Անահիտ ԱՐՓԵՆ

ԶՎԱՐԹՆՈՑ
Ինձ հասկանալու համար պիտ լինես
Զվարթնոց տաճարի ավերակաց մեջ։
Պիտ լինես բեկված անվերջ ու անսկիզբ
հոգու մաքառման կռվաններում հեգ։

Խոնարհման մեջ էլ հզոր ենք ու վեհ,
մերկության մեջ լերկ՝ լեցուն, բարեբեր,
թափառական ենք՝ անհանգիստ հոգի,
ցրված քարերում՝ հայի մասունքներ։

Գեղեցկություն է անթեղված մեր մեջ.
աշխատավորի տքնանք ու վերելք։
Մեծերի քանքար, պապերի ավանդ
ու կյանքի ակունք՝ կենսատու, մարմանդ։

ԵՍ ՈՒ ԶՎԱՐԹՆՈՑԸ՝ ԱՌ ԼՅԱՌՆ ԱՐԱՐԱՏ
1
Հորդաբուխ են մեր զգացումն ու սերը՝
անարատ պարզված առ լյառն Արարատ՝
արարչական ու արարիչ սարն այդ՝
Մասիսն ու Սիսը գրկի մեջ առած։

Միաձուլված ենք մենք էլ միմյանց հար՝
որպես ստնտու գոյեր նախաստեղծ։
Բերքատու սերմեր միշտ հողին տված՝
արարումն է մեր մաքրությունն անեղծ։

Անմաքուր կրքեր ու բանսարկություն
չի հանդուրժում մեր ճակատն ալեհեր՝
դատարկությունն էլ ցավ է պատճառում
մեր հոսող կաթի ու սպասմանն ընդդեմ։

2
Չարարման դեմ ենք ելնում ծառացած՝
չհանդուրժելով ոչ մի արատ, խայծ,
չուզելով տեսնել սրտներիս առաջ
ավերող ախտեր՝ գահերին բազմած։

Անաչառ է մեր ատյանն ու արդար,
խոսքը՝ սուր, տանջյալ, բայց՝ ոչ հալածյալ,
արարչալեռ ենք հավետ միացյալ՝
որպես տիեզերք չափող պահապան։
ԱՅՑԵՏՈՄՍ
Ես կաթիլ եմ երկնից կախված,
որ ձգտում է ծովին հպվել:
Ես կաթիլ եմ ամպերի մեջ
և փորձում եմ շուրթին հոսել:

Որպես կաթիլ աշխարհում մեծ՝
խառնըվում եմ կյանքի բովին…
Մի կաթիլ եմ: Տերևի հետ
միշտ զարկվում եմ պատուհանին:

Թափանցում եմ մտքերից ներս
ու խուժում եմ հոգին փակված…
Աներևույթ հետքեր թողնում,
գնում՝ սիրտը կարոտ գցած:

Ինձ չի պահում ոսկին փայլուն՝
շատ սահուն է կաթիլն անտուն.
ո՛չ ձուլվում է, ո՛չ էլ կորչում,
ես այդպես եմ` կաթիլ անհուն…

ԱՍՏՂԱՊԱՐ
Աստղերի փոքրիկ թարթումները հար
Լուսավորում են շուրջը իմ խավար,
Թևերի ժպտուն առկայծումներով
Ասում են՝ նայիր, սա է քո ճամփան…

Ու նրանց բռնած պարի մեջ փայլուն
Թևածում է իմ հոգին խանդավառ,
Իսկ նրանց գծած ուղեծիրներով
Ճակատագիրն է անցնում իմ համառ:

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ
Տիեզերքի հյուլե եմ
ցխված հայոց լեռներում՝
առանց սանդուղքի ու առանց պարան:

Ես՝ մի լուռ դաջվածք
հայոց դռների աչքում ու սրտում,
մատուռի պատին՝ առանց խարազան:

Հայ ազգիս խենթն եմ
ու թափառականն իր
լերդ, արնահերկ արտ, այգիներում:

Լինեմ ու մնամ
մարդկանց ճամփեքին լույս տվող կերոն,
որ մի բար տեսնի հայն իր սարերում:


Ճորտերի համար ձեռնասուն չեմ ես։
Ոչ էլ՝ սիրելի կամ վստահելի.
նրանք ատում են պարզ, ազատ մարդկանց,
անկախ կյանքն ասում՝ անընդունելի։

Ձաղկում արդարին, փնովում են միշտ,
զի նրանց դեմքին իրենց են տեսնում,
թե ինչ ճղճիմ են իրենք ու խղճուկ,
քաջ մարդկանց համար նաև՝ եղկելի։

ԱՌԱՎՈՏ
Ես տխուր եմ, բայց՝ ոչ դժգոհ,
Թախծում եմ ես ոչ դառնացած,
Տառապանքը խորթ չէ հոգուս,
Բայց գերին չեմ ես էլ նրա:
Կասկածանքը միշտ վանում եմ,
Տարակույսը չի կրծում ինձ,
Գեղեցիկին եմ միշտ ձգտում,
Հաջողության հույս ունեմ դեռ:

Տարրալուծվում եմ ես անվերջ
Տիեզերքի մեջ անսահման
Եվ մերժում եմ խավարը չար
Կրքամոլոր գայթակղության:
Ընդունում եմ անձրև թե ձյուն,
Բայց փնտրում եմ արևոտ սեր,
Առավոտն է բերում ինձ օր,
Ով իմ Երկի՛նք, ապրում եմ դեռ…


Իմ տարիների հեռվից նայում եմ
ես անցած կյանքիս.
Անցած սերերիս ու վերելքներիս,
Անհաջող-հաջող իմ վայրէջքներին…
Պարտություն չկա հանրագումարում իմ սխալների,
Թեև պարտված եմ զգում ինձ այսօր
Ինքս իմ առաջ ու իմ ապրածի:

Ինչ որ տեսել եմ, անցած է արդեն,
Հետ չի դառնալու, փոխել չեմ փորձում,
Ես կորուստներից իմ բազմահազար
Չարածիս համար եմ սոսկ ափսոսում:


Խենթ ու անհող այս գլխովս
Պատեպատ եմ դեռ զարկվում,
Միտք եմ անում, որ խաղաղվեմ,
Նորից կյանքին եմ բախվում:
Շուրջս նայում, հարցնում եմ ինձ՝
Ո՞վ եմ անհույս այս դարում,
Ի՞նչ եմ ուզում ունայն կյանքից,
Ի՜նչ ուղի եմ որոնում:

Է՛հ, մնում է մի բան միայն՝
Ապավինեմ Բարձրյալին,
Կյանքիս պարտքը տալով սպասեմ
Ճակատագրիս պահածին:


Սիրո մասին ես պիտի մոռանամ՝
Այնպես եմ հոգնել ճամփա պահելով,
Եվ չպետք է ոչինչ այլևս գրեմ՝
Դատարկ հույսերից փախչում եմ արդեն:

Ափի քարերը ինչ հուն որ ցույց տան,
Ցամաքած տեղից ջրեր չեն հոսում՝
Սիրուն անցյալից ինչեր էլ հիշեմ,
Անցյալն անցած է, իզուր չեմ սպասում:

Գուցեև շատ բան դեռ նույնն է իմ մեջ,
Սակայն պոռթկում չէ վարքս արդարև.
Կարդացվող գրքի էջերի նման
Թերթերս հանդարտ բացվում են վերև:

ՈՒՐ ՉԿԱՆ ՄԱՐԴԻԿ
Անտառի միջով մի նեղ արահետ
տանում է վերև ու թողնում այնտեղ՝
սարի գագաթին, արևին մոտիկ,
ուր չկան դավեր ու չկան մարդիկ։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։