ՄԱՐԻՆ, ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲԺԻՇԿԸ ԵՎ ԿԱՐՈՆ / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Նա պատմվածքի գործող անձերից մեկն էր, թեև առանց դիպլոմի` հասարակության որոշ շրջանակներում ձեռք էր բերել արհեստավարժ հոգեբույժի համբավ: Նա գերազանց ավարտեց Գյուղատնտեսական համալսարանի այգեգործության բաժինը և չցանկացավ գյուղ մեկնել, որովհետև արմատական երևանցի էր` վարժված քաղաքի կենցաղային հարմարավետությանն ու հաճույքներին, պատահական դիպվածով սկսեց զբաղվել բուժական գործունեությամբ, նրան ոգևորեց, որ կարողացել էր կյանքից խորապես հիասթափված հարևան Բենոյին մի քանի ճիշտ, գուցե սխալ հորդորներով վերադարձնել լիարժեք կյանքի ասպարեզ: Ժիրայր Վեմյանը, պատմվածքում այսպիսին է նրա պայմանական անունը, հավերժորեն երախտապարտ կլինի նրան, որ գլխիվայր շրջեց իր ճակատագիրը, և երբ Բենոն գնա այն աշխարհ, նա տղամարդու արցունքներով սուգ կանի ու քառասուն օր չի սափրվի: Մի քանի հաջող փորձերից հետո Վեմյանը պատմվածքում համոզվեց, որ հոգեբուժությունը հիանալի գործ է ու շատ օգտակար և մեծ պահանջարկ ունի հատկապես հարուստների ու մտավորականության շրջանում, որոնք բոլորն էլ, ավելի կամ պակաս չափով, ապրում են տրամադրության գլխապտույտ անկումներ: Ինքն էլ մի թեթև գլխապտույտ զգաց իր հոգեվարժանքներից, որոնք նրան հաճախ կանգնեցնում էին մասնագիտական դժվարին խնդիրների առջև, սակայն համառ աշխատասիրությամբ, կամքի ուժով և մարդուն ճանաչելու բնածին հետաքրքրասիրությամբ կարողացավ հաղթահարել ամեն արգելափակոց: Ինչու չէ, նա տաղանդավոր ու բարի մարդ էր, հիվանդներից հազվադեպ էր փող վերցնում, առնելիս էլ` հիմնականում նվիրում էր չքավորներին, որոնք բազմաքանակ էին հազարամյա քաղաքում: Շուտով Ժիրայր Վեմյանը եկավ այն եզրակացության, որ մարդկանց գերակշիռ մասի հոգեխանգարումը պայմանավորված է կյանքում համասփյուռ վախով ու սիրո բացակայությամբ, որոնք երբեմն ինքնասպանության են մղում նրանց: Երևի այսքանը շատ է, քիչ չէ պատմվածքում հերոսի նախամուտքի համար:
Հոգեբույժ Ժիրայր Վեմյանի կողքին, առջևը կամ ետևը կանգնած են Մարին և նրա ամուսին, միջին կարգի բիզնեսմեն Կարոն, պատմվածքում ստեղծելով գործող անձանց առնչությունների հավասարազոր անկյուններով եռանկյունին: Այս կատարյալ երկրաչափական կառույցի կողմերից մեկը եթե հանես, այն փուլ կգա և կտարրալուծվի բնության մեջ` կորցնելով իր ամբողջ հմայքն ու եսականությունը: Պատմվածքի հեղինակից շատ ջանք կպահանջվի` պահպանելու տղամարդ+կին+տղամարդ եռանկյունին, որ մի մարդաբանական հայեցակարգ է, բայց դա նրան հազիվ թե հաջողվի, և այս հարցում Ժիրայր Վեմյանն էլ, որքան էլ փորձառու, չի կարող նրան օգնության ձեռք մեկնել: Կան խնդիրներ, որոնք գտնվում են աստվածային մութ ու անտես տիրույթում և երբեք չեն լուծվում:
Մարին գեղեցիկ էր, և մի բան էլ ավելի: Նա մի այնպիսի մետաքս կանացիություն էր շողարձակում, որ նրանով կարող էին գայթակղվել բոլոր հին-նոր աստվածները և սիրուց խենթանալ: Կարոն թեև աստված չէր, սիրահարվեց նրան առաջին իսկ հանդիպումից, խաչմերուկներից մեկում քիչ մնաց «Օփելով» նրան վրաերթի ենթարկեր, վերջին վայրկյանին հազիվ արգելակեց ավտոմեքենան և պատուհանից գլուխը հանելով` բղավեց. «Ախչի՛, ինչքան սիրուն ես, անունդ ի՞նչ է, ո՞ւր ես գնում, արի տանեմ»: Որքան մեծ եղավ Կարոյի զարմանքն ու շփոթմունքը, երբ աղջիկը եկավ նստեց իր կողքին և ասաց. «Տուն եմ գնում, քշիր Ծաղկի փողոց, թիվ 2, անունս Մարի է, քո՞նը…»: «Կարո»: «Նշանեցին Մարոյին, տվին չոբան Կարոյին»,- ասաց Մարին այնպիսի հավաստիությամբ, կարծես ոչ թե հին գրականություն խոսեց, այլ` ներկա իրական կյանքը: Կարոն վիրավորվեց. «Ես ամուսնացած չեմ»,- ցանկանալով իրեն չոբանից սահմանազատել:
Մարին նրան չէր նայում, իսկ Կարոն ավելի հաճախակի նայում էր աղջկան, քան երթևեկելի ճանապարհին, և մի քանի անգամ լուրջ վթարային իրավիճակ եղավ: Այդ րոպեներին հատկապես գրավիչ էին Մարիի ժպտուն ազդրերը, որոնք մերկացել էին նստելուց վեր ծալծլված շրջազգեստի կարճ և նեղկուկ փեշից: «Կանգնիր, տուն հասա»,- ասաց Մարին: «Դու ինձ գժվեցրիր, ախչի՛»,- ասաց Կարոն: «Ցտեսություն, չոբա՛ն»,- ասաց Մարին և քայլեց դեպի բազմահարկ շենքի մուտքը, որի առջև հսկայական աղբակույտ կար, վրան` առնետներից կշտացած վագրանման կատուն:
Կանցնեն հավերժության չափ երկար տարիներ, Քեոփսի բուրգը խորշակ քամիներից փոշի կդառնա, արեգակը կվերածվի մի բուռ մոխրի, բայց Կարոն, տիեզերական օրենքներին հակառակ, գերեզմանում էլ կզգա ու կապրի իր առաջին հուզմունքը:
Թեև շատ դարեր գոյություն ունի հավասարման նշան` երկու զուգահեռ գծիկ, սակայն բնության մեջ չեք գտնի միմյանց հավասար – նույնական երկու երևույթ: Մշտապես առկա է նրանց տարբերությունը: Ամուսնությունը ևս հավասարման նշան է տղամարդու և կնոջ միջև, բայց դա հազվադեպ է հավասարակշռում նրանց: Պատմվածքի հեղինակը գիտի, դուք էլ իմացեք, որ Կարոն, կին առնելով Մարիին, նրան նվիրվեց մի այնպիսի սիրով, որին կինը երբեք չէր հասնելու, եթե նույնիսկ շատ ցանկանար: Սերը տարերք է և գիտակցությամբ չի ուղղորդվում: Հավասարման նշանը հաճախ փոխարինվում է դրական ու բացասական լիցքերով, որոնք կարող են պայթյունավտանգ կարճ միացում առաջացնել: Մեր հերոսների ընտանեկան կյանքը նրանց համար էլ աննկատելիորեն գնում էր այս ճանապարհով: Վաղ թե ուշ, երբ արդեն շատերի նախանձը շարժող ամուսիններ էին, Մարիին տիրեց տրամադրության մի խոր անկում, ոնց որ էշից ընկած լիներ, այստեղ, սակայն, էշի զուգահեռը գեղագիտորեն ամբողջովին սխալ է ու անհամատեղելի Մարիի նույնիսկ այդ ժամանակ հմայիչ պատկերին:
Նրա աշխույժ շատախոսությունն ու զրնգուն ծիծաղը փոխարինվեցին ինքնամփոփ տխրությամբ: Քիչ էր դուրս-ներս անում, միայն նախկին սովորույթով յուրաքանչյուր ուրբաթ կեսօրին գնում էր վարսահարդարան, բայց շուտով դրան էլ վերջակետ եղավ: Անուշադիր էր իր հագուկապին, չէր խնամում իրեն, խուսափում էր մարդկանցից: Գրեթե չէր այցելում ծնողներին, նրանք էին գալիս իր մոտ և մոր մշտական հարցին` «հղի ես», նույն կարճ պատասխանն էր տալիս` «չգիտեմ»: Հեռուստացույցից էլ կտրվեց: Նրան ոչինչ չէր հետաքրքրում, անգամ Թավշյա հեղափոխությանն անտարբեր մնաց, երբ ամբողջ աշխարհը, մերկ ձեռքերը վեր պարզած, վանկարկում էր` «Նի-կոլ, դուխով»: Կենցաղում և ամուսնական շփումներում մի ժամանակ լինելով նախաձեռնող ու կատարյալ կին, այժմ հավես չուներ որևէ բանի, կարծես գտնվում էր կյանքի լուսանցքում, դատարկության մեջ:
Կարոյի սիրուց կուրացած սիրտն անմիջապես չզգաց կնոջ այլակերպությունը, իսկ երբ տեսավ, որ աշխարհն իր գլխին կարծես շուռ է գալիս, խիստ մտահոգվեց:
– Ի՞նչ է պատահել,- զգուշորեն հետաքրքրվեց նա:
Կինն ապակե սառը հայացքով նայեց և ոչինչ չասաց:
– Գնանք ռեստորան:
– Ուզում եմ մենակ մնալ:
– Քավորի տուն:
– Չէ՛:
Այդ օրերին Կարոյի բոլոր առաջարկությունները հանդիպում էին կնոջ անհամաձայնությանը, նա մինչև անգամ չցանկացավ ամռանը մեկնել միջերկրածովյան զբոսանքի, որ շատերի համար անիրականանալի երազանք էր: Կարոյի սրտին սև ամպ իջավ` Մարին հիվանդ է, նա իր ամբողջ ունեցվածքը, նույնիսկ կյանքը կտար, միայն թե կնոջն առողջ տեսներ: Ահա այդ ժամանակ էլ նա լսեց, որ աշխարհում կա մի բժիշկ` անունը Ժիրայր Վեմյան, երկնքից անտես աստղեր է իջեցնում, ապրում է ոչ թե հեռու ծովերում, այլ իր քաղաքում, իր կողքին, մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի հարևանությամբ, հեռախոսահամարն էլ իմացավ` (091) 88-92-35:
– Բժիշկ Վեմյանը լսում է:
– Ախպե՛ր ջան,- և Վեմյանին, որքան ի վիճակի էր, մանրամասնորեն ներկայացրեց կնոջ հիվանդության նշանները:
– Պարզ է,- ասաց Վեմյանը:
– Ի՞նչն է պարզ:
– Դեպրեսիա: Մարդկության մեծ մասը դրա մեջ է:
– Ե՞ս էլ,- հարցրեց Կարոն:
– Նույնիսկ` ես,- ասաց Ժիրայր Վեմյանը:
– Ինչի՞ց կլինի:
– Կյանքից:
– Չի՞ բուժվում:
– Իմ ձեռքի տակ ամեն բան էլ բուժվում է:
– Մասա՞ժ…
– Կարծում եմ` դրա կարիքը չի լինի կամ կլինի:
Վեմյանը խոստացավ հաջորդ օրն այցելել նրանց և զրուցել Մարիի հետ: Կարոն մի այնպիսի հուզմունքով ու խոնարհությամբ դուռը բացեց նրա առջև ու ներս հրավիրեց, կարծես նա աստված լիներ:
– Բարև, գեղեցկուհի՛, ես Ժիրայր Վեմյանն եմ, ձեր ընտանիքի բարեկամը:
Բազկաթոռին անգործ նստած Մարին օտարոտի նայեց նրան:
– Եկել եմ ձեզ հետ քաղցր սուրճ խմելու:
Կարոն եփեց երեք գավաթ սուրճ: Նրա ձեռքը հուզմունքից դողում էր` ինչ կասի բժիշկը: Վեմյանն այնքան անվրդով էր սուրճը կում-կում անում, որ կարելի էր կարծել կնոջը տեսնում է հազարերորդ անգամ: Մարին գավաթին ձեռք չմեկնեց, նրա հայացքն ուղղված էր պատուհանից երևացող կապույտ երկնքի քառակուսուն, որտեղ դարձ-դարձ էր անում ճերմակ աղավնին:
– Հիանալի բնակարան ունեք,- նկատեց Վեմյանը:- Կահույքը իտալակա՞ն է:
– Ֆրանսիական,- ասաց Կարոն,- կինս է ընտրել:
– Հիանալի ճաշակ ունեք, գեղեցկուհի՛, ամբողջ կյանքումս երազել եմ տեսնել Ֆրանսիան, քայլել Փարիզի փողոցներով, նայել Ջոկոնդայի աչքերին:
– Ո՞վ է,- հետաքրքրվեց Կարոն:
– Քո կինը, բարեկա՛մ, նայիր ինչպես է ժպտում:
– Նա չի ժպտում,- ասաց Կարոն:- Տխուր է:
– Մի՛ տխրիր, Ջոկո՛նդա, մութ գիշերին հաջորդում է լուսավոր առավոտը, արթնանում են ծաղիկները, երգում են թռչունները, ժպտա ինձ, դե, ժպտա:
Որքան մեծ եղավ Վեմյանի զարմանքը, որ այդ պահին, մեկ էլ, Մարիի դեմքը թեթևակի ծաղկեց:
– Տես, ժպտում է:
– Քեզ է ժպտում, բժի՛շկ, ոչ ինձ:
– Ամանորին, ծննդյան օրը, մարտի 8-ին ծաղիկներ նվիրո՞ւմ ես:
– Միշտ, բժի՛շկ, ամենաթանկ ծաղիկները:
– Ծաղիկը թանկով չի, բարեկա՛մ, սրտով է,- ասաց Ժիրայր Վեմյանը և ծնկներին դրված գրքերի ու թերթերի պայուսակից մի կարմիր վարդ հանեց ու ժպտալով մեկնեց Մարիին:
Կինը հոտոտեց վարդը, կարծես բժշկի սրտի պարտեզից քաղված լիներ:
– Քանի՞ տարեկան ես, քո՛ւյրս:
– Երեսուն ու մի քանի ամիս,- կնոջ փոխարեն պատասխանեց շփոթահար ամուսինը:
– Դա սիրո բուրավետ ծաղկման ժամանակն է,- խոսեց Վեմյանը:- Իմ երեսունին ես խելագարի նման սիրում էի մի աղջկա, անունը չեմ ասի, թող միայն ես իմանամ, նա ինձ չսիրեց, ես տգեղ մարդ եմ, տեսեք ինչ մեծ քիթ ունեմ ու լոշտակ ականջներ, մտքով թռավ Փարիզ ու ամուսնացավ Ալեն Դելոնի հետ:
– Ո՞վ է,- հարցրեց Կարոն,- բիզնեսմե՞ն:
– Երազում եմ մի օր գնալ Փարիզ և Լաուրային ասել` բարև, ես եկել եմ, բարև, սիրելի՛ս:
– Անունը Լաուրա՞ է:
– Նա ուրիշ անուն ունի:
– Է, ինչո՞ւ չես գնում Փարիզ,- հարցրեց Կարոն:
– Փող չունեմ, բարեկա՛մ:
– Ես քեզ շատ փող կտամ, միայն թե Մարին մի քիչ ժպտա ինձ:
– Ախր սերը փողով չի գալիս:
– Բա ինչո՞վ:
– Սրտի վարդով, որն անգին է:
Մարին կարմիր վարդը դրեց ջրով լցված հախճապակե սափորի մեջ: Շատ ժամանակ, գուցե տարիներ ու դար վարդը չի թառամի:
– Ես գնամ:
– Բժի՛շկ, մի բան հասկացա՞ր:
– Դու պետք է հասկանաս:
– Հույս կա՞:
– Հույսը չի մեռնում, մենք ենք մեռնում: Ես էլի կգամ:
Ելքի դռան մոտ Կարոն փորձ արավ նրա գրպանը դրամ դնել, սակայն Վեմյանը կտրականապես ու կոպտորեն ետ հրեց նրա ձեռքը:
Ճիշտ երկու շաբաթ Ժիրայր Վեմյանը չերևաց, բայց մտքով նրանց հետ էր, տեսնում էր տխրությունից ավելի գեղեցկացած կնոջ աչքերը, խոսում էր նրա հետ առանց խոսելու:
– Բժի՛շկ ջան,- զանգահարեց Կարոն,- Մարին քեզ է ուզում:
– Ինչպե՞ս եք:
– Ավելի վատ:
– Վարդ նվիրիր:
– Երեկ հարյուր դոլարանոց մի շքեղ ծաղկեփունջ տվեցի, հոլանդական, դա էլ չօգնեց, բառ ու բան չի ասում ու համարյա չի ուտում` ինձ էլ սովամահ անելով:
Կարոն տանը չէր: Դուռը բացեց Մարին և շփոթվեց իր այտին բժշկի բարև համբույրից:
– Գեղեցիկ շրջազգեստ ես հագել, քեզ շատ է սազում:
– Գիտեի գալու ես,- ժպտաց կինը:- Սուրճ պատրաստե՞մ:
– Քեզ նման քաղցր,- հաճոյախոսեց Ժիրայր Վեմյանը:
– Ինձ` դառը:
– Ամուսինդ շատ հոգատար է քո նկատմամբ:
– Ես կուրորեն ամուսնացա նրա հետ, քսաներեք տարեկան էի, իսկ նա` երեսուներկու, տասը տարի է անցել:
– Իմպոտե՞նտ է,- անսպասելի հարց տվեց Վեմյանը:
– Ո՛չ, բժի՛շկ, ո՛չ, ամենասեքսուալ կնոջն էլ կարող է բավարարել:
– Հապա ինչո՞ւ նրան չես սիրում:
– Ամեն երեկո հաշվում ու հաշվում է այդ օրը շահած փողերը: Հետո` հեռուստացույց, հատկապես ֆուտբոլ, հետո անկողնում ինձ սիրում է մինչև կեսգիշեր, մինչև առավոտ: Ինձ երբեք մի կարմիր վարդ չնվիրեց: Ճիշտ է, բժի՛շկ, մի անգամ ցանկացավ ինձ Եվրոպա տանել, բայց ես աշխարհ տեսնելու արդեն ոչ մի ցանկություն չունեի: Ինձ համար Եվրոպա չկա: Քեզ համար Փարիզ կա՞:
Վեմյանը չպատասխանեց: Երկար լռեցին:
– Ես մենակ եմ, բժի՛շկ, մի՛ փորձիր ինձ բուժել, ես հիվանդ չեմ:
– Ես քեզ հետ եմ,- ասաց Վեմյանը և կնոջ ձեռքը սիրալիր շոյեց:- Դու կգնաս Փարիզ:
– Ե՞րբ:
– Մի օր…
– Ես վախենում եմ:
– Վախենում ես մեռնե՞լ, մի՛ վախեցիր, ես էլ եմ վախենում:
– Վախենում եմ ապրել,- ասաց Մարին:
– Կյանքը մեր ամենամեծ հարստությունն է,- ասաց Վեմյանը,- մի՛ հրաժարվիր բնության պարգևից, Աստված կնեղանա, նա քո մեջ է:
Նրանց զրույցը դեռ երկար կշարունակվեր, եթե պատմվածքի հեղինակն այն չտեղափոխեր մեկ այլ օր` եռանկյունի շարադրանքում ստեղծելու հոգեբանական պատկերների զարգացող շարակարգ, որ ոճի միասնության գրավականն է այստեղ և ամենուրեք:
Մի քանի շաբաթից Կարոն զանգահարեց բժշկին և հայտնեց իր գոհունակությունը կնոջ բուժման ընթացքից:
– Ախպե՛ր, լավանում է: Ճաշ էլ եփեց, գառան խաշլամա, հո համո՜վ չէր, միսը առել էի սուպերմարկետից: Առաջին անգամ գնացինք թատրոն` «Կինը անձրևի տակ»: Երբ տուն եկանք, ասաց` անձրևից թրջվածը ոնց որ ես լինեմ:
– Դու ի՞նչ ասացիր,- հետաքրքրվեց Վեմյանը:
– Ներկայացման ժամանակ քունս տարավ:
– Չոբան,- ասաց Վեմյանը:
– Քեզ ինչքա՞ն եմ տալու, ախպե՛ր, կուզե՞ս դոլարով տամ:
– Առաջ մի՛ վազիր, նա չի ցանկանում ապրել:
– Ո՞վ…
– Մարին:
– Բա ես ի՞նչ եմ անելու:
– Դու անբուժելի ես:
– Մեռնելո՞ւ եմ,- Կարոյի ձայնը վախից դողաց:
– Քո նմանները երկար են ապրում:
Կարոյի վախն անմիջապես անցավ, որ հարյուր ու ավելի տարիներ չի մեռնելու: Նա այնքան ջերմորեն էր փայփայում կնոջով հագեցած իր հուզմունքները, որ երազեց ապրել ավելի երկար, բայց չկարողացավ իմանալ երկարն ինչքան երկար է, հանկարծ իր ուզածից կարճ լինի, և դարձյալ վախ ընկավ այդ պահին նրա երջանիկ սիրտը:
Ժիրայր Վեմյանը յուրաքանչյուր չորեքշաբթի այցելում էր Մարիին: Կինը մշտապես նոր ու գեղեցիկ զգեստով էր, թեթևակի շպարված, բարձրակրունկ լաքե կոշիկներով, կարծես թատրոն էր գնալու: Հախճապակե սափորից նրանց էր նայում կարմիր վարդը, որը դրված էր կլոր երեսով սեղանի վրա:
– Ինչո՞ւ ես ուշ-ուշ գալիս,- դժգոհում էր Մարին,- չե՞ս տեսնում որքան մենակ եմ:
– Բոլոր մարդիկ մենակ են ավելի, քան կենդանիներն ու թռչունները,- ասում էր Վեմյանը:
– Առյո՞ւծն էլ:
– Առյուծը ամենամենակն է աշխարհում, որովհետև առյուծ է, թագավոր:
– Դու շատ խելացի ես:
– Կուզեի անգետ լինել, անզգա, չհանդիպել քեզ:
– Վախենում եմ:
– Ես էլ եմ վախենում, որ դու վախենում ես:
– Իմ մեջ անձրև է գալիս,- ասաց կինը` բժշկի ձեռքն այնքան ամուր բռնելով, կարծես խորտակվում էր փոթորկոտ ծովում:- Ի՜նչ տաք ձեռք ունես:
Այդ օրը բժիշկ Վեմյանը չասաց այն, ինչ պիտի խոսեր ևս մի քանի այցելությունից հետո, երբ նրա համար ավելի պարզ ու որոշակի կդառնային հիվանդության պատճառները և բուժման հնարավոր միջոցը, գիտականորեն թերևս ոչ ճշմարիտ, իսկ հոգեբանության տեսանկյունից բավականին համոզիչ: Այդպես էր կարծում նաև պատմվածքի հեղինակը: Ի դեպ, նա և Վեմյանը երբեք չէին հանդիպել ու հեռվից հեռու էլ չէին ճանաչում միմյանց:
Որոշ ժամանակ հետո Կարոն դարձյալ զանգահարեց, և բժիշկը նրա հուզված ձայնից անմիջապես հասկացավ, որ Մարիի տրամադրության անկումն առողջացման կես ճանապարհից ետ է դարձել:
– Շատ տխուր է, կարծես ես մեռած լինեմ, չի խոսում, չի ուտում:
– Դու ուտո՞ւմ ես:
– Ախորժակ չունեմ:
– Լավ է, կնիհարես:
– Կմեռնե՞մ…
– Չուտելուց չեն մեռնում, ուտելուց են մեռնում,- ծաղրական ասաց բժիշկը:
Նա նույն օրն իսկ այցելեց Մարիին: Կարոն տանն էր և օգնություն աղերսող աչքերով նայեց նրան:
– Ինչո՞ւ շրջազգեստով չես:
– Բժիշկն ասում է` գնա հագիր կապույտը, ես եմ նվիրել, բժի՛շկ ջան:
Բայց Մարին բազկաթոռից չելավ, միայն մտացրիվ, դանդաղ կոճկեց բացազատ խալաթը` գիշերվա իր մերկությունը ծածկելու համար:
– Բժի՛շկ, իմ Մարիին լավացրու, մի բան արա, քեզ կյանքով պարտական կլինեմ:
– Նա հիվանդ չէ, մենք ենք հիվանդ,- ասաց բժիշկը:
Մարիի դեմքին աղոտ լույսի նման ժպիտ երևաց:
– Տես, ժպտում է:
– Քեզ ժպտաց, բժի՛շկ: Ինչի՞ ինձ չես ժպտում, ես քո ամուսինն եմ, անխի՛ղճ:
Մեկ էլ, խոր լռության մեջ, Մարին արտասվեց, արցունքի մարգարտյա կաթիլներ գլորվեցին աչքերից:
– Ինձ մենակ թողեք,- շշնջաց,- չեմ ուզում ձեզ տեսնել:
Երբ տղամարդիկ շփոթված ելան տնից, Մարին գնաց ննջարան, հագավ սպիտակ ժանյակներով կարմիր շրջազգեստը, որը մի քանի շաբաթ առաջ բժշկին դուր էր եկել, և իրեն երկար դիտեց հայելու մեջ: Այդպես հագնված, ոտաբոբիկ քայլեց սենյակից սենյակ: Հարազատ բնակարանից օտարություն զգաց: Մերկացավ, պառկեց հատակի նախշուն գորգին և ամոթույքները ծածկեց շրջազգեստով: Քնեց և երազ տեսավ` աշխարհն անապատ էր: Նա լսեց հեռախոսի թե դռան զանգը, բայց տեղից չելավ: Զանգահարողը դռան ետևում կանգնած բժիշկն էր` պատմվածքի հեղինակի արտաքին ու ներքին կերպարանքով:
Կինը մյուս օրն էլ դուռը չբացեց: Հաջորդ ու հաջորդ մի քանի օրերին ևս դուռը փակ էր, և խուլ ու համր մնաց Ժիրայր Վեմյանի համառ զանգերին և խփխփոցներին: Բժիշկը չափազանց անհանգստացավ, վախ կապեց սիրտն ու գիտակցությունը, կարծեց Մարին, չցանկանալով այլևս ապրել` ինքնասպանություն է գործել կամ ամուսինն է դաժանորեն սպանել նրան: Սակայն, բարեբախտաբար, ո՛չ մեկը հաստատվեց և ո՛չ իսկ մյուս ենթադրությունը: Թվաց` դուռն ինքնաբերաբար ետ գնաց: Մարին կանգնել էր միջանցքում` հագին կարմիր շրջազգեստ և բարձրակրունկ լաքե կոշիկները: Վեմյանը գորովանքով փարվեց կնոջը, կարծես անվերադարձ կորցրել էր նրան ու այժմ հավերժորեն գտել:
– Որտե՞ղ էիր…
– Իմ մեջ,- ասաց Մարին:
– Տես աշխարհն ինչքան սիրուն է:
– Նրանք սուրճ էին խմում ու լուռ դիտում իրար: Բժշկին թվում էր` Մարիին ճանաչում է շատ վաղուց` պատանեկության երանելի ժամանակներից, իսկ կինը նրան այնպես էր նայում, կարծես տեսնում էր առաջին անգամ:
– Մի բան ասա, որ քեզ հավատամ,- շշնջաց Մարին,- խնդրում եմ:
Վեմյանը չիմացավ ինչ խոսի` կնոջը չհիասթափեցնելու համար: Իր բուժական աշխատանքի ընթացքում նա տակավին երբեք չէր կանգնել այդքան դժվարին խնդրի առջև:
– Սերը հաղթահարում է բոլոր վախերը, ով սիրում է` նա ուզում է ապրել, չի մեռնում,- վերջապես ասաց Վեմյանը և հավատաց ու չհավատաց իր խոսքին:- Դու պետք է սիրես…
– Ո՞ւմ…
– Քո ամուսնուն…
– Նրանից զզվում եմ, հասկանո՞ւմ ես, Ժիրո՛, զզվում եմ:
Բժշկին անակնկալ էր իր անվան այդքան հարազատ ու փաղաքշական արտահայտությունը, ոչ ոք նրան այդպես չէր վերաբերվել, և չհավատաց իր լոշտակ ականջներին:
– Ժիրո՞…
– Հա՛, Ժիրո՛, ես երբեք Կարոյին չեմ սիրել:
– Ի՛նձ սիրիր,- ասաց բժիշկը և մահացու շփոթվեց իր ձայնից:
Պատասխանելու փոխարեն կինը ժպտաց, որ սիրո յուրահատուկ խոստովանություն էր, ավելի անկեղծ ու զգացմունքային, քան նույն բովանդակությամբ ցանկացած բառ, որ ապրում է սառն ու փոշոտ բառարաններում:
Հաջորդ օրերին ավելի ակնհայտ դարձավ Մարիի տրամադրության բարեշրջությունը: Նույնիսկ ամուսնուն էր ժպտում: Ճաշ եփեց: Հագնում էր լավագույն զգեստները: Գնաց հորենական տուն, որտեղ վաղուց չէր եղել: Պատուհանների մթամած ծածկոցները փոխարինեց մետաքսե թափանցիկ վարագույրներով, որոնցից անարգել ներս էր թափանցում արևի ջերմաշունչ լույսը: Օծվում էր բուրյան օծանելիքներով: Մի քանի անգամ իրեն տարեկից հարևանուհուն հրավիրեց սրճխումի և նրան խոստովանեց իր սիրահարվածությունը: «Ո՞ւմ»,- հետաքրքրվեց հարևանուհին, որ միջին տարիքի հմայիչ կույս էր: «Պարզ չի՞, ամուսնուս»,- ասաց Մարին և զվարթ ծիծաղեց: Նա օրը մի քանի անգամ, հագնված թե մերկանդամ, հայելու առջև նազանքով շուռ ու մուռ էր գալիս և աչքերով սիրում իր գեղեցկությունը:
Այս ամենը տեսնելով` Կարոյի ուրախությունն ալեկոծվեց, չգիտեր ինչպես ու ինչով վարձահատույց լինի Ժիրայր Վեմյանին` սիրելի կնոջը կյանք վերադարձնելու համար:
– Բժի՛շկ ջան, քեզ ավտո նվիրեմ:
– Սերը, իմացած եղիր, ավտոյով չի չափվում:
– Ամառանոցս տամ:
Բժիշկն ուզում էր ասել` «կնոջդ տուր», բայց լեզուն ցավալից կծեց:
Այդ գիշերը Կարոն կհիշի մինչև իր երկրային կյանքի վերջին շունչը: Մարիին տիրանալու նրա փաղաքշական ու բռնաբարիչ բոլոր ջանքերին կինը վճռականորեն ընդդիմացավ` «հեռացիր, ես քեզ չեմ սիրում»: Կարոն կայծակնահար եղավ: «Բա ո՞ւմ»: «Ժիրոյին» «Էդ ո՞վ է»: «Դու չես ճանաչում»: «Բո՛զ, ասա»,- Կարոն սպառնաց խեղդել նրան: «Մեր ընտանեկան բժիշկը»: «Ես երկուսիդ էլ կսպանեմ»: Այդ պահին Կարոն սպանեց Ժիրայր Վեմյանին, բայց ոչ` կնոջը, որի խոստովանությունը նրա հոգում առաջացրել էր սիրային բուռն ալեկոծություն: Նա Մարիին խելագարի պես, այդքան խորն ու անչափելի երբեք չէր սիրել:
Երբեմն թե հաճախ, գրականության մեջ անհավանականն ավելի հավանական է ու ճշմարիտ, եթե լուսանկարչություն չես անում, այլ դեգերում ես մարդկային հոգեբանության լաբիրինթոսում: Չեք հավատա, բայց հետևյալ կերպ եղավ պատմվածքի եռանկյունու կողմերի ու անկյունների ճակատագիրը:
Երբ Ժիրայր Վեմյանն ու Մարին պաշտոնապես գրանցվեցին իբրև ամուսիններ և եկեղեցում խոստացան ցկյանս հավատարիմ մնալ ու սիրել իրար, Կարոյի գլխին աշխարհն, իհարկե, շուռ եկավ, արևը ծագեց արևմուտքից ու մայր մտավ արևելքում, բայց նա, տունն ու տեղը թողնելով նորապսակներին և տեղափոխվելով ամառանոց, շարունակում էր սիրել ու սիրել կնոջը և երջանիկ էր, որ նա ողջ է ու առողջ: Բժիշկ Ժիրայր Վեմյանը Մարիին երբեք չխոստովանեց, թե նրան սիրելով` սիրում է իր հին ու չմոռացվող գեղեցկուհուն, որի անունը Լաուրա չէր, արդեն գիտեք, մի օր նա գնաց Փարիզ, ամուսնացավ Ալեն Դելոնի հետ և այլևս չվերադարձավ այս հիանալի քաղաքը: Իսկ Մարին կապրի երկար ու չի ծերանա, ինչպես հախճապակե սափորի կարմիր վարդը:
Մի սխալ ու անտեղի հարց. պատմվածքի եռանկյունու ո՞ր կողմն է հեղինակին ավելի սրտամոտ: Մի՛ համաձայնեք. դա չոբան Կարոն է, ամենասիրող հոգին բոլոր մարդկանց մեջ, որի նմանին մեկ էլ չեք հանդիպի այս երկնքի տակ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։