ՍԵՐՆ Է ԲՈԼՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԲԱՆԱԼԻՆ / Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Սամվել ԿՈՍՅԱՆ – Վերջերս լույս տեսավ Ձեր «Գոհարներ» ընտրովի բանաստեղծությունների ժողովածուն: Նոր գրքի ծնունդն ի՞նչ զգացումներ է պարգևում, արդյո՞ք ամեն նոր գրքի հետ նույնն են այդ զգացումները:
Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ – Ուղիղ քսան տարի առաջ, երբ առաջին գիրքս տպվեց, այդ զգացողությունն անսովոր գանձանակ ունենալու պես էր. մի գանձանակ, որտեղ հոգուդ թանկագին մասնիկներն ի մի ես բերել, որը, միաժամանակ, միշտ ձեռքիդ է, և կարող ես նվիրել մարդկանց, սկզբի համար` սիրելիներիդ ու մտերիմներիդ… Այսօր իմ արդեն ութերորդ ժողովածուն է ձեռքիս, և ես ամեն անգամ տարբեր կերպ եմ վերապրել առաջինի այդ ամենաանկեղծ զգացումը` առաջին պահի թրթիռով անխառն… Այլ հարց է, որ իմ ամեն նոր գիրքը ծնունդն է իմ հոգևոր մեկուրիշ աստիճանի, և բնական է, որ այդ մեկուրիշ Գոհարի զգացողությունների սպեկտրը ևս ուրիշ է, բայց առաջին պահի ազդակը նույնն է` անդավաճան…

Ս. Կ – Ըստ Ձեզ` «Երգը թևե՜ր է»… Որքա՞ն հեռու կարող են տանել այդ թևերը:
Գ. Գ. – Շնորհակալ եմ իմ բանաստեղծական տողից ծնված հարցի համար: «Երգեցիկները թևավորներ են» շարքս հենց այդ թռիչքների մասին է` ոգևորությամբ թևավորվող մարդու` բանաստեղծների, նկարիչների, երաժիշտների, քանդակագործների, ճարտարապետների, մի խոսքով` երազանք ունեցող և այն երգով թևավորող հոգիների արարումների մասին, որոնց գոյությունը պիտի որ Արարիչ Աստծուն ևս հաճելի լինի: Կյանքի բոլոր փորձությունների միջով այդ նրանք են անցնում նորի արարչագործությամբ` վեհանալով և դրանով իսկ ավելի ու ավելի բարձրանալով: Հարցնում եք` «որքան հեռո՞ւ կարող են տանել այդ թևերը», կասեմ` «շաա՜ատ բարձր», և իմ մեկ ուրիշ բանաստեղծական տողով կշարունակեմ` «Հեռուն ի՜նչ է որ…»:

Ս. Կ. – Բանաստեղծ Գոհարի և արձակագիր Գոհարի միջև երկխոսությո՞ւն է, թե՞ հակամարտություն:
Գ. Գ. – Ինչպես որ` «ի սկզբանե բանն էր», իմ սկիզբն էլ բանաստեղծությունն է, և արձակագիր Գոհարը բանաստեղծ Գոհարից է սկսվում: Հարցնում եք` «երկխոսությո՞ւն է, թե հակամարտությո՞ւն», պիտի պատասխանեմ` «շարունակականություն»: Չեմ ասում` «շարունակություն», քանի որ մշտապես և՛ բանաստեղծում եմ, և՛ պատմվածքներ, հոդվածներ, էսսեներ, հեքիաթներ եմ գրում: Այդ շարունակականությունն այսօր` աշխարհով մեկ բոլորիս պատուհասած Covid 19-ի օրերին, ինձ ամեն երեկո` տագնապալի լուրերի հետ, և ամեն այգաբացի` աղոթքի հետ, բանաստեղծություններ գրելու է մղել, մինչդեռ օրվա մեջ` պատմվածք, հեքիաթ, էսսե կամ հուշագրություն է գրվել, հանրագրեր են գրվել պատասխանատվության և հոգածության մասին…

Ս. Կ. – Ցավն ի վիճակի՞ է փոխելու երջանկության Ձեր պատկերացումները:
Գ. Գ. – Ինչպես որ ցավը, այնպես էլ երջանկությունը ես ոչ թե պատկերացնում, այլ ապրում եմ: Այս օրերին էլ առկա է այդ ցավը` համամարդկային չափումներով, դա պատերազմական օրերին հատուկ այն ցավն է, որի մեջ երջանկությունը հապաղում է… Բայց անսովոր մի բան էլ ասեմ, ես անձնական ցավի մեջ անգամ երջանկություն ապրել եմ, և որքան էլ տարօրինակ թվա, երբ հոգեկան ցավի գագաթնակետին եմ եղել, վշտի մեջ` ամենաթանկ, ամենամտերիմ հարազատներիս կորստի, ես ինձ նաև երջանիկ եմ զգացել, որ իմ կյանքում եղել են և կան այդ անգին պարգևները… Հիմա էլ, հենց այս պահին, երբ դրվագներ եմ մտաբերում մշտական կարոտներիս ողջությամբ լի օրերից` երբ քույրս ողջ էր ու իր աննման ժպիտով քաջալերում էր ինձ, ես երջանիկ եմ, երբ մորս ձայնն եմ առնում ներքին ականջիս, դարձյալ երջանիկ եմ, մանկությանս հեռավոր օրերից, երբ հորս եմ մտաբերում ու մեր մանկության տունը` եղբորս ու մեզ եմ տեսնում մանուկ, ես էլի՛ ու էլի՛ երջանիկ եմ…
Հոգեկան ցավի` վշտի հիշատակությամբ խոսքս սկսելով` պիտի հավելեմ կարևոր մի բան. «երջանիկ եմ» ասելով` չի նշանակում, թե քիչ անց, մեկ այլ ապրումով, նույն կորուստների ցավեցնող հիշողությունների դրվագներով դժբախտ լինելու պահեր չեմ ապրում: Երջանկությունն, ի վերջո, անխառն ուրախության վիճակ չէ: Դա հենց այն վիճակն է, որի մեջ ծայրահեղը` հնարավոր անկումն էլ կա, բայց որից երգեցիկների հոգին թևավորվում է ու վեհանում, որից նոր երգ է ծնվում, նոր գիրք կամ նոր մարդ… Այո՛, հենց երեխայի ծնունդը, որ կատարյալ երգ է, անգամ պատերազմի օրերին երջանկության ու ցավի խառնուրդով է լինում, այս դեպքում` ֆիզիկական ցավի, և ես հիմա Ձեր հարցին հենց իմ ֆիզիկական ցավի` բոլորովին թարմ փորձառությունը ներբերելով` պիտի պատասխանեմ: Երբ վերջերս ոտքս կոտրեցի ու անտանելի ցավերի մեջ էի, պակաս երջանիկ չէի: Սիրելիիս ու սիրելիներիս հոգատարությունն ու ուշադրությունը երջանկության մի ուրիշ դուռ էր բացել ինձ համար, որին դիմադրելու կարիքը չկար, թեև` ինքնաբավ լինելու ամբողջ ներուժով պիտի որ փորձեի: Դա էլ երջանկություն է` ենթարկվելով թույլ տալ, որ հարազատներդ քեզ համար անեն այն, ինչն ինքդ այնքան սիրով կանեիր… Երջանկություն է այս դեպքում քեզ չգերագնահատելդ, իսկ ավելի ճիշտ` սիրելիներիդ չթերագնահատելը: Ի դեպ, երբ վերևում խոսեցինք իմ արձակի մասին, չասացի, որ ահա իմ այդ ֆիզիկական փորձության փետրվարյան օրերի ծնունդն էր «Գետնից բարձր» պատմվածքս, որը տեղ գտավ «Գրանիշ» կայքում: Գալով պոեզիայիս` այդ նույն ենթատեքստում պիտի մեջբերեմ ընդամենը մի քառյակ, որը հետահայաց կարող էր և «Երգեցիկները թևավորներ են» շարքիս լիիրավ շարունակությունը դառնալ.
Ինձ ամեն անգամ նոր թևեր տվեց,
Եվ այս անգամ էլ` գիպսե բոժոժից.
Ասաց` հենակներ քեզ պետք չեն երբեք,
Դու շարունակիր թռիչքըդ` ճախրի՜ր…:

Աստվածային սե՛րն է, կարծում եմ, բոլոր այս վիճակների բանալին: Երջանկության զգացողությունն էլ սիրով է պայմանավորված.- սրտումդ կա՞ սեր, ամենաանհնարին վիճակներում էլ երջանիկ ես, չկա՞ այդ սերը, պետք է որ դժբախտ եղած լինես…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։