Սեպտեմբերի 18-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ բանաստեղծ Գառնիկ Մանուկյանի ծննդյան 75-ամյակին նվիրված ցերեկույթ:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, ներկայացնելով ավելի քան տասը գրքերի հեղինակ, երկար տարիներ ՀԳՄ Գեղարքունիքի գրական բաժանմունքի ղեկավար Գառնիկ Մանուկյանին, նշեց, որ նա այն եզակի գրողներից է, ով մնաց և ապրեց Վարդենիսում` հավատարիմ մնալով իր գյուղին, տեղանքին և գրելով գործեր, որոնք հենց այդ ոգով էլ շնչում են: «Նա այն բանաստեղծներից է, որ երբեք չի փորձել ապացուցել իր տաղանդը, ոչ թե փայլում է համեստությամբ, այլ չի կարևորում իր անձը: Հրաշալի բանաստեղծություններ գրելով` իր մեջ է պահել տաղանդավոր լինելու ընկալումը և չի պարտադրել մարդկանցե,- ընդգծեց Էդ. Միլիտոնյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, ով վարում էր միջոցառումը, նշելով, որ յուրաքանչյուր գրող ժամանակի ընթացքում դառնում է իր ծննդավայրի, իր ապրած տեղանքի խորհրդանիշը, խոստովանեց, որ իր մասնագիտության ընտրության հարցում Գ. Մանուկյանն ունեցել է վճռորոշ դերակատարություն: «Հաճելի է, երբ արվեստով գրված բանաստեղծական տողերում որսում ես տրամադրություններ, որ ծնունդ են առել քո ապրած տեղանքում, տեսնում ես բնության գույներ, որ քո շրջապատի գույներն են, տեսնում ես սոցիալական խնդիրների արծարծումներ, որոնք քո շրջապատից են: Մանուկյանի բանաստեղծություններն ինձ համար որոշակի կարոտախտային շունչ ունեն: Ամեն անգամ դրանց մաքուր քնարականությանը առնչվելիս այդ զգացողությունները շատանում են` ահա իմ եզերքը, իմ հայրենի տունը, որ Գառնիկ Մանուկյանը կարողանում է փոխանցել ինձե,- ասաց նա:
Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանի կարծիքով` հայրենի եզերքին հավատարիմ մնացած գրողը արժանի է յուրատեսակ հարգանքի ու դրվատանքի և արժանի օրինակ է երիտասարդ գրողների համար: «Արժանի օրինակ հաստատելու այն ճշմարտությունը, որ ապրելով հեռավոր շրջանում` կարելի է դառնալ վաստակաշատ գրող, եթե հավատարիմ ես կոչմանդ: Գառնիկը գալիս է կյանքից, իրականությունից է առնում իր թե՛ բանաստեղծությունների, թե՛ վեպերի նյութըե,- ամփոփեց Լ. Սարգսյանը:
Նորակերտի համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը գնահատանքի խոսք ասաց մանկավարժ Մանուկյանին, ում երկարամյա մանկավարժական-գրական գործունեությանը քաջածանոթ են տարածաշրջանի մարդիկ: Կես դար շարունակ նա կրթել ու դաստիարակել է բազմաթիվ սերունդներ` հավատարիմ մնալով ուսուցչի իր առաքելությանը:
Գրողի թոռնուհին` Լիլիթ Մանուկյանը, խոստովանեց, որ փոքր տարիքից նրան դիտել է ոչ միայն իբրև պապիկի, այլև բանաստեղծի, ստիպված լինելով ընթերցողի և թոռնուհու հայացքները միշտ միատեղել` չառանձնացնելով գրող Մանուկյանին և պապիկ Մանուկյանին:
Գառնիկ Մանուկյանը շնորհակալական խոսքում նշեց, որ իր ողջ գործունեության ընթացքում ձգտել է ընթերցումը դարձնել մշակույթ, բարձր պահել գրքի հարգը: «Ստեղծագործելիս գրողը պետք է հիշի, որ ճերմակ թուղթը ծառի կյանք է արժեցել, և ինքը պարտավոր է նրա առաջ: Ինձ համար գրականությունը եղել է ապրելակերպե,- ասաց հոբելյարը:
Ելույթ ունեցավ նաև Վան-Վասպուրական հայրենակցական միության նախագահ Ռոմիկ Հովնանյանը: Գառնիկ Մանուկյանի բանաստեղծություններից կարդաց Գայանե Սամվելյանը:
Հայրենի եզերքին հավատարիմ
