Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ / ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ․ Սերյոժա Դովլաթովի մասին

ՀԳՄ վարչությունը  շնորհավորում է   թարգմանիչ  Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԻՆ  ծննդյան 70-ամյակի  առթիվ

«Գրական թերթը» միանում է  շնորհավորանքին

 

ԻՈՍԻՖ ԲՐՈԴՍԿԻ

 

Սերյոժա Դովլաթովի մասին

(«Աշխարհը տգեղ է, և մարդիկ տխուր են»)

Իր մահվանից հետո անցած մեկ տարվա ընթացքում, թվում է, թե կարելի էր փոքր-ինչ համակերպվել իր բացակայությանը։ Առավել ևս՝ որ տեսնվում էինք ոչ այնքան հաճախ։ Համենայնդեպս՝ Նյու Յորքում։ Հայրենի քաղաքում մարդուն կարելի է պատահաբար հանդիպել փողոցում, կինոթատրոնի հերթում, երկու-երեք նորմալ սրճարաններում։ Ինչը և տեղի էր ունենում, չհաշված ծանոթների բնակարանները, ընդհանուր ընկերուհիներին, այն մի քանի ամսագրերի խմբագրությունները, ուր մեզ դեռ ներս էին թողնում։ Հայրենի քաղաքում՝ ներառյալ քաղաքամերձ թաղամասերը, գրականությամբ զբաղվողի տեղագրությունը ընկալելի էր, և կարծում եմ, մեր նոթատետրերում հեռախոսահամարների ու հասցեների երեք քառորդը համընկնում էր։ Նոր Աշխարհում, մեր փոխադարձ բոլոր ջանքերով հանդերձ, համընկնում էր լավագույն դեպքում մեկ տասներորդը։ Եվ, այդուհանդերձ, դեռևս չի հաջողվում համակերպվել իր բացակայությանը։

Գուցե ես այնքան էլ սովոր չէի իր ներկայությա՞նը։ Հատկապես հաշվի առնելով վերոշարադրյալը։ Բնավորությանս մեջ վատթարը չբացառելու հակումը կարող է ստիպել դրական պատասխանելու այս հարցին։ Սոլիպսիզմը, սակայն, իր սահմաններն ունի. մարդու, նույնիսկ մերձավոր մարդու կյանքը կարող է և խուսափել դրանից, մահը ձեզ ստիպում է սթափվել։ Պատկերացնել, թե նա դեռ կա, պարզապես չի զանգում ու չի գրում՝ ամբողջ գրավչությամբ և անգամ ապացուցելիությամբ հանդերձ, քանզի նրա գրքերը շարունակում են լույս տեսնել, անհեթեթ է. ես նրան ճանաչել եմ մինչև գրող դառնալը։

Գրողները, հատկապես նշանավոր գրողները, ի վերջո չեն մեռնում. նրանք մոռացվում են, մոդայից դուրս են գալիս, վերահրատարակվում են։ Ընթերցողի համար գրողը միշտ ներկա է այնքանով, որքանով գոյություն ունի վերջինիս գիրքը։ Կարդալու պահին ընթերցողը դառնում է այն, ինչ կարդում է, և ընթերցողի համար ըստ էության հոգ չէ, թե որտեղ է հեղինակը, ինչ պարագաներում։ Նրա համար հաճելի է, եթե պարզվում է, որ հեղինակն իր ժամանակակիցն է, սակայն առանձնապես չի տխրի, եթե այդպես չլինի։ Գրողները, անգամ նշանավոր գրողները բնակչության մեկ շնչի հաշվով բավական շատ են։ Ավելի շատ, համենայնդեպս, քան իսկապես սիրելի մարդիկ։ Մարդիկ, սակայն, մեռնում են։

Կարելի մոտենալ գրադարակին ու վերցնել նրա գրքերից մեկը։ Շապիկին նրա լրիվ անունն է, սակայն ինձ համար նա միշտ Սերյոժա է եղել։ Գրողին կրճատ-փաղաքշական անունով չեն կոչում. գրողը միշտ ազգանուն է, իսկ եթե դասական է՝ նաև անուն ու հայրանուն։ Տասը-քսան տարի հետո այդպես էլ կլինի, բայց ես… ես երբեք չեմ իմացել նրա հայրանունը։ Երեսուն տարի առաջ երբ ծանոթացանք, ո՛չ շապիկների, ո՛չ էլ գրականության մասին խոսք չկար։ Մենք Սերյոժա ու Իոսիֆ էինք, դեռ միմյանց էլ «դուք»-ով էինք դիմում, և այդ վերամբարձ-ծաղրական, փոքր-ինչ օտարացած (ինքներս մեզանից) դիմելաձևն ու շփվելաձևը ի զորու չեղան փոխելու ո՛չ ալկոհոլը, ո՛չ ճակատագրի անհեթեթ թռիչքները։ Այլևս ոչինչ չի փոխի։

Ծանոթացել ենք Ֆինլանդական կայարանի մոտակայքում, հինգերորդ հարկի մի բնակարանում։ Տանտերը Լենինգրադի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանող էր, այժմ նույն ֆակուլտետի պրոֆեսոր է գերմանական մի փոքր քաղաքում։ Բնակարանը մեծ չէր, բայց ալկոհոլն այնտեղ շատ էր։ 1959-ի կամ 1960-ի ձմեռն էր, և մենք պաշարել էինք միևնույն ամրոցը՝ կարճ սանրվածքով, սքանչատես մի ամրոց։ Այստեղ թվարկելու համար չափազանց արտառոց պատճառների բերումով, ստիպված էի պաշարումը դադարեցնել և մեկնել Միջին Ասիա։ Երբ երկու ամիս անց վերադարձա, ամրոցն ընկել էր։

Ինձ միշտ թվացել էր, թե հսկայական հասակի պատճառով իր հարաբերությունները մեր գետնամերձ ու շիկահեր իրականության հետ պիտի որ խիստ յուրօրինակ լինեին։ Նա միշտ նկատելի էր հեռվից, հատկապես հաշվի առնելով հայրենի քաղաքի անթերի տեսադաշտը, և ակամա ուշադրության կենտրոնում էր հայտնվում ցանկացած փակ տարածքում։ Դրանից, կարծում եմ, նեղվում էր, հատկապես երիտասարդ տարիներին, իր շարժուձևին ու խոսքին բնորոշ էր ինչ-որ ծաղրական-սիրալիր պատրաստակամություն, որը, ասես, արդարացնում ու ներողամտություն էր հայցում ֆիզիկական փարթամության համար։ Կարծում եմ, նաև սա պատճառ դարձավ, որ հետագայում գրիչ վերցնի. շրջապատում տեղի ունեցող ամեն ինչի անհեթեթության հասնող պարադոքսայնությունը՝ ինչպես արտաքին աշխարհում, այնպես էլ իր գիտակցության մեջ, բնորոշ է իր գրչի տակից դուրս եկած գրեթե յուրաքանչյուր բառին։

Մյուս կողմից, կերպարանքի բացառիկությունն իրեն ազատում էր սեփական արտաքինի մասին հոգալուց։ Ամբողջ կյանքում, որքան ճանաչել եմ, նույն սանրվածքով էր. չեմ հիշում, որ երկարամազ կամ մորուքավոր եղած լիներ։ Նրա զանգվածը որոշակիորեն ավարտուն էր, ինչն ավելի բնորոշ է սևահերներին, քան շիկահերներին. սևահեր մարդն ավելի հավաք է, անգամ հայելու մեջ։ Բանասիրականի աղջիկները նրան անվանում էին «մեր արաբը». Սերյոժան հեռավոր նմանություն ուներ այն ժամանակ մեր էկրաններին առաջին անգամ երևացած Օմար Շարիֆին։ Ինձ, սակայն, նա միշտ թեթևակիորեն հիշեցրել է Պետրոս կայսրին, թեև նրա դեմքը միանգամայն զուրկ էր պետրոսյան կատվայնությունից, քանզի հայրենի քաղաքի տեսադաշտում (ինձ այդպես էր թվում) թևածում էր հիշողությունն այդ անդադրում քայլող հսկայի մասին, և ժամանակ առ ժամանակ որևէ մեկը պետք է լցներ այդ հիշողության՝ օդում թողած դատարկությունը։

Հետո չքացավ փողոցից, որովհետև բանակ ընկավ։ Այնտեղից վերադարձավ, ինչպես Տոլստոյը Ղրիմից՝ պատմվածքների փաթեթով ու մի քիչ զարմացած հայացքով։ Թե ինչու ինձ մոտ բերեց, այնքան էլ հասկանալի չէր, որովհետև ես բանաստեղծություններ էի գրում։ Մյուս կողմից, ես մեկ-երկու տարով մեծ էի, իսկ երիտասարդ տարիքում դա շոշափելի տարբերություն է, այստեղ դեր ունի միջնակարգ դպրոցի իներցիան, բարձրդասարանցու բարդույթը։ Եթե, ի լրումն, բանաստեղծություններ եք գրում, ապա ավելի բարձրդասարանցի եք արձակագրի համար։ Նույն իներցիայով իր պատմվածքները ցույց էր տալիս Նայմանին, որ է՛լ ավելի բարձրդասարանցի էր։ Երկուսս էլ այն ժամանակ չխնայեցինք նրան. իր գրվածքները, սակայն, շարունակում էր մեզ ցույց տալ, քանի որ շարունակում էր գրել։

Այդ վերաբերմունքը բանաստեղծություններ գրողների նկատմամբ նա պահպանեց ամբողջ կյանքում։ Չեմ համարձակվում գուշակել, թե մեր այն տարիների, գերազանցապես մեծահոգի-ծաղրական, գնահատականներից ու խորհրդածություններից ինչ օգուտ քաղեց։ Անվիճելի է այդուհանդերձ՝ նրան մղում էր միանգամայն չգիտակցված զգացողությունը, որ արձակը չափվում է բանաստեղծությամբ։ Դրա հիմքում, անշուշտ, ավելի մեծ մի բան կար՝ պատկերացումը, որ գոյություն ունեն շատ ավելի կատարյալ հոգիներ, քան իր սեփականը։ Կարևոր չէ՝ մենք հարմար էինք այդ դերի համար թե ոչ. ամենայն հավանականությամբ՝ ոչ։ Կարևորն այն է, որ այդ պատկերացումը գոյություն ուներ։ Արդյունքում, ինձ թվում է, շահեցինք բոլորս։

Հետադարձ հայացքով այսօր պարզ է դառնում, որ գրելիս նա ձգտում էր բանաստեղծական խոսքին բնորոշ սակավաբառության, արտահայտման առավելագույն ընդգրկունության։ Ռուսերեն նման կերպ արտահայտվողը միշտ պատժվում է իր ոճի համար։ Մենք բառաշատ ու խրթին ազգ ենք, մենք ստորադասական նախադասության ու պաճուճազարդ ածականների մարդիկ ենք։ Հակիրճ խոսողը, առավել ևս հակիրճ գրողը վհատեցնում է ու մի տեսակ վարկաբեկում է մեր գրական բառառատությունը։ Զրուցակիցը, ընդհանրապես մարդկանց հետ հարաբերությունները սկսում են ընկալվել որպես բալաստ, անկենդան բեռ, և հենց զրուցակիցն է առաջինը զգում դա։ Եթե անգամ հարմարվում է խոսքիդ հաճախականությանը, երկար չի դիմանում։

Իրականության կախվածությունը գրականության առաջարկած չափորոշիչներից խիստ հազվադեպ երևույթ է։ Գրականության՝ իրականությանն իրեն պարտադրելու ձգտումը շատ ավելի տարածված է։ Ամեն ինչ բարեհաջող է, եթե գրողը պարզապես պատմություններ, կյանքից վերցրած դեպքեր շարադրող է։ Նման շարադրանքից միշտ կարելի է մի կտոր հանել, կրճատել ֆաբուլան, իրադարձությունները ետ ու առաջ դնել, փոխել հերոսների անուններն ու տեղանունները։ Իսկ եթե գրողը ոճաբան է, աղետն անխուսափելի է. ոչ միայն իր ստեղծագործությունների առումով, այլև կենցաղային մակարդակում։

Սերյոժան նախ և առաջ սքանչելի ոճաբան էր։ Նրա պատմվածքները կառուցված են բառակապակցության ռիթմի վրա, հեղինակային խոսքի կադենցիայի վրա։ Դրանք գրված են բանաստեղծության պես. սյուժեն դրանցում երկրորդական նշանակություն ունի՝ այն սոսկ առիթ է խոսքի համար։ Դա ավելի շուտ երգեցողություն է, քան շարադրանք, և նման ձայնով ու լսողությամբ մարդու համար զրուցակից գտնելու, երկձայն երգելու հնարավորությունը եզակի պատեհություն է։ Կյանքն իսկապես վերածվում է «Ունդերվուդի մենանվագի», քանզի վաղ թե ուշ գրողի միջի մարդը կախման մեջ է ընկնում մարդու միջի գրողից, ոչ թե սյուժեից, այլ ոճից։

Իր ողջ բնատուր մեղմությամբ ու բարեսրտությամբ հանդերձ, անհամատեղելիությունը շրջակա, առաջին հերթին՝ գրական միջավայրի հետ անխուսափելի էր ու ակնհայտ։ Գրողն արարիչ է այն առումով, որ ստեղծում է մինչև այդ գոյություն չունեցած կամ չնկարագրված գիտակցության տեսակ, աշխարհընկալման կերպ։ Նա արտացոլում է իրականությունը, բայց ոչ որպես հայելի, այլ որպես առարկա, որի վրա այդ իրականությունը հարձակվում է։ Սերյոժան դա անելիս կարողանում էր նաև ժպտալ։ Նրա պատմվածքներից հառնող մարդու կերպարը ռուս գրականության ավանդույթներին չհամընկնող և իհարկե մեծապես ինքնակենսագրական կերպար է։ Դա իրականությունը կամ ինքն իրեն չարդարացնող մարդ է, մարդ, որը երես է թեքում իրականությունից, մարդը, որն ավելի շուտ թողնում-հեռանում է սենյակից, քան փորձում է կարգի բերել այն կամ դրա աղտոտվածության մեջ խորքային իմաստ, նախախնամության ձեռքը տեսնել։

Ուր է գնում այդ սենյակից՝ խմելու, աշխարհի ծայրը, յոթը սարից այն կողմ, տասներորդական նշանակություն ունի։ Այս գրողն իր հետ կատարվողից դրամա չի սարքում, քանզի դրամայի չի ձգտում՝ ո՛չ ֆիզիկական, ո՛չ հոգեբանական։ Նա սքանչելի է առաջին հերթին հենց ռուս գրականության մեջ ողբերգականի ավանդույթից (ինչը ցանկացած դեպքում իներցիայի ավելի ազնիվ անվանումն է), հավասարապես նաև դրա մխիթարական պաթոսից հրաժարվելու համար։ Նրա արձակի խոսքերանգը զուսպ-ծաղրական է՝ իր նկարագրած իրականության ողջ անհուսությամբ հանդերձ։ Անիմաստ են խոսակցությունները նրա գրական արմատների, ազդեցությունների, հար և նմանի մասին, քանզի գրողը հողից ուժ առնող ծառ է։ Ասեմ միայն, որ միշտ նրա ամենասիրելի հեղինակներից է եղել Շերվուդ Անդերսենը, ում «Պատմողի պատմությունը» Սերյոժան աչքի լույսի պես էր պահում։

Նրան կարդալը հեշտ է։ Նա, կարծես թե, իր նկատմամբ ուշադրություն չի պահանջում, չի պնդում մարդկային բնույթին վերաբերող իր մտահանգումների կամ դիտարկումների վրա, իրեն չի պարտադրում ընթերցողին։ Ես նրա գրքերը կլանում էի մի շնչով, երեք-չորս ժամում, որովհետև հենց այդ չպարտադրված պատմելաձևից դժվար է կտրվել։ Նրա պատմվածքների և վիպակների առաջացրած անփոփոխ զգացումը երախտագիտությունն է հավակնության բացակայության, իրերի հանդեպ սթափ հայացքի համար, առողջ դատողության մեղմ երաժշտության համար, որ հնչում է նրա յուրաքանչյուր պարբերության մեջ։ Նրա խոսքերանգը ընթերցողի մեջ զսպվածություն է դաստիարակում և սթափեցնում է. դուք սկսում եք իր աչքերով նայել աշխարհին, և դա լավագույն թերապիան է, որ կարելի է առաջարկել ժամանակակցին, էլ չեմ խոսում գալիք սերունդների մասին։

Հայրենիքում նրա հաջողություն չունենալը պատահական չէ, թեև կարծում եմ՝ ժամանակավոր է։ Հաջողությունը ամերիկյան ընթերցողների շրջանում նույնչափ բնական է և հավանաբար՝ անանց։ Պարզվեց, որ նրան թարգմանելը համեմատաբար դյուրին է, քանի որ իր շարահյուսությունը խնդիրների առաջ չի կանգնեցնում թարգմանչին։ Վճռորոշ դերը, սակայն, ժողովրդավարական հասարակության ամեն մի անդամի համար ճանաչելի խոսքերանգն է՝ անհատ մարդու, որը թույլ չի տալիս իր վզին փաթաթել զոհի կարգավիճակ, որը զերծ է բացառիկության բարդույթից։ Այդ մարդը խոսում է ինչպես հավասարը հավասարի հետ հավասարների մասին. նա մարդկանց նայում է ոչ թե վերից վար, ոչ թե վարից վեր, այլ, կարծես թե, կողքից։ Նրա ստեղծագործությունների համար, եթե դրանք երբևէ լույս տեսնեն լիակատար ժողովածուով, որպես բնաբան լիիրավ կարելի է ընտրել ամերիկյան սքանչելի բանաստեղծ Ուոլես Սթիվենսի տողը. «Աշխարհը տգեղ է, և մարդիկ տխուր են»։ Դա և՛ բովանդակությամբ է ճշգրիտ, և՛ հնչում է սերյոժայավարի։

Պետք չէ մտածել, թե նա ձգտում էր ամերիկյան գրող դառնալ, թե «ազդեցության տակ ընկնող էր», թե Ամերիկայում գտել էր իրեն ու իր տեղը։ Այդպես չէ ամենևին, և խնդիրը միանգամայն այլ է։ Խնդիրն այն է, որ Սերյոժան այն սերնդից էր, որն անհատականության գաղափարն ու մարդկային գոյության ինքնաբավության սկզբունքն ընկալել էր շատ ավելի լուրջ, քան դա արել են այլք և այլուր։ Այս մասին ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, քանզի պատիվ ունեմ՝ մեծ ու տխուր պատիվ, այդ սերնդին պատկանելու։ Ոչ մի տեղ անհատականության ու ինքնաբավության գաղափարն այդ աստիճան լրությամբ ու ընկալելի կերպով արտահայտված չէ, ինչպես ամերիկյան գրականության մեջ՝ սկսած Մելվիլից ու Ուիթմենից և վերջացրած Ֆոլքներով ու Ֆրոսթով։ Ցանկացողները կարող են սրան հավելել նաև ամերիկյան կինոն։ Մյուսները իրավամբ կարող են մեր այդ նվիրվածությունը բացատրել կոլեկտիվիզմի հեղձուցիչ մթնոլորտով, որում մեծացել ենք։ Դա համոզիչ կհնչի, բայց իրականությանը չի համապատասխանի։

Անհատականության, ինքնաբավ մարդու՝ մեկուսի ու անարատ, գաղափարը մեր սեփականն էր։ Դրա ֆիզիկական իրագործման հնարավորությունը չնչին էր, եթե չասեմ իսպառ բացակայում էր։ Տարածության մեջ տեղաշարժվելու մասին, առավել ևս մինչև այնտեղ, որտեղից մեզ էին հասել Մելվիլը, Ուիթմենը, Ֆոլքներն ու Ֆրոսթը, խոսք անգամ չկար։ Երբ դա ի վերջո իրագործելի դարձավ, շատերիս համար իրագործելն արդեն ուշ էր. այդ գաղափարի ֆիզիկական իրագործման կարիքը մենք արդեն չունեինք։ Քանի որ անհատականության գաղափարն արդեն մեզ համար վերածվել էր իրոք գաղափարի, եթե կուզեք՝ վերացական, մետաֆիզիկական կատեգորիայի։ Այդ առումով գիտակցության ու գրի մեջ հասել էինք շատ ավելի մեծ ինքնաբավության, քան վերջինս որևէ տեղ իրագործելի է իրականում։ Այդ իմաստով մենք շատ ավելի «ամերիկացի» գտնվեցինք, քան ԱՄՆ-ի բնակչության մեծամասնությունը. լավագույն դեպքում մեզ մնում էր «դեմքով» ինքներս մեզ ճանաչել այն հասարակության սկզբունքներում ու հաստատություններում, որտեղ հայտնվել էինք ճակատագրի բերումով։

Այդ հասարակությունը, իր հերթին, որոշակիորեն մեր մեջ տեսավ ինքն իրեն, և դրանով էլ հենց բացատրվում է Սերյոժայի գրքերի հաջողությունը ամերիկյան ընթերցողների շրջանում։ «Հաջողությունը» թերևս ամենաճշգրիտ բնորոշումը չէ. ինքն ու իր ընտանիքը չէին կարողանում ծայրը ծայրին հասցնել։ Նա ապրում էր գրական օրավարձով, որը միշտ ցածր է, իսկ վտարանդիության մեջ՝ առավել ևս։ «Հաջողություն» ասելով՝ նկատի ունեմ այն, որ նրա թարգմանությունների թարգմանությունները տպագրվում էին երկրի լավագույն ամսագրերում ու հրատարակչություններում, և ոչ թե Հոլիվուդի հետ կնքած պայմանագրերն ու անշարժ գույքի չափը։ Այնուամենայնիվ, դա պրոֆեսիոնալ գրողի ճշմարիտ, ազնիվ, վերջապես տանջալի կյանք էր, և ես երբեք որևէ բողոք նրանից չեմ լսել։ Չեմ կարծում, թե շատ էր տանջվում Հոլիվուդի հետ պայմանագրերի բացակայությունից։ Ամեն դեպքում՝ ոչ ավելի, քան Մոսֆիլմի հետ դրանց բացակայությունից։

Եթե մարդն այդքան վաղ է մահանում, սկսում ես մտածել իր կամ շրջապատի կողմից թույլ տրված սխալի մասին։ Դա վշտից, կորստի պատճառած հրեշավոր ցավից պաշտպանվելու բնական փորձ է։ Ես չեմ կարծում, թե վշտից հնարավոր է պաշտպանվել, թե այդ պաշտպանությունը կարող է հաջող լինել։ Գոյության այլ տարբերակների մասին խորհրդածություններն ի վերջո ստորացուցիչ են նրա համար, ով այլևս զուրկ է այդ տարբերակներից։ Չեմ կարծում, թե Սերյոժան կարող էր այլ կերպ ապրել կյանքը, մտածում եմ միայն, որ վախճանը կարող էր այլ լինել, պակաս սոսկալի։ Նման մղձավանջային վերջ՝ տոթ ամառային օրը «Շտապօգնության» մեքենայի մեջ Բրուկլինում, բերանից շիթով խփած արյամբ ու պուերտոռիկացի երկու տխմար սանիտարների կողքին. նման պատկեր ինքը երբեք չէր գրի։ Ոչ թե այն պատճառով, որ չէր կանխատեսել, այլ որովհետև հակակրանք ուներ չափազանց հոգեցունց տեսարանների հանդեպ։

Վշտից, կրկնում եմ, անիմաստ է պաշտպանվել։ Գուցե անգամ ավելի լավ է թողնել, որ այն ձեզ ամբողջությամբ տապալի. դա առնվազն համարժեք կլինի պատահածին։ Եթե հետագայում կարողանաք ոտքի կանգնել ու շտկվել, կշտկվի նաև հիշողությունը նրա մասին, ում կորցրել եք։ Նրանց համար, ովքեր Սերյոժային ճանաչում էին միայն որպես գրող, դա ավելի հեշտ կլինի, քան նրանց համար, ովքեր ճանաչել են և՛ գրողին, և՛ մարդուն, քանզի մենք կորցրել ենք երկուսին էլ։ Բայց եթե կարողանանք դա անել, ապա ավելի երկար կհիշենք նրան՝ որպես մարդու, ով կյանքին տվել է ավելին, քան վերցրել է։

Թարգամանեց
Լեոնիդ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։