ՕՐՎԱ ՀԵՐՈՍԸ / ՆԱՆԵ

Դժվար է ասել, թե լուրը ո՞վ, ո՞նց էր գյուղ հասցրել, ո՞վ էր առաջինը ափիբերան քարացել, «Մեղա քեզ, Տեր, էս ինչ զուլում էր» ասել: Կարևորն այն է, որ չլինելիք բան էր եղել, ու Միսակը (բանից անտեղյակ Մելանին որպես ընտանիքին մոտ կանգնած ու ներվերը քիչ թե շատ պինդ մարդ՝ լուրը հասցնելու համար Միսակն էր ընտրվել), ինքն իրեն ասես հրելով, հազիվ ոտք էր դրել Մելանի տան շեմից ներս և նախապես ձևակերպած, ճանապարհին մի քանի անգամ կրկնած ասելիքը մոռացած, շփոթված՝ հառվել հացամանը ձեռքին դեպի իրեն շրջված կնոջը:
– Միսա՞կ, ներս արի, ի՞նչ ես կանգնել-մնացել,- տան կողքի հարևանի գալուց բոլորովին էլ չզարմացած Մելանը (մի տան պես էին, Միսակի կնոջ՝ Շողերի հետ քրոջից էլ մտերիմ էր) ազատ ձեռքով դեպի ներս հրավերի շարժում անելով,- ներս արի, հեսա Վազգենս ընկերոջ հետ կգա,- և հացամանը տեղավորել էր երկայն սեղանի հենց կենտրոնում… աչքերն էլ՝ ժպտուն-ժպտո՜ւն, սիրտը՝ ուրախ-ուրա՜խ:
Միսակը միտն էր բերել դժվար ձևակերպած, մի քանի անգամ կրկնած ու ճանապարհին մոռացածը.
– Մելան,- սկսել էր կմկմալով…
– Շողերն ի՞նչ բանի ա,- վրա էր տվել աշխույժ կինը,- քեզ պատմե՞ց, թե ինչ օյին էր բերել Հայկը գլխին…- ու քրքիջը գլուխն էր գցել:
– Մելան,- նորից սկսել էր հարևանը,- ուզում եմ ասել…
Բայց Մելանը նորից էր ընդհատել նրան.
– Վայ, ո՞նց չգիտես, էնքան ենք ծիծաղել: Էդ մենակ քո տղան կարող էր անել. հո չե՜նք ծիծաղել:
Միսակը նորից ողջ քաջությունը հավաքել էր.
– Շողերին չթողի գալ, իր ասելու բանը չի, ես պիտի ասեմ…
Մելանը մի լավ քրքջացել էր.
– Վազգենս էս մի քննությունն էլ շատ լավ է հանձնել. քիչ առաջ զանգեց: Ասի՝ մինչև իր գալը ձեն տամ Շողերին, սուրճ խմենք, բայց…
«Քիչ առաջը» Միսակի թմրած ուղեղին չէր հասել, նորից փորձել էր կմկմալով խոսքն առաջ տանել ու մեկ էլ… թափ տալով ձեռքը՝ խորը հոգոց էր հանել և ոնց մտել էր, այդպես էլ շրջվել էր ու դուռը ծածկել իր ետևից. «Էդ իմ ասելու բանը չի, ով ուզում է՝ ասի. ես չկամ էդ գործում»,- ինքն իրեն մրմնջալով:
Տղամարդիկ խմբված՝ քիչ հեռվում սպասում էին նրան.
– Հը՞,- գրեթե համախումբ սևեռվեցին Միսակին:
– Չէ, ախպեր, դուք ասեք, խեղճը սեղան էր գցում, ո՞նց ասեի,- խեղճացած վերջացրեց:
Կանանց չէին թողել խառնվել. կանայք միանգամից կասեին, լացուկոծով կասեին, ճիշտ չէր լինի: Հարցը շատ էր դժվար, շատ էր նուրբ ու հաստա՛տ, գործը տղամարդու գործ էր: Մելանը տղամարդ կին էր, ու դա տղամարդու գործ էր:
Աշոտն առաջ եկավ.
– Ե՛ս կգնամ:
Շատ չսպասեցին՝ մի երկու րոպեից ետ եկավ:
– Էնքան էլ ուրախ ա, բերանս չբռնեց՝ բան ասեմ, չկարողացա,- գլուխն օրորեց ու լռեց:
– Գործ չունենք, գնանք, մեկնումեկը վերջը կասի,- որոշեցին խմբով ու քայլեցին դեպի գյուղամեջ:
Լուրը տնից տուն էր անցնում, բերնեբերան, ականջից ականջ: Մեկը ծնկներին էր տալիս. «Վայ, քոռանամ ես», մյուսը «Յա՞» ձգում ու վազ տալիս լսածը մի ուրիշի պատմելու:
Սիրող-չսիրող, ուզող-չուզող, սրտանց թե ոչ այնքան, միասիրտ սուգ կապեցին: Մելանի մինուճար Վազգենը ջահելների մեջ միշտ էր առանձնանում՝ խելացի, հարգանքով, կարգին տղա էր. իրավաբանականի վերջին կուրսում էր արդեն: Եվ ամուսնուն վաղուց Ռուսաստանի սիրառատ կանանց գրկում կորցրած Մելանը հեշտ չէր որդուն այդ դաստիարակությունը տվել, կրթության տեր դարձրել: Տարեցտարի գյուղացիների հարգանքն ավելի էր աճում, համարյա ակնածանքի էր հասել՝ ապագայով Մելանի, ապագայով Վազգենի նկատմամբ:
Բայց մայիսյան՝ բնավ էլ ոչ ամպոտ օրվա մեջ, գյուղն ամպոտվեց, կծկվեց… Վազգենը չկաաա՜… Րոպեների մեջ ոչ ապագա էր մնացել, ոչ էլ…
Վազգենը չկա՛… Վթարված մեքենան ճանաչող էր եղել, վարորդը մահացել էր: Մելանը տղային ի՜նչ օրով էր մեքենայի տեր դարձրել, միայն ինքը գիտեր…
– Ե՛ս գնամ,- ի վերջո իրեն երկար սրտապնդելով՝ ասել էր Ռոմիկը,- էդ կինը, ի վերջո, պիտի իմանա՞, թե՞ չէ…
Դուռը թակել էր ու գլուխը ներս խցկել.
– Մելա՞ն…
– Ի՞նչ կա,- հարցրել էր Մելանը:
– Հեչ… ես ասի… էն որ,- անկապ մրմնջացել էր,- հեչ, բան չկա,- ու իրեն դուրս էր գցել:

Գյուղամիջում տղամարդիկ նորից էին գցել-բռնել. «Խմբով գնանք, ճիշտն էդ կլինի, համ էլ խմբով հեշտ է»,- եզրահանգել էին ի վերջո:
Բայց ճամփին Վանոն էր հանդիպել՝ շփոթված, քթի տակ քրթմնջալով, արագ քայլելուց, ասես ինչ-որ տեղից գլխապատառ փախչում էր, ոտքերը փաթ-փաթ գցելով.
– Մելանը գժվել ա,- ասել էր,- ինքն իրեն երգում ա, ինքն իրեն ծիծաղում, խեղճ կին,- ասել էր ու արագ-արագ անցել-գնացել՝ տղամարդկանց թողնելով շվար-շվար:
– Այ քեզ բան, միայն դա էր պակաս…
Ու ողջ գյուղը՝ ծեգից արդեն սգավոր գյուղը սկսել էր հիմա էլ Մելանի խելագարության լուրը բերնեբերան, ականջից ականջ տանել-բերել: Այդպես դաշտամիջում, գյուղամիջում, այգիներում կյանքի դառը երակին դեմ առած մարդիկ ախուվախի արանքներում երբեմն էլ խելոք-խելոք մտքեր էին իրար հանգուցում. մահվան հոգի շանթող ու պաղեցնող ներկայությունից անգամ մի քիչ ծալը պակաս Ղուկասն էր փիլիսոփա դարձել… Կյանքի ունայնությունից, փուչ ու դատարկ լինելուց էին խոսում, մի խոսքով, ամեն օր չխոսացած բաներից…
– Էս է կյանքը, էս անիմաստությունը՝ մարդը կար ու րոպեի մեջ չկա…
– Իմաստը ո՞րն է, որ իրար տակ քանդելով, իրար կոկորդ կրծելով՝ դիզում են ու դիզում. էս չի՞ վերջը…
Հետո ոնց պտտվեին, անպայման Նրա՜ փեշերին էին հասնում, վախեցած վեր, դեպի երկինք նայում ու վախից սրտադող էր բռնում.
– Սաղիս վերջն էդ ա, Իր Ահեղ Դատաստանը…
Մահվան այնքան մոտ ներկայությունը ամենօրյա, թեթև քամիները, հարդը ուղեղներից հանել ու մի քիչ բոլորին Երկնքին էր մոտեցրել… Եվ տագնապը բոլորի մեջ էր վերուվարում: Մի ամսում, անգամ տարում այդքան խաչակնքված չկային, որքան այդ օրը խաչակնքվեցին.
– Մեռնեմ Իրա զորությանը:
– Հա, բայց էդ բա՞ն էր, որ արեց:
– Դու սուս, քո մեջ հեթանոս պապիդ արյունը կա, դու սո՛ւս:
– Աստծո գործերը անքննելի են,- լուրջ եզրահանգում էր մեկ ուրիշը:

Իսկ կողքի փողոցի տներից մեկում մի բարալիկ, նրբիկ աղջիկ էր նվաղում, դալկանում, մի կերպ ուշքի էին բերում, նորից էր թուլանում ու ընկնում մոր թևերին: Վազգենի թաքուն-անթաքույց սիրած աղջիկն էր, որ դեռ նոր էր կյանքի գլխապտույտ առաջացնող թրթիռները ճանաչել, իրեն աշխարհի երջանիկը զգացել ու հիմա պահերի մեջ հասկացածին դիմանալու համար շատ էր փխրուն, չթրծված, նազուկ:
Մարդիկ տներում, դրսում խումբ-խումբ իրարու եկած փորձում էին դաժան իրականության հետ մենակ չմնալ.
– Գեշ օր է, էս ի՞նչ գեշ օր է:
– Էս տարին գյուղի վրա գալովի է. Սահակի զինվոր տղան էն օրը չէ՞ր, որ… Համասփյուռի Արտակը… Էհ, ո՞րն ասեմ:
– Նշա՛նը…
– Հա, Նշանը…
Բայց օրը հեչ էլ գեշ չէր. արևը, մի երկու ամպի վրա սեթևեթ ծամը փռելով, ծույլ-ծույլ քունն առել էր մինչև վերջ ու հիմա լույս է, որ շաղում էր դաշտերի, փողոցների, այգիների, տանիքների ու իր հավեսը չունեցող գյուղացիների վրա:

Մելանը իր եփած-թափածը տեղը տեղին, ճաշակով դասավորել էր սեղանին ու քթի տակ երգելով՝ տան մաքրության վերջին կիսատ-պռատն էր շտկում-լրացնում՝ աչքը տղայի գալուն, պատուհանից չկտրելով:
– Էս գյուղացիք էսօր ի՞նչ են լսել,- քրթմնջում էր անցնող-դարձողի շատությունից զարմացած և չնկատելով նրանց՝ իր տան կողմը գցված զգուշավոր, ծուռ հայացքները:
Այդպես ժամեր շարունակ ողջ գյուղը բանից անտեղյակ Մելանի ողբերգությունն էր ապրում.
– Հասո տատի համար Շտապ կանչեցին, էնքան էր լացել, սիրտը վատացել էր:
– Գիտես ե՞ս եմ լավ…
Ու միայն Մելանն էր վայելում արևաշող օրը իր ողջ հմայքով…

Մեկ էլ Սահակի հեռախոսը ծլնգոցը գլուխը գցեց.
– Տղաս է,- տեղեկացրեց կողքինին խոսելուց առաջ,- հա, տղա ջան, հա՛, հաաա՞՞՞… ո՞նց, էդ ոո՞նց…
Երբ անջատեց հեռախոսը, դեմքն ավելի սփրթնած էր, քան երբ առավոտյան այդ չար լուրն առավ.
– Վազգենըըը,- քրթմնջաց…
– Վազգե՞նը, Վազգենը ի՞նչ,- անհամբեր վրա տվեցին ամեն կողմից:
– Վազգենին բան չի եղել,- կմկմաց՝ խոսքին չհավատալով ու ծամծմելով,- մեքենան ընկերն է քշելիս եղել, ինքը տղայիս հետ երթուղայինով գալիս է:
– Իիի՞նչ…
– Յաաա՞՞….
Ու նորից բերնեբերան, ականջից ականջ… և շուտով մարդ չկար, որ նոր լուրը լսած չլիներ, Մելանից բացի:
Սիրող-չսիրող, ուզող-չուզող, սրտանց թե ոչ այնքան, թեթևացած շունչ քաշեցին: Նոր միայն որը իր հանդում թողած անասունը հիշեց, որն իր այգում կիսատ թողած գործը:
– էհ, աշխարհ, աշխարհ…
Ու այս անգամ արդեն նախկին ակնածանքով աչքները սահեցնելով Մելանի տան պատերով՝ անցան իրենց բանուգործին:
Եվ միայն Մելանը այդպես էլ անմասն մնաց գյուղի և գյուղացիների դարդ ու ցավից, ախուվախից, սուգ ու արցունքից, խելոք մտքերից, ուրախանալ-թեթևանալուց, իր՝ այդ օրվա հերոսը լինելու փաստից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։