Հրանտի սերը կանաչ աչքերով Ազնիվն էր:
Դպրոցի ցածր դասարաններից արդեն նա հասկանում էր, որ ինչ-որ բան է զգում Ազնիվի հանդեպ, սակայն ձգողականության ահռելի այն ուժը, որ ամեն անգամ Հրանտին հազիվ էր պահում ոտքերի վրա՝ սպառնալով գետնին տապալել, վազել կամ թեկուզ հպանցիկ դիպչել նրա զգեստի եթերային թվացող փեշին՝ հնարավորություն տալով գոնե օդում որսալ աղջկա անմարմնական բույրը, նրան մի օր համոզեց, որ սեր կոչվածը երևի հենց այդ է, որ կա, և այլևս ապացույցներ որոնելու, դասական կամ ոչ դասական որևէ բացատրության, առավել ևս՝ թեորեմի կարիք չկար. աքսիոմ էր, որովհետև սեր էր:
Գյուղը մեծ էր, ու Հրանտը կարողանում էր միաժամանակ և՛ մոտ լինել իր նվիրական տեսիլքին, և՛ հեռու, որովհետև մարդիկ կույր չէին, մանավանդ՝ Ազնիվի ընտանիքը, որ պատրաստ էր ամեն գնով պաշտպանել իր գեղեցկուհի դստեր պատիվը շոռ ու անմեղ բոլոր-բոլոր հայացքներից:
Ազնիվը գիտեր՝ ումից է դասերի ժամանակ ստանում անվարժ ու ակնհայտ դողացող ձեռքով գրված երկտողերը: Այդտեղ և այդպես հարմար էր. տետրից պոկված, ծալմլված թերթի կտորը շարքում ամենավերջին նստարանին նստող Հրանտը տալիս էր ինչ-որ մեկին, վերջինս էլ մեկ ուրիշին էր փոխանցում՝ մինչև երկտողը աղջկան էր հասնում, և երկտողի մեկնարկային կետն այդպիսով կարծես թե անհայտ էր մնում:
Ազնիվը ետ էր նայում՝ ձևացնելով, թե չգիտի ումից է ճմրթված թերթիկը, սակայն Հրանտի հայացքի հետ նրա աչքերի սադրիչ բախումն ու տղայի՝ դրան հաջորդող կարմրող դեմքն ու անհասկանալի հազն ամեն բան ջուրն էին գցում. Հրանտը հանցագործի պես կծկվում, կուչ էր գալիս կամ էլ դեմքը թաքցնելով արմունկների արանքում՝ փռվում էր նստարանի վրա. երկար ոտքերի ու ձեռքերի պատճառով նրա կողքին ոչ ոք չէր նստում:
Պատերազմին հաջորդած քաղցի տարիներին քչերն էին լավ ապրում: Հրանտի ընտանիքը շատերի մեջ էր: Ավագ եղբայրներից նրան անցած հագուստը, կոշիկներն այնքան էլ տեսարժան «ժառանգություն» չէին, իսկ Ազնիվին՝ ընտանիքի միակ դստերը, հնարավորինս յուղ ու մեղրի մեջ էին պահում:
Այդպես մի օր Հրանտը նաև չամիչ տեսավ, նույնիսկ համտեսեց. Ազնիվն էր դասերից հետո նրան խնդրել՝ իր պայուսակը տուն տանի և ասի, որ ընկերուհու տուն է գնում: Հրանտն աշխարհի ամենաերջանիկ մարդն էր այդ պահին, և որքան ավելի երջանիկ էր, երբ հաջորդ օրը Ազնիվն իրեն մի բուռ չամիչ տվեց և ասաց՝ ապրես:
Հետո, արդեն տունդարձին մտածեց, հասկացավ, որ իրեն պարզապես վարձել, ապա վճարել էին աշխատանքի համար: Սակայն իր ներսում նստած ուրիշ մի Հրանտ, միևնույն է, համոզեց, որ այդպես չէ, որ Ազնիվը կարող էր ուրիշ մեկին խնդրել, բայց իրեն ընտրեց:
Երբ ամռան տապին տղանելով Ծովերում լողանում էին, և լիճ եկած աղջիկների մեջ Հրանտը նկատում էր Ազնիվին, չնայած լավ լողորդ էր, ամեն ինչ մոռանում էր, ոտք ու ձեռք բռնվում, փայտանում էին:
Ազնիվն էլ տղայի շփոթմունքը տեսնելով՝ չարաճճի ծիծաղում էր ու թաքնվում ափը երիզող անտառում:
Հրանտը, միևնույն է, զգում էր ծառերի ետևից իրեն հետևող կանաչ հայացքը, աներևույթ ցրտից սարսռում և մինչև բոլորը կհեռանային՝ անշարժ նստում, մնում էր ջրի մեջ: Ինքն ի ցույց դնելու ոչինչ չուներ, չէր կարող պարծենալ ո՛չ իր նիհարիկ, ոսկրոտ մարմնով, ո՛չ էլ պարանի կտորով գոտկատեղին կապված հնամաշ վարտիքով:
Այդպես տարիներն անցնում էին՝ իրենց հետ տանելով դպրոցական լինելու տառապանքն ու հետահայաց բերկրանքը: Այդպես եկավ նաև Հրանտին բանակ զորակոչելու ժամանակը: Հայտնի չէր, թե ընտրության ինչ հնարք էին կիրառել զորակոչողները, սակայն բարձրահասակ և դրանից ամաչող Հրանտին Բալթիկ ծով տարան. ԽՍՀՄ նավատորմում ժամկետային ծառայությունը երեք տարի էր:
Այդ ամենին միայն պապը կարողացավ բացատրություն գտնել.
– Ա՛յտա, իմացել են, հաստատ են գիդացել, որ շանորդին լավ էլ լղանըմ ա…
Երբ արդեն հեռու էր տնից, Հրանտն իր մեջ ուժ գտավ և կրկին սկսեց Ազնիվին նամակներ գրել:
Չէր պատասխանում:
Մի օր էլ Հրանտի հալումաշը, ախուվախը տեսնելով՝ ծառայակից հազար ազգ ու ցեղի տղերքից հուշեցին, թե՝ գլուխ գովա, ա՛յ տղա: Հլա քո հագուկապը նայիր: Աղջիկները նավաստիների համար գժվում են…
Հագուկապը, այն էլ այդպիսի, Հրանտի համար փոքրուց էր երազանք, մնում էր Ազնիվին զարմացնել:
Մի օր էլ իր զոլավոր շապիկից մի կտոր պատռեց ու դրեց հերթական նամակի մեջ՝ չմոռանալով ծրարի վրա գրել՝ «Советский флот- родины оплот!» (ինչպես տղերքն էին ասել):
Աշխատեց:
Ազնիվը պատասխանեց:
Ճիշտ է՝ կցկտուր, մի երկու բան չասող տող, բայց՝ նամակ:
Հրանտը ցնծում էր: Տղերքի փոխարեն տախտակամածը քանի անգամ ինքը քերեց, լվաց, մաքրեց… և սկսվեց երկար սպասված նամակագրությունը:
Մի օր էլ Հրանտը հասկացավ, որ աշխարհում լավը շատ է, որ ինքն էդ աշխարհի ամենաերջանիկ մարդն է՝ չմոռանալով հերթական նամակի մեջ զոլավոր շապիկի հերթական կտորը դնել, թե՝ ծովի հոտն առ, մեր Ծովերը էս անտերի դեմ հեչ բան են…
Շարունակվում էին նաև ծրարի վրայի խրոխտ գրությունները՝ «Советские берега неприступны для врага» կամ «Наш народ любит флот»…
Ազդում էր. Ազնիվն ավելի հաճախ էր պատասխան նամակներ ուղարկում, աճում, ծավալվում էին նաև նամակի տեքստերն ու քնքշացող բովանդակությունը:
Հրանտն էս աշխարհից այլևս ոչինչ չէր ուզում, ոչ մի պարտք ու պահանջ չուներ:
Մի օր էլ տեսավ, որ տղերքը մարմինների վրա դաջվածքներ են անում, իր սիրտն էլ ուզեց, ու երբ ռյազանցի Սերյոգան հարցրեց՝ ի՞նչ է գծել-փորելու, մտածելու բան չուներ՝ «Ազնիվ»:
Սկզբում թղթի վրա Հրանտի նախշուն գիրը տեսնելով՝ ծառայակիցները զարմացան, թե, իյա… էս դուք էլ ձեր տառերն ունե՞ք…. հետո, հարմարվեցին, իմացան՝ ում հետ գործ ունեն, և Հրանտի հեղինակությունը շուրջբոլորն է՛լ ավելի աճեց:
Էլ տեղ չմնաց, որ Սերյոգան «Ազնիվ» չփորի:
Ցավում էր՝ էն էլ ոնց էր ցավում, բայց Հրանտը պատրաստ էր Ազնիվի համար տառապել, ինչ ցավ ասես՝ քաշել: Եվ հենց էդպիսի մի պահի էլ բռնվեց. «Ստարշինա պեռվոյ ստածյի» Կոմիսարովը երկար նայեց շփոթված Հրանտի դեմքին, հետո ավելի երկար՝ կարճացած շապիկին ու.
– Ի՞նչ է սա, նավաստի՛ Խաչատրյան:
– Տելնյաշկա, առաջին հոդվածի ընկե՛ր ավագ,- ասաց խեղճացած Հրանտը:
– Զոլերդ հաշվիր…
Ներկաները զարմացած իրեն նայեցին:
– Հաշվի՛ր…
Հրամանն ավելի կտրուկ հնչեց:
Հրանտը գլուխը կախեց և…
– 1, 2, 3, …… 21: 21 զոլ, առաջին հոդվածի ընկե՛ր ավագ…
Ավագը ժպտաց.
– Դե-դե, փաստորեն ֆրանսիական լրտես ես, հա՞, նավաստի՛ Խաչատրյան. ֆրանսիական նավատորմում է էդ զոլերի թիվը 21…
Բոլորը կրկին իրար նայեցին:
– Հա՛,- շարունակեց առաջին հոդվածի ավագը,- դրանք Նապոլեոնի խոշոր հաղթանակների թվին հավասար զոլեր են քաշում իրենց նավաստիների շապիկների վրա: Բա…
Ասաց ու ծիծաղեց: Վերջապես մյուսներն էլ ծիծաղեցին:
– Կտրում, սիրածին է ուղարկում նամակի հետ,- կողքից ձայնեց ինչ-որ մեկը:- Ծովի հոտն է ուղարկում իր Ազնիվին:
Ծիծաղն ուժգնացավ:
Շուտով Կոմիսարովը նավաստի Հրանտ Խաչատրյանին հրահանգեց նոր շապիկ ստանալ և հեռացավ:
Տղաներն էլի մնացին, ծիծաղեցին, խոսեցին, Հրանտի ուսին թփթփացրին ու գնացին իրենց գործին:
Այդպես լավով-վատով այդ տարիներն էլ թռան-անցան:
Հրանտը զորացրվեց:
Տանը պապը չկար, դրսում՝ Ազնիվը:
Պապին տեսության գնաց, շիրմաթմբի մոտ կանգնեց-կանգնեց ու հեռացավ. անգամ այդտեղ չէր կարողանում չմտածել Ազնիվի մասին:
Նավաստու հագուստով, տաբատի կլյոշը լոթի-լոթի գցելով՝ հասավ Ազնիվենց տան մոտ ու ծխախոտ վառեց:
Ազնիվը չէր երևում:
Չդիմացավ: Երկչոտ բացեց նվիրական դարպասի դուռն ու մտավ բակ: Տնից ինչ-որ մեկը դուրս եկավ և շրջվելով եկվորի կողմը՝ ցնցվեց.
– Վա՜յ, քու յուրդը չփլի, ո՞նց վախացրիր, տո՛…
Ազնիվի հայրն էր:
Հրանտն իրեն նավի վրա կանգնած խրոխտ նավաստի պատկերացրեց.
– Սամսո՛ն բիձիկ, Հրանտոն եմ՝ Ազնիվանց դասարանցի: Բանակից եկել եմ, ասի՝ գամ, ձեզ տենամ: Ո՞նց եք: Բա, Ազնիվը՞…
Բիձիկն իրեն հավաքեց, վերից վար հայացքով տնտղեց եկվորին և աչքերը կկոցելով ասաց.
– Ազնիվը քու ընչի՞ն ա… Ազնիվը կարգվել ա, հրեն քաղաքումը մի ապրուստով տուն ա ընգել, ապրում ա:
Հրանտի ծնկները ասես թշնամու դավադիր հարվածից կրկին սկսեցին դողալ: Նա հենվեց փայտե խարխուլ ցանկապատին ու սպասեց՝ ինքն էլ չգիտեր՝ ինչի: Աշխարհը մթնեց, քոռացավ նրա համար: Չհիշեց էլ, թե ինչպես տուն հասավ ու պառկեց, ինչպես բարձր ջերմության մեջ «Ազնիվ, Ազնիվ» կանչեց ու հալից ընկած քնեց: Միայն հետո հիշեց, թե ինչպես էին Ազնիվի նամակները գնալով սակավանում, սառչում, ինքն էլ հիմարի պես ոչինչ չէր հասկանում, գլխի ընկնում:
Ցավն օրերի, ամիսների հետ կամաց-կամաց բթացավ. պիտի ապրեր ու «հենց Ազնիվի ինադու տուն-տեղ դներ»: Համոզում էր իրեն: Շուտով ինքն էլ կամուսնանա. գյուղում իր նման բոյով-բուսաթով, հետն էլ՝ մարյակ տղա չկար, բայց մեծ-շատ մեծ խնդիր կար. մարմնի տարբեր մասերում դաջված «Ազնիվ»-ը գլխացավանք էր: Հարսնացուի անունն էլ, թարսի պես, Լուսիկ էր: Ի՞նչ էր ասելու, երբ նա ամեն բան տեսներ-հասկանար…
Մի գիշեր էլ հանկարծ միտքը լուսավորվեց. գիտեր անելիքը: Գաղտագողի գնաց կողքի գյուղ՝ նակոլկա Մոսոյի մոտ, և «Ազնիվ»-ների կողքին նոր բառեր հայտնվեցին: Ոտքի վրայի «Ազնիվ»-ը դարձավ «Ազնիվ ոտ», ձեռքի վրայինը՝ «Ազնիվ ձեռ», մեջքինը՝ «Ազնիվ մեջք», սրտինը՝ «Ազնիվ սիրտ», և վերջ:
– Շորի աշխարհ ա, որդի: Շորով ընդունըմ, շորով էլ ճամփու են դընըմ: Էդ ա,- տնքաց հայրը, և չնայած՝ կլյոշն ու բուշլատը վաղուց էին մաշվել, Լուսիկին դրանցով գնաց ուզելու: Ամուսնացավ, տուն բերեց, ապրեցին:
Տարիներն արագ անցան Ծովերի երկրում՝ ծովերից հեռու: Միայն կապույտի տեսիլքն ու դեմքի աղահամը մնացին որպես կյանքի, ապրածի իմաստ, որպես հիշողություն:
Այդքանը:
Ծերացավ ու չէր էլ հիշում, թե Ազնիվին տեսա՞վ- չտեսա՞վ, քանի՞ անգամ տեսավ, որքա՞ն լացեց ու հալումաշ եղավ: Հոգսերի բեռն ամենածանր ու անթափանց վարագույրն էր նրա կյանքում, որն այդպես էլ վեր հանող չեղավ:
Ինչ-որ առիթով կանչեց ավագ որդուն և խնդրեց, որ միայն ինքն իրեն լողացնի, «երբ վախտը գա», լեզուն շաղ չտա. «Մեղք ա Լուսիկը»: Բախշիբեկը չեմուչում արեց, թե՝ քու ինչ վախտն ա, բայց բոլորի նման մի օր էլ մեռավ Հրանտը:
Վախտը եկել էր, և իր նման լողլող Բախշիբեկը տաշտը պատրաստեց, թաքուն մղկիտով հանեց հոր շորերն ու լաց եղավ: Մի ձեռքով ծնողի մաշված մարմինը գրկած՝ մյուսով լվաց նրա Ազնիվ ձեռուոտը, մեջքն ու սիրտը լվաց: Սակայն երբ հասավ հանգուցյալի մարմնի ստորին հատվածին, հանկարծ մի բան ակամա ցնցեց նրան, ավելի շուտ՝ ձեռքը օդում մնաց. լողացողի ցայլքի թափված, ճերմակած մազերի միջով արտասովոր մի դաջվածք էր երևում, որ նա իր ողջ կյանքի ընթացքում թաքցրել էր բոլորից և այդպես էլ չէր ջնջել ու չէր այլափոխել այն:
Այնտեղ՝ օտար ծովի ալիքների վրա Հրանտի կենսագրությունն էր՝ նրա «Ազնիվ»-ը, միայն նա: