Փետրվարի 3-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հետ:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, անդրադառնալով հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող խնդիրներին՝ կապված կրթության և գիտության ոլորտին, ընդգծեց դասագրքերի նորացման հարցը՝ կարևորելով գրողների անմիջական մասնակցությունը գրականության ներկայացվածության մասով: Նա նշեց, որ ՀԳՄ-ի տարեկան ծրագրերում բազմաթիվ միջոցառումներ կան, որոնք առնչվում են Գիտության և կրթության նախարարությանը՝ Գիրք նվիրելու օր, Մանկապատանեկան գրքի շաբաթ, հանդիպումներ դպրոցներում և տարբեր գիտական օջախներում, միաժամանակ փաստելով, որ Միությունում կազմակերպվող նիստերում բազմիցս քննարկվել են դասագրքերին ու գրականությանը վերաբերող խնդիրները:
Լևոն Մկրտչյանը, նշելով, որ հանդիպումն ավելի շատ փորձնական դաշտի վրա է, ընդգծեց, որ կան մի շարք ուղղություններ, որտեղ զգացվում է ստեղծագործական միությունների հետ համագործակցության անհրաժեշտությունը: Իր ելույթում նախարարն անդրադարձավ ընդհանուր մտահոգության առարկա մի շարք խնդիրների: Մասնավորապես՝ դաստիարակության և լավ քաղաքացի ունենալու տեսակետից կարևոր համարեց ուշադրություն դարձնել դասագիրք գրելու ձևաչափին, լեզվամշակութային հարցերին: Ըստ նրա` դասագրքերի որակի խնդիր կա ոչ միայն հայագիտական, այլև գիտական առարկաների դասագրքերի լեզվի հետ կապված: Երկրորդ խնդիրը, որին անդրադարձավ նախարարը, մտավորականության հոգածու ներկայությունն է կրթական-գիտական համակարգում: «Մտավորականութունը պետք է ավելի դերակատար լինի մեր կյանքում, գործուն կարծիքի իրավունք ունենա, պետք է նաև հնարավորություն տալ նրան մասնակից լինելու ընթացիկ գործին»,- շեշտեց նա: Մյուս հիմնախնդիրը, ըստ Լ. Մկրտչյանի, հայրենասիրական դաստիարակությունն է: «Հարկավոր է քայլեր ձեռնարկել երիտասարդներին վիրտուալ հայրենասիրությունից գործնական հայրենասիրության դաշտ տեղափոխելու համար: Հետաքրքիր դարձնենք առարկայախմբերը»,- ասաց նա:
Բանաստեղծ Արևշատ Ավագյանն իր դժգոհությունը հայտնեց կրթության թեստային տարբերակի առումով, ինչպես նաև ուսումնական ծրագրերում խաղերը որպես առարկա դասավանդելը: «Շախմատը պետք է լինի խմբակ, ոչ թե առարկա»,- ասաց նա:
Բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, կարևորելով գրական մամուլի դերը, շեշտեց, որ այն անպայման պետք է մտնի դպրոց, ուսուցիչը պետք է հետևի գործընթացին:
Արձակագիր Ալիս Հովհաննիսյանը կարևորեց ուսուցիչների որակավորման հարցը, քանի որ ամեն ինչի հիմքում ընկած է կրթությունը: Ուսուցչից է կախված, թե ինչպիսի քաղաքացի ու զինվոր կձևավորվի: Նա նաև իր մտահոգությունը հայտնեց դպրոցներում տղամարդ ուսուցիչների բացակայության առիթով` ընդգծելով, որ նրանց դերը շատ կարևոր է տղա երեխաների դաստիարակության գործում, ուստի և պետք է նրանց խրախուսել դպրոցներում դասավանդելու հարցում:
Հերմինե Նավասարդյանն առաջարկեց դասագրքերի հետ զուգահեռ ունենալ ընթերցարաններ, որտեղ ընդգրկված կլինեն համաշխարհային գրականության լավագույն հեղինակները և ժամանակակից ու դասական հայ գրողներ` այդպիսով խթանելով ընթերցանությանը: Նրա հավաստմամբ՝ ընթերցանությանը կնպաստեն նաև դպրոցներում մշտական հանդիպումները գրողների հետ:
Թադևոս Տոնոյանը կարևորեց մանկապատանեկան մամուլի դերը, նշելով, որ տարիներ շարունակ մանկապատանեկան մամուլը հանդես է եկել որպես օժանդակ գրականություն, քանի որ դասագրքերում հնարավոր չէր ընդգրկել թե՛ հայ, թե՛ դասական գրողների բոլոր գործերը: «Այսօր դպրոցները փակ են մանկապատանեկան մամուլի առջև, այնինչ գոնե դպրոցական գրադարանը պետք է բաժանորդագրվի»,- ասաց նա:
Գրականագետ Դավիթ Գասպարյանն իր դժգոհությունը հայտնեց 5-րդ և 6-րդ դասարաններում մայրենիի դասագրքի վերաբերյալ, որտեղ զուգակցված են լեզուն և գրականությունը: «Այդ ընդհանուր հասկացության մեջ և՛ լեզուն է տուժում, և՛ գրականությունը»,- ասաց նա: Մյուս հարցը, որին անդրադարձավ նա, գրականության դասագրքերում խախտված ժամանակագրությունն է, գրողների պատմական ժամանակագրությունը:
Ըստ գրականագետ Վազգեն Գաբրիելյանի՝ գրականությունը դասագրքերում պետք է բեռնաթափվի: Նա առաջ քաշեց նաև դպրոցներում արևմտահայերենի լուծման հարցը:
Դավիթ Մուրադյանն առաջարկեց վերականգնել ժամանակին գոյություն ունեցող գիտահանրամատչելի, ուսումնաճանաչողական-ուսուցողական ֆիլմերի նկարահանումները, որոնք նա- խատեսված էին հատուկ տարիքային խմբերի համար` վստահեցնելով, որ դրանք ապահովում են վիզուալ կրթություն:
«Մենք պետք է փորձենք մեր առարկայախմբերը հարմարեցնել այս սերնդի մտածողությանը և եթե կարող ենք, իրենց մտածողությունը բարձրացնել-մոտեցնել կարևոր արժեքներին»,- անդրադառնալով բարձրացված խնդիրներին, ասաց Լ. Մկրտչյանը: Ապա կարևորելով գրողների հետ այս հանդիպումը` նա նշեց, որ բարձրացված խնդիրները հանգեցրին նրան, որ ԿԳ նախարարությունը ՀԳՄ-ի հետ ունենա հուշագիր:
Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, Հովիկ Վարդումյանը, Լուսինե Թոփուզյանը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