Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ / Է Ս Ս Ե – Պ Ո Ե Զ Ի Ա

 
ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԳՐԱՌՈՒՄՆԵՐ

1. (Լուսնէակ ԱՐ Լուսէ Տիեզերքի հետ)
Ներգրկվում եմ խոսքիդ.
«Հայրենիքս գրկած եմ ապրում»:
Քունքս փքվել է կրծքերումդ բլթբլթացող,
քեզ ծնող
Հայաստան-զավակիդ սրտի ջերմից:
Ես՝ անհետ շարունակվողս,
տեղը չեմ բերում՝
ինչպես ես հանդուրժում ինձ,
իսկ դու շշնջում ես.
«Չէ՛, չունի մարդը չափի միավոր»:
…Երկնքից չընկած խնձորը
կես է լինում մեկեն,
երբ անսեռ բացասողը
բնազանցություն է խաղում
անցավորների ու մնացողների
փրկության գնով:

Դժվար է միտքը կուսական պահել
ու չքննել անքննելին…

2. (Սլավի-Ավիկ Հարությունյանի հետ)
Ընկերս թռավ Մոսկվա՝
էպոսում Կոզբադինին թողած,
հաղորդակին էլ՝ գիրը.
«Ինչքա՜ն տխուր բան է Հայաստանում թաղվելը»:
Ես էլ թե. «Ե՞րբ պիտի վերաթռչես Երևան»:
Դիմատետրիս փակագծերի շարանը քրքջաց.
«Վերա-ն լավն էր…
որ չգամ էլ, կարող է բերեն»:
Մի պահ ինձ թվաց՝
վերա-ն կինոյի փոքրիկ աղջիկն է…
հապճեպ չատում շարում եմ փակագծեր,
իբր ես էլ իմ չափով ծիծաղել գիտեմ,
իսկ ընկերս հավեսի ընկել,
խունկ-մունկ մոռացած՝ յուղ է վառում.
«Ի՜նչ դաժան բան է Հայաստանում մեռնելը»:
Ես վեր տնկած բութ մատի պատկերով
լայքում եմ՝
իբր թե այդ դաժանությունն ինձ ի՞նչ կանի:

3. (Ռոզա Հովհաննիսյանի հետ)
Դիմատետրիս երեսին աչքածածուկ՝
փակ տեքստով գոլ է կապել խնդություն.
«Ստվերների հետևից
հենց իմ հոգով են ցատկում
այծիկները խելռտուկ»:
Տաքությունը գրացոլ աչքերիս մեջ
որբ, տկլոր խենթիդ նման է լցվում.
«Սատանան թե ոտ գցի,
ես կգայթեմ հեղակարծ
ու կգրեմ,
կգրեմ տերևների ջղերին,
և բոցովս՝ սառույցին,
և կգրեմ մշուշին
քո շան աչքերի փայլով»:
Հլու բիբիս ներձիգով
տող-տող իջնում ես խոհուն
Հակոբ կոչված սանդուղքով.
«Ո՞նց ես, եղբա՛յր Հակոբոս,
այսօր մի լավ խմեցինք
մենակ պուպուի համար»:
Միտքս ջարդոն չի դառնում,
ոչ էլ ծերուկ դռնապան
կիզարանի մուտքի մոտ,
երբ գրում ես ինձ ու քեզ,
երբ գրում ես հենց այնպես…
4. (դեկտեմբերի 7-ի օրվա մեջ)
Տխուր է դեկտեմբերի 7-ը,
չգիտեմ`
7-ը երջանիկի՞ թիվ է, որ կամ,
թե՞ երջանկահիշատակի, որ պիտի լինեմ,
չգիտեմ՝ էությո՞ւն է, ճակատաթի՞վ…
կամ թե… ի՞նչ իմանամ՝ ինչ,
որ այսպես ցավագին քմծիծաղով
խոսեցնում է ինձ:
Ո՞ւր եմ ընկել փառքի հետևից.
ասում են՝ արագ է վազում,
հասնել չի լինի:
Համբերել է պետք:
Համ-բեր-ել, ահա՛ պայքարի վեհ բանաձևումը,
մինչև որ թաղվեմ
Հրազդանի գերեզմանոցում,
ու այդ պահից այն Պանթեոն դառնա,
ննջեցյալներին էլ ինձ հետ միասին փառքը գտնի՝
մոռացնել տալով կզած գոյելը,
երբ անհրաժեշտ էր
երկու ոտքերով ամուր քայլել
մարդու նման ձիգ…

5. (երբ դրսում դեկտեմբեր է)
Անուղղելի հարցերը
չոր ու ցամաք ձմռան մեջ՝
շիփշիտակ ապտակ,
քծնող մեծահոգություն չէ
կրկնելս քեզ.
«Ամեն մարդ գալիս է,
երբ իր գալու ժամանակն է»:
Ինչքան էլ լինես
«աստղոտ, ստվերներդ՝ լուսնոտ»,
կա չգրվածը.
յուրաքանչյուրն արյան կանչին է հլու:
Ուղիղ նայիր աչքերիս,
թող օրհնվի ժամանակը,
և մի՛ կասկածիր բնազդ(զանց)ությանդ,
բնությունը քո տեղ, իմ տեղ,
բոլորի տեղ մտածել գիտի,
թեկուզև քոնն է հեքիաթն ամենատևական,
որի մասին պատմել ես.
«Սիրելիս ինձ մի օր ասաց,-
քեզ ինձնից շատ սիրող չկա,-
հավատացի,
հենց հավատացի, սիրողներս շատացան»:

6. (անոտ, անգլուխ իրականություն)
Ծպտված տականք չեմ,
որ ոչնչից զատ հետհեղափոխությունն
ինձ բան նվիրեր,
այդ ոչինչը՝ ջուրծեծոցին,
սովետից է ինձ դեռևս հայտնի,
խոստովանում եմ.
Նիկոլի թվի խաղերի լեզուն
հասկանոււմ եմ լոկ տեսականորեն,
գործնականում «բեյնս» չի մտնում.
գլխիս մեջ գամող չաքուճը չկա
և արդարամիտ Աստվածը չկա,
քանի որ մենք ենք Իր զավակները
ու ապրում ենք դեռ կուզեկուզ, անզոր
և «կոռում-պացված»՝
անցյալի մեղքը փաթթած սլաքին
կյանք-կամերտոնի…

7. (մատնիք, մարջան, ապարանջան)
Ես՝ մոդեռն չարչի,
ինձ ինչպե՞ս կեղևեմ,
որ ինձնից դուրս գա նեո-արքայազն,
բայց մերկությունս ոչ ոք չտեսնի,
երեխաներն էլ հանկարծ մոտ չգան…
նրանք, որ ես եմ, անկեղծ կկանչեն,
«Թագավորը մե՜րկ է, թագավորը՝ տկլո՜ր…»:

8. (տատուի տեղն է կարևոր)
Չերևակված հույսը թողնում եմ
մութերի մեջ,
ի ցույց դնում ոսկորներիս քերթված կույտը,
Աստված գիտի,
թե քանի շուն ու քանի գայլ մարդ են դարձել՝
դրանք ագահ կրծոտելով:
Ես գլխաբաց միշտ նետվել եմ այսուայնկողմ,
չեմ գիտակցել, որ նետում են,
այն էլ ուղիղ խարդավանքի
ոտքերի տակ,
պարզապես ինձ՝ անխելքիս է, ավա՜ղ, տրված
հավերժորեն էշ ապրելու խնդությունը.
գիր է արված ճակտիս վրա…
Ա՛յ, խեղճ Քայլոն,
որ ուր որ է մարդ կդառնա,
բախտավոր է,
որովհետև նրա գիրը թաթերին է արված եղել:

9. (պատառիկներ լրահոսից)
Մեկը գրում է.
«Կարկատած շորը երգ է կարոտի»:
Այտուցներս ամեն
հնոտու նման թելակարել եմ
բամբազե ժամի եռանկյուններին
ու ճամփա դրել՝
ծուռ մտմտալով ինչ-որ մեկի պես.
«Ճաք տված քարը երգ է կարոտի»:
Ու այլևս ինձ չի զարմացնում՝
ինչպես է մահը ճեղքվում ու բացվում
իրենից թեթև կաթ-կաթ համբույրից,
անհասցե հղված հաղորդագրությունն
օրակարգ դառնում.
«Թղթբացի խոսքը երգ է մոգական,
լռությունից է աղմուկը քամում»,
իսկ ես անվրդով էջս եմ լրում.
«Թռչունների չուն երգն է իմ գրկի,
ուր վերադարձը տոն է իսկական»:

10. (3 < 1)
Ժամանակի փող-հարը
իջեցրել է ուղեղիս փնտրտուքի հրաման՝
փող… փող… փող…
այլասերված խափշիկի
շարժումների մոլուցքով
լպրծուն եմ, անսովոր՝
գող… գող… գող…
տենդը երկրի քայքայում է ժամեժամ
իմ ողերը թիկնապահ,
հիշողություն չի դարձել
լույսը պայծառ, մաս-մաքուր,
բայց լսվում է՝ ոխ… ոխ… ոխ…
ու նետում եմ ես մի կողմ
ամեն, ամեն, ամեն ինչ,
մեջքս տված արևին,
ուսած տանում եմ անխոս՝
շող… շող… շող…

11. (զմայլիկներ գլխիվայր շրջված կամ
«Գեղեցկուհին ու հրեշը»)
Աշխարհը գլուխկոնծի է տալիս.
պարում եմ քեզ հետ մեծ դահլիճում…
ժպտում ես,
իբր ես՝ հրեշս, ամենևին վախեցնող չեմ
և կատարյալ ՁՄԵՌ ՊԱՊԻԿ եմ,
որ եկել եմ ու երբեք
քեզ Ամամուտին չեմ հիշեցնում տարեվերջը:
Թևում ես թևերիս՝
ամեն վայրկյան
սպասելով կախարդաթիթեռներին,
որ պիտի իջնեն վարսերիդ որպես խույրապար,
ու հրեշահոգուս վարդաթերթերը՝
առաջին ձյան պես տաք ու ցնծալի,
նորաթուխ ծեսում նրանց պիտ դարձնեն
ԾԱՂԿԵՑՆՈՂ ՄԿՐՏՈՂԻԿՆԵՐ:

12. (նորից դեկտեմբեր, 2019 թ.)
«Յուրաքանչյուր օր
աշխարհստեղծման 6-րդ օրն է…
մարդն արարվում է փոշու ամպերից՝
քամու շունչն առած,
և սարդն է դառնում նրա ուղեղի խոհագնացը»:
Սա ես գրեցի նախատոնակին՝
որպես մեկնություն
ընկեր Մեսրոպիս ռոբինզոն պահի
ինքնապարպումի,
աչքս չթարթած՝ ստացա մեկ լայք.
(ինչ լավ է, որ ինձ
դեռ ձայն տվող կա),
մեկն էլ հերիք է,
որ այն դարձնեմ անձրևի կաթոց՝
ոտքից գլուխ թրջվելու համար…
ախր… այնպես (ինձ պես),
սիրում եմ տենչալ ու հասունանալ
ջրհեղեղ չտեսած ձկան աչքի մեջ:

13. (ջերմային կարի պես առաձգական)
Կիրակին փշրվեց օրվա երեսին,
քեզ հիշեցնող ոչ մի բան չկա,
թերևս քունքիս խեղդվում է մի ձայն.
«Ինքդ քեզ լսիր
ու կգտնես դու քո խևուկ կույսին»:
Ցավս բութանկյուն ցատկահարթակ է,
նրա վրայով թռչում է անսանձ հյուսիսափայլը՝
իմ ծիածանի գույները հագած,
ու ես տեսնում եմ՝
փերին ինչպես է «ապրեմ-չապրեմ»-ի թերթերը
հատ-հատ թափթփում վրաս,
օրը ձյունելով իջեցնում գլխիս,
որ ես մունջ քայլեմ տոնիս փշրված ապակիներին,
ինչպես՝ ՀՈՐՍ ԱՌԱՋՆԵԿԸ՝ ջրերի վրա…

14. (դարձյալ տրոհում)
Աչքս՝ դեպի քեզ,
իսկ դու հեռանում ես ու չես տեսնում՝
ինչպես է ջղերիս պես
թել տալիս մեզ հանգուցող օդը:
Ներսիս թռչունը
կտուցով փորձում է կապել
կտրված թելերը,
բայց ճայթում է կայծակը և
Կեսարի սրի պես կիսում թթվածինը:
Անձրև է գալիս, ողողում հոգիս,
մաքրում ամեն ինչ,
այն լույսի պես,
որ հանգցնում են… ունենալուց առաջ…

Քունն է երազածին կյանք-գերիրականը:

15. (Քեզ պայտ կտամ, ա՛ռ ու ցնծա՛,
խելառություն արա մի կում…
կրկին՝ Ռոզա Հովհաննիսյան)
Ես պայտ եմ գտել
աղոթքի տանող սուրբ ճանապարհին
ու ցնծացել եմ հաջողությունից,
ինչպես աստվածային առտու կանուխին
քո լավ ողջույնից. «ԲԱՌԻ օր, եղբայր Հակոբոս»:
Ես միշտ սիրել եմ բառի խրխինջը
ու ոգի առել վայրի ձիերից՝ ազատ, բաշարձակ,
կայծքարի նման մերկ սմբակներով,
որ երբեք, երբեք պայտած չեն լինում…

…Սեթևեթելով այդ ո՞ւմ ես ասում.
«Մի՛ թռցրու սանձը խև մոլեգնողի»,
չէ՞ որ լավ գիտես՝
վայրի երազը անսանձ են վարգում…

16. (ինքնամերկացում)
երբ որ ամեն չափ անցել է արդեն…
Մատյան Ողբերգության, Բան Ե,Դ

Կորոնան պառկեցրեց մարդկանց
իրենց տներում.
պարզվեց՝ աշխարհը ծեր է ու դատարկ,
ես էլ ժանգադուռ լռության մեջ որբ՝
ընկած եմ Ժամի դեմքին դիտապաստ,
տեսիլքները գալիս ու անց են կենում.
անտանելի է հոգեճնշումից
տարածվող հոտը,
տեսնես ե՞րբ պիտի ազատագրվեմ
ներբանե երկնից՝
ինքնախաբկանքիս պատրանքում գերի:
Հայացքս՝ շփոթ սլաք ժամերի,
մի կարճ սլաք էլ ներսումս է կորած,
և չեմ հասկանում՝ ինչ բան է Ժամը.
նստվածքս դիրտն է սրտակոխ օրվա,
իսկ ճիչս վիզծուռ՝ գորտի կռկռոց,
ուր թուքն անձրևի տեղը չի բռնի
մեկուսացման մեջ ինքնամեկնումի…

17. (էլի Մարիամի աչքերի տանիքում)
Կարոտդ՝ տեսիլ, որ ղունղունում է
ֆեյսբուքյան փետրածածկում
Կարլսոնի նամակ-աղավնիների հետ,
որոնք ամեն անգամ քեզ մոտ են թռչում,
երբ սրտաչափ պատուհանդ
բացում ես աշխարհի առաջ
ու դիմատետրդ թափահարում
թաշկինակի պես…
կարոտդ՝ տեսիլ ճանապարհ բացող,
տանում է քեզ սպիտակ բվերի մոտ,
որոնց համար գիշերը ցերեկ է,
ոտնաձայներդ՝ գտնված երգ…

