Երևան, 16-21 հոկտեմբերի, 2023 թ.
Յուրաքանչյուր տարի Հայաստանի մայրաքաղաք Երևանում տեղի է ունենում գիտաժողով՝ «Ֆրանսիական գրականության օրեր» ընդհանուր խորագրով: «Օրերի» կազմակերպիչն է անխոնջ Աիդա Գառնիկյանը և համանուն կազմակերպությունը, նաև Երևանի պետական ու Վ. Բրյուսովի անվան համալսարանների համաշխարհային գրականության և Ֆրանսերեն լեզվի ամբիոնները: «Ֆրանսիական գրականության օրերի» գործընկերներն են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը, «Ազնավուր» հիմնադրամը:
Ինը տարի շարունակ«Օրերը» նվիրվում են տարբեր գրողների ստեղծագործություններին: Այս տարի ընտրությունը Կամյուինն էր… Ընտրությունը կատարվել էր նախքան 2023 թ. սեպտեմբերի՝ Ադրբեջանի կողմից հայերի արտաքսումը Արցախի (Լեռնային Ղարաբաղ) Հանրապետությունից և ավելի քան հարյուր հազար տեղահանվածների բռնագաղթը երեք միլիոնից պակաս բնակիչ ունեցող Հայաստան:
Մենք Կամյուից էինք խոսում մի երկրում, որը վշտաբեկ էր և վտանգված, բայց որն, այնուամենայնիվ, լայնորեն բաց էր աշխարհի, ներկայի և անցյալի առաջ, տոգորված էր հյուրընկալությամբ և երկխոսության ցանկությամբ: Երկխոսության ցանկություն, որն, ի թիվս այլ բաների, դրսևորվում էր հատկապես գրականության նկատմամբ: Ցավոք, մեր ելույթների ընթացքում մենք հանդիպում էինք հիմնականում ուսանողուհիների՝ մեզ ասում էին, որ բազում ուսանողներ զոհվել են 2020 թ. պատերազմի ժամանակ կամ ընտանիքի կարիքները հոգալու համար դասերից հետո ստիպված են աշխատել: Մեր ունկնդիրները գիտեին մասնավորապես «աբսուրդի» Կամյուին, սակայն պատրաստակամ էին բացահայտելու գրողի ողջ անցած ուղին և ստեղծագործական աշխարհընկալման ներդաշնակ խորությունը՝ «Օտարից» մինչև «Առաջին մարդը»: Մենք՝ Լորան Բովը (փիլիսոփայության պրոֆեսոր), Բեռնար Ֆրանկոն (համեմատական գրականության պրոֆեսոր), Ժանիվ Գերենը և Անիես Սփիկելը (ֆրանսիական գրականության պրոֆեսորներ), յոթ զեկույց ունեցանք «Օտարի», «Սիզիփոսի առասպելի», «Կալիգուլայի», «Ժանտախտի», ինչպես նաև Կամյուի ստեղծագործության ամբողջական նկարագրի շուրջ, Վ. Բրյուսովի համալսարանի ուսանողների կատարմամբ դիտեցինք «Թյուրիմացություն» թատերկի շատ հաջողված ներկայացումը, որը բեմադրել էր ժպիտը միշտ դեմքին փութեռանդ դասախոս Անի Ջանիկյանը: Ներկա գտնվեցինք Լուսինե Աբգարյանի՝ «Ֆրանսիական արդի գրականության անդրադարձը Հայոց ցեղասպանությանը. հետհիշողություն, ֆիկցիա, պատկերապատում» ստվար հատորի շնորհանդեսին, որը Բեռնար Ֆրանկոյի ղեկավարությամբ Սորբոնում պաշտպանած դոկտորական թեզի գրքային տարբերակն էր:
Միջոցառումներին մասնակցում էր ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդականը:
Հանդիպումներն ամենուր ողողված էին բացառիկ ջերմությամբ, մեր հյուրընկալները չէին դադարում մեզ շնորհակալություն հայտնելուց, մինչդեռ մենք պիտի նրանց շնորհակալություն հայտնեինք նման ընդունելության համար: Բացի կամյուական միջոցառումներից, Ազգային գրադարանի տնօրենի ուղեկցությամբ եղանք հայ գրերի թանգարանում, ծանոթացանք հայկական համադամ խոհանոցին, վայելեցինք հայկական հիանալի գինիների համն ու հոտը… Գլխավորը՝ հանդիպեցինք կորովի հոգու տեր մարդկանց, որոնք տառապում էին իրենց պատմության կրկնվող ողբերգությունների պատճառով, սակայն հպարտ էին ազգային մշակույթով, լեզվով, հոգևոր հարստությամբ: Ավելի քան այլուր մենք բացահայտեցինք, թե Կամյուի բառերը որքան սերտորեն են առնչվում այս տարածաշրջանի մարդկանց, երջանիկ էինք նրանց՝ կամյուական բարության աշխարհն ավելի խորը ընկալելու ցանկության համար:
Ավարտելուց առաջ չեմ կարող չհիշատակել երեք հիրավի անմոռաց «ակնթարթ»-ի մասին. Գառնու տաճարի դուդուկահարին, վերջերս Արցախից բռնագաղթած ուսանողուհուն, որն իր մեջ ուժ էր գտել ու Երևանի ուսանողների հետ ջանք չէր խնայել Կամյուին ըստ արժանվույն ներկայացնելու համար, և վերջապես՝ Արարատ լեռը, որն անթափանց մառախուղից հետո վերջին օրը հայտնվեց վաղորդյան արևով ողողված՝ իր ամբողջ վեհությամբ:
Հայաստանը մեզ ցտեսություն էր ասում…
Անիես ՍՓԻԿԵԼ
Վալանսիեն համալսարանի ֆրանսիական
գրականության վաստակավոր պրոֆեսոր