Մարտի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ցերեկույթ` նվիրված Պոեզիայի համաշխարհային օրվան: Ամեն տարի մարտի 21-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Պոեզիայի համաշխարհային օրը: Այդ օրը նպատակ ունի աջակցել պոեզիայի տարածմանը, դասավանդմանը, վերականգնել երկխոսությունը պոեզիայի և այնպիսի արվեստների միջև, ինչպիսիք են պարը, թատրոնը, երաժշտությունը, նկարչությունը և այլն: ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը բացման խոսքում նշեց, որ Պոեզիայի համաշխարհային օրը ՀԳՄ դահլիճում և հայ գրողների անվան թանգարաններում, դպրոցներում, տարբեր հարթակներում կհնչի պոեզիա, հանդիպումներ կլինեն պոետների հետ: Նրա հավաստմամբ` այսօր ունենք ժամանակակից հրաշալի պոեզիա և ավելացրեց, որ թեև դասական անունները հարգելի են ու պաշտելի, բայց պետք չէ նրանց կուռք դարձնել` քամահրելով ներկա գրողներին: «Մեր ժամանակակից գրողները հրաշալի արտահայտում են այսօրվա ժամանակը, հոգսերը, ցավերը, ուրախությունները, եթե ուզում են զգալ ներկա ժամանակը, ավելի լավ է կարդալ ժամանակակից գրողներին և նրանց միջոցով ճանաչել երկիրը, ժամանակըե,- ասաց նա: Միջոցառումը նվիրված էր Համո Սահյանի 100-ամյա հոբելյանին: «Բանաստեղծը, մարդու միտքը հղկելով, բյուրեղացնելով, նրան կապում է տիեզերքին, սովորեցնում ապրել մեծ կյանքովե, – Հ. Սահյանի խոսքը կարդաց Գայանե Սամվելյանը և ներկայացրեց գրողի բանաստեղծություններից: Այնուհետև իրենց բանաստեղծություններից կարդացին Վ. Ալեքսանյանը, Ն. Գրիգորյանը, Գ. Գալստյանը, Շ. Մկրտչյանը, Հ. Հովակիմյանը, Էդ. Հարենցը, Գ. Դավթյանը, Ա. Վարդանյանը, Ղ. Սիրունյանը, Ա. Օհանյանը և ուրիշներ: Երաժշտական և պարային կատարումներով ելույթ ունեցան Կենտրոն վարչական շրջանի Բ. Կանաչյանի անվան արվեստի դպրոցի լարային նվագախումբը, «Ավե Մարիաե պարային համույթը, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի մանկապատանեկան ստեղծագործության և գեղագիտական դաստիարակության կենտրոնի սաները: Միջոցառումը նախաձեռնել էր ՀԳՄ-ն Կենտրոն վարչական շրջանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի հետ համատեղ:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