Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր
Եղիշե Չարենցը հայ նորագույն մանկապատանեկան գրականության ակունքներում
Եղիշե Չարենցի մանկապատանեկան ստեղծագործությունների և հայ մանկապատանեկան գրականության զարգացման գործում նրա մեծ դերի մասին մեր գրականագիտության մեջ գնահատանքի խոսք համարյա չի ասվել, և եղածն էլ թռուցիկ հիշատակումներից այն կողմ չի անցել: Նույնիսկ նրա կյանքին ու ստեղծագործական ճանապարհին հատորյակներ նվիրած գրականագետները (Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Դավիթ Գասպարյան և ուրիշներ) չգիտես ինչու շրջանցել են Չարենցի «մանկական աշխարհը» կամ սահմանափակվել են «Գանգրահեր տղան» չափածո նովելի, «Իմ ընկեր Լիպոն» բալլադի, «Ես իմ անուշ Հայաստանիի», կրտսեր ու բարձր տարիքի դպրոցականների կողմից «սեփականացված» ևս մի քանի բանաստեղծությունների անդրադարձներով:
Այնինչ նրա «մանկական աշխարհը» հետաքրքիր շերտեր ունի, իսկ մանուկների համար ստեղծվելիք գրականության հարցերը 20-ական թվականների վերջին և 30-ականների սկզբին բանաստեղծին հուզող կարևոր խնդիրների շրջանակում են եղել:
…Եվ մենք մտնում ենք Եղիշե Չարենցի «մանկական աշխարհը», որ սկսվում է… իր իսկ մանկության տխուր ղողանջներից.
Մշուշի պես մեր մանկությունն անցավ,
Գորշ, անարև, անմխիթար մանկություն…
…Ու օրերում բազմագույն ու բազմազան,
Վառվեց, վառվեց ողջակիզվող սիրտը մեր,
Բայց աչքերը մեր-արևներ չտեսան,
Եվ մեր սրտերը-լուսավոր հեռուներ…
Անուրախ, անարև մանկության պատկերները տարիներ անց նրա հոգում ճառագում են լույսի, հավատի, արևի պայծառ գույներով, երբ նա երգ է հյուսում նոր կյանքի ծիլերիերեխաների մասին: Ժամանակակիցների հուշերի էջերում կան բանաստեղծի
մանկանց հանդեպ տածած խանդաղատագին սիրո ու գուրգուրանքի հուզիչ դրվագներ: Ոչ միայն ի՛ր երեխաների, այլ ընդհանրապեսերեխաների հանդեպ: Իր փոքրիկ, չարաճճի դստրիկին
Արփիկին, նա քնքշորեն Բոժո-Բոժոժ էր կանչում: «Եղիշե Չարենցն անսահման սիրում էր երեխաներին,-հիշում է բանաստեղծ Վաղարշակ Նորենցը:-Մեծագույն հաճույք էր ստանումդիտելով նրանց խաղերը, լսելով նրանց թոթովանքները, զբաղվելով նրանց հետ: Երեխաներն էլ, զգալով նրա սերն ու գորովը
շատ շուտ ընտելանում էին նրան: Նա հմայող ազդեցություն ուներ երեխաների վրա…»։
Ահա և մեկ ուրիշ հուշապատումհյուսված Ծաղկաձորում. մի անգամ Չարենցը մտել է «պիոներական ավանի» շուկա, և նրա հայացքը կանգ է առել մի խումբ երեխաների վրա, որ հեռու կանգնած նայում էին արևի տակ շողշողացող մրգերին: «Երեխեք, մոտ եկեք,-հրավիրել է փոքրիկներին, հյուրասիրել իր գնած մրգերով, ասել:-Դե՛, հիմա գնացեք և Խնկո-Ապորից ամեն մեկդ մի ոտանավոր սովորեք»: Երեխաների աշխարհի հանդեպ սիրո թրթռուն զգացումներով են տոգորված նաև Եղիշե Չարենցի այն ձոներգերը, որոնք ծնվել են այս կամ այն առիթով և նվիրված են «արևաչք», «ոսկեմազիկ», «սիրուն մանկիկներին»: Ահա «Անվերնագիրը». Չկա՜ քեզ պես սիրուն մանկիկ,- Ասում եմ քեզ, իմ դո՛ւստր անգին, Բայց վաղը, երբ դու մեծանաս, Աշխույժ վազես, փողոց գնաս,- Գալու ես ինձ ասես, անգի՛ն. -Դուրսը ինձ պես այնքան մանկիկ... Երեխայի հոգու և մտածողության հրաշալի զգացողությամբ գրված, պարզ ու անպաճույճ նմանատիպ ձոներգեր էլի կան բանաստեղծի մանկաշխարհում, մի քանիսն էլ
լույս աշխարհ եկած հարազատ-մտերիմների հուշաթերթերումհանպատրաստից ձոնված պահի թելադրանքով։ Այսպես կոչված, մանկական «սովորական» այդ ձոներգերից զատ
Եղիշե Չարենցը ստեղծել է նաև հենց մանուկներին ու պատանիներին հասցեագրված գործեր, որոնցում երեխաների հանդեպ սերը, նրանց լուսավոր գալիքի հանդեպ հավատը դրսևորվում է արդեն ոչ թե առօրյա զգացողական նվիրումի տողերով, այլ գեղարվեստական բարձր, նպատակամետ անդրադարձներով: Այդ ստեղծագործությունները կարելի է պայմանականորեն բաժանել երկու խմբիհեղինակային («Մի հոկտեմբերիկի», «Գարուն», «Գանգրահեր տղան», «Իմ մանկիկին», «Իմ ընկեր Լիպոն») և մշակում-փոխադրություններ («Ընկերները», «Գիքորի երազը»): Բայց այս ստեղծագործություններին անդրադառնալուց առաջ
վերադառնանք «Չարենցը մանկագի՞ր» խնդրին: Ինքըբանաստեղծը, թերևս նկատի ունենալով ամենափոքրահասակ ընթերցողներին
նախադպրոցական տարիքի երեխաներին, խոստովանել է. «Ինքս ոչինչ չեմ գրել և ոչինչ չեմ գրում մանուկների համար, որովհետև դա համարում եմ լուրջ գործ, որ պահանջում է հատուկ աշխատանք և ժամանակ»:
Մանուկների համար ստեղծվող գրականության հանդեպ պատասխանատվության այս բարձր զգացումը շեշտված է «Պիոներ կանչ» թերթի 1932 թ. հրապարակված այն պատասխանում, որ արձագանք էր մանկական պարբերականիգրողներին ուղղված հարցաթերթիկներին: Միաժամանակ Չարենցը նույն պատասխանում խոստում է տվել փոքրիկ ընթերցողներին, թե
«երբևիցե ազատ լինեմ ընթացիկ աշխատանքիցկփորձեմ գրել»: Ի դեպ, մանկական գրականության հանդեպ բանաստեղծի այսպիսի խոստովանությունը պատահական չէր: 20-ական թվականների վերջերին և 30-ականների սկզբին մանկական նոր գրականության զարգացման խնդիրները խորհրդային երկրում, մեծական գրականության խնդիրներին զուգահեռ, ուշադրության կենտրոնում էին: Նոր ժամանակների և ընթերցողների նոր սերնդի պահանջներին համապատասխանող բազմաժանր հետաքրքիր մանկական գրքերի ծնունդը հրամայական խնդիր էր, և իրենք
երեխաներն էլ այդ խնդիրը առաջադրում էին անվանի գրողներինգրել նաև իրենց համար, ծանոթանալ իրենց առօրյային, այցելել դպրոց, պիոներական ճամբար, գրքեր ստեղծել հուզող թեմաներով: Հայ երեխաներին իրենց մանկական գրքերով ուրախացնելու խոստումներ տվեց ոչ միայն Ե. Չարենցը, այլև հանրաճանաչ մանկագիրներ Խնկո-Ապերը, Հայրապետ Հայրապետյանը, նախորդ տարիներին մանուկներին արդեն հետաքրքիր ստեղծագործություններ պարգևած այլ գրողներ
Ստեփան Զորյանը, Արազին, Գուրգեն Մահարին, Վաղարշակ Նորենցը, Վախթանգ Անանյանը: Ուշագրավ է, որ նույն «Պիոներ կանչի» 1933 թ. հուլիսի 15-ի համարում ընթերցողները «ընկեր գրողներին» համարձակորեն հիշեցնում են նրանց խոստումները և ոմանց «կշտամբում» ուշ արձագանքի, մյուսներինշնորհակալություն հայտնում խոստումը կատարելու համար: Մեզ հայտնի չէ, իհարկե, հետագայում գրված «զուտ» մանկական մի այնպիսի գործ, որ վկայեր Եղիշե Չարենցի «պիոներական խոստման» ի կատար ածման մասին: Բանաստեղծի համար սկսվել էին շատ դժվար ժամանակներ, և նրա գլխին մութ ամպեր էին կուտակվում: Բայց այն, ինչ արդեն նրա հանճարեղ գրչով ստեղծված էր մանուկների ու պատանիների համար, նույնպես մեծ ներդրում էր մանկապատանեկան նոր գրականության ստեղծման ճանապարհին: Մյուս կողմից
մանկական գրականության դերի շուրջ բանաստեղծի մտորումներն ու մտահոգությունները մեծապես խթանեցին այդ գրականության ձևավորման ու զարգացման գործընթացները:
Բացի սույն հարցաթերթիկի պատասխանից, Չարենցը բազմիցս հետևողականորեն անդրադարձել է մանկական գրականության հարցերին, և դրանցով ըստ էության զբաղվելը նրա մտահոգությունների կենտրոնում է եղել: Մասնավորապես հայտնի է, որ 1931-ի դեկտեմբերի 28-ին գրողների տանըմանկական գրականության խնդիրներին նվիրված խորհրդակցությունում հենց Չարենցն է հանդես եկել զեկուցումով, իսկ 1932-ի հունվարի 11-ին Երևանի պիոներտանը զեկուցել է «Մանկական գրականության ներկա դրության մասին»։ «Գրական թերթի» 1933-ի փետրվարի 12-ի համարում տպագրված լրատվության մեջ նշվում է, որ «Չարենցը, կանգ առնելով մանկական գրականության զարգացման անցած էտապների վրա, արձանագրեց, որ վերջին երկու տարում խոշոր նվաճում և բեկում է կատարված այդ ուղղությամբ: Այդ նվաճումն արտահայտվում է նրանով, որ վերջին շրջանում ժամանակակից թեման կազմում է մանկական գրականության առանցքը: Երկրորդ նվաճումն այն է, որ ինքնուրույն գրականությունն արդեն գերակշռում է թարգմանականին»: Հետաքրքիր է ևս մի փաստ. նույն թվականի մարտին Չարենցն ընտրվել է մանկական գրականության հանձնաժողովի նախագահ: Չարենցը մեծ աշխատանք է տարել նաև մայրենի լեզվի դասագրքեր ու քրեստոմատիաներ ստեղծելու ուղղությամբ, մի հանգամանք, որ վկայում է ընդհանրապես նոր սերնդի ճշմարիտ ուսուցման ու դաստիարակության, այդ գործում գրականության, մայրենի լեզվի մեծ դերի նկատմամբ նրա սկզբունքային վերաբերմունքի մասին: Չէ՞ որ նա նաև ուսուցիչ էր եղել և լավ գիտեր, թե ինչ է նշանակում մայրենիի դասագիրքը հայ երեխայի համար: Եվ Չարենցը, 1929-ից սկսած, կազմում ու խմբագրում է մի քանի դասագիրք (հատկապես 6-7-րդ դասարանների համար)
ուսուցիչներին ուղղված համապատասխան ցուցում-խորհրդատվություններովդասագրքերում ընդգրկված նյութերի ընտրման սկզբունքների, դրանց ուսուցման ձևերի ու մեթոդների, դպրոցականների տարիքային առանձնահատկությունների, ինչպես հայրենի, այնպես էլ թարգմանական գրականության դերի և այլ հարցերի մասին: Հետաքրքիր է, որ Ակսել Բակունցի հետ 1933-ին նա կազմել է նաև հայ գրականության քրեստոմատիա: 1936-ին հրատարակվել է Խորեն Սարգսյանի հետ կազմած «Հայոց լեզվի և գրականության դասագիրքը» (5-րդ դասարանի համար), որ, ցավոք, վերջինը եղավ այդ ուղղությամբ կատարած նրա աշխատանքում... Եվ մենք կրկին «վերադառնում ենք» բանաստեղծի «մանկական աշխարհը», հաղորդակցվում նրա «մանկական» երգերի լուսեղեն տարերքին: Ինչպիսի՜ հավատով է նա երգեր ձոնել պայծառ գալիքի համար վաղը գրոհի նետվելու պատրաստ, «ամրացած ձեռիկներում» դրոշը հպարտորեն պահած «հոկտեմբերիկ»-«մանկիկներին»
նոր կյանքի, վառ ապագայի խորհրդանիշներին.
Արև ունես քո աչքերում,
Քո աչքերում, քո ձեռքերում,
Քո այդ փամփլիկ թաթիկներում,
Քո խատուտիկ աչիկներում:-
Քո խատուտիկ աչիկներով
Պիտի նայե՛ս մի օր հեռուն,
Դրո՛շ պիտի պահես մի օր
Քո ամրացած ձեռիկներում,-
Ու չմարող իմ երգերով
Պիտի գնաս դեպի գրոհ…
Ու հնչո՜ւմ, հնչում են նորից իր երկրի ու իր երգի հավերժության ղողանջները «Իմ մանկիկին» բանաստեղծության խորհրդանշական տողերում.
Դու մեր երկրի նմա՛ն եղիր Բարձր ու վսեմ, բորբ ու գերող, Դու իմ երգի նմա՛ն եղիր,- Շեն ու երգուն, նաև ներող,- Դու մեր մտքի նմա՛ն եղիր
Ե՛վ արևուն, և՛ համբերող:
…Եթե երկրի նման իմ վեհ Ուշ հուրհուրա բախտդ, բալի՛կ,- Դու իմ երգի նման վսեմ Տենչա՛ չքնաղ բախտ ու գալիք,- Մեր տենչերի նման դու սեգ Ըղձա ամպրոպ ու արհավիրք: Ահա այսպես, բանաստեղծի «մանկական» երգերում մանկան կերպարը միահյուսվում է երկրի ապագայի հետ, և բացվող օրվա հավատն ու լույսը թեժանում, զորեղանում է «Գարուն» և «Գանգրահեր տղան» սքանչելի ստեղծագործությունների վեհաշունչ տարերքում
ամբողջանալով Գարնան ու Գանգրահեր տղայի լուսավոր խորհրդանիշներում: Այո՛, նոր կյանքի, երկրի ներկայի ու գալիքի կառուցման հույսը բանաստեղծը կապում է «գանգրահեր տղաների» սերնդի հետ, ծանր զրկանքների ու տառապանքների գեհենից փրկված, նախկին «մերկ, տկլոր ու որբ» երեխաների հետ, ովքեր «յոթ գարուն առաջ տնկած ծառերի նման աճել, բոյ են քաշել», դարձել «լուսե մանուկներ»։
Բացվող գարնան, ծաղկող ծառերի, նոր կյանքի մայրուղի դուրս եկած մանուկների ու Երևանի երազային-լուսեղեն պատկերները ձուլվում են իրար, և բանաստեղծի անսահման հրճվանքը հորդում է լուսեղեն ապագայի թրթիռների մեջ.
Տե՛ս, ինչպես են նրանք քայլում
Մայիսմեկյան ելած երթի,
Նրանց դեմքին-խինդը փայլուն,
Շրթունքներին-վառքը վարդի:
Տե՛ս, ինչքան է քայլքը հաստատ,
Ինչքա՜ն նրանց երգը աշխույժ.
Նրանք անդուլ, նրանք վստահ,
Նրանց սրտում կորով ու ուժ.
Շնչում է խոր ու լիաթոք
Նրանց երգից ելնող մի շունչ.
Գարո՞ւնն է այս ծաղկում արդյոք,
Թե՞ երկինքն է անդուլ աճում…
«Անուշ Հայաստանի»հայրենի երկրի բացվող օրվա պայծառ երազանքը ավելի է թեժանում-շողշողում Չարենցի սքանչելի մեկ ուրիշ ստեղծագործության
«Գանգրահեր տղան» չափածո նովելի տեսլապատկերներում: «Սա պայծառ հումանիզմով ու անհուն լավատեսությամբ շնչող, վառվռուն գույներով հարուստ ասք է գալիք օրերի մասին: «Գանգրահեր տղան, որին Չարենցը պատգամում է իր նվիրական մտքերը, ժողովրդական հավատի ու երազի կրողն է, լուսավոր ապագայի մարմնացումը: Այդ կերպարով Չարենցն արտահայտում է այն միտքը, որ ժողովրդի ապագան կլինի ամուր ու վստահելի ձեռքերում: Այս նովելից հորդում Է բանաստեղծի սերը աշխարհի ու մարդու հանդեպ, Հայաստանի ապագայի խոր հավատը» (Սուրեն Աղաբաբյան):
Զանգվի հին-հավերժական երգի ու նրա ափով քայլող նոր սերնդի մանկիկների, հին ու նոր ժամանակների, երազանքի և իրականության, «հավիտյան թռչող անթև հուշի» ու բացվող օրվա իրար հաջորդող գեղարվեստական նրբահյուս պատկերների ֆոնի վրա հայտնվում է նաԳանգրահեր, կապուտաչյա տղան, գալիքի քաղաքացին, առողջ, հպարտ ու գեղեցիկ, որ հանկարծ բաժանվում է խմբից և մոտենում շիրմաքարին։ Եվ այս պահից արդեն նովելի հյուսվածքին ասես «աննկատելիորեն» միախառնվում է գալիքի մեծ երազողի լուսավոր թախիծը, փոշոտված շիրմաքարի վրա տղան կարդում է. «Եղիշե Չարենց-բանաստեղծ, ծնված Մակու քաղաքում»: Եվ ասես այդ պահին ընթերցողն զգում է բանաստեղծի սրտի տագնապալից զարկերը, տեսնես հիշո՞ւմ է գանգրահեր տղան իր գալիքի համար մաքառած-տառապած բանաստեղծին: Նովելի հաջորդ պատկերը սքանչելի նրբերանգներով ասես պատասխան է հուշում. Կարդում է նա իր աչքերով ծավի, Ժպտում է, հիշում կարծես ինչ-որ բան, Քաղում է ապա մի կանաչ բաղեղ- Ու շարունակում իր թողած ճամփան... Նովելի վերջաբան-քառատողը հնչում է որպես Մեծ երազողի հավերժ տրոփող սրտի պոռթկում, գանգրահեր տղաների սերնդի պայծառ գալիքի հանդեպ հավատավոր պատգամ. Լսո՞ւմ ես
այստեղ իմ սի՛րտն է թաղած,-
Կոխոտի՛ր նրան քայլերով քո լույս,
Օ, դո՛ւ գալիքի գանգրահե՛ր տղա,
Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՛ր մանուկ…
Լինելով ներհուն ու իմաստամեծ խոհերի բանաստեղծՉարենցը Գալիքի պայծառ արշալույսների, ծանր զոհողությունների գնով ձեռք բերված ազատության բարձր զգացողությունների ոլորտից մեզ տեղափոխում է անցյալի հարափոփոխ պատկերների աշխարհ
«դանթեական դժոխքից», պատերազմի ու սովի արհավիրքներից, ազատատենչ «խելագարված ամբոխների» պայքարից մինչև նորօրյա կյանքի արշալույս ու բացվող գարուն: Բանաստեղծի տագնապը պարուրում է նաև ընթերցողին, այս լուսավոր օրվա և պայծառ գալիքի, ազատության համար շատերն են պայքարել ու իրենց կյանքը զոհաբերել, երբեք չպետք է մոռանալ նրանց, անցյալը պետք է միշտ հիշել ներկան գնահատելու, գալիքի հանդեպ հավատը թեժ պահելու համար: «Գանգրահեր տղայի» հուշ-պատգամին միահյուսվում են նաև նրա բազմաթիվ այլ ստեղծագործությունների խորախորհուրդ շերտերից բարձրացող-զորացող դաս-պատգամներ, այդ թվում«Իմ ընկեր Լիպոն» բալլադի հուզիչ խորհուրդը: Բանաստեղծն այն ենթավերնագրել է «Բալլադ մանկության, բախտախաղի, պայքարի և հերոսության մասին» և նվիրել է իր մանկության ընկերոջ, հետագայում հեղափոխության նվիրյալներից մեկի
Լիպարիտ Մխչյանի հիշատակին։
Չարենցյան գեղարվեստական անպարփակ համակարգի յուրօրինակ բաժինն են կազմում նրա ստեղծագործական-գաղափարական խորհրդանիշներին համահունչ թարգմանական-փոխադրական այն գործերը, որ նա վարպետությամբ կատարել է ռուս և համաշխարհային գրականության մեծերիցՎոլֆգանգ Գյոթե, Հայնրիխ Հայնե, Ալեքսանդր Պուշկին, Մաքսիմ Գորկի, Վլադիմիր Մայակովսկի, Սերգեյ Եսենին, Էմիլ Վերհարն և ուրիշներ: Այս ոլորտում նույնպես բաբախում են մանկական-պատանեկան զարկերակներ, որոնք ինչ-ինչ հետաքրքիր երանգներ են ավելացնում «չարենցյան մանկաշխարհին»: Մենք նկատի ունենք նրա «Ընկերները» (Սերգեյ Եսենինից) և «Գիքորի երազը» փոխադրությունները: Այդ ստեղծագործությունները կատարված են ազատ եղանակով և փաստորեն համարյա նոր ու ինքնուրույն
չարենցյան գրական-ստեղծագործական ձեռագրի կնիքը կրող գործեր են: Պահպանելով հիմնական տրամադրությունն ու սյուժետային-բովանդակային շեշտերըՉարենցը ավելի է ընդգծել ասելիքը, դրան հաղորդել հուզական տպավորիչ երանգներ: «Ընկերները» բանաստեղծությունում բանվոր հոր, որդու ու նրանց... կատվի
կռվում զոհաբերվելու պատկերներով հեղափոխության բարդ ու դրամատիկական իրադարձությունները ներկայացվում են հուզական ճշմարտացի գույներով, զարմանալի պարզ ու մատչելի սյուժետային հյուսվածքով և ամենակարևորըհերոսականի ու ողբերգականի միաձուլումը այնպիսի վարպետությամբ է կատարված, որ ընթերցողը ոչ թե ընկճվում, այլ տոգորվում է պայքարի, բռնության ու անարդարության դեմ մարտնչելու ու հաղթելու ձգտումով: Ճանաչողական-ուսուցողական-դաստիարակչական այլ շեշտադրումներ ունի Եղիշե Չարենցի
ռուս նշանավոր մանկագիր Սամուիլ Մարշակից կատարած փոխադրությունը«Գիքորի երազը», որ արդեն և՛ թեմատիկ, և՛ ոճական հյուսվածքով զուտ մանկական ստեղծագործություն է
հասցեագրված ցածր տարիքի դպրոցականներին: Այն առաջին անգամ հրատարակվել է 1928 թվականին և տասնամյակներով մոռացվել: Ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանը «Մոռացված մի էջ Եղիշե Չարենցի գրական ժառանգությունից» («Գրական թերթ», 1975, 22 օգոստոսի) հոդվածում հաղորդում է, որ երկար որոնումներից հետո իրեն հաջողվել է փոքրիկ գրքույկը հայտնաբերել Ալեքսանդր Մյասնիկյանի անվան (այժմՀայաստանի ազգային գրադարան) հանրապետական գրադարանի ֆոնդերում... Պարզվել է, որ գրքույկի վրա ժամանակին չի նշվել, թե Չարենցն իր փոխադրությունը որ հեղինակից է կատարել, բայց գրադարանում տասնամյակներ շարունակ այն պահպանվել է Մարշակի անվան տակ: 1976-ին «Սովետական գրող» հրատարակչությունը «Գիքորի երազը» վերահրատարակում է: Մարշակն իր մանկական պոեմն անվանել է
«Գիրք գրքերի մասին»: Այն ունի զվարթ, ուսուցողական սյուժե. դպրոցական Միշկան խնամքով չի պահպանում իր դասագրքերն ու գրքերը և վատ վերաբերմունքի համար պատժվում է: Նրա պատառոտած և կեղտոտած գրքերը մի օր որոշում են լքել իրենց տիրոջը և փախչում են գրադարան, որտեղ նրանց մաքրում են ու կարգի բերում: Եվ մի օր էլ, երբ Միշկան գրքերի կարիք է զգում և գալիս է գրադարան, նախկին «բարեկամները» նրան դուրս են հանում: Չարենցը այս պոեմը փոխադրելիս ազատ վերաշարադրել է բովանդակությունը, կատարել կրճատումներ ու հավելումներ, փոխել պոեմի և հերոսների անուններըՄիշկան դարձել է Գիքոր, կազմարար վարպետ Միտրոֆան Կուզմիչը
Օհան: «Բողոքավոր» գրքերի ընտանիքում հայտնվել են «հայ անդամներ»«Շունն ու կատուն», «Քաջ Նազարը»: Եվ հետո
եթե Մարշակի պոեմում գրքերը հերոսից փախչում են նրա քնած պահին, և դա ներկայացվում է որպես իրական դեպք, ապա Չարենցի փոխադրության մեջ այդ ամենը կատարվում է Գիքորի երազում (այստեղից էլ պոեմի նոր անվանումը): «Դոն-Քիշոտը», «Ռոբինզոնը», «Շունն ու կատուն», «Քաջ Նազարը» վրդովմունքով միմյանց բողոքում են չար ու անհոգի տղայի վերաբերմունքից և… «միաձայն դուրս են վռնդում Գիքորին գրադարանից»։
Բանաստեղծը, որ «Տաղձոնված գրքերին» հրաշագեղ երգում մեզ համար բացում է «անեզր տիեզերքի
գրքերի աշխարհի» զարմանալի շատ գաղտնիքներ, այս պոեմով գալիքի մանկիկներին ավանդում է մի պարզ դաս-ճշմարտությունսիրել, գուրգուրել, պահպանել գիրքը, քանի որ նրանցից «յուրաքանչյուրն իր մեջ մի աշխարհ է կրում»: Եղիշե Չարենցի կյանքի ու գործի մասին բազմահատոր գրքեր են գրվել ու դեռ կգրվեն, անսպառ է նրա ստեղծագործության ոսկյա գանձարանը, և ամեն ուսումնասիրող-հետազոտող այնտեղ կգտնի նոր երակներ, ուրույն մեկնությունների նոր շերտեր: Մենք էլ այս ակնարկ-էսքիզով փորձեցինք մեծ բանաստեղծի «մանկական աշխարհի» ինչ-ինչ գույներ երևակել-ներկայացնել այդ աշխարհի ընթերցող-ճամփորդներին։ «Բնությունն ինձ ո՜ւժ է տվել, ուժ, ես հազար տարի պիտի ապրեմ»,-մի անգամ ոգևորությամբ ասել է բանաստեղծը: Կապրի հազար տարի, բյուրավոր տարիներ: Մի՛շտ: Քանի ապրում է մայր ժողովուրդը, կապրի ու կհարատևի նրա հանճարեղ զավակը
Եղիշե Չարենցը«ընդմիշտ մնալով մեծ ու սիրելի»: Եվ ծնվող ամեն մի մանուկ սերունդ նրա չմարող երգերով, դրոշը ձեռքին կգնա նոր գրոհի
գալիքի համար, կյանքի հավերժության համար, սերունդ, ում այնպիսի հավատով ու սիրով բանաստեղծն ուղղել է իր պատգամը.
Օ, դո՜ւ, գալիքի գանգրահե՜ր տղա,
Մեր լա՜վ գալիքի ոսկեհե՜ր մանուկ…