ԳԹ – ի հարցազրույցը բան. գիտ. դոկտոր Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ հետ
«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ» – Յուրաքանչյուր տոն (իսկ Մանկական գրքի շաբաթը իրապես տոն է մանուկ ու պատանի ընթերցողների համար) նաև նշանակում է անդրադարձ անցած ճանապարհին. դա հավասարապես վերաբերում է նաև մայր գրականության փոքր զավակի՝ հայ մանկագրության դարավոր ճանապարհին, ինչը Դուք ներկայացրել եք Ձեր «Ոսկեդարից մինչև… 21-րդ», «Դասը վարում է գրողը», «Մենք գալիս ենք մանկությունից» և այլ գրքերում: Հենց վերջերս էլ լույս տեսավ Ձեր «Ճանապարհորդություն մանկության մոլորակում» գիրքը՝ հասցեագրված ոչ միայն մանուկ ու պատանի ընթերցողներին, այլև մայրենիի ուսուցիչներին: Գուցե առիթն օգտագործելով՝ միասին անցնենք այդ ճանապարհի մի քանի «կանգառներով»…
Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – Կանգառները շատ են, բայց հայ մանկագրության ճանապարհի առաջին կանգառը 12-րդ դարում է, երբ Ներսես Շնորհալին արարեց «ուսումնական մանկանց» ուղղված իր «Խրատներն» ու հանելուկները… Եվ, ուրեմն, ոչ արհեստականորեն, այլ, ըստ էության, մեր մանկական գրականության ակունքը այդ դարում է, և մեր առաջին մանկական գրողը (նաև՝ ուրիշ գրականագետների վկայությամբ) հենց Շնորհալին է. Խաչատուր Աբովյանը 19-րդ դարակեսին պարզապես ամուր դրեց հայ նոր մանկագրության (շեշտում եմ՝ նոր) հիմնաքարերը: Այդ հիմքի վրա հետագա տասնամյակներում մեր դասականները՝ Հովհաննես Թումանյանը, Ռափայել Պատկանյանը, Ղազարոս Աղայանը «կառուցեցին» մանկապատանեկան գրականության հոյակերտ շենքը՝ այն հավատով, որ այդ գրականությունը մեծ առաքելություն ունի հայոց սերունդների կրթության ու դաստիարակության, ազգային մնայուն ոգեղեն արժեքների պահպանման ու հարստացման գործում: Եվ դա պատվիրան էր նաև հայ մանկագրության պատմության մեջ հետագայում և մեր ժամանակներում էլ երեխաներին ու պատանիներին հասցեագրված ստեղծագործությունների հեղինակներին:
Ինքս հերթական անգամ ինձ իրավունք չեմ վերապահում խորհրդատուի «թիկնոց» հագնել և առիթն օգտագործելով մեր մանկագրության նորօրյա նվիրյալներին հիշեցնել հայտնի պատվիրանը, թե «երեխաների համար պետք է գրել այնպես, ինչպես մեծերի համար, միայն թե՝ ավելի լավ»: Եվ մի ավելորդ անգամ հիշեցնել Մեծն Թումանյանի ավելի քան հարյուր տարի հնչեցրած, բայց և այժմ էլ չհնացած իմաստուն խորհուրդը նրանց, ովքեր փորձում են ստեղծագործել երեխաների համար և «կարծում են հեշտ ու հանաք բան է մանկական գրվածք գրելը. դա ամենադժվար գործն է: Երեխայի հոգու հետ գործ ունես…»: Եվ ինքն էլ, գիտենք, այդ գիտակցությամբ է արարել իր հրաշալի մանկական ստեղծագործությունները՝ սերունդների շուրթերից անբաժան: Ու թեև փոխվել են ժամանակները, հասարակարգերն են փոխվել, մանկանց ու պատանիների սերունդներն էլ իրար են հաջորդել իրենց մտածողության ու հոգեբանության համապատասխան փոփոխություններով հանդերձ, բայց ահա թումանյանական այս «դասը» մեր մանկագրության երևելիների համար եղել և մնում է իբրև անփոխարինելի պատվիրան: Այդպես են ծնվել մեր դասական մանկագիրների՝ մանուկներին ու պատանիներին հասցեագրված տարաժանր լավագույն ստեղծագործությունները՝ բանաստեղծություններ ու պատմվածքներ, առակներ ու հեքիաթներ, վեպեր ու վիպակներ…
Այս ամուր հիմքի վրա էլ բարձրանում է նոր ժամանակների հայ մանկագրության «շենքը», որի կառուցման գործում իրենց ստեղծագործական ավանդն են ներդնում Սուրեն Մուրադյանը, Լիպարիտ Սարգսյանը, Էդվարդ Միլիտոնյանը, Հրաչյա Մաթևոսյանը, Ռուբեն Մարուխյանը, Յուրի Սահակյանը, Երվանդ Պետրոսյանը, Ղուկաս Սիրունյանը և ուրիշներ:
Ուրախալի է ևս մի փաստ. երկարատև բացակայությունից հետո նորից «մանկագրության մոլորակ» են վերադարձել մեր անվանի «մեծական» գրողներից մի քանիսը. Արմեն Շեկոյանն իր «Արևի ճանապարհով» բանաստեղծությունների ժողովածուով, Ռոլանդ Շառոյանն իր «Երեք խնձորի արկածները» պատմվածքների ու հեքիաթապատումների գրքով… Գոնե ինձ համար հայտնություն էր, որ մանուկների ու պատանիների համար հրաշալի ստեղծագործություններ են գրել նաև կյանքից վաղաժամ հեռացած մեր երևելի արձակագիրներ Լևոն Խեչոյանը և Վրեժ Իսրայելյանը:
«Գ. Թ.» – Կարո՞ղ ենք ասել, որ հայ մանկապատանեկան գրականությունը անցած երկարատև ճանապարհին պատվով է կատարել իր առաքելությունը, և նրա շատ էջեր այսօր էլ վստահորեն կարելի է ներառել համաշխարհային մանկագրության տարեգրամատյանում:
Լ. Կ. – Այո՛, այդպես է: Վկայաբերեմ թեկուզ մեկ փաստ. Հովհաննես Թումանյանի և Վախթանգ Անանյանի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են, պատկերացնել է պետք, աշխարհի շուրջ քառասուն լեզուներով և այդպես «խոսել» այլ ազգերի միլիոնավոր ընթերցողների հետ: Կարելի է բերել նաև այլ օրինակներ: Բայց այս խանդավառ հաստատագրումը, այնուամենայնիվ, չի բացառում այն մտահոգությունները, որ կապված են մեր նորօրյա մանկագրության «ներսում» թանձրացած հուզող հարցերի և նրա զարգացման միտումների հետ՝ թե՛ բովանդակային, թե՛ ժանրային, թե՛ ընդհանրապես ժամանակակից երեխայի հոգեբանության ու մտածողության ճշմարիտ արտապատկերման առումներով, որի մասին առիթ է եղել բարձրաձայնել «Գրական թերթի» էջերում:
«Գ. Թ.» – Ուրեմն, «մանկագրության մոլորակի» երկնքում ամեն ինչ այնքան էլ պայծառ չէ, «ամպե՞ր» էլ կան…
Լ. Կ. – Իհարկե, կան և այն էլ՝ մտահոգիչ: Մեր մանկագրությունը «ծերացել» է՝ երեխաների համար ստեղծագործող գրողների տարիքի առումով: Այդ տարիքը 50-80-ի սահմաններում է: Մեկ-երկու համեմատաբար երիտասարդ (30-ն անց) գրողների ներկայությունը, ինչպես ասում են, համարյա եղանակ չի փոխում: Մի՞թե այս առումով վերջնականապես պիտի հաստատագրենք այն տարածված տեսակետը, թե մանկական ստեղծագործություններ պետք է գրել միայն հասուն տարիքում… Որքան ճիշտ, այնքան էլ՝ ոչ տրամաբանված կարծիք. չէ՞ որ մեր դասական գրողներից շատերը իրենց լավագույն մանկական գործերը գրել են երիտասարդ տարիքում: Թումանյանը, Աղայանը՝ մեզ օրինակ…
Մյուս հիմնական մտահոգությունը կապված է մեր նորօրյա մանկագրության և՛ բովանդակային, և՛ ժանրային նեղ շրջանակների հետ: Ինչո՞վ ենք «հագեցնում» մեր մանուկների ու պատանիների նորօրյա «հոգևոր սովը». հիմնականում նրանց «կերակրում» ենք… հեքիաթներով ու նմանատիպ պատումներով: Չեմ ժխտում, մեր մանկության ավանդական այդ ժանրի ժամանակակից դրսևորումների հրաշալի օրինակներ ունենք (Էդվարդ Միլիտոնյանի հեքիաթ-վիպակները, Հրաչյա Մաթևոսյանի, Անուշ Վարդանյանի, Ալիս Հովհաննիսյանի, Անահիտ Պարսամյանի, Նաիրա Համբարձումյանի և այլոց մանկական վերջին գրքերը), և դրանք անհրաժեշտ են նաև մեր օրերում: Բայց մի՞թե ուսուցչին, ծնողին, ընդհանրապես նյութական տենդով «վարակված», բևեռացված հասարակության նոր սերնդի դաստիարակության կարևորագույն խնդրում գրողի, առավելապես՝ մանկական գրողի դերը ավելի համապարփակ չէ՝ ընդգրկելով և նրան պարտադրելով գեղարվեստական, գեղարվեստավավերագրական և այլ ժանրերով հրատապ թեմաների արտացոլում՝ ժամանակակից երեխայի հոգեբանության ու մտածողության ճշմարիտ ընկալումներով. ազգային անցյալ և ներկա հերոսապատումներ, օտար կրթադաստիարակչական բարքերի սարդոստայնում հայտնված շփոթահար հայոց դպրոց (հատկապես այս թեմաներով անդրադարձների ճերմակ տարածքը մեծ է), այլ ազգերի և մեր մանկագրության լավագույն նմուշների թարգմանական փոխադարձ մատուցում ընթերցողներին (ինչի շրջանակները, բարեբախտաբար, վերջին տարիներին ընդարձակվում են, և այդ առումով մենք վերջապես փորձում ենք դուրս գալ «փակ խեցուց»), այսպես էլի քանի՜ հուզող խնդիր…
«Գ. Թ.» – Հրատապ խնդիրներից մեկն էլ մանկական գրականության ճիշտ քարոզչությունն է, գրող-ընթերցող խաթարված կապի վերականգնումը, ինչին նպատակաուղղված է նաև մանկապատանեկան գրականության շաբաթը…
Լ. Կ. – Այո՛, դա նույնպես համընդհանուր մտահոգության խնդիր է, բայց առայժմ առաջընթացն այնքան էլ շոշափելի չէ: Ճիշտ է, Խնկո-Ապոր անվան մանկական, Ավետիք Իսահակյանի անվան, առանձին մարզային, դպրոցական գրադարաններ այդ ուղղությամբ արդյունավետ գործունեություն են ծավալում, բայց խնդրի լուծման ճանապարհին այլ լուրջ խոչընդոտներ կան. նախ՝ հատկապես պետական աջակցությամբ լույս տեսնող մանկական (և ոչ միայն) գրքերի տպաքանակը չափազանց քիչ է՝ 300-500, դրանք էլ, փաստորեն, հասանելի են ընթերցողական փոքր լսարանի: Լսել էր պետք, թե մարզերի դպրոցականների հետ մեր հանդիպումներում երեխաները ինչ կարոտով էին արտահայտվում այդ մասին: Մյուս կողմից՝ գրքի քարոզչության այնպիսի հզոր միջոց և զանգվածային լսարան, ինչպիսին հեռուստատեսությունն է, իր եթերից համարյա օտարել է գիրքն ու գրողին, փոխարենը էկրանը «լցնելով», եթե կարելի է այսպես ասել, «ապամանկական-ապադաստիարակչական» սերիալներով ու առանձին այլ հաղորդումներով, որոնք ավելի շուտ հակաքարոզչության դեր են կատարում:
Կուզեի նաև առիթն օգտագործելով վերստին բարձրաձայնել՝ ի լուր կրթական վերին ատյանների. տարիներ առաջ քաղաքային թե հանրապետական այդ ոլորտի ինչ-ինչ չինովնիկներ տաբու դրեցին դպրոցականների կողմից մանկական մամուլի՝ «Աղբյուր», «Ծիծեռնակ», «Կանչ» պարբերականների ոչ պարտադրված բաժանորդագրության առջև՝ դրանով իսկ երեխաներին զրկելով գոնե այդ ձևով տարաբնույթ տեղեկատվության, այդ թվում՝ մանկական գրողներին ու նրանց նոր ստեղծագործություններին հաղորդակցվելու հնարավորությունից… Մի խոսքով…
«Գ. Թ.» – Մի խոսքով, կարող ենք միասին հաստատագրել, որ մեր օրերում, չնայած բուն մանկագրության ու նրա քարոզչության հետ կապված խնդիրների առկայությանը, ստեղծվում է մանկական հետաքրքիր գրականություն, և նրա լավագույն նմուշներն ընթերցողներին հասցնելը պետք է արժանանա համահասարակական ուշադրության և վերջապես ստանա գործնական լուծում:
Լ. Կ. – Եվ թող Մանկական գրքի այս հերթական շաբաթը, այդ և հետագա օրերի ընթացքում գրողների հետ հանդիպումները նոր ազդակ հանդիսանան գիրք-ընթերցող կապի վերականգնման ու ամրապնդման, մեր մատնանշած և այլ հուզող խնդիրների լուծման գործին:
«Գ. Թ.» – Շնորհակալություն, մինչ նոր հանդիպումներ «մանկագրական մոլորակում»: