ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է գրականագետ, հրապարակախոս ԼՅՈՒԴՎԻԳ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

ԻՍԿԱԿԱՆ ԱՆԽՈՆՋ ՄՇԱԿ

Լյուդվիգ Կարապետյանին ճանաչում եմ երկար տարիներ: Ինձ միշտ ոգևորել է նրա ոգևորությունը: Աշխատում էր «Պիոներ կանչում», և պիոներական զվարթությունը, հումորը անպակաս էր Լյուդվիգից. նա միշտ պատրաստ էր գործունեության: Հետո այդպես աշխատեց այլ խմբագրություններում և մշտապես պահպանեց նոր գրքերին արձագանքելու, գրականագիտորեն մեկնաբանելու ձգտումը։ Այն օրերին նա ուսումնասիրում էր Վախթանգ Անանյանի գրականությունը, թեկնածուական թեզ գրեց ու պաշտպանեց մեր տաղանդաշատ գրողի ստեղծագործության վերաբերյալ: Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ նա եզակիներից է, որ դիսերտացիա է պաշտպանել մանկական գրականության թեմայով: Եվ մանկական գրականության միակ երդվյալ գրականագետն է: Իր խաչը կրում է բարձր արժանապատվությամբ: Բազմաթիվ գրքեր է հրատարակել հայ մանկագրության պատմության, ժամանակակից մանկագիրների մասին: 5-րդ դարից մինչև այսօր պեղել, ուսումնասիրել է առակներ, հանելուկներ, մանկական գրականությանը առնչվող նյութեր: Կարող եմ ասել, որ Լյուդվիգ Կարապետյանը հանրագիտարանային գրականություն ստեղծեց մանկական գրականության վերաբերյալ: Նա, թերևս, «Գրական թերթի» ամեն շաբաթվա սպասվելիք հոդվածագիրներից է։ Որքան էլ առողջական խնդիրներ ունենա, ընթերցողը դա չի նկատի, քանզի մեր 85-ամյա հոբելյարը մշտապես ծանր բեռ կրողներից է և ուսը չի փախցնի, գրում և գրում է ոչ միայն մանկապատանեկան գրականության, այլև և՛ արձակի, և՛ պոեզիայի մասին, հեղինակների վերաբերյալ գրքերի շարք է հրատարակել։
Վերջերս նրա անունով կոչվեց հայրենի գյուղի դպրոցի գրադարանը։
Լյուդվիգը թեթևորեն, կարծես ձեռքի մի շարժումով է անում այդ գործը, բայց երբ հատորները տեսնում ես, հսկայական աշխատանք է, որ կարող էր միայն նա անել՝ առանց ծանրացնելու, բարդացնելու, առանց կարևորելու:
Ցանկանանք Լյուդվիգին չկորցնել զվարթության ծվենները, որովհետև առանց դրա նա Լյուդվիգ Կարապետյան չի լինի: Սիրելի՛ ընկեր, թույլ տուր մի օր էլ մենք գրենք քո մասին։
Շնորհավո՛ր հոբելյանդ, եղբա՛յր:

Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ

 

Լյուդվիգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ`
85 ՏԱՐԵԿԱ՞Ն

Իմ ընկերոջ մասին, որի հետ կյանքի ու գրականության ճանապարհներով անցնում ենք ճիշտ քառասուն տարի

ՍԿԻԶԲԸ
1984 թվական, հոկտեմբեր: Մեկ շաբաթ է` հանրապետության մանկապատանեկան «Պիոներ կանչ» թերթի աշխատակից եմ: Նոր միայն հարմարվում եմ միջավայրին, թեկուզ արդեն տասնչորս տարի երիտասարդական «Ավանգարդ» թերթն ու աշխատակիցներին հիանալի գիտեի, քանիցս նաև տպագրվել էի: «Պիոներ կանչում» տպագրվել է առաջին հոդվածս, որ դժվար է որևէ ժանրի մեջ տեղավորել: Ու մինչ այս առումով մտորումների մեջ էի, խմբագրության` այնքան սիրելի աշխատասենյակում հնչում է հեռախոսազանգը: «Բարի լույս,- մեկը տնավարի, ընկերավարի ողջունեց,- Կարապետյանն է, կարդացի նյութդ, լավ էր: Երևի արդեն նկատել ես` ինչի վրա ուշադրություն դարձնես»: Կարապետյանն ո՞վ է` անհարմար զգացի հարցնել: Ծանոթացանք նույն օրը երեկոյան, ընդունված կարգի համաձայն՝ հյուրասիրության սեղանի մոտ: Հետո պիտի իմանայի մանկության բարի մոլորակի նվիրյալ զինվորի և հայ մանկապատանեկան գրականության խոնարհ մշակի մասին, որը երեք տարի անց ստանձնելով լուսավորության նախարարության «Սովետական դպրոց» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը՝ բառի բուն իմաստով «պոկեց» ինձ մանկապատանեկան, նաև իր այնքան սիրելի թերթից` «գայթակղելով» տեղակալի պաշտոնով:

ԽՄԲԱԳԻՐԸ
Աստիճանաբար Լյուդվիգ Կարապետյանի հետ բարև-բարի լույսի մեր ծանոթությունը «Սովետական դպրոց» թերթում գլխավոր խմբագրի և տեղակալի ներդաշնակ ընկերության գեղեցիկ ճանապարհ էր հարթում, և իր նրբանկատ ավագությամբ մամուլի աշխարհը նոր գույներով էր բացվում իմ առջև: Արդեն հիանալի գիտեի թե՛ «Կանչի» հանդեպ իր անդավաճան սիրո, թե՛ նույն այդ թերթ նոր միայն ոտք դնող յուրաքանչյուր նորեկի հանդեպ ուշադրության մասին, ինքն իմ առջև այլևս բաց էր ոչ միայն գրականագետի, գրող-հրապարակախոսի, այլև թվացյալ պարզունակության մեջ փխրուն, նուրբ ու զգայուն նկարագրով, առ հայրենի եզերքն ու թանկ հիշատակներն ունեցած անանց սիրով, Ծաղկաձորի ու Հանքավանի ամառային կանաչ աղմուկի չխամրող կարոտներով։ Եվ մեկ էլ հանկարծ արթնանում էին հին «կանչական» Ռուզանի խոսքերը. «Ի՜նչ լավ է, որ Կարապետյանի հետ ես աշխատելու»:
Իսկապես բացառիկ էր որպես խմբագիր: Թերթը գլխիվայր շրջեց ու թարմացրեց: Յոթ տարի միասին հայ դպրոցի տարեգիրը եղանք՝ միասին անցնելով Հայաստան աշխարհի անկրկնելի ճանապարհներով և խմբագրություն ու թերթի էջեր բերեցինք հայ ուսուցչի, աշակերտի սրտի թրթիռները, հոգսն ու ցավը, տագնապն ու անհանգստությունը: Արդեն գիտեի, որ Արագած լեռան ստորոտում փռված Հնաբերդ գողտրիկ գյուղից ճամփաները բերել էին պետհամալսարան, ապա նշանակվել էր մայրենի լեզվի ուսուցիչ Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի տարածաշրջանի Ելփին գյուղի միջնակարգ դպրոցում, իր աշակերտների հետ խաղացել դպրոցական բեմում: Այստեղ էլ մի օր նրան նկատել էր Վարդգես Պետրոսյանն ու հրավիրել «Պիոներ կանչ», որը նրա համար այն լուսավոր կիսակայարանն է մնում, որտեղից սկսեց ժուռնալիստի իր ճանապարհը: Եվ թեկուզ որոշ ժամանակ անց հրավիրվել էր նախ «Ավանգարդ», ապա ժամանակին ամենազոր «Սովետական Հայաստան» թերթ, միևնույն է, երկու անգամ էլ վերադարձել էր հենց այն բարի մոլորակը, ուր տասնյակ տարիներ փոխարինողները պահպանում էին իր «գտած» բազմաթիվ խորագրերն ու ուղղությունները, որ մտածել, ներդրել, զարգացրել էր` ի աջակցություն հայ երեխաներին, որոնց ուղղված «Կոմունիստական գործի պայքարին եղիր պատրաստ»` վերևներից թերթին պարտադրվող տողի փոխարեն մի օր… փաստի առաջ էր կանգնեցրել բոլորին՝ թերթի ճակատին հանդիսավոր դնելով «Հայապահպանության գործի պայքարին եղիր պատրաստ» տողը: Նոր սերունդները պատկերացնել իսկ չեն կարող, թե ժամանակին ինչ էր արժենում «գծից» շեղվելու նման փորձը: Հիշեցնեմ` աշխարհում յոթանասունական թվականներն էին: Մամուլի խայտաբղետ աշխարհում, որպես գլխավոր խմբագիր, նա մնայուն հետք է թողել նաև «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում» հանդեսում, «Հանդիպում» կրթամշակութային առաջին անկախ թերթերից մեկում, որ հիմնադրեցինք` նույն օրը միասին հրաժեշտ տալով սիրելի «Դպրություն» թերթին:
Այնուհետև, ժամանակին շատ հայտնի «Հրաչյա Աճառյան» համալսարանի «Առաքյալ» նորաստեղծ ուսանողական թերթի ղեկն իր ձեռքն առավ, բայց մամուլում ամենամնայուն քայլը, անշուշտ, կապված է մանկավարժական թերթի հետ. տակավին խորհրդային տարիներին, առանց կուսակցական իշխանությունների իմացության, մի օր առավոտյան «Սովետական դպրոց» մեր թերթն ընթերցողներին ներկայացավ… նոր` «Դպրություն» անունով, որպես գլխագիր ունենալով… «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»` կրթական թերթին վայել տողը՝ դուրս մղելով խորհրդային բոլոր թերթերը «զարդարող» մի տող, որ իմաստ չունի վերստին հիշել: Զավեշտն այն է, որ կուսակցության կենտկոմում այդ մասին իմացան… չորս ամիս անց, այն էլ այն բանից հետո, երբ այդ տողը պահպանել-չպահպանելու նպատակահարմարության թեմայով մոսկովյան մամուլի շրջանակներից սկսված խոսակցությունը հասավ Հայաստան, ու մեզ մոտ համարձակություն ստացած` քննարկումների ընթացքում հանկարծ բոլորն իմացան, որ մեր թերթում այդ տողը վաղուց չկա: (Այդ օրերից մեկ տասնամյակ անց Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սուրեն Հարությունյանի հետ առիթ ընձեռվեց զրուցել նույն թեմայով, երբ նա դեռևս Հայաստանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարն էր և պարտադրում էր, որ վերականգնենք նախորդ տողը կամ երկուսը միասին լինեն, այլապես աշխատանքից հեռացնելն անխուսափելի էր, ինչը, սակայն, չկայացավ):

ՄԱՐԴԸ ԳՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ
Մինչև գրողի՝ իր աշխարհին անդրադառնալը, ես պարտավոր եմ նախ իր Հովակ հոր և Հայկուհի մոր, յոթ քույր ու եղբայրների հանդեպ իր վերաբերմունքի մասին գրել: Որովհետև հենց այդտեղ են նրա զգայուն գիրը սնած ակունքները: Ես տեսել եմ նրա ակնածանքը հայրենի Հնաբերդի դպրոցում ամբողջ կյանքը դասավանդած Ավետիք եղբոր, Էջմիածնում ու երկրում ճանաչված նյարդաբան Սերգեյ և Զալիկո եղբայրների հանդեպ, տեսել եմ նրա տղամարդկային զուսպ, ծանր արցունքները` Հովակ հայրիկի մասին «Հայաստանում» տպագրված նյութն ընթերցելուց հետո` «Հայրս ասում էր» խորագրի ներքո: Սերնդի ճակատագիր էր, և իր հայրն էլ չէր կարողացել կրթություն ստանալ, դեռ պատերազմից էլ վերադարձել էր մի ձեռքից վիրավոր, որի ցավը նրան ուղեկցեց ողջ կյանքում: Կարապետյանի առաջին գրքերում, ահա, այդ մարդկանց ու նրանց անցած ճանապարհն է, նաև հայ երեխաների առօրյան, որ հաճախ առնչվում էր պատերազմի հրդեհներում սեր եւ ջահելություն կորցրած մարդկանց հետ: Այսպես` ցավով ու սիրով գրված մի քանի տասնյակ գիրք, որոնք սերունդների բարի ուղեկիցն են եղել, օգնել գտնելու դեպի մնայունը տանող ճանապարհը:
Բոլոր գրքերը չես թվարկի, բայց այս բաժնի համար առանձնացնենք մի քանիսը. «Կապույտ ծիածան», «Ճանապարհորդություն «Կապույտ հեքիաթների» երկրում», «Քարե հուշամատյան», «Արկածների բարի մոլորակ»…: Այս գրքերում նաև հայ երեխաների` որոնումներով, հայտնության բերկրանքով լի առօրյայից դրվագներ են` զուգահեռված ցուրտ ձմեռների և կարճատև ամառների հայրենի եզերքում, չնայած աշխարհակործան պատերազմով պայմանավորված ծանր մանկությանը՝ իրեն երբեք չլքած երազանքները մի օր իրականացած տեսնելու հավատով:

