ԱՆԱՀԻՏ ՉԱՐԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
Մահացել է Անահիտ Չարենցը: Ո՞վ է Անահիտ Չարենցը, կարծում եմ, բացատրելու կարիք չկա: Եղիշե Չարենցի կրտսեր դստեր կյանքի պատմությունը հիմնական գծերով հայտնի է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են հայ գրականությամբ, հայ բանաստեղծությամբ: Գիտեն նաև, որ Անահիտը իր ամբողջ կյանքը նվիրեց հոր ստեղծագործության հրատարակմանն ու ուսումնասիրությանը: Բայց այս բոլորը մեզ քիչ բան են ասում Անահիտի կյանքի իրական ողբերգականության մասին: Երկու տարեկան երեխա՝ ավագ քրոջ հետ մնում է փողոցում: Գտնվել են մարդիկ, որոնք խնամել են քույրերին, կրթություն են տվել: Բայց հայրը` բանտում մահացած, մայրը` աքսորված, այս երեխաներին մերժված է եղել բնականոն մարդկային կյանքը: Ես հիմա չեմ ուզում արցունքներ կորզել ընթերցողների աչքերից: Ուզում եմ միայն, որ մենք մի անգամ ևս մտածենք մեր ժողովրդի և մեր գրականության ճակատագրի ողբերգական շրջադարձերի և դիմացկունության մասին: Անահիտի ճակատագիրը այդ շրջադարձերի արտացոլումներից մեկն էր: Նույնիսկ Եղիշե Չարենցի անունն ու փառքը վերականգնելուց հետո էլ դեռ նրան հասնում էին բանաստեղծի անարդար ճակատագրի հարվածները:
Գրականության ինստիտուտում աշխատած տարիներին (այստեղ նա թեկնածուական ատենախոսություն պաշտպանեց՝ Չարենցի ձեռագրերին նվիրված), նաև հետո շատ բան արեց մեծ հոր ժառանգությունը հավաքելու և հրատարակելու համար: Հիշեմ միայն Չարենցի անտիպ և չհավաքված երկերն ամփոփող ծավալուն հատորը (չմոռանալով, իհարկե, որ Անահիտը ընդհանրապես լավ տեքստաբան էր և մասնակցել է նաև Թումանյանի երկերի ակադեմիական հրատարակության հատորների պատրաստմանը):
Մեծ մարդկանց ժառանգներին մենք գնահատում ենք ոչ թե փառավոր ազգանունների համար (այդպիսի ազգանուններով սնվելու սիրահարներ շատ կան), այլ` իրենց հայրերի և պապերի գործին նվիրվածորեն ծառայելու համար: Անահիտը այդպիսի ժառանգ եղավ իր գրեթե չտեսած հոր՝ քսաներորդ դարի մեր մեծագույն բանաստեղծի համար:
Այսպես պիտի հիշենք Անահիտ Չարենցին:
Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԻՇԱՏԱԿԻ ԽՈՍՔ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՄՈՌԱՆԱԼԻ ԱՆԱՀԻՏ ՉԱՐԵՆՑԻՆ
1956 թվականն էր. մայրս գնացել էր հայրիկիս ընկերոջ տղայի հարսանիքին: Հայրս քաղաքում չէր, և մայրս մենակ էր գնացել: Ամուսնացող տղան ավարտել էր Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական բուհը: Մայրս տուն եկավ առավոտյան ժամը 6-ին: Մենք հարցրինք, թե ինչպես անցավ հարսանիքը: Նա ասաց, որ հարսանիքը շատ ճոխ էր, հարսն ու փեսան գեղեցիկ էին, սակայն հարսանիքի մեծ նվերը Անահիտ Չարենցն էր, որն արտասանել էր իր հոր հանճարեղ «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը: Փաստորեն, Չարենցը մասնակցել էր հարսանիքին ու հուզել բոլորին իր վերադարձով:
Անահիտ Չարենցը հիանալի գիտեր հոր ստեղծագործությունը: Ինձ համար մեր հանճարների զավակները, թոռները, հատկապես եթե արժանավոր են, թանկ են շատ: Իսկ Անահիտը, որին անձամբ ճանաչում էի ու շատ սիրում, իմ պաշտելի Չարենցի մի մասնիկն էր: Կարդացել եմ Չարենցի մասին նրա գրքերը, ուշադիր, հետազոտական աչքով խորամուխ եղել նրա կազմած ամեն մի նոր գրքի մեջ, որը բերում էր նորություն:
Անահիտի հետ մեր ոչ հաճախ հանդիպումները միայն Չարենցի պոեզիայի մասին էին: Նրա երկու գրքերը՝ «Չարենցի ձեռագրերի աշխարհում» (1978) և «Անտիպ և չհավաքված երկեր» (1983), մեծապես կնպաստեն ապագայի չարենցագետների հետազոտություններին:
Ինձ համար յուրօրինակ սեղանի գիրք է Անահիտ Չարենցի կազմած «Վերջին խոսք» «Դառնացած, լքված, մեկուսացած, բանտարկված հանճարի գիրը՝ ընդհատված 1937 թվին» խորագրով ժողովածուն: «Վերջին խոսքը»՝ որպես «Սեղանի գիրք» մատենաշարի հրապարակումը մտահղացել է «Հայագիտակ» հրատարակչության տնօրեն Ալբերտ Իսոյանը՝ 2007 թվականին: Այդ գիրքը մի ամբողջ արյունոտ ժամանակահատվածի հանրագիտարան է: Մեր այն մեծերը, որոնք անձամբ ճանաչել են Չարենցին, հենց նրա կենդանության օրոք գիտակցել են նրա արտասովոր հանճարեղությունը: Դա կարելի է տեսնել թե Արշակ Չոպանյանի, թե Վահրամ Փափազյանի, թե Վիլյամ Սարոյանի, թե Մարտիրոս Սարյանի և շատ-շատերի հուշերում: Անահիտ Չարենցն այդ բոլոր պարտավորեցնող գնահատականները գիտեր և իր հոր արժանավոր դուստրն էր: Նա նույնքան հայրենասեր էր, որքան իր հայրը: Մոտ 15 տարի առաջ՝ մեր տանը, սուրճի սեղանի շուրջ նստած, Անահիտը խոր ցավով ասում էր, որ դատարկվող Հայաստանի ծրագիրը ոչ թե ներսից է, այլ՝ դրսի ուժերի գործն է, և իր հոր նման նրա հոգին խռոված էր: Ուզում եմ հոր հիշատակին անսահման նվիրված Անահիտ Չարենցի հոգուն ուղղել Վահրամ Փափազյանի խոսքերից՝ ասված Եղիշե Չարենցի մասին. «Իր ծնող ժողովրդի ընդերքից մի աղաղակ, որ ավետեց նորը ու գնաց: Եվ որովհետև սովորական գրող չէր նա, ոչ էլ առօրյա գրչի մի մարդ, ապա խոսքը նրա կհնչի և պետք է հնչի բոլորի ականջին, և հիշատակը նրա պետք է խոսի բոլորի սրտերին, քանի սիրտ կա, քանի ժամանակ կա»:
Խաղաղություն և լույս քո հոգուն, սիրելի Անահիտ…
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
Հսկայական ու անգնահատելի աշխատանք՝ ի նպաստ չարենցագիտության
Մեծ բարեբախտություն է, որ Անահիտ Չարենցը, գուցե արյան կանչով, գուցե ներքին հոգևոր պարտավորվածությամբ, ընտրեց հենց գրականությունը, ու է՛լ ավելի մեծ բարեբախտություն է, որ ընտրեց գրականագիտությունն, ու շատ ավելի մեծ բարեբախտություն՝ մասնագիտանալը հենց տեքստաբանության մեջ:
Ողբերգական հանգամանքների բերումով Անահիտի ծնունդը համընկավ հենց այն շրջանին, երբ Եղիշե Չարենցը վերջնականապես մեկուսացվեց, նրա գործերը սկսեցին չտպագրվել, ու նա է՛լ ավելի շատ սկսեց ստեղծագործել, է՛լ ավելի մեծ ու հանճարեղ գործեր գրեց, ու հենց ա՛յդ շրջանի ձեռագրերին էր, որ հետագայում վիճակվեց անցնել անօրինակ փորձությունների միջով: Ու խորհրդանշականից մի բան էլ թերևս ավելին է, որ տարբեր թաքստոցներում պահվելուց, խունանալուց, փոշիանալուց, պատառիկվելուց հետո այդ ձեռագրերը հենց Անահիտ Չարենցը պիտի կարդար, վերծաներ, հրատարակեր, ծանոթագրեր…
1962 թվականից մինչև 1989 թվականը՝ մոտ երեք տասնամյակ, Անահիտ Չարենցն աշխատեց ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տեքստաբանության բաժնում: Ու թեև նա մասնակից եղավ հայ այլ դասականների ակադեմիական հրատարակությունների աշխատանքներին, բայց նրա կյանքի գործը հոր թողած գրական ժառանգությունն էր, ընդ որում՝ հատկապես տեքստաբանական ու շատ այլ առումներով ամենաաշխատատար հատույթը: Եվ եթե նրա «Չարենցի ձեռագրերի աշխարհում»՝ 1978 թվականին լույս տեսած մենագրությունը միտված էր բացապարզելու և ներկայացնելու աշխատանոցային բազմաթիվ մանրամասներ ու նրբություններ, ապա 1983-ին նրա աշխատասիրությամբ լույս տեսած «Անտիպ և չհավաքված երկեր» չարենցյան անտիպների պատկառելի հատորը տիտանական ու տաժանակիր աշխատանքի նյութականացումն էր, որ շրջանառության մեջ դրեց Չարենցի բազմաթիվ ստեղծագործություններ՝ էապես ամբողջացնելով նրա գրողական դիմանկարն ու ողբերգական ճակատագիրը:
Անահիտ Չարենցի բնագրագիտական կարևոր աշխատանքներից է Եղիշե Չարենցի երկերի քառահատորյակի պատրաստումը, որը, ըստ ամենայնի, միտված էր նախապատրաստել մեծ բանաստեղծի երկերի ակադեմիական նոր հրատարակության աշխատանքները: Այստեղ Անահիտ Չարենցը կատարել է բնագրագիտական բազմաթիվ շտկումներ, որոնք շատ առումներով ուղենշային են: Իսկ չարենցյան նոր անտիպներ պարունակող «Վերջին խոսք» ժողովածուն, որը լույս տեսավ 2007 թվականին, միտված է այդ ծրագրի ամբողջականացմանը:
Այսօր, երբ ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտը իրականացնում է Եղիշե Չարենցի երկերի ակադեմիական հրատարակությունը 13 հատորով, իբրև հենք ու ուղենիշ ունի նաև Անահիտ Չարենցի կատարած հսկայական ու անգնահատելի աշխատանքը, որ իրավամբ մեծապես նպաստեց չարենցագիտության զարգացմանը:
Արքմենիկ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվ. գրականության
ինստիտուտի ավագ գիտաշխատող