ՍԿԻԶԲԸ
Ես այստեղ էի,
Երբ ջրհեղեղից վեր էր մնացել
Միայն գագաթը Արարատ լեռան…
Երբ գոյության շյուղ փնտրելու համար
Օդում թևում էր մեն-մի աղավնի…
Ես այստեղ էի, երբ Նոյն ալեհեր
Քառասուն շաբաթ փրկությունը իր
Գտնելով հրաշք այդ լեռան վրա,
Իջավ ու քայլեց
Դեպի արևոտ աշխարհը Հայոց…
Ու եթե ճիշտ է աստվածաշնչյան
Առեղծվածը այս,
Ապա գուցե նա ծոռան ծոռն է հենց
Իմ այն նախահոր,
Որ բերանացի գիտեր մեկ առ մեկ
Կյանքի բազմանուն արհավիրքներին
Ընդդիմանալու դասերն անմեկին…
Ես այստեղ էի ու դեռ կլինեմ,
Որքան արևն ու վառ ծիրանագույն
Երկնակամարն այս
Լույս կճառագեն իմ Մասիսների
Գլխավերևում…
ԿԻՍՎԱԾ ՀԱՅՐԵՆԻՔ
Կիսալուսնի տերևն էլի երևաց,
Ո՞ւր թողեց նա կեսն իր…
Գիտեմ, թե գրքերում ինչ է գրված
Նրա չերևացող կեսի մասին:
Բայց ես կասեմ, որ նա
Իր այդ կեսով
Իր ցավերն է հնձել
Գոյամարտում ահեղ…
Հոսող մթության մեջ,
Կիսալուսնի տեսքով,
Երևում է միայն իմ կես դեմքը:
Իսկ թե քանի օրեր
Ու տարիներ հետո
Դուք կտեսնեք դեմքն իմ ամբողջովին,
Այդ մասին չի գրված ոչ մի գրքում:
Կիսալուսինն, ինչպես կեռ յաթաղան,
Թեև առել է թուրքն իր դրոշին,
Բայց այն Արևելյան Հայաստանն է,
Կեսն էլ քողի տակ է սև մշուշի:
Կիսալուսնի նման
Ամպի տակ է կեսն իմ հայրենիքի…
Որին ի զորու է փրկել միայն
Արթուն խիղճը Երկիր մոլորակի:
ԱՊՐԻԼ – 24
Իմ վերքն ասես մամո՛ւռ լինի մաշկիս վրա,
Եվ արցունքս թեպետ ծնված օրից
Լվանում է մարմնիս սպիները բոլոր,
Բայց թե նրանք կանաչ մամուռների նման
Պահպանում են իրենց ցավի դառնությունը:
Ժամանակի աչքը՝ անթարթ ու հեռատես,
Անտեսում է հաճախ կսկիծն իմ վերքերի:
Եվ դնում են այսօր բժիշկները էլի
Իմ վերքերին անթիվ բալասաններ,
Որ ինչ-որ չափ մեղմեն
Ցավն իմ անբուժելի:
Եվ չգիտեն, սակայն,
Եվ չգիտեն նրանք,
Որ հարվածել է ինձ իմ թշնամին այնժամ,
Երբ մի շաբաթ հետո պիտի լիներ մայիս,
Եվ դրանից է, որ ամեն գարնան այսպես
Մամուռի պես կանաչում են սպիներս…
ՄՈՒՏՔ
Թեկուզ խաղաղ է իմ սիրտը վաղուց,
Բայց ես քնած ու արթմնի պահին
Հաճախ եմ ցավի ցնցումով հիշում
Այն օրը, որը նեղության օր էր,
Տառապանքի ու բարկության օր էր,
Մենակության ու կործանման օր էր,
Աղաղակի ու փախուստի օր էր,
Մոլորումի ու խավարի օր էր,
Անօգնության ու սարսափի օր էր,
Հուսահատության ու թախծի օր էր,
Խելագարության ու քաղցի օր էր
Եվ համատարած ողբերգության օր՝
Աշխարհասփյուռ իմ ազգի համար…
ԴԵՐ – ԶՈՐ
Ես կանգնեցի մի օր
Անապատի առաջ
Ու ցանկացա գերվել
Անծայրությամբ նրա…
Սակայն քամիները
Օձի նախանձությամբ
Եկան ու ասացին.