18. (երազում արթմնի)
Նստած փայտե իշոտնուկին՝
չգիտեմ՝ գնացքո՞ւմ եմ,
նավո՞ւմ,
թե՞ ինքնաթիռում,
ուր որ է սիրտս կպայթի.
չեմ հասկանում՝
որտեղ,
ոնց,
ինչու եմ նստած…
Մի ձայն հնչեց,
որ հեչ ձայնի նման չէր.
-Էշի՛ մեկ, էշ ես նստած:
Վախեցա,
թափառ նայեցի աջ, ձախ,
վար, վեր
և օդի հայելում տեսա ինձ՝ հեծած ինձ:
Ցատկեցի անհայտություն…
չէ՛, հավանաբար մեկն ինձ դուրս նետեց
գնացքից, նավից, ինքնաթիռից…
չգիտեմ՝ ուր ընկա.
հողի՞ մեջ, ծո՞վը, թե՞ քամու բերան:
Ես-իշոտնուկ, զգայազուրկ ընթանում եմ՝
հասնելու իմ սգո արարողությանը…

19. (զրկված ծիծաղի ձայնահամից)
Այսօր բարևը ծիծաղիդ գույնն ունի,
երեկ մանուշակ էր,
թթի օղին թունդ ու մութ արեց այն,
ու թոնիցս քամվեց լույսը:
Տողերիս արանքում մրսեցի
համառ տերևի պես,
որ ուր որ է կընկնի ծառից,
դա է ճիշտը, դու սխալվել ես՝
դնելով ինձ երազիդ տղայի տեղը,
որ կեր էր նետում լճի ճայերին,
իսկ քեզ՝ լուսնամերկ հայացք՝
մենակության արմատից ձգվող:
Ես՝ բնության ազատ զավակ,
ծնվել եմ մորեմերկ ու չեմ հասկանում
կծոտված շուրթերիս տրտնջոցը,
որ սիրում են մարմնագույն բարևները քո:

20. (փոր թափող մի խեղճ էլ ես եմ)
Այս առավոտ բառերդ են թռչկոտում՝
մենակությունս կտցելով,
որը նույնն է, ինչ շրթունքս կրծոտելը…
ինչքա՜ն ժամանակ է՝
թափուր ուսիս թռչուն չէր իջել,
ու ես չգիտեմ՝ բանաստեղծություն չլինեիր,
կիջնեի՞ր ուսիս,
թե՞ կշարունակեիր լողալ
պատ-երազ-մի փակ բերանով
հաղթաձկան պես,
որի թեփուկներին ներծծվել է
աչքերիցդ կախ ընկած ցավ-ժպիտը՝
դարձած բարև-հայելի,
գիտե՞ս՝ նրա մեջ դժվար է նայել կորոնային՝
ներսումս քջուջ անող,
զգալ՝ ինչպես է սարդոստայն հյուսվում թոքերումս՝
փակելով բառերիդ օդերը,
խառնելով արդարն ու անարդարը՝
ժամանակակից դատավորների պես վնգստացող…
գրողը տանի, աշխարհը ժառանգաբար
նստած է աղբանոցում
(ես ու դու էլ համոզել ենք մեզ, իբր՝
մաքուր Աղ-Բան-ոցում),
ու այս ամենն ընդամենը
իրավ-ունքի աչք-տարընթերցում է
ինչ-որ գլուխ ջարդելու համար,
այնինչ, այս առավոտ բառերդ են թռչկոտում՝
մենակությանս լեզուն ծամծմելով:

21. (չքմեղանքը՝ յանցանքէն մեծ յանցանք)
Հոգին ջուրն արյուն է դարձնում,
գոյը՝ արյունը ջուր,
մեկը ճակատ-գիր է ասում,
ուրիշ մեկն էլ՝ բ-ախտ,
իմաստությունը
տանիքից չի կաթում՝ երկնքից է,
ու գիրն էլ թղթին չի գրվում,
այլ ուղեղի ջրերին…
կյանքը՝ ծծան՝ մտքերի լվացքը չորացնող,
նորացումը՝ վերապրում,
ուր ճպճպացնող աչքերով ժամանակը
հորինում է ընդհանրական պատմությունը
ճիշտ ու սխալի,
որից այդպես էլ գլուխ չի հանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։