ՀԱՐՍՆԱՑՈՒՆ / Արթուր ՇՆԻՑԼԵՐ

Ես դիմակահանդեսում ծանոթացա նրա հետ, կեսգիշերից հետո: Նրա խոհեմ, անվրդով աչքերը գրավեցին ինձ, մուգ կապույտ շրջազգեստը: Դիմակավորված չէր, և չէր թաքցնում իր իրական անձը: Նա պատկանում էր բացահայտ պոռնիկների տեսակին, և բոլորովին չէր փորձում դիմակահանդեսի ունայնաշունչ եռուզեռում կատակերգություն խաղալ, մի բան, որ սաստիկ գրավում է բոլոր կանանց: Դա ինձ զվարթացրեց. հոգնել էի պարահանդեսային մաշված խոսքերից, որ բզզում էին շուրջբոլորս, և անասելի տհաճություն էի զգում:

Նա արտակարգ կիրթ էր. խոսքից և պահվածքից անմիջապես հասկանալի էր դառնում, որ սերում է տոհմիկ ընտանիքից: Նրան պարզապես անհնար էր չտալ այն հարցը, որ սովորաբար հաճախ է տրվում նման կանանց` լսելու համար մի ծամծմված պատմություն, թե իրենց հետ հատկապես ինչու է այդպես պատահել: Բայց նրա խելացի աչքերից երևում էր, որ այս անգամ ուրիշ բան էի լսելու, այդ պատճառով էլ մնացի նրա հետ:
Արդեն լուսանում էր, երբ շամպայնից գլուխներս տաքացրած` կառք նստեցինք ու գնացինք Պրատեր: Մարտն էր, թավշյա գիշեր: Երբեմն-երբեմն համակվում էի մի տարօրինակ զգացողությամբ, թե կողքիս թիկնած էակին արդեն վաղուց, վաղուց ճանաչում և սիրում էի: Նրա հետ ինձ շատ լավ էի զգում, մենք երկար ժամանակ ոչ մի բառ չասացինք իրարու: Ես չէի կարող ինձ թույլ տալ ընդունելու նրան իբրև մի կնոջ, որն, ի վերջո, հաճելի գիշեր է նշանակում, ես ուզում էի ճանաչել նրան: Ուզում էի ճանաչել նրա կյանքը, իմանալ նրա պատանեկության մասին, այն մարդկանց մասին, ում սիրել էր, մինչև որոշել էր սիրել բոլոր նրանց, ովքեր դա կուզեին:
Այստեղ ճակատագիր կար բացելու, և երբ արդեն Պրատերով բավականաչափ ցած էինք իջել, տևական լռությունից հետո վերջապես հարցրի նրան: Նա երկար սպասել չտվեց: Բնականաբար մոռացել եմ բառերը, որոնցով հակիրճ, բայց պատրաստակամորեն ներկայացրեց իր ապրած կյանքը, և ողջ պատմությունը հիմա ուղղակի աչքիս առջև է, ավելի պարզ ու հասկանալի, քան այն ժամանակ, երբ լսում էի: Շատ մութ ու անհայտ տեղեր կային այս պատմության մեջ ինձ համար, կցկտուր պատմված թռուցիկ դրվագներ, որ ակամա լրացվել են մտորումներիս և հիշողություններիս ընթացքում:
Սերում էր լավ ընտանիքից` հարգված ու հայտնի (նա հատկապես շեշտում էր դա) և խիստ դաստիարակություն էր ստացել: Զգացմունքները շուտ են արթնանում նրա սրտում, արթնանում են հզոր պահանջներով: Աղջկական վաղահաս արբունքի մենավոր գիշերներում շատ է տվայտում, և աստիճանաբար նրա մեջ ձևավորվում է մի տարօրինակ ծրագիր` խոլ ցանկություններից մինչև որոշակի կերպարանք ստացող: Որոշում է սպասել, մինչև ամուսին գտնվի, որովհետև պարտավոր էր այդպես վարվել, իսկ հետո, երբ վտանգն անցնի, հանձնվել իր բնության նախնական տարերքին, տրվել բոլորին, ովքեր իրեն դուր են գալիս, վայելել առնական գեղեցկությունն ու ուժը, որտեղ դրանք առաջարկվեն:
Տասնյոթ տարեկանում նշանվում է, և նրա կյանքում սկսվում է մի կարճատև ժամանակահատված, որի մասին խոսում էր գրեթե սենտիմենտալ բառերով: Ահա այդտեղ ես գտա այն զարմանալի տեղը նրա սրտում, որ բացվում է անգամ ամենաընկածի մեջ` անմեղության կարոտախտ: Գոյություն ունի նաև հայրենազուրկների կարոտախտ, և դա, հավանաբար, ամենացավագին զգացումն է: Երբ առհասարակ հայրենիք ունես, արդեն մի փոքր սփոփանք է, որը, սակայն, բացակայում է այլոց:
Բայց տեղի է ունենում անսպասելին: Նա սկսում է լրջորեն սիրել փեսացուին, ով սկզբում նրա համար նպատակներն իրագործելու միջոց էր սոսկ: Միառժամանակ չի կարողանում հավատալ, բայց ի վերջո ստիպված է լինում ինքն իրեն խոստովանել, այլապես ինչո՞վ բացատրեր նախկին մտադրությունների համար հոգին տակնուվրա անող սրտամաշ ամոթը, որ, հավանաբար, երբևէ չի ունեցել որևէ մեղսագործուհի, և որի համար պատրաստ էր ապաշխարելու: Ուզում է լավ կին լինել նրա համար, հավատարիմ, նվիրված: Լցվում է հանգստությամբ: Զգացմունքները հոգեպարար մաքրություն են բուրում, նա ամբողջ սրտով սիրում է իր փեսացուին: Ամիսներ թե շաբաթներ է տևում այս վիճակը` լավ չեմ հիշում: Մոտենում է հարսանիքի օրը: Բայց նախկին խենթությունը կրկին արթնանում է նրա մեջ: Երևի մի խորհրդավոր պատճառ կար, որ ինքն էլ պարզ չէր պատկերացնում, հավանաբար իրերի բնական ընթացքն էր դա, և կարճատև դադարի ժամանակահատվածն իր բնական ավարտին էր հասել, քանզի այն հավանաբար դրված էր աղջկա նախաստեղծ նյութի մեջ: Սա ողջ էությունը կլանող մոլեգին կիրք էր: Մեկ անգամ չէ, որ ընկնում է ծայրահեղ վիճակների մեջ. անգամ ոչ թե տրվել փեսացուին, ոչ, այլ տիրել, անձամբ տիրել նրան, տանել նրան հյուրասրահի կողքի մութ սենյակը, կամ այնտեղ` խորշի սենյակը, կամ այնտեղ… Բայց հանգամանքները թույլ չեն տալիս. երբեք նրա հետ մենակ չի մնում: Առիթի դեպքում էլ հավանաբար կորցնում է քաջությունը, իսկ միառժամանակ հետո սկսում է հասկանալ, որ իր սիրո բոցը տարածվում է ամենուր, և նա, ճշմարիտն ասած, արդեն իր սիրեցյալը չէ: Այո, ինքը ցանկանում է նրան, բայց նաև մյուսին, հաջորդին, բոլորին: Հասկանում է, որ ամեն ինչ անվերադարձ կերպով ավարտված է արդեն իր միակի հետ, իր սիրո հետ ընդհանրապես: Ողջը բնազդ է, անհագուրդ, մոլի բնազդ, որ տղամարդ է տենչում, ոչ թե նրան, միակին: Այնուամենայնիվ, ինչ-որ բան է մնում նրա խորը հակումից: Այդ մարդուն, որի շնորհիվ ապրել է վերին գեղեցկություն, որը նրան տենդագին ցանկության մոլուցքից միառժամանակ սիրո պայծառ բարձունքներն է տարել, այդ մարդուն ինքն ինչ-որ բան պարտք է մնացել: Ճշմարտությունը… Նրա էությունը տակնուվրա է լինում, չի գտնում հանգիստ: Ինքը պետք է բացվի նրա առաջ: Հասկանում է, թե այս ամենն ուր է տանում: Դրա համար էլ ուզում է հեռու պահել նրան անպատվությունից, ցավից: Ինքը ստեղծված չէ լավ տանտիկին լինելու համար, բայց և չի ուզում պատկանել նրան, ում, հնարավոր է, դավաճանի հենց առաջին գիշերից հետո, և որը նրան, այս միտքը տարտամորեն պտտվում է նրա գլխում, հաջորդ օրն իսկ կվռնդի իր տնից: Հուսալ, թե նա իրեն լիովին կբավարարի, թե տիրելով` կմեղմի իր խենթությունը, այլևս մանկական տարիների երազանք է համարում, բայց ուզում է նրան խոստովանել, ուզում է ասել նրան. «Ես ստեղծված չեմ քեզ համար լավ տանտիկին լինելու, արձակիր ինձ»:
Ժամանակն անցնում է: Նրա սիրո հստակ ու պարզ սահմանները որոշակի անձի նկատմամբ տարրալուծվում են տղամարդու նկատմամբ այլևս գրեթե անսանձահարելի, տվայտող կարոտի դողացող գծերի մեջ:
Եվ մի երեկո (նա այդ երեկոյի տրամադրությունը նկարագրում էր ապշեցուցիչ ուժով` ունենալով կատարվածի կարևորության հստակ գիտակցումը), իր ծնողների տանը, աղոտ երանգներ արձակող լամպի կիսալույսի մեջ սուզված հյուրասենյակում, լուսավոր, շքեղ փողոցին նայող բաց պատուհանի մոտ կանգնած, ամեն ինչ խոստովանում է նշանածին: Ամեն ինչ: Իր նորաբողբոջ պատանության այրող տենչերը, լուռ արթնացող երանության գերագույն վայելքն իր սրտում և այդ վաղանցուկ երազի անհետանալ-ցնդելը: Փեսացուն ապշահար է լինում: Անկարող էր հավատալ, որ այդ ամենը լսում է բարձր ընտանիքի լավ դաստիարակություն ստացած օրիորդից, ում իր ծնողների բարի կամքով պատրաստվում էր կին վերցնել և հույս էր տածում նրա մեջ գտնել այն, ինչ մենք ցանկանում ենք տեսնել մեր ապագա կանանց մեջ` հրաշալի, սուրբ, առաքինի հակադրությունը մեր խենթ պատանեկության սիրային զվարճանքների տարփուհիների… Փեսացուն փորձում է նրան առարկել: Ուզում է բացատրել, թե օրիորդն ինքն իրեն սխալ է հասկանում, թե վիրավորում, պղծում է իրականում բնական և գեղեցիկ ցանկությունը, որովհետև իր հպարտ կուսության մեջ ամաչում է դրանից: Իզուր: Որքան փորձում է հանգստացնել նրան` բացատրելով նրա վիճակի բնականությունը, այնքան ավելի մոլի, անսքող, անպարկեշտ բառերով է վերջինս ներկայացնում նրան հոգու ամենաթաքուն խորքերի մորմոքն ու դողը: Աղջիկը պնդում է, որ խոստումը ետ է վերցնում, նրանն էլ վերադարձնում է, խնդրում է հագիստ թողնել իրեն իր բախտի մեջ, չվերադառնալ այլևս այդ տունը: Իր ճակատագիրը վճռված է, իր ծրագիրն անխախտ է. առավոտյան արդեն կամ գուցեև հենց գիշերը կթողնի այս տունը, միանգամից կհեռանա այս միջավայրից, հարազատներից. հեռու ամենքից, այս մարդկանցից, որոնք հանգիստ, գոհ, առողջ են, իսկ ինքը նրանց շարքին չի պատկանում, անհետ հեռանալ, մոլի խնդությամբ մխրճվել անսանձ վայելքների աշխարհը, որի համար ստեղծված է, որի մեջ ուզում է նետվել, եթե չխելագարվի կամ չկործանվի:
Տղամարդը լսում է նրան, և զգում է, թե ինչպես է նա ստանում մի նոր գեղեցկություն` ճառագայթող, վայրի, ու բողոքի արտահայտությունը նրա աչքերում աստիճանաբար փոխվում է թրթռուն ցանկության, որ գնալով ավելի անզուսպ է դառնում: Նրա կողքին կանգնած, կիպ կպած նրան, պաղատագին երդումներով գրկում է նրա թևերը, և կնոջ ականջին հնչում են վշտալի բառեր. նա մոլորությունների մեջ է, ինքը ներում է նրան, նրան, որ միայն իրենը պետք է լինի. նրա ձեռքերի ճնշումն ավելի տիրական, ավելի կրքոտ է դառնում, դողացող ձայնի մեջ ոչ թե հուսահատություն, այլ պահանջ է արտահայտվում, որ վայրկյան առ վայրկյան այլ հնչողություն է ստանում` դառնալով հանդուգն, չոր, դաժան, և հնչում են խոսքեր, ինչպիսին դեռ երբեք շրթունքները չէին արտաբերելլ. «Իսկ եթե պետք է այդպես լինի, եթե դու իսկապես որոշել ես գնալ, եթե չես ուզում օրինավոր տանտիկին լինել, եթե ուզում ես լինել բոլորինը, ովքեր քեզ կցանկանան, ապա առաջինը պետք է տրվես ինձ, ինձ, որ քեզ բոլորից շատ է սիրում, ինձ, ում դու սիրում էիր, ինձ… ինձ… ինձ, որը պաշտում է քեզ»: Բայց օրիորդը կտրուկ ետ է քաշվում, արհամարհանքով հրում է նրան, դուրս պրծնում նրա գրկից:
Նա դեռ չի կարողանում հասկանալ, աղերսագին, վեհերոտ` փորձում է ինչ-որ կերպ համոզել, թե դա կլիներ ամենախելացի բանը, ինչ նա կարող էր անել: Բայց այդ մարդը, ում աղջիկն այնպես սիրում էր, հանկարծ դարձել էր միակը, ում այլևս չէր սիրում, ոչ, ում ատում էր, ով տհաճ էր նրան: Շունչը, չոր, տաք ձեռքերը, չռված աչքերը, ձայնը, որի մեջ ինչ-որ զնգացող և լալագին բան կար, մի կարճ ակնթարթում այնքան անտանելի էին դարձել, որ ուզում էր պահ առաջ գնալ, հեռանալ նրանից, լինել ուրիշի մոտ, որևէ մեկի, մի տղամարդու, որը նա չէ: Եվ նույն գիշերը լքում է ծնողների տունը, նույն գիշերը մոլորվում է քաղաքի ճնշող փողոցներում, նույն գիշերը փողոցում իրեն առաջարկում է առջևից գնացող մեկին, որի քայլքը թեթև ու անհոգ էր, և որին երբևէ չէր տեսել: Սա տիրում է նրան ու վռնդում, և նրա առաջին սիրեկանը սա է լինում:
Նա լռեց` առանց այդ մարդու մասին որևէ մանրամասնություն պատմելու: Ես այրվում էի հետաքրքրասիրությունից, ուզում էի ավելին իմանալ: Ո՞վ էր նա, արդյո՞ք սիրել է նրան, արտասվել է նրա համար, ի՞նչ է զգացել, ինչպե՞ս է տարել առաջին լքումը: Բայց նա նայեց ինձ զարմացած աչքերով: Ապա, ասես ինքնին հասկանալի պիտի լիներ, վճռական տոնով, որ մինչ հիմա հնչում է ականջիս, ասաց. «Ինձ համար միևնույնն է»: Սկզբում վարանեցի, բայց երբ մի պահ նայեցի, տեսա նրա դեմքի խաղաղ արտահայ­տությունը, որ հատուկ է իրենց կոչումը գտած, ուրիշների կարծիքներն անտեսող երջանիկներին, հոգիս մեկեն պարզվեց, և ես հասկացա, թե նա ինչ է մտածում: Այո, նրա համար միևնույնն էր, թե ով է եղել այն մարդը, ում հետ անց է կացրել իր առաջին գիշերը, միևնույնն էր` ով է եղել դրանից հետո, ինչպես որ միևնույնն էր` ե՞ս էի արդյոք, թե՞ մեկ ուրիշը կառքում իր կողքին նստած: Ոչ այն պատճառով, որ նա այն էր, ինչ մենք հեշտ ու հանգիստ ընկած ենք կոչում: Եվ մի՞թե մենք բոլորին այդպես չենք համարում, բոլոր այն կանանց, որ իսկապես սիրել են մեզ, սրտի թրթիռով, հարյուրապատիկ անգամ լուռ հուսահատություն ապրելով, ինչպես ենք մենք իրագործման պահին նրանց համար անհետանում, մենք` մեր եսի ողջ պայծառափայլությամբ, ինչպես է մեր անհաղորդ անձը ավելի շուտ սոսկ համընդհանուր օրենք նշանակում, և մենք` ընդամենը նրա պատահական ներկայացուցիչները:
Իսկ երբ նրանք կամաց-կամաց արթնանում են իրենց սրբազան արբեցումից, չենք էլ նկատում, թե ինչպես են անթաքույց զարմանքով դիտում մեզ, ոչ, ինչպես են նորից դիտում մեզ` մեզ հիշելու համար, քանի որ մենք իրենց ամենագեղեցիկ էքստազի պահին, մեր բոլոր ինքնատիպ առանձնահատկություններով, մեր ոգով և գեղեցկությամբ, բոլոր առաքինություններով և արատներով, որոնցով նվաճում ենք նրանց, զարմանալիորեն ավելորդ ենք դառնում այն հավերժական սկզբունքի առաջ, որը պետք է արտահայտվի որևէ անհատի դիմակով, որպեսզի կարողանա իշխել. քանի որ կարճատև ու անգիտակից ակնթարթը, որի մեջ բնությունն իր նպատակը դնել գիտի, կարիք ունի տղամարդու և կնոջ, և եթե դրանից առաջ և հետո մենք անգամ շատ հմտորեն սեր ենք խաղում` գունազարդելով այն մեր անհատականության հազարավոր լույսերով, բոլոր լույսերն ու գույները մարում են, երբ իրագործման խոլ գիշերը պարուրում է մեզ:

Գերմաներենից թարգմանեց
Ամալյա ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.