ԳՐԱԿԱՆԱԳԵՏԸ
Այն տարիներին, երբ Արագածին ապավինած փոքրիկ գյուղի առավել քան համեստ դպրոցում շարունակվում էր բարության և սիրո մեծ դասը, և մանկության զուլալ ու դժվար օրերի ուղեկից, կրծքի տակ մեծ սիրտ կրող ու պատերազմում մի քանի վիրավորում ստանալուց հետո զորացրված ուսուցիչները նրա համար կյանքի ուղիներ էին կանխանշում, հազիվ թե որևէ մեկի մտքով անցներ, թե ճամփաները մինչև ուր են տանելու սրամիտ ու մի քիչ էլ չարաճճի տղային:
Մամուլում ու գրական կյանքում իր անելիքներին զուգահեռ ձևավորվում էր ևս մեկ երազանք, որի ակունքներում դարձյալ «Պիոներ կանչն» էր ու թերթի հրաշալի բարեկամ, ճանաչված ու սիրված գրող Վախթանգ Անանյանը, որ իր հիանալի գրքերից զատ, նաև հայրենի բնության և մանուկների աշխարհի անդավաճան նվիրյալ էր: Հաճախակի այցերը խմբագրություն, մտերմությունը թերթի երիտասարդ խմբագրի տեղակալի հետ սկիզբ դրեցին մի գործի, որն ավարտվեց «Վախթանգ Անանյանի կանաչ աշխարհը» գիտական թեզի պաշտպանությամբ, որի համար նրան շնորհվեց բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Ատենախոսությունը տպագրվեց հայերեն և ռուսերեն` միևնույն ժամանակ նախանշելով աշխատանքային նոր ճանապարհներ` նախ ՀՀ լուսավորության նախարարության դաստիարակչական աշխատանքների բաժնի պետ, հետագայում` դասախոսական աշխատանք Երևանի պետական համալսարանի և «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում` որպես դասախոս և ֆակուլտետի դեկան:
Այս ոլորտում նույնպես Կարապետյանը «հանգիստ նստող» մեկը չէր և կարճ ժամանակում մեկը մյուսի ետևից հրատարակում է նախ «Յոթ նոր երգ Հայաստանի մասին» հրապարակախոսական էսսեն, ապա նոր ժամանակներում ժուռնալիստիկան ընտրած ուսանողներին այնպես պակասող մասնագիտական գրքեր` «Լրագրական համառոտ բառարան», «Լրագրական իմացարան», «Լրագրություն» տեղեկատու ձեռնարկ և այլն: Զուգահեռ` «Ճանապարհորդություն մանկության մոլորակում», «Իմ ճակատի գիրը» և մի շարք այլ գրքեր` ասես նախապատրաստվելով գլխավորին` տարիներ շարունակ կուտակածը թղթին հանձնելուն, որ չորս պրակով հրատարակվեց «Դասը վարում է գրողը» խորագրի ներքո (յուրաքանչյուրը՝ երեք հարյուր և ավելի էջ): Այս, հիրավի, ծավալուն աշխատանքն արժանացավ ՀԳՄ նախագահության Վախթանգ Անանյանի անվան մրցանակի, միաժամանակ ամբողջացավ «Հայ մանկապատանեկան գրականություն. ակունքներն ու զարգացման փուլերը» թեմայով գիտական ատենախոսությունը, որ հաջողությամբ պաշտպանելուց հետո արժանացավ բան. գիտ. դոկտորի գիտական աստիճանի, ապա պրոֆեսորի կոչման: Զուգահեռ` ստեղծագործական գործունեություն արդյունքում, «Մենք գալիս ենք մանկությունից», «Ոսկեդարից մինչև… քսանմեկ», արևմտահայ և սփյուռքահայ մանկապատանեկան գրքերին նվիրված երկհատորյակ, «Անունը… կյանք», «Հայոց գիրը», «Գիրք… հավերժական գրքերի մասին», ժամանակակից նշանավոր գրողներին նվիրված «Գրական մատենաշար» և էլի քանի՜ տարաբնույթ գրքեր` գրող-գրականագետի հավատամքի խոսուն վկայագրեր։
Տարբեր տարիների` ի գնահատում արված աշխատանքի ստացած մրցանակներին ավելացնենք նաև ՀՀ Խաչատուր Աբովյանի անվան, ՀՀ կրթության նախարարության ոսկե, ՀԳՄ «Գրական վաստակի համար», «Գրիգոր Նարեկացի», ՀՀ ժուռնալիստների միության «Հավատարիմ մասնագիտությանը» մեդալները՝ բնավ չանտեսելով հազարավոր հոդվածները, մինչև օրս, իր կարծիքով, գնահատման արժանի ժամանակակից հեղինակների գրքերին մենագրությունների տեսքով բարեխղճորեն անդրադառնալը, որ մեկ գլխավոր նպատակ ունեն` մասնագիտորեն չկառավարվող տպագրական դաշտից հրապարակ նետվող տարաբնույթ գրքերից առանձնացնել և ընթերցողին ուղղորդել դեպի ճշմարիտ գիրն ու գրականությունը, այդ գրքերի հեղինակներին։
Ահա առայժմ այսքանն իմ քառասուն տարվա ավագ ընկերոջ մասին, որն այս պահին էլ, համոզված եմ, իր աշխատասեղանին շարված գրքերի «բուրգից» մեկն առանձնացրել է` խոսք ասելու, դարձյալ անսպառ հումորով, մի քիչ էլ հոբելյանի առիթով գուցե զարմացած ու շփոթված:
Իսկ ես ցանկանում եմ ասել` աշխարհում ոչինչ անհետ չի անցնում` ոչ լավը, ոչ վատը: Եվ հիմա էլ իմ սրտում մեր անցյալն արձագանքվում է նույնքան մաքուր, բյուրեղյա, գուցե մի քիչ էլ թախիծով: Մենք, ախր, այնքան հիշելու և կարոտելու բան ունենք: Բայց դա թողնենք հոբելյանին հաջորդող օրվան…

Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
«Հայաստան» պարբերականի գլխավոր խմբագիր.
ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր

 

Մեր գրականության ու մշակույթի նվիրյալը

Լյուդվիգ Կարապետյանը մեր գրականության, մշակույթի վաստակաշատ գործիչներից է, այն բարեսիրտ ու բարեհոգի նվիրյալներից մեկը, որն իր էությամբ ու աշխատասիրությամբ եզակիորեն տարբերվում է բոլորից՝ իր բեղուն կամեցողությամբ ու ժրաջան ինքնությամբ։ Նա մեր ստեղծագործական կյանքի երևելիներից է, իմաստուն իր բարությամբ ու գործնական ներկայությամբ։
Լյուդվիգ Կարապետյանի հետ ունեմ ընկերական ու բարեկամական ջերմ կապեր ու հիշողություններ դեռ նախորդ դարի վաթսունական թվականներից, երբ երկուսով աշխատում էինք «Ավանգարդ» թերթում։ Ես գրականության բաժնի վարիչն էի, Լյուդվիգը ստեղծել էր թերթի «Կապույտ արահետ» կոչված մանկական էջը և երբեմն նաև պատանի նկարիչների ցուցահանդեսներ էր կազմակերպում խմբագրության միջանցքում։ Հիշողությանս մեջ թարմ է մնացել ցուցահանդեսներից մեկի ժամանակ Մարտիրոս Սարյանի գրառումը տպավորությունների գրքում. «Ամեն նկարի մեջ մի արև կա»։
Լյուդվիգ Կարապետյանի էության մեջ կա արևային, մարդասիրական ջերմություն, որ նկատելի է նրա հիսունից ավելի գեղարվեստական, վավերագրական, մշակութաբանական, գրականագիտական գրքերի, գրախոսությունների մեջ։ Այդ սերն ընդգծված ձևով նկատելի է նաև նրա բաց նամակներում, որոնք հասցեագրված են գրողներին ու նրանց ընթերցողներին։ Լյուդվիգ Կարապետյանի հետ մեր ընկերական, բարեկամական, աշխատանքային կենսագրությունը դարից-դար է ձգվում։ Երկուսս էլ այսօր «Արագած աշխարհ» թերթի խմբագրական կազմի մեջ ենք և թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանի ակտիվ նախաձեռնությամբ հաճախ ենք հանդիպում այն միջոցառումների ժամանակ, որոնք կազմակերպվում են Լյուդվիգի և իր ծննդավայր Հնաբերդ գյուղում։ Ի դեպ, այդ գյուղի դպրոցը կոչվում է Երվանդ Պետրոսյանի, իսկ դպրոցի գրադարանը՝ Լյուդվիգ Կարապետյանի անուններով։
Լյուդվիգ Կարապետյանի գրած ու հրատարակած գրքերն այնքան շատ են, որ դպրոցի գրադարանի ընթերցողները հետաքրքիր ու հոգեհարազատ գրքերի պակաս չեն զգա։ Դպրոցի անվանակոչության հանդիսավոր օրը ես նույնպես Հնաբերդում էի և իմ մի քանի գրքերի հետ գրադարանին նվիրեցի Լյուդվիգ Կարապետյանի՝ «Արևշատ Ավագյանի տիեզերական աշխարհը» գիրքը։ Հնաբերդը նաև «Արագած աշխարհ» թերթի խմբագիր Վարդևան Գրիգորյանի ծննդավայրն է, և նա ամեն ինչ անում է, որ իր գյուղի, իր մարզի ու թերթի հեղինակությունը պահի արժանապատիվ բարձրության վրա։
Օրերս Լյուդվիգ Կարապետյանին հյուրընկալեցինք իմ Յոթ մուսաների այգում, հերթական Ծիրանատոնի ժամանակ։ Ես նրա մասին ջերմ խոսքեր ասելուց հետո կարդացի նրան նվիրված իմ բանաստեղծությունը։ Լյուդվիգ Կարապետյանը վաստակաշատ գրող է, գրականագետ, մշակութային գործիչ, որի բազմաթիվ գրքերը, գրախոսությունները, մենագրությունները հարստացրել ու դեռ հարստացնում են մեր գրաշխարհն՝ իրենց արժեքավոր բովանդակությամբ, ասելիքով և ընթերցողների համար շատ կարևոր գիտելիքներով։
Գրական, գեղարվեստական, գիտական կարևոր արժանիքներով է օժտված Լյուդվիգ Կարապետյանի գրաշխարհը, որ ազգային ու համամարդկային մշակույթի հանրահռչակման լիցքեր է կրում իր հարուստ ու բազմաբովանդակ ժառանգության մեջ։
Երկարատև կյանք ցանկանանք մեր ժրաջան ու բեղմնավոր գրիչ ու հոգեկերտվածք ունեցող Լյուդվիգ Կարապետյանին՝ իր հայրենանվեր, մշակութային գործունեության մեջ…

Արևշատ ԱՎԱԳՅԱՆ

Մեծարում են հայրենակից գրողին

Լրացավ անվանի գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդվիգ Կարապետյանի 85 ամյակը: Այդ իրադարձությունն ըստ արժանվույն են նշում հայրենի Արագածոտնի մարզում: Ամիսներ առաջ՝ փետրվարի 9-ին՝ Գիրք նվիրելու օրը, գրողի ծննդավայր Հնաբերդ գյուղի Երվանդ Պետրոսյանի անվան դպրոցի գրադարանը մանկավարժական խորհրդի որոշմամբ կոչվեց նրա անունով:
Այս կապակցությամբ վերջերս տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որ նվիրվեց նաև գրողի ծննդյան հոբելյանին: Հանդիսությանը մասնակցում էին ոչ միայն դպրոցի ուսուցիչները, աշակերտները, ծնողական հանրությունը, այլև հյուրեր մարզից և Երևանից: Ներկա էին նաև մարզպետարանի պաշտոնյաներ, Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքապետ Նորաին Հակոբյանի գլխավորությամբ, Հնաբերդ բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Իսրայելյանը, գրողներ Արևշատ Ավագյանը, Ռաֆայել Սահակյանը, Անահիտ Արփենը, Աննման Շահբազյանը և ուրիշներ: Գնահատանքի խոսքեր հնչեցին գրողի կյանքի և գրական-ստեղծագործական, գիտամանկավարժական-խմբագրական արգասավոր գործունեության վերաբերյալ, իսկ աշակերտները, ներկայացնելով իրենց դպրոցի նշանավոր շրջանավարտի անցած ճանապարհի դրվագները, կատարեցին ազգագրական երգեր, որից հետո գրողի դուստրերի ու ծոռնուհիների հրավերով հյուրերը մասնակցեցին գրադարանի բացման արարողությանը:
Հոբելյարի ծննդյան 85-ամյակի նախօրեին էլ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ավագանու որոշմամբ Լյուդվիգ Կարապետյանին շնորհվեց ծննդավայր Հնաբերդի պատվավոր քաղաքացու կոչում: Նախատեսված է նաև գրողի հայրական տան հարակից փողոցը կոչել նրա անունով:
Այսպես են մեծարում հայրենակից անվանի գրողին Արագածոտնի մարզում:

Վարդևան ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Արագած աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։