի… («Կայանալիք զբոսանք»):
Իր պոեզիայով Սևակը հայ դասականության սահմանապահն էր։ Վկան եղեռնի թեմայով նրա երկու պոեմներն են, որոնք հայ ոգու անլռելի զանգակատունն են։ Լինելով դասականի սահմանապահը, միաժամանակ նա նորարարության դասականացնողն էր։
1. «Գրական հանրագիտարանային
բառարան», Մ., 1987թ., էջ 214։
ԴԱՍԱԿԱՆԻ ՆՈՐԱՑՈՒՄԸ ԵՎ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՆԱՑՈՒՄԸ / Նորայր ՂԱԶԱՐՅԱՆ
![](https://www.grakantert.am/wp-content/uploads/2024/09/norayr-ghazaryan.gif)