ՀԵՏՀԱՄԱԳՈՒՄԱՐՅԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

 

***

Հարգարժան պարոն Միլիտոնյան,

Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի գրողների միության նախագահի բարձր և պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Մենք ավելի քան մեկուկես տասնամյակ ակտիվորեն համագործակցում ենք, որի արդյունքներն այսօր ավելի քան տեսանելի և շոշափելի են թե՛ հասարակայնության լայն շերտերի և թե՛ հայ գրողների համար:

Մեր գործընկերությունը զգալիորեն նպաստել է հայ գրողների գրական գործունեության ակտիվացմանը՝ գրականության նոր արժեքներ և գործեր ստեղծելու ճանապարհին:

Մենք այսուհետ ևս կշարունակենք մեր համագործակցությունը, դրան հաղորդելով նոր իմաստ, նոր բովանդակություն՝ ի շահ մեր ժողովրդի համախմբման՝ հանուն մայր Հայաստանի, հանուն համազգային միասնության ապահովման վեհ գաղափարի:

Արա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ռուսաստանի հայերի միության,

Համաշխարհային հայկական

կոնգրեսի նախագահ

ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան

***

Հայաստանի գրողների միութեան

հարգարժան նախագահութիւն եւ վարչութիւն

Հայաստանի գրողների միութեան ներկայ ղեկաւարութիւնը, անցած չորս տարիների իր գործունէութեան ընթացքում, շնորհիւ կառոյցի կողմից ընտրւած նախագահ՝ հանրայայտ մշակութային ու գրական գործիչ պրն. Էդւարդ Միլիտոնեանի եւ վարչութեան կազմի եւ աշխատակազմի արդիւնաւէտ ու նպատակաուղղուած քայլերի, կարողացել է դրսեւորել համադրւած գործունէութիւն իրանահայերի հետ թէ՛ հայրենիքի համապատասխան հարթութեան եւ թէ՛ ներհամայնքային գրական ստեղծագործական ոլորտներում, ինչպէս նաեւ յաջող թարգմանութիւնների գծով այլ ժողովուրդների, ի մասնաւորի Իրանի ժողովրդի հետ մշակութային կապերի հաստատման ու բարելաւման ուղղութեամբ:

Առ այդ, մեր գոհունակութիւնն ու երախտագիտութիւնն ենք յայտնում ՀԳՄ-ի ղեկավարութեանը, ցանկանալով նրան առաւել ուժ ու եռանդ՝ շարունակելու իր ազգանւէր գործունէութիւնը:

Իրանահայ գրողների

միութեան վարչութիւն

Նախագահ՝

Վարանդ ՔԻՒՐՔՉԵԱՆ

Քարտուղար՝ Յովիկ ՄԻՆԱՍԵԱՆ

 

***

Շնորհավորում եմ Էդվարդ Միլիտոնյանին Հայաստանի գրողների միության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և խոստանում եմ համագործակցել նրա հետ՝ օգնելու գրողների և գրականության զարգացմանը Հայաստանում  (անգլերենից թարգմ.):

Երվանդ ԱԶԱՏՅԱՆ

(ԱՄՆ)

***

Էդվարդ Միլիտոնյանը ոչ միայն գրողների, նաև՝ վայելում է հանրության սերն ու հարգանքը: Այն ջերմ մթնոլորտը, որն այսօր տիրում է Գրողների միությունում, բնութագրում է Էդվարդի անկողմնակալ, անշահախնդիր, մարդկային վերաբերմունքը բոլորի հանդեպ: Մնալով Գրողների միության նախագահի պաշտոնում, համոզված եմ, որ նա իր առջև դրված խնդիրները կկատարի պատվախնդրորեն:

Անժելա ՍԱՀԱԿՅԱՆ

(Ֆրանսիա)

 

***

Նախ՝ շնորհավորում եմ և ցանկանում նորանոր հաջողություններ: Առանց պետական օժանդակության և այսպիսի արդյունքնե՞ր՝ ապրե՛ք: Հիանում եմ Էդվարդի գործունեությամբ: Այսօր դրա մասին պետք է զեկուցեմ Ուկրաինայի գրողների միության քարտուղարությունում: Ապրե՛ք:

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան

Օլեքսանդր ԲՈԺԿՈ

(Ուկրաինա)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.