Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Կատուն ու շունը

Նվիրվում է բոլոր չհասկացված
կատուներին

Մեքենան սլանում էր ասֆալտապատ մայրուղով: Ապակիներից այն կողմ տարածված աշխարհն իր պատկերաշարով ուղեկցում էր վարորդին ու երկու տղամարդկանց: Տիրոջ ծնկների ճոճանակում նիրհող կատուն, իհարկե, ոչինչ չէր տեսնում և չգիտեր, որ ինքը ճամփորդում է, կատարում իր կյանքի միակ, ճակատա­գրական ուղևորությունը: Նա իրեն լավ էր զգում, թեև մի քիչ անսովոր էին ծանոթ ծնկների անընդմեջ ցնցումները, որոնք խանգարում էին լիովին ընկղմվել իր երանավետ կյանքի անուրջների մեջ:
Կատուն շատ անփորձ էր ու հիմարության աստիճան լավատես: Այդպես է լինում, երբ բախտը ժպտում է մեկին՝ հենց ծնվելու պահից: Կատուն այդ բացառիկ բախտավորներից էր. նա աշխարհ էր եկել ընդարձակ, հյուրընկալ տան մթին նկուղում ու սկզբից ևեթ դարձել տանտերերի սիրո և հրճվանքի առարկան: Կարծես այդ ընտանիքի երրորդ երեխան էր. նրան արտոնված էր անպատիժ գործել այն բոլոր չարաճճիությունները, որոնք թույլատրվում էին տանն ապրող երկու փոքրիկներին: Մեծ տերերի կողմից խրախուսվող և փոքրերի մասնակցությամբ ի կատար ածվող բոլոր խենթություններն ու կատվային քմահաճույքները նրան դարձրել էին համարձակ ու ինքնիշխան, իսկ որ իր ցեղակիցները նման բաների համար, լավագույն դեպքում, իրենց մեջքին ցախավելի մի քանի հարված էին ստանում, դուրս էր կատվի երևակայությունից:
Տերերի սիրուց շփացած կատվի՝ օր օրի աճող ամբարտավանությունը դառնում էր սպառնալի: Կատվախաղի ընթացքում անվերջ կոտրատվում էին տանտիրուհու ափսեներն ու բաժակները: Կոշիկների պահարանից հաճախ էին կորչում, ապա տնամերձ այգու հեռավոր անկյուններից հայտնաբերվում տանտերերի կամ նրանց պատվարժան հյուրերի ցեխակոլոլ, ճմռթ­ված կոշիկները…
Հարկավոր էր ինչ-որ բան մտածել, փոխշահավետ ինչ-որ բան:
Մտածեցին:
Կատվին կտանեն գյուղ՝ տանտիրոջ ազգականների մոտ: Ընդարձակ բակը, մաքուր լեռնային օդը, յուղալի կաթն ու մածունը գրավիչ հեռանկար էին թվում սիրելի կատվի ճակատագրով մտահոգ տերերի համար:
Գյուղ հասան կեսօրին: Կատվին սթափեցրեց կտրուկ ճոճադադարը: Բացվեց մեքենայի դուռը, և նրան դիմավորեց գյուղական մի տաք բնապատկեր: Այն, որ բնապատկերը գյուղական էր, կատուն, իհարկե, չգիտեր: Նրա համար ամեն ինչ նոր էր, արտասովոր, սակայն տիրոջ ներկայությունից քաջալերված՝ սկսեց անհագ հետաքրքրությամբ զննել շրջապատը:
Հաշված վայրկյաններ անց գտավ որոնածը: Նա անծանոթ էր, բայց իրեն շատ նման, նույնիսկ ավելի, քան իր փոքրիկ տերերը: Կատուն չէր էլ կասկածում, որ գտել է նոր ու, թերևս, ավելի հարմար ընկեր: Այն երկոտանիների հետ վազվզելիս ու ցատկոտելիս երբեմն բարդություններ էին ծագում, մինչդեռ սա իր նման չորս ոտք ունի և նույնիսկ՝ պոչ, միայն թե անհամեմատ խոշոր է իրենից:
Կատուն մտաբերեց հմայքների և սեթևեթանքների այն ողջ պաշարը, որով հրապուրում էր տերերին, ապա հուշիկ ու հավակնոտ մոտեցավ շանը: Վերջինս լավ ծանոթ էր կատուներին և ուներ նրանց նկատմամբ իր անսասան դիրքորոշումը:
Կատուն մտերմիկ մռռոցով ողջունեց նորահայտ բարեկամին և ճերմակ թաթով բավական զուսպ շոյեց նրա ձախ կողը: Շան համար առհասարակ տհաճ էին կատվային քծնանքն ու քողարկված նենգությունը, կեսօրվա բարկ արևն էլ իր հերթին էր սաստկացնում նրա մեջ խմորվող ցասումը: Բայց երկար ժամանակ շունն առերևույթ հանդարտ էր ու բավականաչափ հանդուրժող:
Որոշ ժամանակ անց կատվի՝ համառորեն շարունակվող գգվանքներին ու մռլտոցին շունն սկսեց դիմակայել կոպիտ հետհրումներով և սպառնագին գռմռոցով, սակայն կատուն այնքան խելացի չէր՝ դրանց տակ թաքնված վտանգն ընկալելու համար:
Շան պահվածքում արտասովոր ոչինչ չկար, եթե նկատի առնենք նրա հարուստ կենսափորձը: Մինչդեռ կատուն էլ առաջնորդվում էր իր ունեցած ոչ այնքան հարուստ կենսափորձով: Նա վստահ էր, որ ամեն բան ճիշտ է ընթանում. փոքրիկ տերերն էլ երբեմն խաղի ժամանակ ան­զգուշություն էին ունենում ցավեցնելու իր թաթը կամ պոչը, բայց դա բնավ էլ չէր ենթադրում, որ նրանց համար տհաճ է կատվի ընկերակցությունը, և որ հաջորդ վայրկյանին նրանք իրենց վարդագույն, փափուկ շրթունքներով չեն համբուրելու ցավեցրած տեղը: Այս հիշողությունն էր, որ կատվին դրդեց ապահովաբար հերթական փորձն անել շանը մերձենալու և բնավ չսարսռալ նրա կտրուկ ոստյունից, որի պատճառով քիչ մնաց մոտակա օջախի բոցերում հայտնվեր: Բայց ճարպիկ ցատկով հետևի թաթերին կանգնել փորձող պչրուհին հանկարծ իր դեմքին շատ մոտ տեսավ գազանի ահռելի սպիտակաժանիք երախը և լսեց խլացնող հաչոցը: Նա չհասցրեց ըմբռնել կատարվածը, այնինչ կատարվել էր օրինաչափն ու անխուսափելին. շունը, որ բնավ էլ շտապողականություն չէր ցուցաբերել և մինչ վճռական գործողություն ձեռնարկելը բավական երկար փորձել էր կանխել վերահաս չարիքը, հիմա վերջնականապես գազազել էր կատվի վավաշոտ քսմռտոցից, և նույնիսկ արևից պատսպարող ցանկապատի ստվերը մի քանի ակնթարթ լքելու հեռանկարը չէր կասեցրել նրան: Նա վճռել էր արժանի դաս տալ իրեն ստորացնող ծաղրի ենթարկած խեղկատակին:
Մի քանի վայրկյան անց ցանկապատից քիչ հեռու ընկած էր կատվի երկատված արնաշաղախ մարմինը, իսկ շան դեմքին փայլում էր ինքնաբավ գոհունակությունը, որը փոքր-ինչ մթագնվում էր այն գաղափարից, որ կատվի վախճանը վրա հասավ չափազանց արագ, և նա ժամանակ չունեցավ գիտակցելու իր կրած պատժի արդարացիությունը: Վերջին հաշվով՝ շունն այնքան էլ գոհ չէր այս միջադեպից. ինքն իջել էր իր շնային բարձրությունից. ինչ-որ մի թեթևսոլիկի հաջողվել էր իրեն հանել հավասարա­կշռությունից ու ստիպել մի պահ շեղվել իր ցեղին բնորոշ արժանապատիվ, ծանրաբարո կեցվածքից:
Վիրավորված ինքնասիրությունն ամոքելու նպատակով նա փորձեց մտաբերել գյուղական կատուների շրջանում ունեցած մեծ հեղինակությունը, իրեն տեսնելիս նրանց աչքերում հայտնվող անհուն սարսափի ծանոթ արտահայտությունը: Այս վերապրումներն օգնեցին շանը հետզհետե կարգավորել անհանգիստ շնչառությունը, որը նշան էր, թե իրարամերժ տրամադրությունների պայքարը նրա մեջ արդեն սկսում է տեղի տալ առօրեական, կենցաղային մտածումներին:
Շան մտքով չէր էլ կարող անցնել, որ կատվի վախճանն իրեն զրկեց մի մեծ ու աննախադեպ հնարավորությունից. ինքը կարող էր այդ կատվի շնորհիվ դառնալ հանրահայտ, նշանավոր, հեռուստահաղորդումների հերոս, լուրջ գիտափորձերի ու կենսաբանական ուսումնասիրությունների առարկա: Երևակայե՜լ միայն – կատուն և շունը՝ բարեկամներ, կատուն և շունը՝ միևնույն բնում…
Դե՛, ի՞նչ արած, այնքա՜ն մեծ իրադարձություններ չեն կայացել չնչին պատճառներով…
Ինչ վերաբերում է կատվի և շան տերերին, ապա նրանք շատ ցավեցին պատահածի համար, բայց ինքնին հասկանալի է, որ չթշնամացան միմյանց հետ, և տեղի չունեցավ արյունահեղ պատերազմ, որովհետև «Մի կաթիլ մեղրի» ժամանակներն անդառնալիորեն անցել էին, և որովհետև բոլորն էլ հրաշալի գիտեին, որ կատուներն այս աշխարհում ստեղծված են հատկապե՛ս շների կողմից բզկտվելու համար:

Ժամանակի նոր
չափումներում

– Բարև՛, մա՛մ:
– …
– Լսեցի՞ր, էսօր՝ ոչ մի «ջան»: Էսօր էլի պատեպատ եմ խփվել ինձ տվածդ դաստիարակության ու չդաստիարակության տիրույթներում: Էսօր էլի որոշել եմ, որ սխալներդ ահավոր շատ են եղել՝ իմ պարտությունների չափ:
– …
– Հա՜, հիմա էսպես եմ հետդ կռիվ անում: Հիմա՝ ժամանակի նոր չափումներում: Իսկ դու մտածում էիր, թե ես, ինչպես միշտ, պիտի հասկանամ ու չլռե՞մ: Չէ՛, ոնց տեսնում ես, կարողանում եմ նաև լռել, որովհետև արդեն լսող չկա, որովհետև դեռ ժամանակի նախորդ չափումներում քեզ լիքը նամակներ գրեցի, բայց դու ինձ նման չէիր, դու հասկացար ու լռեցիր:
– …
– Ոչ մի նամակ չե՞ս հիշում: Ծա՞նր է հիշելը: Վստահ եմ՝ էս մեկը, որ վերնագիր էլ ուներ՝ «Աղոթք շուրջօրյա», հաստատ հիշում ես.
Իմ արածների ու չարածների,
քեզ՝ իմ պատճառած ու չպատճառած
բոլոր ցավերի համար
ներիր ինձ,
ամենաամուր իմ սատար ու վեմ,
իմ տեր ու ծառա,
իմ բաժին Հիսուս,
որ քո խաչի հետ
նաև իմ խաչն ես ուսերիդ առել
ու տանում ես լուռ,
խաղաղ, անտրտունջ…
Եվ երբ որ հասնես
բազմատանջ երթիդ կայանին վերջին,
այդտեղ ես միայն զղջալու
քո ողջ արածի համար,
քանզի այդտեղ ես զգալու միայն
իմ բաժին խաչի բուն ծանրությունը:
– …
– Գիտեի, որ կհիշես: Գիտեմ, որ արդեն զգում ես «բուն ծանրությունը»: Բայց էն ժամանակ՝ ոչ մի խոսք:
– …
– Նամակս դրել էի ամենաերևացող տեղում: Հետո օրերով զննում էի դեմքդ՝ մի պատասխան որսալու հույսով, բայց դու ե՞րբ ես ինձ պատասխանելու խնդիրն ունեցել: Հարց տվողն էլ էի ես, պատասխանողն էլ:
– …
– Հիմա ես էլ եմ սովորել քեզ նման լռել: Հասկանալ ու լռել: Որովհետև ո՞ւմ համար չլռեմ: Հիմա գիտեմ, որ քեզ ոչ մի հարց ու պատասխան էլ պետք չէ, ինչպես որ ինձ: Հիմա մենք մեր հարց ու պատասխանն ուրիշ նյութից, ուրիշ չափումների մեջ ենք կառուցում: Հիմա լռեմ թե չլռեմ, դու լսում ես ինձ: Դու, որ կաս իմ գոյության բոլոր մոլեկուլներում ու չկաս ոչ մի տեղ:
– …
– Հիմա ես որտե՞ղ թողնեմ էս նամակը, որ կարդաս ու չպատասխանես: Իմ գիշերվա երազներո՞ւմ, որ դարձել են քո նոր կայանատեղին ժամանակի այս նոր չափումներում: Անհասկանալի այն հողակտորի շերտերո՞ւմ, որն իմ ինքնակեղեքումի նոր գործիքն է դարձել: Հոգեհանգստյան ծիսական արարողակարգերո՞ւմ, որ իմ ու քո վստահելի տեր Դանիելն է մատուցում պարբերաբար, թե՞…
– …
– Հա՜, գիտեմ, գիտեմ: Միշտ էլ իմացել եմ: Հիմա էլ որդուդ պիտի նամակներ գրեմ, պատասխան չստանամ, հասկանամ ու լռեմ: Բայց դու հո գիտե՞ս՝ ես երկար լռողներից չեմ: Ու հիմա՝ ժամանակի այս նոր չափումներում, երբ ես ու նա մենակ ենք մնացել, ես ավելի շատ եմ քո տված չդաստիարակության մարտադաշտից ծանր վերքերով վերադառնում: Ու եթե հանկարծ ոչ անսպասելի զոհվեմ, ապահով եմ՝ դու ինձ կդիմավորես կյանքի հետ անհավասար կռվում ընկածների հավաքատեղիում: Ու երևի մենք կհայտնվենք ժամանակի լրիվ այլ չափումներում՝ շարունակելու բոլոր կիսատ թողած լռու­թյունները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։