Անկեղծ ասած, այս թեմայով դեռ մի քանի ամիս առաջ էի մտադիր գրել. երբ «Գրական թերթիե հրավիրած «Կլոր սեղանումե հանդիպեցի իմ գրչեղբայր Հակոբ Մովսեսի շատ կտրուկ ու չափազանց խիստ կարծիք-գնահատականին մեր մի շարք երևելի նախորդների վերաբերյալ: Տաղանդաշա՛տ ու վաստակաշա՛տ բանաստեղծներ, ովքեր, իմ խորին համոզմամբ, անփոխարինելի հետք են թողել մեր պոեզիայում, հետչարենցյան հայ բանաստեղծությունը փրկել աշուղանաղլական ոտանավորների համաճարակից (թող որ ինչ-որ շրջան, հասկանալի պատճառով, իրենք էլ տուրք տալով դրան), որոշակի հող նախապատրաստել ժամանակակից հայ պոեզիայի զարգացման համար: Սա, ինձ թվում է, պարզապես անվիճելի իրողություն է ամենահակադիր գրական ճաշակների տեր պոետների ու քննադատների, գուցե «նոր ու նորաձևե կոչվող պոեզիայի դրոշակակիրների համար անգամ…
Ցավոք, հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ այն ժամանակ չկարողացա կենտրոնանալ ու գրիչ վերցնել: Ճիշտն ասած, ինչ-որ տեղ հույս ունեի նաև, որ ավագ ու միջին սերնդի մեր գրականագետներից որևէ մեկը (չէ՞ որ ժամանակին այնքա՜ն գրել են տվյալ հեղինակների մասին, հաճախ սիրով ու մեծարանքով, ամենայն գնահատանքով), անպայման կարձագանքի, համոզիչ փաստարկներով կհակադրվի, ըստ իս, ակնհայտորեն ծայրահեղ կարծիքին, որը բառացիորեն հետևյալն էր. «…Ես այն խորին համոզմանն եմ, որ այդ սերնդի բանաստեղծները՝ Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Վահագն Դավթյան, Սիլվա Կապուտիկյան, մշակութաբանական տեսակետից որևէ արժեք չունենե («Գրական թերթե, 13 մարտի): Բայց, չէ՛, որքան էլ զարմանալի է, այդ առթիվ ոչ ոք գրավոր չարտահայտվեց: Լռությունն համաձայնության նշա՞ն է: Վստահ կարող եմ ասել, որ այս դեպքում՝ ո՛չ, որովհետև բանավոր զրույցներում այդ օրերին գրչընկերներիցս զարմանքի ու վրդովմունքի քիչ խոսքեր չլսեցի:
Ինչո՞ւ եմ հիշում ու հիշեցնում այս ամենը: Որովհետև այս օրերին համացանցում բուռն մի եռուզեռ է նույն այդ թեմայով, «բանավեճե՝ առանձնահատուկ, մինչ այս չտեսնված մի կրքով ու ակտիվությամբ, բացահայտ անհանդուրժողականությամբ: Ընդ որում՝ մերժվող դասականների ցուցակին ավելացել է և Պարույր Սևակը: Թեթև ու հեշտ, առանց չնչին վարանումի, մարդիկ որակազրկում, «պսակազերծումե են բանաստեղծների, որոնց ստեղծագործական վաստակը մեր գրականության, մեր հոգևոր ժառանգության անկորնչելի մասն է կազմում: Պարզապես զարմանալի՛ է, անչա՛փ ցավալի, ու ես ակամա մտածում եմ, որ, ամենայն հավանականությամբ, մեր մեծերի դեմ նոր այս «շարժմանե մեջ իր դերն է խաղացել և «Կլոր սեղանումե արտահայտված հիշյալ կարծիքը. ճանաչված գրողի ու մտավորականի խոսքն, ինչպես երևում է, ակնհայտորեն ոգևորել, վստահություն ու համարձակություն է ներշնչել անվանի ու սիրված գրողների վրա, չգիտես ինչու, վաղուց «ատամ ունեցողե որոշ նորօրյա գրողների ու ընթերցողների, անգամ այնպիսի մարդկանց, ովքեր, ինչպես ասում են, «դեռ շատ հաց ու պանիր պիտի ուտենե մեր գրականության այդ երևելիների մասին նման դիրքերից, այդպիսի տոնով խոսելու համար: Հետաքրքիր է, եթե այդ գրողները ողջ լինեին, նույն այդ խիզախությամբ սրեր կճոճեի՞ն նրանց դեմ: Շատ եմ կասկածում…
Անշուշտ, յուրաքանչյուր մարդ սեփական կարծիք ունենալու, այն արտահայտելու ու պաշտպանելու իրավունք ունի: Ո՞վ կարող է ժխտել: Բայց համաձայնեք, որ արտահայտվելու իրավունքը, մանավանդ որոշ հարցերի շուրջ ու որոշակի լսարանի առաջ, ինչ-որ տեղ ձե՛ռք պիտի բերվի նաև. կրթությամբ, կենսափորձով, գիտելիքների որոշակի պաշարով, հասարակական դիրքով: Կտրականապես դեմ եմ, իհարկե, երբ ինչ-որ կարծիք արտահայտելու համար սկսում են քարկոծել, պիտակներ կպցնել որևէ մեկին (մեզանում, ցավոք, դա գրեթե օրինաչափություն է դարձել): Բայց գիտենք նաև, որ ծայրահեղականության յուրաքանչյուր դրսևորում, չափի զգացման կորուստ վտանգ է պարունակում, ու այն մեղմելու, սթափության կոչ ու հորդոր անելու փորձ միշտ էլ կարելի է և պե՛տք է անել:
Եվ ահա բոլոր նրանց, գրո՛ղ թե ընթերցո՛ղ, ովքեր այսօր այնպես կրքով ու ոգևորությամբ, երբեմն պարզապես անբացատրելի չարությամբ, մերժում, «ջնջումե են իրենց ստեղծագործական վաստակով, ապրած կյանքով հայ գրականության մեջ, մի քանի սերնդի բազում ընթերցողների հոգում լուսավոր հետք թողած բանաստեղծների, ես ուզում եմ հարցնել՝ ի՞նչ են ուզում դրանով ասել, ո՞րն է նրանց նպատակը: Հավանաբար, գրով զբաղվող, իրենց մեր գրականության ներկան ու ապագան համարող որոշ մարդիկ գտնում են, որ իրե՞նք են իսկական գրականություն ստեղծում, ու իրենց նախորդների ստեղծածն արդեն բանի պետք չէ՞: Լավ, ասենք թե այդպե՛ս է որ կա, թո՛ղ որ այդպիսի բարձր ինքնագնահատական ունեն, ի՞նչ կա որ, միայն թե, եթե կարող են, թող իրենց ձիրքո՛վ, իրենց ստեղծագործությա՛մբ ու գործունեությա՛մբ դա ապացուցեն. տպագրվելո՛վ, ընթերցողի հետաքրքրությունը շահելո՛վ, սերը նվաճելո՛վ, գրաքննադատության, իրենց գրչընկերների ուշադրությանն ու անկեղծ գնահատականին արժանանալո՛վ (շատերիս հայտնի ու տեսանելի թայֆայական գովազդի հետ չշփոթել): Դա նրանցից յուրաքանչյուրի իրավունքն է, իհարկե: Բայց ուզում եմ հարցնել նաև՝ մի՞թե որևէ մեկին այդ հարցում օգնել է կամ կօգնի ժողովրդի համար մեծերի, երևելիների շարքը դասող անունները կասկածի տակ առնելով «հերոսանալըե և կամ իրենց ճաշակին ու սկզբունքներին չհամապատասխանող ժամանակակիցներին հեգնելը: Հասկանալի է, որ խոսքը բացարձակ անճաշակության, օրեցօր բազմացող ու բարգավաճող գրամոլների մասին չէ…
Իսկ այս «շարժմանե մեջ ներքաշված ընթերցողներին հատկապես (ասենք՝ գրողներն էլ նախևառաջ ընթերցող են), ովքեր, ասենք, Սևակ ու Շիրազ, Սիլվա Կապուտիկյան կամ Համո Սահյան չեն հավանում ու տեղի-անտեղի հայտարարում են այդ մասին (սիրողներն ու վայելողներն, հաստատ, շա՛տ ավելին են), խորհուրդ կտայի պարզապես իրենց սիրա՛ծ, իրենց հոգու հետ խոսո՛ղ, իրենց բա՛ն ասող գրողներին կարդալ միայն, վայելե՜լ, եթե գտել են, սակայն իզուր նրանց չհակադրելով իրենց «սև ցուցակումե հայտնվածներին, առանց վերջիններիս հանդեպ «հաշվեհարդար տեսնելուե անհասկանալի մղումների: Ոմանց նաև խորհուրդ կտայի զոհ չդառնալ մոդային, պահի տակ չընկնել այնպես ջանադրաբար հայ գրականությունը «վերարժևորողներիե, որպես առաջադիմության գլխավոր նշան՝ նրանում անպայման եվրոպական ու ամերիկյան միտումներ որոնողների ազդեցության տակ, այլ իրենց սրտի ձայնը լսել, հոգու պահանջները որսալ ամենից առաջ: Մի իմաստուն ասույթ կա. «Խորհիր ամեն բանի մասին, ինչ լսում ես, բայց հավատա միայն նրան, ինչ ստուգել եսե:
Իմ միանգամայն բարեկամական խորհուրդ-հորդորը և՛ տարբեր սերնդի գրչակիցներիս, և՛ պարզապես բոլոր գրասերներին. եկեք հանգիստ թողնենք այն գրողներին (ընդհանրապես արվեստագետներին), ովքեր իրենց ստեղծագործությամբ, ապրած կյանքով ճանաչման, ժողովրդական սիրո ու գնահատանքի են արժանացել և մեզ հետ չեն արդեն: Չէ՞ որ անտեղի այդ հարձակումներից պաշտպանվել չեն կարող: Ասենք, երևի դրա կարիքը չկա՛ էլ. նրանց փոխարեն դա անում են ու, քանի կարող են, կշարունակեն անել նրանց ստեղծագործությունները՝ անաղմուկ ու անճիգ: Թեև, ինչ խոսք, անվիճելի է, որ բոլորն էլ ունեն նաև այնպիսի գործեր, որոնք ժամանակի ընթացքում հնացել են, կորցրել ներգործության ուժը: Այստեղ մեղադրական կարդալու ոչի՛նչ չկա: Ամենախոշոր արվեստագետներն անգամ աշխարհում ապահովագրված չեն դրանից…
Հիշենք նաև, որ ժամանակին աշխարհի շատ մեծ ու անվանի գրող-արվեստագետներ չեն ընդունել միմյանց (հիմա էլ այդպիսիք քիչ չեն ու մեզանում՝ նույնպես), բայց ժամանակն ամեն ինչ կարգավորել է տեղը տեղին, երբեմն իրար մերժողների ստեղծագործությունը հավասարապես արժևորել ու իրար կողքի դրել: Ուրեմն, ավելի լավ չէ՞՝ մենք պարզապես վայելենք ա՛յն գրողներին ու արվեստագետներին, ում մե՛րն ենք համարում, շնորհակալ լինենք, որ նրանք եղե՛լ են, կա՛ն, իսկ ովքեր «մերըե չեն, նրանց հանդեպ կարողանանք գոնե տարրական հարգանք դրսևորել: Իսկ ամենազոր ժամանակը մինչև այսօր իր գործն արել է ու կշարունակի անել նույն բարեխղճությամբ: Եթե երբեմն սխալվել է, ի վերջո միշտ ուղղել է իր սխալը…
Հուսով եմ, որ ասածներիս մեջ որևէ մեկը անձնական վիրավորանք, ինչ-որ բացասական միտում չի տեսնի և ուզում եմ խոսքս Բուլատ Օկուջավայի փոքրիկ բանաստեղծությամբ ավարտել, որ վերջերս եմ թարգմանել: Ես այն սիրով հղում եմ իսկապես աստծո շնորհով օժտված, ահել թե ջահել բոլոր գրողներին, իմ գրչընկերներին ՝ ինչ ուղղության, ինչ ոճի ու հոսանքի էլ նրանք դավանելիս լինեն, մո՞տ, թե՞ հեռու լինեն գրական իմ ճաշակին ու ըմբռնումներին. Ընկե՛ր իմ, եղբա՛յր գրչի ու թղթի, / Մենք բախտով վերուստ կապված ենք իրար: / Ինչո՞ւ մտածել՝ ո՞վ ում կհաղթի. / Ախոյաննե՛ր չենք, ախր, մենք հարմար: / Այս հողի հանդեպ նո՛ւյն սիրով ենք լի, / Ու դեպի նա է թևում մեր երգը, / Իսկ թե ո՞վ է մեծ պոետ ավելի՝ / Թող որոշեն Տե՛րն ու Ժամանա՛կը:
Հ.Գ. Ասեմ, որ բնավ չեմ ուզում ընթացող «բանավեճիե մեջ մտնել. գիտեմ, որ և՛ համախոհներ կունենամ, և՛ ինձ հակառակվողներ, հետադեմ ու ավանդապաշտ համարողներ կլինեն (գուցեև՝ առիթն օգտագործելով, իմ ստեղծագործությունները ևս «հողին հավասարեցնողներե): Չե՛մ զարմանա: Մեր իրականության մեջ դա բնական է: Պարզապես թեմայի շուրջ Ֆեյսբուքում վերջին օրերին ընթացող «պատերազմիե հանդեպ չկարողացա անտարբեր մնալ, ու ասելիքս սա՛ էր ու այսքա՛նը…
Իսկ լուրջ, ազնիվ ու անաչառ, բարեկիրթ ու շահագրգիռ, ծայրահեղություններից հեռու բանավեճերի կարիք, իհարկե, միշտ էլ կա, որոնց երկու ձեռքով կողմնակից եմ. երբ հակադիր կարծիքները, բնավ անձնական թշնամանքի չվերածվելով, իզուր անառողջ կրքեր չբորբոքելով, առանց անհարկի մեր մեծ ննջեցյալների անդորրը խաթարելու կարող են նպաստել գրական պրոցեսի հստակեցմանը, ստեղծագործական նոր միտումների հայտնաբերմանը, իսկական չափանիշների ձևավորմանը. երբ գրականության ու ընթերցողի շահը վեր կկանգնեն անձնական կամ խմբակային ամեն տեսակ հավակնություններից ու «մանիֆեստներիցե:
Երանի՜ բոլորն ունենան Լ. Բլբուլյանի լայնախոհությունը…