Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀԳՄ մանկական գրականության
սեկցիայի նախագահ,
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն
Օդը բուրում է վարդագույն թերթիկներով ծիրանենիների, հողի ջերմությամբ, մեղուների պարսով: Գարունը ներկված է նաև մանկագրության շաբաթի վառ գույներով: Արդեն 14 տարի:
Ժամանակն է, որ հասարակությունը շրջվի դեպի մշակույթի այն ուղղությունը, որը միտված է ապագային:
Իհարկե, կան լավագույն օրինակներ. Հեքեքյանի մանկական երգչախումբը, այս տարի լույս տեսած՝ Արմեն Շեկոյանի և այլոց մանկական ժողովածուները, Լյուդվիգ Կարապետյանի «Մանկության մոլորակում» տեսական աշխատությունը: Բայց ո՞ւր են այն անիմացիոն ֆիլմերը, կարճամետրաժ և լիամետրաժ կինոնկարները, որոնք պետք է մրցակցեն արտերկրի բազմահազար, ամեն օր ստեղծվող ֆիլմերի հետ:
Ով փորձել է ստեղծագործել կրտսեր տարիքի ընթերցողի համար, կասի, թե ինչ բարդ ու պատասխանատու գործ է դա: Ստեղծագործությունների հերոսը կարող է լինել ծիածանը, թիթեռը, որ հանկարծ դառնում է ինքնաթիռ, բզեզը, որը վերածվում է հարսնյակի…
Մեր հրաշալի կոմպոզիտորներից Արամ Սաթյանը, Ստեփան Բաբաթորոսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը ստեղծում են երգեր Ս. Մուրադյանի, Էդ. Միլիտոնյանի, Յու. Սահակյանի, Ե. Պետրոսյանի, Լ. Սարգսյանի աշխույժ բանաստեղծությունների հենքի վրա: Բայց դրանք չեն հնչում հեռուստաեթերից, բեմերից:
Ինչպիսի՞ երկիր ենք ուզում ստեղծել, ի՞նչ Հայաստանի տեսլական ունենք: Դա որոշվում է այսօր:
Ես, որպես «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն տագնապի կոչնակ եմ հնչեցնում: Չէ՞ որ մանուկների համար ստեղծագործողների թիվը աղետալի քիչ է, տարիքն էլ, ամենաերիտասարդինը, 50-ն անց է:
Պետք է ստեղծել նորանոր հարթակներ, պետական մրցանակ սահմանել հատկապես մանկագրության համար: