ՋԱՎԱԽՔ, ԳԱՆՁԱ. ՏԵՐՅԱՆԱԿԱՆ ՊՈԵԶԻԱՅԻ ՕՐ

dashtahandes

Բանաստեղծի ծննդավայրում տեղի ունեցող ավանդական գեղեցիկ այս տոնին, որն անցկացվում էր արդեն 52-րդ անգամ, ինչպես միշտ, իր մասնակցությունը բերեց Հայաստանի գրողների միության պատվիրակությունը, այս անգամ հետևյալ կազմով՝ բանաստեղծներ Հարություն Հովնաթան, Կորյուն Առաքելյան, Լևոն Բլբուլյան, արձակագիր Դավիթ Սարգսյան:
Տարբեր տարիների առիթ եմ ունեցել մասնակցելու տերյանական պոեզիայի օրվան, նաև խոսք ասելու և ահա ուրախությամբ տեսա, որ այն նույնքան բազմամարդ է, նույնիսկ է՛լ ավելի, և Գանձային հարակից ընդարձակ լեռնադաշտում ներկա էին բոլո՜ր սերնդի ներկայացուցիչներ՝ ծերունազարդ մարդկանցից մինչև պատանիներ ու մանուկներ: Հյուր էին եկել Հայաստանի ու Վրաստանի մշակույթի գործիչներ, անվանի մտավորականներ, տոնին իրենց մասնակցությունը բերեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Դավիթ Ճիճինաձեն և, անշուշտ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը: Սա նորից ու կրկին վկայում է այն մասին, որ Վահան Տերյանի նկատմամբ սերը, նրա ստեղծագոր- ծությունների հանդեպ հետաքրքրությունը նույնքան վառ են ու արթուն, և նվիրական դարձած այս վայրում, անկասկած, նրա երկրպագուների դեռ նորանոր սերունդներ են հաջորդելու իրար:
Հրաշալի քնարերգուն, հասարակական-քաղաքական անխոնջ գործիչը մեր այն մեծերից է, ովքեր իրենց ստեղծագործություններով, գաղափարներով, հայրենիքի նվիրյալի լուսավոր կերպարով մշտաներկա են և մե՛ր օրերում ու կարևոր դասեր են տալիս, օգնում կողմնորոշվել բարդ այս ժամանակներում: Վստահորեն կարելի է ասել, որ բանաստեղծի «Հոգևոր Հայաստան» և «Հայ գրականության գալիք օրը»՝ մեկը մյուսից խորունկ, տարողունակ, կարելի է ասել, ծրագրային հոդվածները ամենևին չեն կորցրել հնչողությունը, իրենց առաջադրած գաղափարներով ու արծարծած խնդիրներով նույնքան արդիական են, ճանապարհ հուշող ու թելադրող, ինչպես ավելի քան 100 տարի առաջ: Եվ միանգամայն ճիշտ էր Շիրակ Թորոսյանը, նշելով, որ Վահան Տերյանը հայ ժողովրդի ոչ միայն պոեզիայի, այլև քաղաքականության փայլուն ներկայացուցիչներից մեկն է: «Մեր հանրության լայն շրջանակները Վահան Տերյանին գնահատում են որպես մեծանուն պոետի, այնինչ նա նաև լուրջ ազգային պետական գործիչ է,- ասաց նա,- մենք այստեղ բացթողում ունենք, քանի որ Տերյանին այդ տեսանկյունից գրեթե չենք գնահատել»:
Այո՛, ամենայն վստահությամբ կարելի է ասել, որ տասնամյակներ շարունակ Տերյանը մնում է մեր ժողովրդի այն բանաստեղծներից, ում շատ տողեր պատանեկան տարիներից ուղեկցում են մեզ, ու դժվար թե գտնվի մեկը, անկախ տարիքից ու զբաղմունքից, որ առիթը ներկայանալիս տեղնուտեղը անգիր տողեր ու ամբողջական բանաստեղծություններ չարտասանի նրանից (մենք ևս մեկ անգամ հաճույքով համոզվեցինք դրանում, երբ բանաստեղծի տուն-թանգարանում հեռուստալրագրողը խոսափողը պարզելով «քննություն էր վերցնում» այցելուներից):
Ու էլի մի բան ամենայն վստահությամբ կարող եմ ասել՝ ելնելով և՛ իմ անձնական, և՛ գրչընկերներիս փորձից. երբևէ պոեզիայի աշխարհ մուտք գործած յուրաքանչյուր հայ բանաստեղծ (հազիվ թե բացառություններ շատ լինեն) իր ստեղծագործական կյանքի առնվազն ինչ-որ փուլում, իսկ երբեմն և ողջ կյանքում, իր անփոխարինելի ուսուցիչներից է համարում Տերյանին: Հենց օրերս խորին հուզմունքով Համո Սահյանի մի հարցազրույցը կարդացի համացանցում. թղթակցի այն հարցին, թե երբ ժամանակը գա ու նա պատրաստվի թողնելու այս աշխարհը, իր հետ ի՞նչ գիրք կվերցնի, խոսքի մեծ վարպետն անվարան պատասխանում է՝ Վահան Տերյանի բանաստեղծությունների ժողովածուն…
Ուրեմն՝ մեր սերն ու խոնարհումը Վահան Տերյան մեծ հային, բանաստեղծին ու գործչին, ով, ինչպես Պարույր Սևակն է ասում. «Ազնիվ մետաղի փայլ տվեց մեր արքայական լեզվին» ու, իմ խորին համոզմամբ, ժամանակի միջով շարունակում է իր այդ վսեմ առաքելությունը:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։