– Չքվի՛ր դու այստեղից,
Քանի չի արթնացել
Հայրը մեր բարբարոս…
Բայց ես բազմակնճիռ
Քարաժայռի նման
Կանգնեցի անողոք
Սամումների առաջ,
Մրրիկների առաջ
Ու հողմերի առաջ
Եվ ասացի, որ ես
Չե՛մ հեռանա երբեք,
Որ խենթի պես որքան
Կուզեք կաղկանձեցեք.
Իմն է անապատն իր
Կորուստներով բոլոր…
ԼՔՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր հայրենիքը անթիկունք մնաց
Գայլ ու գիշատիչ ազգերի միջև:
Մեր վահագնածին ծագումի վրա
Ասես բոթաբեր ամպրոպ էր իջել:
Օսմանաց ուժին չդիմանալով՝
Մենք ջլատվեցինք կենաց մարտի մեջ,
Մինչ վայրագ ցեղերն, իրար ձայն տալով,
Շուրջկալում էին մեր երկիրն անվերջ:
Ենիչերին իր տարերքի մեջ էր.
Կատաղած շան պես սոսկալի էր նա:
Ուզում էր նա մեզ գլխովին ջնջել,
Որ մեր հինավուրց երկրին տիրանա:
Ոչ մի ժողովուրդ չեղավ մեզ հենակ,
Թեև տեսան՝ մենք ինչքան զոհ տվինք:
Դեռ ազգն իմ այդքան չէր եղել մենակ,
Որքան մեր դարի տասնհինգ թվին:
ԴԱՐՁԻ ԿԱՆՉ
Օ՜, տարաբա՛խտ իմ հայեր,
Էլ չդնեք ախուվախ.–
Ղարաբաղի՞ց եք փախել,
Վերադարձեք դուք Արցախ։
Քանի՞ անգամ այս դարում
Մենք մեր տունը լքեցինք։
Բայց էլի չենք դադարում
Բռնել գաղթի ճամփան ձիգ։
Քանի՞ անգամ առնենք-տանք,
Քանի՞ անգամ տանք-առնենք։
Հայրենիքը ցուրտ կամ տաք
Հյուրանոց չէ, որ լքենք…
Չէ՞ որ ցավով այն տալիս,
Բայց արյունով ետ կառնենք։
Ինչքա՞ն պիտի տանջալից
Նույն սխալները կրկնենք։
Մարդն իր հողում թե չապրի,
Սերունդ չտա իր տան մեջ,
Էլ միտք ունի՞, որ չարին
Մեղադրի նա անվերջ։
Էլ միտք ունի՞ աղմկել
Այս գիշատիչ աշխարհում,
Թե՝ տեսեք, բիրտն այս ելել
Կհոշոտի մեզ հում-հում…
Պե՞տք է, որ մենք և գյուղում
Ճոխ տունուտեղ ունենանք,
Եվ դղյակներ քաղաքում՝
Ագահությամբ աչքածակ։
Թուրքն իր միակ ծածկի տակ
Տասը լակոտ է ցնկնում,
Որ առնելով շուտ հասակ՝
Մեր երկրորդ տանն է տիրում…
Սրանից պարզ չէ՞, միթե,
Որ ինքներս ենք մեղավոր,
Երբ տենչերով մեր թեթև
Գաղթի մեջ ենք ամեն օր։
Բավ է անվերջ չափչփենք
Քարոտ ճամփեքն օտարի։
Լավ չէ՞ մեռնենք, քան ծաղկենք
Երկնքի տակ նույն չարի։
Հայոց աշխարհն այս բեղուն
Թուրքը կոչեց Ղարաբաղ,
Որ հավիտյան մեր հողում
Լինենք խեղճ ու տարաբախտ։
Ուստի գոնե այս անգամ
Եկեք սթափ մտածենք։
Եկեք լինենք միակամ,
Ոչ թե այլոց հույս տածենք։