3.
Տարվա ընթացքում ՀԳՄ հրատարակչության ուշադրության կենտրոնում է եղել նաև գեղարվեստական հրապարակագրության ժանրը: Մասնավորապես, լույս է տեսել «Ապրելու վճիռ» ժողովածուն, որն ընդգրկում է շուրջ երկու տասնյակ ճանաչված գրող-հրապարակագիրների (Հրաչօ, Ռուզան Ասատրյան, Ալիս Հովհաննիսյան, Գրիգոր Ջանիկյան, Կարինե Խոդիկյան, Նանե և ուրիշներ)` մամուլում հրապարակված և ընթերցող հանրության դրական արձագանքին արժանացած ակնարկներն ու հոդվածները, որոնք արծարծում են հասարակությանը հուզող սոցիալական, բնապահպանական, հոգեբանական, բարոյական բազմաթիվ արդիական հարցեր ու խնդիրներ: Այդ շարքում, բայց արդեն առանձին գրքով, ընթերցողների դատին է ներկայացվել նաև Սամվել Բեգլարյանի «Էսսեներ» ժողովածուն:
Սամվել Բեգլարյանը ոչ միայն գրող է, հրապարակագիր, այլև դերասան է ու ռեժիսոր (Նոյեմբերյանի թատրոնում), ոչ միայն Արցախյան շարժման ակտիվ մասնակից, ազատամարտիկ, այլև սահմանում բնակվող «սահմանապահ»: Եվ այդ հանգամանքը` ճակատագրով իրեն բաժին հասած բնակության վայրը, ժամանակը, որոշակիորեն պայմանավորել են գրողի նրա մտածողության յուրահատկությունը` խտությունը, կարճառոտությունը, հաճախ նաև աֆորիստիկ բնույթը, որովհետև, ինչպես նշում է «Միայնակ գայլին» «հաց բերողը» էսսեում` դժվար է երկար ու ճոռոմ ճառեր ասել, երբ «ապրում ես եզրին սահմանի», ուր «միշտ անհանգիստ է. ցերեկը` ուշքը սահմանին, գիշերն էլ պախրայի նման է քնում` ականջները սրած, աչքերը բաց»: Ս. Բեգլարյանի էսսեների հերոսը սեփական կյանքով ու փորձով գիտի, որ «Սահման պահելու, սահման ամրացնելու ամենաճիշտ ձևը այնտեղ ապրելն է…», քանզի համոզված է` «Եթե ապրում ես եզրին սահմանի, քո լինելով հողդ պաշտպանիր…»: Զարմանալի է, որ սահմանամերձ կյանքի տագնապների ու վտանգների մեջ անգամ չեն մարում նրա հոգու բարձր ու վեհ տենչերը, ձգտումները` դեպի անծայր ու ամենազոր Բնությունն ու Լույսը, որ արտահայտում է նա գեղարվեստական տպավորիչ պատկերներով. «Լեռները կանգնել մաքուր-մաքուուուր երկնքի դիմաց ու վարդագույն շրթներկ են քսում պինդ, կրքոտ պռոշներին, որ Արևը գա ու տաք շողերով խտուտ տա, կծոտի: Երբ դու միայնակ ես ու կանգնած ես արթնացող օրվան շողագիրկ, թվում է, թե շատ ավելի հզոր ես, թագավոր ես, ամենակարող ես, թևատարած հպվում ես հորիզոնի պռունկներին, և քոնը, միայն քոնն են հեռացող Լուսինը, երկնածաղիկ աստղերը, իսկ Արեգակն ամենազոր քեզ համար է բացվում, միայն քեզ է ասելու. «Լույսը բարի»: Զգացողությունների արտասովորությունը ծնունդ է տալիս նաև նոր բառերի ու արտահայտությունների` «…արդեն լուսաթագվում է երկիրը»: Բայց դա դեռ ամենը չէ, տրամաբանական է անցումը բնությունից մարդուն` «Մարդիկ էլ պետք է այսպես լինեն – նույնիսկ չլինեն, նույնիսկ չերևան, բայց լուսավոր լինեն ու լույս տան, թե չէ երևում ու ինչքան «աչքներս են մտնում», այնքան խավարում, վերջանում է Լույսը»: Ուշարժան է, սակայն, այն դիտարկումը, թե լույսերն անգամ տարբեր են սահմանին. «… ընդհանրապես Լույսը ազատության, ապահովության, լավատեսության ու հույսի խորհուրդ և իմաստ ունի, սակայն բոլորովին ուրիշ, այլ զգացողություններ ես ունենում, երբ քո տնամերձ այգում կանգնած, ճիշտ քեզ ուղղադեմ լույսեր ես տեսնում, և դրանք թուրքերի սահմանապահ «պոստերի» լույսերն են, որ հանց գայլի աչքեր պլպլում են խավարում և անկուշտ ագահությամբ պելված, չռված են քո հայրենիքին, քո սուրբ հողին ու քո տանը»: Այդ «լույսերին» է, ահա, որ գրողը հակադրում է իր հերթական «բարի լույսը». «Բարի լույս բոլորիդ, գնամ ոռոգեմ, որ ծաղկուն, բերքառատ ու լուսաշող լինի մեր հող հայրենին, որ անապատ չդառնա… սողունն անապատ շատ է սիրում… Բարի լույս, մարդիկ, բարի լույս, հող, բարի լույս, ծառեր, բարի լույս, աշխարհ…»: Իհարկե, նշված հարցադրումներում Ս. Բեգլարյանը միայնակ չէ, նրան ձայնակցում են տարբեր սերունդների մեր գրողները` նաև այլ ժանրերով գրված իրենց գործերում: Բնորոշ օրինակներից մեկը Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա» պիեսի նախաբան խոսքի տողերն են` «Ամեն մեկիս տունը սկսվում է սահմանից, հատկապես մայրաքաղաքում ապրողի տունը»:
Ս. Բեգլարյանի հերոսը ուրախանում-հրճվում է, որ սահմանամերձ Ոսկեվան գյուղում նորոգ, գործող եկեղեցի ունեն, բժշկական ամբուլատորիա են բացում, գեղարվեստի դպրոց… Քանզի` թշնամիդ «քո մահն է ուզում, (…) իսկ դու գեղարվեստի դպրոց ունես ու այնտեղ Կյանք ես նկարում, Արեգակ ես նկարում, ոչ թե վերջ, այլ` միշտ ու շարունակ սկիզբ ես նկարում, ընթացք ու շարունակություն ես նկարում… Էլ ի՞նչ «Իսկանդեր», ի՞նչ ծանր հրետանի կամ տանկ…»: Մտորումների այս ծիրում բնական է հնչում նաև հայ ազգի ճակատագրի համեմատությունը ծիրանենու մեռնող-հառնող էության հետ. «Ու շատ ու շատ ծիրանի ենք, հար ու նման: Ոսկեգույն ենք, արևոտ ու արևահամ, բուրմունքներս էլ կանչող ու զմայլող… այդ զմայլքից ու կանչից գերված, միշտ էլ կերել, լափել ու հոշոտել են մեզ ու միայն կորիզին, հունդին հասնելով են տեսել, հասկացել, որ ամուր ենք, պինդ ենք…»:
Ներքին մեծ լարվածությամբ բնորոշվող այս վիճակն է, որ գրողին մղում է նաև առաջին հայացքից անակնկալ, նույնիսկ բանավիճային լիցքեր կրող մտքերի ու դատողությունների` կապված հայրենասիրության ու մարդասիրության, հերոսության ու գնահատվածության, ազգային միասնականության և կենսական այլ հարցերի հետ: Հաճախ է միջարկում, թե` «Գիտեմ, միանշանակ չի ընդունվելու ասածս», բայց և չի կարող չասել այն, ինչը համահունչ չէ, կամ գուցե նույնիսկ հակառակ է տարածված կարծիքներին, բայց անընդունելի է գոնե ի՛ր համար` սահմանաեզրին իր դժվարին ու տագնապալի գոյապայքարին լծված ազատամարտիկ-երկրապահ հայ զինվոր-քաղաքացու դիտանկյունից: Իսկ չափանիշը մեկն է` «Բավական է, ինչքան զատվեցինք ու կիսվեցինք… երկու պետություն ենք, երկու հավատք, երկու կաթողիկոսարան, ամենաքիչը երկու կարծիք, էլ ռուսամետ ու արևմտամետ, էլ դիմադիր ու ընդդիմադիր, իշխանամետ ու իշխանաատ, (…) ուշքի գալու ժամանակն է, վերջապես հասկանալու, որ բարիկադի երկու կողմերում էլ ՄԵՆՔ ԵՆՔ, նույն արյունն է, նույն սիրտը…»: Քանզի, «սահմանում ապրող փորձառուները» լավ գիտեն, որ «Հայրենիքը միայն ուրախության ու խրախճանքների սեղան չէ, նաև… զոհասեղան է», ու «Խաղաղությունը միայն պատերազմին, հաղթանակած պատերազմին է հաջորդում…»: Ահա թե ինչու, ներքնապես սրված հորդոր-պահանջ ունի, որ «հերոս բառը անպատեհ չկիրառվի», բանավեճ ունի նաև Հայրենիքը լքող-հեռացողների հետ, ովքեր «իրենց հեռանալը երկրի օլիգարխ վիշապ-սողունների գոյությամբ են պատճառաբանում»: Այդ դեպքում ծնվում է թեկուզ և հռետորական, բայց հոգում ընդվզող հարցը` «Իսկ մենք` սահման պահողնե՞րս… Աստծո նահատակնե՞ր ենք, թե՞ մահապարտներ, որ զրկանքների ու կյանքի գնով Հայրենիք պահենք», ու… երբ մի օր որոշեք վերադառնալ, ձեզ «հանձնենք խաղաղությունը…»: Եվ ավելի քան համոզված է, որ այդ ամենը սովորական հռետորաբանություն չէ, որովհետև իր և իր նմանների մեջ Հայրենիքը «պիիիիիինդ» է նստած, ինքն ու իր նման շատերը գիշեր-ցերեկ սահմանին են` «նախ` ապրելու, ապա և մեռնելու պատրաստ», ու գիտեն, ավելի քան վստահ են, որ «էս կրակոցներին, էս ցավերին վերջ է լինելու, Հայրենիքի սերն է անկրկնելի, անսահման ու անվերջ», որովհետև քաջ գիտեն տասնամյակների փորձությունից քաղած գլխավոր դասը, թե` «հայրենասիրության սահմանումը սահմանին է սահմանվում»:
Այս շատ խորհրդանշական ձևակերպմամբ էլ ուզում եմ ավարտել դիտարկումներիս շարքը` քննության արժանի մյուս գործերին անդրադառնալու հնարավորությունը թողնելով մեկ այլ առիթի: Բայց այսքանն էլ, կարծում եմ, բավական է` համոզվելու համար, որ արդի մեր գրականությունն արձագանքում է ժողովրդի անցյալին, ներկային ու ապագային առնչվող կենսական լրջագույն հիմնախնդիրներին` փորձելով եթե ոչ հիմնավոր լուծումներ, ապա գոնե խորքային «պատասխաններ» գտնել դրանց համար: