Մարդ ես, թե կարոտել ես հեքիաթների, ճանապարհ ընկիր, ամեն տեղ հեքիաթ է, հեքիաթային է, հեքիաթական է:
Հեքիա՞թ ես կորցրել, ոչինչ, գնա Դսեղ ու սրտիդ ուզածի չափ հեքիաթներ հավաքիր:
Հեքիա՞թ ես կորցրել, ոչինչ, գնա Գանձա ու սրտիդ ուզածի չափ հեքիաթներ հավաքիր:
Հեքիա՞թ ես կորցրել, ոչինչ, գնա Բոլնիս-Խաչեն ու սրտիդ ուզածի չափ հեքիաթներ հավաքիր:
Ու ամեն տեղ ասա՝ Դսեղի ժողովուրդ՝ Թումանյանի ժողովուրդ, Գանձայի ժողովուրդ՝ Տերյանի ժողովուրդ, Բոլնիս-Խաչենի ժողովուրդ՝ Ղազարոս Աղայանի ժողովուրդ: Հեքիաթ-հեքիաթ, ի՜նչ հեքիաթներ, ի՜նչ զրույցներ: Բերան պետք է ունենաս՝ պատմես, ականջ պետք է ունենաս՝ ունկես: Հայաստանում չկա մի անկյուն, մի բնակավայր, որ հին ու նոր հեքիաթներ չունենա: Հայ ժողովրդական հեքիաթները մեր ժողովրդի հարստությունն են, փառք ու պատիվ ասացողներին, լսողներին, գրառողներին:
Բոլնիս-Խաչենը տեղով, ոտից գլուխ լիքը հեքիաթ է: Բոլնիսխաչենցիները հրաշալի հողագործներ են, այգեգործներ, գինեգործներ: Աստված կախարդիչ բնություն է նվիրել նաև Գուգարաց աշխարհին: Ի՜նչ գեղեցիկ մարդիկ են ապրում նաև Բոլնիս-Խաչենում: Նրանք զրուցասեր ժողովուրդ են: Նրանք գինու կարասների մեջ նաև հեքիաթներ ու զրույցներ են պահում: Էդպես չլիներ՝ գինին լռությամբ կխմեին, ու գինին գինի չէր լինի, ու զրույցը զրույց չէր լինի: Բոլոր հեքիաթները, զրույցները ունեն հերոսներ, ունեն անուններ: Էդպես չլիներ՝ վաղուց հանգած կլիներ հերոսական դիմագծերով հարուստ էս գյուղը, ոչ մի ճանապարհ և ոչ մեկիս չէր տանի էս գյուղը, վիթխարի հայի կերպար Ղազարոս Աղայանի գյուղը:
Բոլնիս-Խաչեն գնալիս նստել էի տասը տարեկան Արմանի մոտ: Մայրը ուսուցչուհի է, տղային ասաց, որ էս պապիկը գրող է, նաև հեքիաթներ է գրում: Արմանը շատ զարմացավ: Ճանապարհը՝ լավ, ճամփորդներս՝ լավ: Գուգարաց աշխարհով ենք գնում: Գիշերելու համար ինձ լավ ընտանիք բաժին ընկավ: Բայց Ամերիկայի դրոշը ինչո՞ւ է փողփողում այս տան երկրորդ հարկում: Դա էլ իր պատմությունն ունի: Մարտուն Հայրապետյանը գինու բաժակներն է լցնում: Տերյանի սիրահար Նինա Հարությունյանը (լույս դառնաս, Նինա) հայտնագործություն է անում. Նազիկը Ջավախքի Փոկա գյուղից է: Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Մարտունը երեք տղա ունի՝ Հակոբ, Կարեն, Արմեն: Կարենի սիրտը պիտի վիրահատեն: Մոսկվա, Երևան, այլ վայրեր տարան: Վերջին հույսը մնաց Ամերիկան: Փրկեցին: Վեց ամիս մի հայ ընտանիք՝ Ջորջ Քիվերյան, խնամեց, համոզվեց, որ կարող են ուրախացնել ծնողներին: Թեև տանտիրուհին՝ Հիլդան, ասում էր՝ ես երեք երեխա չունեմ, չորսն ունեմ: Այո, մայր էր դարձել: Ճանապարհելիս խորհուրդ տվեցին՝ աշխատեք հայրենի գյուղի համար: Դրա համար է ամերիկյան դրոշը փողփողում էս գյուղում, էս տանը: Զարմացնող շատ բան կա: Եվ պիտի զարմացնեն Աղայանները. Աղայան Շեքսպիր, Աղայան Շիլլեր, լիքը օտար անուններ ու նաև՝ Աղայան Պերճ (Պռոշյան), Աղայան Րաֆֆի և այսպես շարունակ:
Առավոտյան բարիլույսի հետ ես ու Արմանը բարձրացանք Ղազարոս Աղայանի Զիզի քար («Զիզի քարը տես, տես, Պսպղում է ոսկու պեսե): Նույն Աղայանի Քերծից բացվում է հեքիաթական մի համայնապատկեր: Հայացքդ դժվարությամբ ես կտրում: Տես, Լալվարի չքնաղ գագաթն է: Երանի ես տալիս նրանց, որոնց հայացքի մեջ ամեն օր ծաղկում է աստվածառաք էս պատկերը: Ե՛վ անտառներ են երևում, և՛ հովիտներ են երկինք բարձրանում, և՛ երկինքն է կարոտով իջնում հրաշք էս եզերքի վրա:
Աղայանական հերթական օր: Ի՜նչ հրաշալի ժողովուրդ են հավաքում Թումանյանը, Տերյանը, Ջիվանին, Աղայանը, Պարույր Սևակը… Նայիր Աղայանի ժողովրդին ու հիացիր: Սիրուց, կարոտից շաղախված ժողովուրդ են: Ես կասեի՝ նաև դիվանագետ են: Շրջապատված լինելով ադրբեջանական գյուղերով՝ կարողանում են ամեն հարցով իրար խոսք հասկանալ:
Սիրով, նորից տեսնելու հույսով Բոլնիս-Խաչենից ճանապարհ ենք ընկնում: Իմ կրտսեր բարեկամը՝ Արմանը, ասես մի քիչ փոխվել է: Գրողները լինում են մահացա՞ծ, թե՞ կենդանի: Երանի գյուղում մնայի, զրուցեի զրույցների, հեքիաթների տեր խաչենցիների հետ: Օրը նվեր էր, գիշերը նվեր էր: Անտառում եթե մի քիչ դադար առնեինք, ինչպես ասում են՝ լազաթ կտար: Անտառի համ ու հոտ զգայինք: Երևի իմ բախտից ավտոբուսը փչացավ: Արմանի հետ մտնում ենք անտառ: Շնչի՛ր, զգա՛ գարնան շունչը, ապրիլ է: Գարունը մտել է անտառ: Անտառի բուրմունքին հենց անտառը չի դիմանում, թռչունները չեն դիմանում: Ծաղկունքը գերում-գերում է: Երկա՜ր-երկար ամիսներ: Մեզ էս պահն է տրված: Գարունը նոր է ծնվում:
Հասմիկ ծաղիկ, հասմիկ ծաղիկ: Հիշում եմ ինձ ծանոթ բոլոր հասմիկներին: Հասմիկ անունով վատ աղջկա, հայուհու չեմ հանդիպել: Դյութում են ծաղիկները, էնպես են գերում, որ չեմ կարողանում պատանու ներկայությամբ հանցագործություն չանել: Բա էս լի ծաղկաստանից մի երկու ծաղիկ չպոկեմ իմ թոռնուհու համար: Սա մեկ, երկու, գնա՜ց… Գողի ձեռքը որ սովորում է… Մի փունջ ծաղիկ նվիրեց ինձ անտառը: Պատանին ինձ է նայում:
– Դո՛ւ էլ քաղիր,- ասում եմ:
– Ես ծաղիկ քաղած չկամ: Մամայիս համար ծաղիկ եմ ուզում:
Ես նրան սովորեցրի առաջին հանցագործությունը: Նրա մատների մեջ երևաց առաջին հասմիկը:
– Պապի՛կ, իսկ ի՞նչ գիտեք անտառի բնության, ծաղիկների, թռչունների մասին:
– Անտառը, ինչպես ամեն մի մարդ, ունի իր գաղտնիքները: Ես հասկանում եմ կաղնու լեզուն, հացենու լեզուն, ամեն մի ծառ ու ծաղկի լեզուն:
– Իսկ որտե՞ղ եք սովորել:
– Անտառում:
– Անտառո՞ւմ, կարդալո՞վ:
– Եվ կարդալով, և բնության հետ շփվելով: Ես սովորել եմ ծառերի լեզուն, և՛ հնչերանգները գիտեմ, և՛ գուներանգները:- Թռչունների ձայնից շատերը կարող են ճանաչել ոչ միայն թռչունին, այլ նաև, թե ինչ եղանակ է: – Նայեցի նրա զարմացած աչքերին: -Եվ գազանների լեզուն գիտեմ:
– Գազանների՞:- Արմանը չռեց աչքերը:
– Այո, գազանների: Արման ջան, ես երկար տարիներ աշխատել եմ անտառում: Եվ՛ ծառ եմ եղել, և՛ ծաղիկ եմ եղել, և՛ թռչուն եմ եղել, և՛ աղբյուր եմ եղել, ես ինձ անտառ եմ զգացել, և՛ գազան եմ եղել:
– Եվ գազա՞ն:
– Այո: Գազան: Վագր եմ եղել, առյուծ եմ եղել, արջ եմ եղել:
– Վա՞գր, առյո՞ւծ, ա՞րջ: Իսկ գայլ, աղվես, նապաստակ չե՞ք եղել:
Ես մտածում էի պատասխանել: Բայց ավտոբուսը ազդանշանեց:
– Արման ջան, գնանք, չուշանանք, զրույցը կշարունակենք ավտոբուսում, բայց ոչ մեկին ոչինչ չասես: Կմեծանաս, կդառնաս իմ տարիքի և էս ճանապարհով անցնելիս կհիշես, թե ինչպես առաջին անգամ հասմիկ ծաղիկ քաղեցիր քո մայրիկի համար: Եվ դա կթվա մի սիրուն հեքիաթ, որ բուրմունքը թողել է քո հուշերում: Եվ կասես, որ հանդիպել ես մի գրողի, որը վագր, առյուծ չունեցող Գուգարաց աշխարհի անտառում հանդիպել է վագրի՜, առյուծի՜: