Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅՈՑ ՑԱՎԸ
Հայոց վիշտը անհուն մի ծով…
Հ. Թումանյան

Հայոց վիշտը ծով էր երեկ, այսօր դարձել է օվկիան,
Մորմոքում է ու մռնչում հայոց ցավը սրբազան։

Պայծառացավ Արցախն հայոց արյան բոցից քաջերի,
Բայց կորցրեցինք լեռնաշխարհը, կապույտ բերդը Մեծ Հայքի։

Հայկյան ցեղը դյուցազնական, ազնվազարմ ու ազնիվ,
Տեսավ անթիվ արհավիրքներ, պատերազմներ բազմաթիվ։

Տասից ինը կորցրեցինք, մեր Անգի՜նն է մնացել,
Ոսոխները սպառնում են մեր երկիրը կործանել։

Վիշապներ են կրկին եկել, մեր լեռներին փաթաթվել,
Զարթնիր, Վահագն Վիշապաքաղ, նոր հրեշներ են հայտնվել։

Հայոց ցավի խոր օվկիանում ցունամիներ են ծնվում,
Որտեղ հայ կա, նրա հոգում ցասման ալիքն է ծփում։

Ալիքվում է, մռնչում է հայոց ցավը անբասիր,
Պիտի ծնվի մեծ ցունամին, պիտի հաղթես, իմ երկիր։

Ազգովի
Դու Խոշապի կռիվ տեսար,
Տեսար ահեղ Ավարայր,
Պատերազմներ օրհասական,
Հերոսամարտեր անհամար։

Սարդարապատ տեսար, ազգ իմ,
Վշտի, ցավի ցունամի,
Մենք հաղթեցինք, չպարտվեցինք,
Երբ զարկեցինք ազգովի։

Գտանք ցավի բալասանը,
Ակունքները մեր փառքի,
Երբ խաղաղվեց հայոց տունը,
Երբ խորհեցինք ազգովի։

Երբ միացան մեր իղձերը,
Երբ լեռնացանք ուս-ուսի`
Գտանք Հայկյան հուր նետերը,
Ճրագները մեր հույսի։

Ահազանգ
Սահմանային բարձունքներ են
Թշնամիները զավթել,
Մեր սարերի գագաթներին
Սև գիշանգղեր են թառել։

Սպառնում են արևելքից,
Տենչում Սյունիք ու Սևան,
Բարբաջում են ոսոխները`
Արևմտյան Ադրբեջան…

Կորցրեցինք մեր Արցախը
Եվ հանձնեցինք թշնամուն,
Չեն հագեցել ոսոխները,
Մահ են տենչում ու արյուն։

Չկա, չունենք մենք նահանջի
Ոչ մի ուղի, ճանապարհ,
Մեր թիկունքում ` մեր շեներն են,
Օջախներն են մանկավառ։

Ահազանգում է Սյունիքը,
Կապուտջուղն է մեզ կանչում,
Սարդարապատի զանգերն են զիլ
Մեր լեռներում ղողանջում։

Հայաստան
Լեռնաստա՜ն ես, բերդաստա՜ն ես, բուրաստան,
Այգեստան ես, Հայաստա՜ն իմ, Հայաստան,
Գոռ դարերի անդունդներից բարձրացար
Եվ բաղձալի քո բարձունքին դու հասար։

Փա՜ռք քեզ հավետ հայոց երկիր ու երկինք,
Փա՜ռք քեզ, փա՜ռք քեզ իմ Հայաստան-հայրենիք,
Փառաբանվիր հայ ժողովուրդ Հայկազուն,
Չկորցրեցիր քո հավատը, քո լեզուն։

Տեսար անթիվ արհավիրքներ ու ցավեր,
Պատերազմներ, որոգայթներ ու դավեր,
Հայկյան ոգով արշալույսը քո բացվեց,
Քաջաց արյամբ կենաց ծառը քո ծաղկեց։

Ես տեսնում եմ աստեղային քո ճամփան,
Աստղերից վեր` քո աստղալույս ապագան,
Հզորացիր, հույսի՜, սիրո՜ իմ օրրան,
Իմ Արմենա՜, Հայաստա՜ն իմ, Հայաստան։

Փա՜ռք քեզ հավետ հայոց երկիր ու երկինք,
Փա՜ռք քեզ, փա՜ռք քեզ իմ Հայաստան-հայրենիք,
Փառաբանվիր հայ ժողովուրդ Հայկազուն,
Չկորցրեցիր քո հավատը, քո լեզուն։

Արբենք
Արբենք թովիչ արշալույսից,
Աստղաբույրից արբենք,
Արեգակի աստվածային
Համբույրներից արբենք:
Սրտի դողով, հույս-հավատով
Լույսի շիվեր տնկենք,
Իսկ երբ ծաղկեն տնկիները՝
Ծաղկալույսից արբենք:
Ճշմարտության լույսի առաջ
Երբեք չմեղանչենք:
Արբենք, արբենք ծաղկանց հրով
Սիրո բույրից արբենք,
Արբենք մեղվի հզոր ջանքով,
Սիրահարվա՜ծ ապրենք:
Երբ ղողանջեն երկինքները՝
Կռունկի կանչից արբենք,
Երբ արտասվեն սառույցները՝
Գարնան շնչից արբենք:
Աստվածալույս մեր մայրերի
Մայրալույսից արբենք,
Մեր նորածին մանուկների
Մանկաբույրից արբենք:
Արագածի ծաղկաստանի
Ծաղկախունկից արբենք,
Ոսկեմշուշ մեր արտերի
Հացաբույրից արբենք:
Արարատյան այգեստանի
Մրգաստանից արբենք,
Մեր Աշոցքի տաք ձյուների
Կախարդանքից արբենք:
Արարատի աստվածամերձ
Գագաթներից արբենք,
Մեր վիրավոր հայրենիքի
Պաշտամունքից արբենք:

Այս է կյանքը
Մերթ անձրև է, մերթ կարկուտ է ու մերթ՝ ձյուն,
Մերթ աղետ է, պատերազմ է ու ցասում,
Մի տեղ խինդ է, մի տեղ ցավ է ու արցունք,
Մի տեղ՝ վերելք, մի տեղ վայրէջք անարդյունք:
Այս է կյանքը՝ մի բուռ բերկրանք, ծով հոգսեր,
Վայ այն մարդուն, ով որ չունի կենաց սեր,
Այս է կյանքը, մի տեղ ծնունդ, մի տեղ՝ մահ,
Սերն է անհուն, որ հավերժ է ու անմահ:

***
Կարսի սարերից հովեր են փչում,
Բույրերն եմ առնում խորոտ սարերի,
Կարսագետի տաք կարկաչն է հնչում,
Թովչանքն եմ առնում վայրի վարդերի:
Անթիվ ձեռքեր են հեռվից ինձ կանչում,
Աղոթքն եմ լսում անխաչ վանքերի,
Ավերակներն են այնտեղ հառաչում,
Ձայներն եմ լսում իմ նախնիների…
Ձեզ չեմ մոռացել, խռով նախնիներ,
Իմ վայրի վարդեր Կարսի սարերի,
Դուք ինձ սպասեք, փառքի ճամփաներ,
Կգա հայտնության օրը պանծալի:

ՈՒՐԻՇ ՀԱՅԱՍՏԱՆ ԿԼԻՆԵՐ ՀԻՄԱ
Կարեն Դեմիրճյանի և Վազգեն Սարգսյանի հիշատակին

Ուրիշ Հայաստան կլիներ հիմա,
Կլիներ մի շեն, շռայլ Նաիրի –
Մեզ հետ լինեին, մեզ հետ խորհեին,
Ջահակիրները հայոց իղձերի։

Ուրիշ Հայաստան կլիներ հիմա,
Ոսկի կընծայեր հողը անբերրի –
Մեզ հետ լինեին, մեզ հետ հերկեին
Սերմնացանները հայոց հերկերի։

Ուրիշ Հայաստան կլիներ հիմա,
Մեր տունը նորոգ, երթը՝ անթերի –
Մեզ հետ լինեին, մեզ հետ կերտեին
Շինարարները հայոց բերդերի։

Ուրիշ Հայաստան կլիներ հիմա,
Աստղը կցոլար հայոց փառքերի –
Մեզ հետ լինեին, ոգեշնչեին
Առաջնորդները հայոց հույսերի։

Չեմ կարող ցնծալ
Արտույտներն եկան, եկան կռունկները
Եվ սոխակներն են այգում գեղգեղում,
Կանչում են, թովում ձնծաղիկները,
Եվ սարյակներն են նոր խինդով երգում։

Գարուն է, զարթոնք, բայց տխուր եմ ես,
Ներեք ինձ, հավքե՛ր, որ էլ չեմ երգում,
Առաջվա նման չի ճախրում հոգիս,
Թախծի գետերն են իմ մեջ հեղեղվում։

Ես ինչպե՞ս երգեմ, ես ինչպես խնդամ,
Երբ իմ Արցախը տնքում է ցավից,
Բյուր հայկազուններ մարտերում ընկան,
Իմ լեռնաշխարհը դաղվել է դավից։
Մենք նահանջեցինք բիլ գագաթներից,
Թշնամին խուժեց վանք ու այգեստան,
Բայց մարտնչում են քաջերը նորից,
Արցախը կրկին հնոց է վառման։
Ի՞նչ է սպասվում իմ լեռնաշխարհին,
Մի նոր Ավարա՞յր, նոր Սարդարապատ…
Մենք նահանջեցինք, բայց հայկյան ոգին
Մեզ հետ է հավետ, հավիտյան անպարտ։
Մի քարե սալ է ընկել իմ հոգուն,
Չեմ կարող ճախրել, չեմ կարող խնդալ,
Ներեք ինձ, հավքե՛ր, որ չեմ ձայնակցում,
Ներիր ինձ, իմ գետ, չեմ կարող ցնծալ։

Հայկյան ոգին
Մեզ հետ շնչում է հար ու հարատև
Հայկյան հուր ոգին աստվածապարգև։

Հայկյան ոգին է գանձերի գանձը,
Հայկյան ոգին է մեր կենաց հացը։

Հայկն այդ ոգով է տապալել Բելին,
Այդ ոգին է մեր բերդի բանալին։

Այդ ոգին է մեր զենքը զորավոր,
Որ կրում է իր մեջ ամեն հայ զինվոր։

Անկողոպտելի է գանձը նաիրյան,
Անհանգչելի է ոգին սրբազան։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։