ԿԱՐԱ-ԴԱՐՎԻՇ / ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ

ՍԵՐԳԵՅ ԵՍԵՆԻՆ2015 թ. հոկտեմբերի 3-ին լրացավ
Սերգեյ Եսենինի ծննդյան 120-ամյակը:
Դեկտեմբերի 28-ին լրացավ նրա մահվան 90-ամյակը:
Հրատարակում ենք նրան անձամբ ճանաչած հայ ապագայապաշտ բանաստեղծ Կարա-Դարվիշի (Հակոբ Գենջյան)՝ Եսենինի մահվան առթիվ հրատարակված
հոդվածը, տպագրված ,Խորհրդային Հայաստան»
թերթում (1926, հունվարի 1):

Դեկտեմբերի 28-ին Լենինգրադում անձնասպան եղավ Սերգեյ Եսենինը:
Նա շատ երիտասարդ էր, լի գրելու, աշխատելու տենչով:
Սերգեյ Եսենինը գյուղի պոետ էր, նա եկավ հին, ռեակցիոն գյուղից, և ինչպես Ա. Բլոկն է ասում, ,Սերգեյ Եսենինն անցավ ,աղքատ Ռուսաստանի» մոտով, սիրեց նրան»…
Եսենինը ծնվեց գյուղում, և նա չէր կարող չտեսնել ինչպես աղքատության, կեղտի և սովի մեջ տառապում, դեգերում էր գյուղը, և գրում է. ,Բախտի ուրիշ ժպիտով գնում եմ ուրիշ եզերքներ»:
Ռուս գյուղի աղքատությունից նա ընդունեց միայն ուրախ, լուսավոր կողմերը:
,Ես ծնվեցի երգերով արոտի», գրում է նա:
Երբ հեղափոխությունը եկավ և փոթորկի նման անցավ Եսենինի գյուղի վրայով, և նա հետ չհրեց նրան, հետ չմղեց նրան:
Նրան գրավեցին, հափշտակեցին հեղափոխության արիացնող ուժերը, նրա ուրախ նորոգությունը:
Հեղափոխությունը Սերգեյ Եսենինը դիմավորեց ,երգի ղողանջներով»:
Ծնված լինելով ,մուժիկի մսուրում»՝ նա զգաց նոր առավոտը, նա տեսավ սարի մյուս կողմը նոր լույս, ,կարմիր նժույգ», որն աշխարհը դուրս է բերելու նոր ճանապարհ:
Եվ հասկանալի է, որ Սերգեյ Եսենինի պոեզիայի մեջ այնուհետ երևան են գալիս նոր նոտեր, որոնց նմանը չէր հնչում հին Եսենինի պոեզիայի մեջ:
Սակայն հենց այստեղից սկսվում է նրա հոգու դրաման: Հնից չբաժանվելով վերջնականապես, ուր խորն էին դեռ նրա արմատները, նա և նորի մեջ չգտավ իր հոգին ամբողջովին, հենց դրա համար էլ նա ասում էր՝ ,ես նոր մարդ եմ»:
,Ի՞նչ ծածկեմ,
Մնացի անցյալում մի ոտով…»:
Եվ ահա մի ոտով խրվելով հնի մեջ, իսկ մյուսով ,ձգտելով հասնել պողպատե բանակին», նա ,սահում է և ընկնում մյուսով»:
Եվ այդ երկու հակադիր ճանապարհներն անդադար նրան քաշում, գրավում, տանում էին հնի և նորի ղողանջների հետևից:
Այդ ծանր դրաման էլ նրան բերեց, հասցրեց ինքնասպանության պարանին, որի վրա և վախճան գտան նրա սրտի բոլոր հույզերը:
Ես նրան գիտեի, ճանաչում էի:
Անցյալ ամառ նա Թիֆլիսումն էր, հաճախ ես լինում էի նրա մոտ: Նա խմում էր, ինչպես ,ռուս մուժիկը» և խեղդում իր վիշտը:
Եվ խմած ժամանակ բռունցքը սեղմելով և կուրծքին խփելով գնում էր ամենքի և ամեն ինչի դեմ, չխնայելով անգամ իրեն:
Երբ ես ասում էի. ,Սերգեյ Ալեքսանդրովիչ, ինչո՞ւ եք այդքան խմում, օղին վնասում է ձեզ»:
-Ոչինչ, իմ հայրս խմում էր, պապս խմում էր և ապրեց 90 տարի, ես մուժիկ եմ, կտանեմ, տես թևիս մուսկուլները:
Ես շոշափում էի նրա մուսկուլները, սակայն, ավա՜ղ, նրանք արդեն թուլացել, խմոր էին դարձել:
,Վոդկան» իր գործը կատարել էր:
Չխմած ժամանակ նա սքանչելի մարդ էր՝ նուրբ հոգով, ջենտլմեն և գեղեցիկ ,շեկ ռուս պարոն», սակայն հարբած ժամանակն իսկական ,պիանիցա, մուժիկ»:
Հայհոյանքը նրա պոեզիան էր այդ ժամանակ:
Սակայն և այդ խմած, փրփրած ժամանակ ևս ուզում էիր նրան գրկել, համբուրել, գուրգուրալ, որովհետև այդ անդուր վիճակում անգամ նա հիշեցնում էր բունտար, հեղափոխական ,պանտալիկան» կորցրած ռուս մարդուն, որը մեզ բերեց հասցրեց Մեծ Հոկտեմբերին…
Հանգի՜ստ ոսկորներիդ, սիրելի պոետ…
Հրապարակումը`
Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։