Վաղուց արդեն ավանդույթ է դարձել Մանկական գրքի շաբաթը մեկնարկել Հայաստանի մարզերից որևէ մեկում: Մարտի 27-ին Մանկական գրականության շաբաթի մասնակիցներին հյուրընկալել էր Արագածոտնի մարզի Ապարան քաղաքը: Մարդաշատ և տոնական էր թիվ 2 հիմնական դպրոցի դահլիճը, որտեղ հավաքվել էին աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ և գրասեր հասարակություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, աշակերտներին ներկայացնելով օրվա հյուրերին՝ մանկագիրներ Սուրեն Մուրադյանին, Արևշատ Ավագյանին, Ռոզա Եղիազարյանին, Սաթենիկ Ղազարյանին, «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, գրող Անուշ Վարդանյանին, «Ցոլքեր» պատանեկան-երիտասարդական հանդեսի խմբագիր, բանաստեղծ Հռիփսիմէին, գրականագետ Լյուդվիգ Կարապետյանին, նշեց, որ մանկագիրների հետ հանդիպումներն առավելապես ճանաչողական բնույթ ունեն, որովհետև դասագրքերում այդ մանկագիրների ստեղծագործությունները կան, բայց երեխան չգիտի, որ նա ապրում է իր կողքին: Ապա կարևորելով գրքի դերը` Էդ. Միլիտոնյանը փաստեց, որ կարդացած գիրքն ուղեկցում է մարդուն ամբողջ կյանքի ընթացքում, և հաճախ կյանքի դրվագներում հիշվում է որևէ լավ գրվածքի իմաստությունը, խորհուրդը, միևնույն ժամանակ աշխարհի երևույթների հանդեպ ուրույն կարծիքը ձևավորվում է ընթերցանության միջոցով: «Ընթերցանությունը մարդուն ընթերցող-ստեղծագործող է դարձնում, որովհետև կարդալիս սկսում ես երևակայորեն ստեղծել, ավելացնել, ճյուղավորել: Դու ստեղծագործում ես, նշանակում է հեղինակի հետ ինչ-որ հետաքրքիր աշխարհ ես մտել ու իրար հետ ուզում եք, որ այդ աշխարհն ավելի խորը, հետաքրքիր ու բովանդակալից լինի»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը: Մանկագիր Սուրեն Մուրադյանը աշակերտներին տեղեկացրեց, որ Մանկական գրքի շաբաթները ստեղծվել են 1943 թվականից և հպարտությամբ փաստեց, որ ինքը միշտ ներկա է գտնվում այդ շաբաթներին, իսկ իր ստեղծագործությունները տպագրվել են աշխարհի 17 լեզուներով: Ըստ Արևշատ Ավագյանի. «Մարդկային ստեղծագործությունները արարչագործության շարունակությունն են: Մենք պետք է սովորենք լսել մեր ներքին ձայնը և մեր մտաշխարհի և այլ աշխարհի հետ կապը ամրացնենք ու այդպիսով ավելացնենք մեր հոգևոր հարստությունը»: Ռոզա Եղիազարյանի հավաստմամբ` որպեսզի կյանքն առավել հետաքրքիր լինի, պետք է շատ գիրք կարդալ: «Կարդացեք գրականություն, նոր և համաշխարհային, և կդառնաք այս աշխարհի մի մասնիկը ու կհասկանաք, թե ինչպես եք ինքներդ փոխվելու»,- աշակերտներին հորդորեց Ռ. Եղիազարյանը: Գրականագետ Լյուդվիգ Կարապետյանը մեջբերելով այն իմաստուն խոսքը, թե կյանքում հետագիծ թողնելու համար պետք է ծառ տնկել, երեխա մեծացնել և տուն կառուցել, այս ամենի հիմքում դրեց գիրքը` ընդգծելով. «Որպեսզի ձեր կյանքը լուսավոր լինի, ձեր մտերիմ ուղեկիցը թող լինի գիրքը»: Անուշ Վարդանյանը, ներկայացնելով «Ծիծեռնակ» հրատարակչության տպագրած գրքերը, վստահեցրեց, որ այս գրքերը հետաքրքիր են նաև նրանով, որ ձևավորել են ժամանակակից նկարիչները: «Մենք ուրախ կլինենք, որ մեր գրքերը հասնեն հասցեատերերին` հայ գիրը, հայ մշակույթը բարձր պահելու համար»,- ասաց նա: Արևշատ Ավագյանն առաջարկեց դպրոցականների ստեղծագործող աշակերտների գործերը տպագրել մանկական ամսագրերում` խրախուսելու համար նրանց, ովքեր փորձում են բռնել բանաստեղծական արվեստի, առհասարակ գրական աշխարհի ճանապարհը: Ելույթ ունեցան ու իրենց ստեղծագործություններից կարդացին նաև Հռիփսիմէն և Սաթենիկ Ղազարյանը: Հյուրերին ողջունեցին Ապարանի թիվ 2 հիմնական դպրոցի սաները` ներկայացնելով գրական կոմպոզիցիա «Պոեզիան լույս է պարգևում» խորագրով:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ
ԵՍԹԵՐ
ԾԻԾԱՂԵԼԻ ԼԻԼԻ ՊՈՒՏԻԿՆ ՈՒ ՑՄՓՈՐԻԿԸ…
Անտառում մի փոքրիկ տնակ կար, որտեղ ապրում էր մի փոքրիկ, բայց զվարճալի տեսքով Լիլի Պուտիկը: Նրա անունը Լիլի էր, իսկ իրեն Պուտիկ էին ասում, որովհետև պուտիկի չափ պստիկ էր ու կլորիկ: Նա միշտ ընկնում էր ծիծաղելի իրավիճակների մեջ ու բոլորը փորները բռնած՝ քա՜հ-քա՜հ ծիծաղում էին:
Մի անգամ փոքրիկ Լիլին որոշեց պահմտոցի խաղալ Ցմփորիկի հետ: Խեղճ Ցմփորիկն անտառով մեկ փնտրում էր Պուտիկին ու չէր գտնում: Մեկ էլ ծառի վրա մի փոքրիկ կետ տեսավ՝ պուտիկ: Մինչև կողմնորոշվեց, թե ով է, Պուտիկը իրեն գտավ: Ու միշտ այդպես իր փոքրիկ լինելու շնորհիվ ճողոպրում էր նեղ իրավիճակներից ու հաղթող դուրս գալիս: Ցմփորիկն էլ իր մեծ փորի պատճառով միշտ աչքերն ինքն էր փակում, քանի որ ծառի ետևից իր մեծ փորիկն անմիջապես նկատում էր Լիլի Պուտիկը: Իզուր չեն ասում՝ ճստիկ է, բայց պստիկ է: Լիլի է, բայց Պուտիկ է:
Ու այդպես միշտ Լիլի Պուտիկն ու Ցմփորիկը վիճում էին, թե ով պետք է աչքերը փակի ու Լիլի Պուտիկը միշտ հաղթում էր: