ՊԱՅՏԸ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Ներսես Խառատյան– Դե… Բարև:…
– Բարև Ձեզ, – դիմելաձևի մտերմիկ տոնից զարմացած, ուշացումով հայացք եմ նետում մեքենայի դիմային հայելուն:
– Չճանաչեցի՛ք.
– Հարց չէ: Հետաքրքրությունից մեքենայի ընթացքը դանդաղեցնում եմ ու թեթևակի կիսաշրջվում դեպի ետևի նստատեղը, որտեղ ուղեկիցս էր, ավելի ճիշտ՝ ուղեկցուհիս, որը դեռ չէր հասցրել ասել, թե ուր է գնում: Բնականաբար, նույն ուղղությամբ, որով և ես, հակառակ դեպքում չէր կանգնեցնի: Փոքր տեղերում, որտեղ բոլորը թեկուզև դեմքով գիտեն իրար, այդպես է, արքով կանգնեցնում են, և չկանգնելը հավասարազոր է արհամարհանքի:
– Ծանո՞թ ենք… – Ձայնս չճանաչեցի: Գեղեցիկ կանայք միշտ ակնթարթային ազդեցություն են գործում:
– Վաղուց,- ծոր է տալիս քնքշությամբ, իսկ նշաձև, խոշոր աչքերը տառացիորեն բոցավառվում են: Հետևից հնչող ձայնային ազդանշանը ճանապարհ է հայցում, ուստի մեքենան աջ քաշելուց հետո եմ միայն հապաղումով արձագանքում.
– Որտեղի՞ց.
-Մանկության սիրուդ գոնե երբեմն հիշո՞ւմ ես,- անցնելով դու-ի, հարցին հարցով է պատասխանում: Անսպասելիությունից ապշած, կտրուկ նետում եմ.
– Շատ չեղա՞վ… Պատշաճության սահմանները պետք չէ անցնել,- ասում եմ, մի պահ դադար տալիս, ապա կոշտ հավելում,- առավել ևս, երբ գործ ունեք գուցեև Ձեր հոր տարիքի մարդու հետ:
– Տարիքն ի՞նչ կապ ունի: Ինչքան ինձ հայտնի է, հիմա էլ որոշակի հաջողություն ունեք կանանց շրջանում:
Պատրաստվում էի կոպտորեն տեղը դնել, չկարողացա: Այդ զինաթափ անող ժպի՜տը…: Ո՞վ է, որտեղի՞ց հայտնվեց այս նազելի, հրեշտականման աղջիկը, և ինչ կապ ունի ինձ հետ…:
– Բայց որտեղի՞ց ենք ծանոթ,- խեղճացած հազիվ եմ կարողանում արտաբերել: Ժամանակին ծաղկեփունջ եմ տարել Սուսանին: Շրթունքները քարանում են անմեղ քմծիծաղով:
– Դո՞ւք, այն ժամանակ կայի՞ք,- համարձակվում եմ հեգնել, փորձելով խստության երանգ հաղորդել ձայնիս, ինչը կարծես հաջողվում է: Մի պահ շփոթված լռում է ու շուտով աչքերը կոկետորեն թարթելով, չարաճճիորեն ժպտում:
– Այդ անունը հո չհնարեցի՞:
– Բայց երեխա՜ եք, համարյա փոքրիկ աղջնակ:
– Ի գիտություն ասեմ, որ այդ աղջնակն արդեն հինգ երկարամյա տարիներ ամուսնացած է,- արտաբերում է մանկան խռովկանությամբ: Չգիտեմ ինչպես պահել ինձ, ուստի ակամա հարցնում եմ.
– Հիմա ու՞ր եք գնում, ո՞ւր տանեմ: – Ձեր հարևանն եմ: Ապշում եմ. – Ես այստեղ ճանաչում եմ բոլորին: – Հենց Ձեր դիմացի հարևանի տանը վարձով ենք ապրում: Երկու տարի է: – Ո՞նց է, չեմ հանդիպել: Եթե տեսնեի, հնարավոր չէր չհիշեի: Նման տպավորիչ արտաքի՜նը… «Աստված իմ, թռավ. ցնդած ծերուկ…»: Անհարմար զգացի, բայց ասվածն ասված էր արդեն: Թեթևակի շիկնած, մի պահ ամոթխած ժպտաց, ապա անսպասելիորեն, ասես մի հարվածով կերպարանափոխվելով, երես տված մանկան պես ուղիղ աչքերիս նայեց ու շշնջաց. – Շոյված եմ: Հաճելի է, որ հատկապես Դուք եք ասում: – Քարացա: Ի՞նչ էր դա: Անթաքույց կա՞նչ, կանացի խա՞ղ, թե՞ պարզապես չարաճճիություն: Շփոթմունքս թաքցնելու համար մեքենան գործի գցեցի: Մինչև տուն հասնելն, այլևս ոչ մի բառ չփոխանակեցինք: Երբ տեղ հասանք, մեղմորեն ասաց` շնորհակալ եմ, և ձեռքն արդեն դռան բռնակին. – Երևի կմտածեք՝ ամուսնուս չե՜մ սիրում… իսկ ամուսնուն սիրելը պարտադիր է: Զգաստացա: Թվաց լավ չլսեցի: Ասվածն այնքան ինտրիգայի՜ն էր, անսպասելի՜… Այս կինն իր շիտակությամբ ու անբռնազբոս անմիջականությամբ ապշեցնում էր: Ասվածը ակնհայտ ուղերձի էր նման: Կարծես հասկացավ իր բառերի թողած տպավորությունն ու գուցե ինձ այդ վիճակից դուրս բերելու համար ակամա ավելի հեռուն գնաց: – Մի՞շտ եք այդպես երկչոտ,- ձայնում քամահրանք կար ու ակնհայտ մարտահրավեր: Չդիմացա.
-Ինչը, ցավոք, չի՞ համընկնում Ձեր ցանկություններին,- ասացի ու անմիջապես էլ զղջացի, հասկանալով, որ անտակտություն եմ թույլ տվել: Մինչ մտմտում էի, ասվածի տպավորությունը ինչպես մեղմել, զրնգուն ծիծաղեց, ու.
– Այ սա Դուք եք, այդպես էլ պատկերացնում էի Ձեզ: Կարողանում եք նախահարձակ լինել: Նույնիսկ Ձեր ֆուտբոլն եմ հիշում: Միշտ հարձակման գծում ու միշտ կենտրոնում: -Մի պահ մտախոհ լռեց, ապա միանգամից գործնական տոնով, հավելեց.- Ափսոս, խոսելու շա՜տ բան կա. բայց այստեղ, այսպես, հարմար չէ: Խոսքն ավարտելով, դուռը բացեց: Սպասում էի իջներ, սակայն չէի ուզում: Հետաքրքրությունս այնպես էր շարժել, որ պահի տակ ինքս էլ կարծես ցանկացա ինչ-որ ձևով նրա գնալը կանխել: Անսպասելիորեն գյուտ արածի խանդավառությամբ գոչեց. «Գտա»: Ապա համարձակ հայացքը աչքերիցս չկտրելով, շինծու անտարբերությամբ, անփույթ նետեց. – Կարող էիք ինձ մի գավաթ սուրճ առաջարկել: – Հաճույքով, բայց որտե՞ղ, որ ինձ նման ծերուկի հետ հայտնվելը Ձեզ չվարկաբեկի: Բացի այդ, նաև ամուսինդ… Փոքր տեղ է:
– Ծերո՞ւկ,- ծիծաղեց,- դատելով կանանց շրջանում շրջանառվող ու հավանաբար ոչ այնքան էլ հիմնազուրկ խոսակցություններից… Կոպտորեն ընդհատեցի. -Առավել ևս… բացի այդ, նաև ամուսինդ,- նորից հիշեցրի:
– Ինձ տու՜ն հրավիրեք – իսկ ամուսի՜նը… հաշվի մեջ չէ: – Ես մենակ եմ ապրում:
-Հենց այն է, ինչ մեզ պետք է: Խանգարող չի լինի: Այս կինն ինձ կխենթացնի: Սակայն հայացքում այնքան պարզություն կա, որ ինքս ինձանից ամաչեցի.
-Լավ,-ասում եմ,- ե՞րբ է հարմար. – Տվեք հեռախոսի համարը, վաղը կզանգահարեմ: Թվերը խառնել – ուղղելով թելադրեցի: Ժպտալով ցտեսություն մաղթեց ու մեքենայից իջավ:
Կյանքը երբեմն ինքն է մեզ որոշ բաներ առաջարկում, ինչը ուրիշ անգամ ուժով չես վերցնի: Այս միտքը չգիտես ինչու շարունակ պտտվում է գլխումս: Փորձում եմ ինձ համոզել, որ սա կապ չունի նրա հետ, ում զանգին արդեն երրորդ օրն է սպասում եմ: Ընդհանրապես այս պատմության մեջ ինչ-որ բան այնպես չէ, ինչը խորհրդածելու տեղիք է տալիս: Պատահական ( իսկ գուցեև ոչ ) հանդիպում գեղեցիկ ու շա՜տ երիտասարդ, անծանոթ կնոջ հետ, առաջին իսկ պահից ապշեցուցիչ անբռնազբոս պահվածք՝ ընդհուպ մինչև իմ տանը մեկուսի հանդիպելու անսպասելի -շշմեցնող առաջարկ և հանկարծ անհասկանալի լռությունը… Գուցե հեռախոսի համարը գրանցելիս սխալվե՞լ է. այս դեպքում, տունը գիտի, կարող էր գալ: Եվ այդ պահին հեռախոսը զանգում է:
– Ալո. -Ես եմ, այսօր հարմա՞ր է.
-Նախ բարևում են,- սառնորեն արձագանքում եմ ու լռում: Չի պատասխանում: Չգիտեմ այդ պահին ինչ է մտմտում կանացի ճկուն ուղեղը: Կարող է նաև առանց որևէ բան ասելու անջատել: Ես, թեև արդեն զղջում եմ, սակայն ընկրկել չի կարելի: Խաղը սկսված է: Փոխարենը նա խաղաղասիրաբար ասում է. – Գիտեմ, չարացած եք: Այդպես ստացվեց. կգամ՝ կխոսենք, լա՞վ: – Ե՞րբ սպասեմ,- մեղմանում եմ, ու ժամը պայմանավորվելուց հետո հեռախոսը անջատում:
Երբ եկավ, պատրաստ էի: Երկու գավաթ սուրճը էլեկտրական սալոջախին էր, սեղանին կոնյակ, մրգեր, դեսերտ… Բյուրեղյա ծաղկամանում հրաշալի մի ծաղկեփունջ, որն առաջինը գրավեց նրա ուշադրությունը: -Սքանչելի է,- բացականչեց, ապա երանությունից շողարձակող դեմքով թեթևակի կռանալով զգուշորեն սկսեց հոտոտել դրանք: Ակամա նրա կազմվածքով էի հիանում. «Աստվա՜ծ իմ, ի՜նչ կատարելություն…»: Սենյակում գլխապտույտ առաջացնող մեղմ բուրմու՜նք էր տարածվել: Ագահությամբ ընբոշխնում էի, հիացական-թաքուն հայացքս չկարողանալով կտրել նրանից: Նա դա զգաց երևի: Կանայք նման բաները վեցերորդ զգայարանով են զգում:
– Սուրճը չմոռանա՜նք… մոտեցա սալոջախին: Սուրճը պատրաստ էր:
– Ինչ լա՜վ են բուրում,- ժպտաց: -Գավաթով եփվածի և՛ համն է ուրիշ, և՛ բույրը.
– Ընդհանրապես ամեն ինչ լավ է այստեղ՝ ճաշակով ու հարմարավետ: Այս ծաղկեփունջն էլ ինձ մի ուրիշը հիշեցրեց… -Ընդհատեցի. -Ես ոչ մի անգամ, ոչ մի աղջկա (առավել ևս աղջիկ երեխայի) միջոցով որևէ մեկին ծաղիկներ չեմ ուղարկել: – Գևորգ անունը ծաղիկների հետ կապված ինչ-որ բան հուշո՞ւմ է,- ժպտաց: – Հա, փոքրիկ, ճարպիկ տղա էր: – Հենց նրան ծաղկեփունջ էիր տվել և ուղարկել Սուսանին հանձնելու: Մեր հարևանն էր: Երբ իմացա ով է տվել, և ում պիտի տանի, խնդրեցի այդ «հույժ կարևոր» առաքելությունն ինձ զիջել: Հաճույքով համաձայնվեց, պարտադրելով խոստանալ, որ անպայման կհանձնեմ:
– Սուրճը կսառչի,- ասացի: Կոնյակը բացեցի, երկու գավաթ լցնելով, մեկը մեկնեցի նրան:
-Ինչի՞ համար խմենք. -Մեր ծանոթության. -Վաղուց ենք ծանոթ: Շուտով կհամոզվեք դրանում: Ավելի լավ է խմենք անցյալի կենացը: – Թող այդպես լինի: Օղու նման մինչև հատակը դատարկեց: Արդեն կում էի արել և ցանկանում էի գավաթը վայր դնել, նրան հետևելով ինքս էլ դատարկեցի:
– Այս կենացը միայն այսպես պիտի խմվի,- ասաց: Որոշ ժամանակ լուռ սուրճ էինք խմում: Ծխախոտ առաջարկեցի, հրաժարվեց: Սպասում էի շարունակությանը, սակայն մտքերով տարված, կարծես ուրիշ տեղ լիներ և հապաղում էր:
– Հետո՞,- չդիմացա: – Հետո տարա ու տվեցի Սուսանին… Կարելի՞ է մի գավաթ էլ: Դեմքը կոնյակից հաճելիորեն շառագունել էր: Գավաթները լցրի: Մի կում խմեց և գավաթը ափերի մեջ առնելով, ասես չկամությամբ շարունակեց: – Ուզում էի տեսնել ինչպես կընդունի: Այրվում էի ցանկությունից: Ուղիղ նայում էի աչքերին: Կարծում էի ծաղիկները կգրկի, դեմքով կգգվի դրանց և ուրախությունից ճառագելով գլուխս կշոյի, սակայն նման բան տեղի չունեցավ: Առանց որևէ բան ասելու շրջվեց և ծաղկեփունջը գլխիվայր բռնած (կարծես պատրաստվում էր դեն նետել) ներս գնաց, զսպանակավոր դուռը շրխկացնելով դեմքիս: Նա գնաց, իսկ ես դեռ շվար կանգնած էի փակ դարպասի առջև՝ ինչ-որ վատ բան անելու անզուսպ ցանկությամբ: Աչքս ընկավ դռան շրջանակի վերին հատվածի միջնամասում կախված մետաղյա, կլորավուն, մարդու ափաչափ պայտին: Ասում էին երջանկություն է բերում: Կարգին չէի հասկանում երջանկություն ասվածն ինչ է (հիմա էլ չգիտեմ), սակայն ինչ- որ լավ բան էր նշանակում, ինչ-որ պայծառ ու լուսավոր մի բան, որին բոլորն էլ ձգտում են: Մենք էլ մեր դարպասին այդ պայտից ունեինք, իսկ դուք չունեիք: Վայրկյանապես միտք հղացա: Նույն օրը Գևորգին խնդրեցի պայտը հանել ու բերել ինձ: Զարմացավ` «Ինչի՞դ է պետք»: «Հենց այնպես»,- պատասխանեցի: Նույն օրվա գիշերը հանել էր և հաջորդ օրը բերեց: Հարմար պահ ընտրելով, պայտը կպցրի ձեր դարպասին: Շրջանակին բոյս չհասավ, դրա համար էլ դռանը կպցրի, մտածելով, հետո տեղը կփոխեք: Մի քանի օր անց եկա ստուգելու` չկար: Ինչ-որ մեկը հանել էր: – Տխուր պատմություն է,- նկատեցի ես, ու բաժակս վերցրի: Մի-մի ումպ արեցինք, հարցրի. – Բայց դրա իմաստը ո՞րն էր: – Չգիտեմ ինչպես բացատրել: – Մի պահ հապաղեց, ապա շարունակեց,- պատահում է այնպես, որ փոքրիկ աղջիկները սիրահարվում են: Ես սիրահարված էի և՛ քեզ, և՛ նրան: Ամեն օր գալիս էի պահեստների մոտի հին մարզադաշտը, որտեղ ֆուտբոլ էիք խաղում, քո խաղը դիտելու: Երբ գնդակը դաշտից դուրս էր գալիս, ես էլ էի տղաների հետ վազում այն բերելու: Իրարից խլխլում էինք, ու երբ ինձ էր հաջողվում բերել, անպայման քեզ էի նետում: Սուսանի մասին գիտեի: Այսինքն, ո՞վ չգիտեր: Երբ տեսա ծաղիկներն ինչպես ընդունեց, սկսեցի ատել: Ինքս ինձ որոշեցի, որ պայտը նրան չէ, որ պետք է երջանկություն բերի, այլ՝ քեզ: Դրա համար էլ կպցրի Ձեր դարպասին: Բայց ինչպես երևում է, և՛ քեզ վնասեց, և՛ նրան: Նախ իրար չարժանացաք… Ե՛վ նա դժբախտացավ, և՛ Դուք: Մե՜ծ սեր էր, գիտեմ: Հավանաբար կորուստը ծանր եք տարել:
-Ումից էլ զրկվենք, -ասացի,- ընկեր-բարեկամ, կորուստը ծանր կլինի: Սակայն ընկերոջ-բարեկամի կորուստը, թեև ոչ բացարձակ, ինչ-որ չափով հատուցանելի է մեկ այլ ընկեր-բարեկամով: Իսկ նրա տեղը բա՜ց մնաց, մնաց թափուր… Վերջին նախադասությունը ակամա թռավ, որի համար իսկույն էլ զղջացի: «Ի՜նչ հիմարություն, ինչու այսպես թուլացա…», ու հավանաբար փորձելով ինչ-որ բան շտկել, անմիջապես վրա բերեցի,- թեև գործնականում երբեք էլ ճգնավորի կյանքով չեմ ապրել… Ասում են՝ մեկին մոռանալու, մեկով չտառապելու համար, ունեցիր շատերին: Աստված իմ, ի՜նչ գրոհ էր…: Ուշքի եմ գալիս. – Ներեք, ինձ համար դա երբեք էլ նշանաբան չի եղել: Շա՜տ մանրացա: – Գուցե շա՜տ անկեղծացաք: Ի՞նչ է, ամո՞թ է: -Տարիների տարբերությունը ողջախոհության է կոչում ու ստիպում ավելի զուսպ լինել: Ծիծաղեց. – Որքան գիտեմ, ամուսնացավ այն ժամանակների համար փողատեր մարդու հետ: Խոսակցությունը բավական տհաճ էր, ուստի փորձելով խուսանավել, նետեցի. – Գուցեև այդպես էր, չգիտեմ: Հավանաբար… – ասում եմ, ապա հանկարծ, մեկեն անսպասելի մի բռնկումով վրա բերում. – Չգիտեմ, գուցե ավելի շատ փող էր սիրում: Մտածում էի աշխատել, ստեղծել, շա՜տ ունենալ դրանից, ամբողջը հավաքել, տանել թափել նրա ոտքերի տակ և ասել. «Ահա, սա կփոխարինի մարդուն»: Ասվածը մի շնչում հնչեց: Ինքս էլ չհասկացա, թե ինչպես տեղի ունեցավ: «Տե՜ր Աստված, զեղումների ի՜նչ շռայլություն… և ու՜մ առջև»: Գլուխս ամոթահար կախեցի: Անհարմար լռություն տիրեց: Երբ հայացքս բարձրացրի, աչքերը թաց էին: Զարմացա: Գավաթը բարձրացրեց:
– Կենաց ունեմ:
Գավաթս մեկնեցի.
-Խմենք մեր ծանոթության համար: Ուրախ եմ, որ կյանքում թեև չգիտեի, բայց իրականում, պարզվում է գիտեի Ձեզ: Այսօր նաև ինձ իմացա: Կարծեմ ասել եմ, որ տղայական է խառնվածքս, երբևէ որևէ մեկը իմ աչքում արցունք չի տեսել: Շնորհակալ եմ, Դուք ինձ հայտնագործեցիք: -Ասաց, ու գավաթը թափով մինչև հատակը դատարկեց: Նույնը ես արեցի:
– Մի հարց ունեմ, միայն խնդրում եմ անկեղծ լինել. Ասաց, ու մարմրող կրակներով խորը, գեղեցիկ աչքերը հառեց վրաս: – Լսում եմ. – Այն օրը, մեքենայում, ինչ տպավորություն թողեցի. – Շա՜տ տպավորիչ էիք… – Առանց կատակի, հավանաբար այլ բան մտածեցիք: Դրան էլ ձգտում էի: Ուզում էի գայթակղողի տպավորություն թողնել: – Ե՞վ… Կարծում եք հաջողվե՞ց: – Արդեն Դուք պետք է ասեք: – Այնքան էլ համոզիչ չէր:
-Երբ հասկացաք, որ խաղ էր. -Սկզբից. «Դե… բարև»: «Չճանաչեցիք»: Անցյալում, համենայն դեպս մոտ անցյալում, երբևէ չէինք առնչվել, ուստի պարզից էլ պարզ էր, որ Ձեզ ճանաչել չէի կարող: Հետևաբար այդ «շեշտակի գրոհը» պարզապես ինչ-ինչ խոսակցություն սկսելուն էր միտված: Մի՞թե կարծում էիք այնքան հիմար եմ, որ կհավատայի: Այդ դերի համար այնքան էլ հարմար թեկնածու չէի: Քսան -քսանհինգ տարիների տարբերությունը ինչ-որ բան նշանակում է: Այսքանը բավակա՞ն է.
– Լիովին… Բայց հետո՞, հետո՞. հետաքրքիր է: – Լավ,- ասացի,- նորությունը միշտ էլ հրապուրում է մարդու: Դուք շատ համարձակ էիք ու անբռնազբոս: Խոստովանում եմ՝ հետաքրքրեցիք: Բայց չափազանց համարձակությունն ու անբռնազբոսիկությունն էլ այլ բան էին հուշում: Երկչոտությունն ու ամոթխածությունը քողարկելու չհաջողված փորձ էին ընդամենը: Բացի այդ, հրապուրող կինը միանգամայն այլ վարքագիծ է դրսևորում: Ավելի շուտ սեթևեթում է: Ձեզ մոտ հակառակն էր: -Լռում եմ, դիմահար հայացքս սևեռում աչքերին: Թեթևակի շիկնած, հայացքը փախցնում է, ձեռքը մեկնում գավաթին: Փոքրիկ ումպ է անում, ու. – Քննիչի հետ երբևէ գործ չէի ունեցել… – Թոշակի անցած,- ուղղում եմ, -ինչն այնքան էլ էական չէ: Ես չասացի գլխավորը. – Էլի բան կա,- ծիծաղեց. – Հեռախոսիդ համարը չթողնելը և երեք օր չզանգահարելը, որոնք նույնպես ճիշտ հակառակ նշանակությունն ունեցան: Այդքան բացահայտ գայթակղելու փորձից հետո հասկացել էիք, որ ձեր խաղը չէր հաջողվել, ու փորձում էիք ինչ-որ բան շտկել:
– Ջախջախեցիք… Սակայն, զարմանալիորեն նեղվելու փոխարեն, անհասկանալի բավարարվածության զգացում ունեմ:
– Ամեն խաղ իր կանոններն ունի: Այս խաղի կանոններին չտիրապետելը, կարծում եմ ավելի շատ Ձեր օգտին է: Մի բան է անհասկանալի՝ խաղի նպատակը. եթե խնդիրը միայն պայտի հետ կապված հուզիչ պատմության մասին ինձ տեղեկացնելն էր, ապա ինչու չէր կարելի դա անել առանց որևէ այլևայլությունների: – Անկեղծության կոչելու հարկ չկա: Ասելու էի. միայն թե տհաճ բաներից խոսելը այնքան էլ հեշտ չէ:
Լարվում եմ. զգում եմ կաշկանդվում է: Սակայն հայացքը փախցնելով, մեղմորեն ասում է – Քաղաքը փոքր է, բոլորը աչքի առաջ,- շունչ է քաշում,- Ձեր մասին շատ վատ են խոսում: Ինչպես արդեն ասել եմ՝ ասում են բաժանված եք ու, որ ամենավատն է, իբր ձեռքից ոչ մեկին բաց չեք թողնում…
Քահ – քահ ծիծաղեցի. – Գիտեմ, իմ մասին ինչեր են խոսում: Ո՛չ ուզում եմ արդարանալ, ո՛չ էլ հերքել: Մարդն այն չէ, ինչ ուզում է լինել, այլ այն, ինչ չի կարող չլինել: Ասված խոսք է. հրեշտակներ ու չարագործներ չկան, չկան մեղսավորներ ու բարեպաշտներ: Մենք այն ենք, ինչ կանք: Բա՜յց… Ձեզ համար իրո՞ք միևնույնը չէ:
-Կնոջ համար իր հետաքրքրասիրությունը բավարարելու ցանկությունից վեր այլ բան չկա: Առիթը հազիվ էր ներկայացել, դժվար էր գայթակղությանը դիմակայելը…Մտածեցի պարզել, որքանո՞վ են խոսակցությունները համապատասխանում իրականությանը: Ցանկանում էի տեսնել ինչպես կպահեք Ձեզ: Սա էր նպատակը: – Ե՞վ. – Փորձը միշտ էլ ուսանելի է,- խուսանավեց,- համենայն դեպս ուրախ եմ, որ ծանոթացա: Կուզենայի ծանոթանայիք նաև ամուսնուս հետ. հրաշալի մարդ է: Եթե հրավիրեմ, հյուր կգա՞ք: – Հաճույքով. – Վաղը ամուսինս կգա Ձեր ետևից:

3 thoughts on “ՊԱՅՏԸ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

  1. Հրաշալի ստեղծագործող, ներթափանց հոգու և մտքի տեր անհատականություն: Արդյունքում` անընդմեջ կարդալու հետաքրքրություն առաջացնող գործեր:

  2. Օրիգինալ գործ է. Խմբով վայելեցինք. Մեր շնորհակալությունը հեղինակին.

Գրեք մեկնաբանություն