Տիրոջ հորդորաձայնը
Ես ձեզ ականջներ եմ տվել,
որ լսեք, թե ինչ են շշնջում իրար
ծաղիկների կոկոնները
բացվելուց առաջ,
որ հնազանդվեք
բարության ձայներին
ու չփակեք ձեր հոգու դռները,
երբ թափանցում է այն
տիեզերական ու հեքիաթային
երանգներով գունավորված,
ոչ թե նմանություն փնտրեք
ավանակի ականջների հետ`
ճիպոտի շպպոցին սպասող:
Ես ձեզ ռունգեր եմ տվել,
որ զգաք բույրերը ծաղիկների`
երկնային ներդաշնակության
հոգեծավալ հանգավորմամբ,
որ չմոռանաք երբեք
«քթածակ» ունենալու բարեբախտությանը,
ոչ թե քիթներդ խոթեք ուր պատահի`
վաստակելով ծանոթ-բարեկամների
անդյուրամարս պարսավանքը:
Ես ձեզ աչքեր եմ տվել,
որպեսզի չմոռանաք
կոպերի ու թարթիչների հավատարմությունը,
որպեսզի տեսնեք
բնության հրաշագեղ խայտանքը,
լույսի նրբահյուս գգվանքը
ծառերի ու թփերի
բացվող բողբոջներում,
որպեսզի ամեն օր
ախտազերծեք ձեր հոգին
վաղորդյան ցողով
և ամփոփեք սիրո բյուրեղները
ձեր աչքերի անաղարտ հայելում,
որպեսզի փայլեն մշտապես`
խռովյալ հոգիները ջերմացնելու մղումով,
լուսավորեն ձեր սիրեցյալների ճանապարհը,
երբ խավարը փորձի
մոլորեցնել նրանց կյանքի ոլորաններում,
ոչ թե չարության և չկամության
լավաներ արտածեն`
հալված մետաղի շերտերով ծածկելով
մարդկանց հոգիները:
Ես ձեզ լեզու եմ տվել,
որ երբեք չմոռանաք
մայրական կաթի քաղցրությունը,
որ սիրո և սփոփանքի
խոսքեր շշնջաք
ձեր արյան անշփոթելի կոդը կրող
մարդկանց ականջներին,
նաև նրան,
ով դարձել է ձեր կյանքի ուղեկիցը,
որ զգաք լռության խոհեմությունը
աղմուկների խելահեղ լաբիրինթոսում,
ոչ թե երկրպագեք
օձերի թագավորությունը
և թույն ներարկեք մարդկանց հոգիներում:
Ես ձեզ շուրթեր եմ տվել,
որպեսզի ամեն օր համբուրեք
ձեր սիրելիներին,
բայց երբեք չլքի անհագ կարոտը`
բազմապատկվող ամեն հպումից,
ոչ թե պղծվեն
անեծքի թարախաբշտիկներով:
Ես ձեզ ձեռքեր եմ տվել,
որ ամուր գրկեք
վերուստ տված` ձեր սրտերի
երկվորյակների մարմինները
ու ջերմությամբ համակեք նրանց`
պաշտպանելու տևական լքումների
պարտադրված հատվածներում
ցրտից ու պաղաշունչ սևեռումներից,
ոչ թե ոխակալության հարվածներով
փշրելու «ախոյանների»
կանոնավոր դիմագիծը:
Ես ձեզ ոտքեր եմ տվել,
որ ձեզ միշտ տանեն այնտեղ,
ուր ուղեկցում է
ձեր սրտի բաբախյունը,
ոչ թե այնտեղ,
որ կողմն այդ պահին
դավադիր քամին է փչում:
Ես ձեզ կյանք եմ տվել,
որպեսզի ապրեք այն,
ոչ թե զբաղվեք
ժամանակի ծվենների
անվերջ հուղարկավորությամբ:
* * *
Քրոջս` Սալբիի հիշատակին
Իմ հոգուց դու էլ քո բաժինը տարար,
որ մենակ չլինես երկնքում,
չմրսես կարոտի պաղ խորշակներից,
չտխրես լռության նեղ միջանցքներում…
Ու թվում է` դատարկ եմ լիովին,
թվում է` ամբողջն ես տարել,
լսում եմ խոսքերդ վերջին.
– Պահպանի՛ր քեզ, խնայի՛ր մեկ-մեկ:
Հեռանում են ամպերը դանդա՜ղ,
պայծառ է բացվում օրն Աստծո,
զգում եմ ջերմությունը շնչիդ,
զգում եմ, որ դու ինձ չես լքել,
քանզի թողել ես քո հոգուց
լուսավոր մի շերտ իմ ներսում,
որ ես չսպառվեմ լիովին…
Երբ հաջորդ անգամ իմ հոգուց
դարձյալ մի մասնիկ հեռանա,
քո բաժնից էլ մի քիչ լինի,
մի փոքր էլ, մի փոքր էլ ինձ մնա…
Բաժանորդն անհասանելի է 2
Դու չես ջնջի իմ հեռախոսահամարը
բջջայինից քո բազմաբովանդակ,
որպեսզի երբեմն «պատահաբար»
սեղմես կոճակը դողացող ձեռքով
և պատասխանից
զարմանաս անկեղծ.
«Բաժանորդն անհասանելի է»…
Նորից կհիշես լույսի ցնծության
պահերը հյութեղ`
ինչպես ցողերը վաղորդյան,
որ անհետանում են
արևի շողերից առաջին:
Դու չես ջնջի իմ հեռախոսահամարը,
քանզի հաստատ կիմանաս,
որ ես հսկում եմ քեզ
վերին ոլորտներից,
երբ դու ոտաբոբիկ քայլում ես
փշերի ու տատասկների միջով,
սուրսայր քարերով պատված
ճանապարհներով,
և քո ներբանների տակ
ամեն ինչ փափկում է և նրբանում,
վերածվում կանաչ ու փարթամ
ծաղկաշատ հովիտների:
Դու չես ջնջի իմ հեռախոսահամարը
ու չես հավատա,
որ «բաժանորդն անհասանելի է»:
Խոտերի երազը
Ծառերը վերծանում են
ճաքճքված ասֆալտի
ճեղքերից աճած
խոտերի հառաչանքը
և տերևների ռիթմիկ սոսափյունով
քաջալերում նրանց ներխոյանքը
դեպի հողը խոնավ`
երեսպաշտ հարմարավետության
քայքայվող շերտերի
տակ թաքնված…
Դաժան է պայքարը
պինդ ցողուններով մոլախոտերի
արմատների դեմ,
որոնք ճզմում են
փափկասուն խոտերի արմատներին`
լկտի համառությամբ:
Խոտերը երազում
գերանդի են տեսնում,
որը վրիպում է`
սահելով իրենց վրայով,
գեհենական քրքիջով
տապալվող մոլախոտեր,
որոնք լցվում են հետո
անճոռնի ինքնաթափը…
Խոտերը երազում
կրկնաերազ են տեսնում.
Իրենց նուրբ արմատներին
գուրգուրում են խայտացող ծիլերը
չաճած ծաղիկների,
որոնք դուրս են գալիս հետո
ասֆալտի ճեղքերից
և վայելում թթվածինը հանապազօրյա…
Խոտերի երազը
շարունակվում է բաց աչքերով…
ծառերի տերևները քամու մատներով
հանգավորում են
խոտերի և ծաղիկների
վերերկրային մեղեդին:
* * *
Կյանքի աբսուրդն ամբողջությամբ
ընկալելու համար
մարդ պետք է հնարավորինս
երկար ապրի,
վայելի ունայնության
սինթետիկ պտուղները,
ճիշտ հաշվարկի ու ի մի բերի
իր շուրջը բզզացող
ապրված օրերի նոսրացող պարսը,
համադրի ձայներն անլսելի,
որոնք կդառնան շշուկներ,
հետո հնչյուններ ու տառեր,
և երկնքի մաքուր պաստառին
պարզ ու ընթեռնելի
կգրվի ի տես բոլորի.
«Ունայնություն ունայնությանց…»:
* * *
Մ՛ի՛ թող քայքայվի
պատյանդ աներևույթ,
որպեսզի չթափանցեն ներսդ
բառերի սուրսայր խայթոցները,
որպեսզի հետո չդառնան դրանք
դաջվածքներ հիշողությունների,
քանզի ռետինով
կարող ես ջնջել միայն
փափուկ մատիտով խզբզած
քո չստացված բառերը:
Իսկ ուրիշներինը հղկիր
քո ներսից արտածվող
լույսերով նրբասահ,
հետո նոր միայն
բացիր դռները հոգուդ,
որպեսզի անիմաստ դառնա
պատյան ունենալը:
* * *
Մենք հուշերով ենք լցված,
Բայց չենք մեռել նրանց մեջ:
Հիշողության ծալքերում հաճախ
սև անդունդներ են գոյանում,
ուր մարդիկ հրում են անզգույշ
դեմքեր հարազատ, նույնիսկ պաշտելի,
հետո զղջում են, կամ չեն զղջում,
քանզի «կյանքը շարունակվում է»,
քանզի խորհելուց ու կշռադատելուց
ավելի հեշտ է մոռանալ`
ուրանալով ՆՐԱ թողած
լույսի ճառագայթները քո կյանքում,
որոնց շնորհիվ դու ապրում ես,
գտնում այն արահետները,
որոնցով շարժվում ես`
կենսալիցքերով հագեցած,
քանզի անդունդը լցվելուց հետո
(կարևոր չէ` ումով),
այն դադարում է գոյություն ունենալուց…
«Ես մահից չեմ վախենում,
վախենում եմ մահանալուց»:
Ստվերներից անդին
Հետապնդում են ինձ անդադար
վերելքների խճողված ճամփաբաժաններում
անհույս մոլորված ցանկությունների
ստվերները բազմաձև ու բազմագույն,
այցելում են գունագեղ երազներում,
փակում տեսադաշտս մոռացության,
ու լուսաթոն մշուշից
ձեռքեր են պարզվում դեպի ինձ,
ձայներ են լսվում աղերսատագնապ…
Բռնում եմ հերթով ձեռքերն այդ,
բարձրացնում վեր անսովոր թեթևությամբ:
Լցվում է երկինքն անօրինակ թռչունների
կանոնավոր ու հրաշապատկեր
երամներով երփնափայլ:
Ու լսվում է մեղեդին,
որ խզվել էր վաղո՜ւց, շա՜տ վաղուց`
անհիշելի ժամանակներում:
Ստվերները փոխակերպվում են
երանելի պատկերների,
ինձ էլ տանում վեր,
խառնում թռչունների երամներին,
ու ես տեսնում եմ հստակ
դյուրասահ ինձ շրջապատող
նրբահյուս ու ժպտադեմ հրեշտակներին,
լցվում քաղցրալուռ լույսով
նրանց անհպում շոյանքներից,
որպեսզի ցերեկն ապրեմ
գիշերվա թաքուն սպասմամբ`
ինձ երկինք մղող ստվերների…
Ներկա-Բացակա
Դու նայեցիր, ժպտացիր նույնիսկ,
հայացքիդ մեջ սառել էր
իմ բացակայությունը`
դատարկ ու չլցված
որևէ մեկի ներկայությամբ:
Մեր աչքերն սկսեցին այրվել
անսովոր ջերմությամբ,
մենք միաժամանակ կկոցեցինք
և արագ թարթեցինք մեր աչքերը,
ու լույսով լցվեց
անդունդը ժամանակի,
քո հայացքը վերհիշեց մի պահ
սարսափը լռության,
ապա կլանվեց իմ ներկայությամբ:
Դու բռնեցիր ամուր
ու սեղմեցիր իմ ձեռքերը,
որպեսզի այլևս
չգրկեն ուրիշներին:
Ստույգ իրականը
Իրականության ափերին
չես հասնի երբեք,
եթե փխրուն են ու դյուրաբեկ
մակույկներդ երևակայության,
քանզի ստույգ իրականը
մտահղացումն է երեկվա,
որը տարել է քեզ ուղիով արարումի
և խոյանքով համառ ու վերձիգ:
Մնացածն ուրիշինն է,
օտար ու անհաղորդ,
պարզունակ ու անիմաստ,
ինչպես ժպիտը Հանդիսավարի…